Ժողովրդին ավելի են լարում իրենց դեմ

Ժողովրդին ավելի են լարում իրենց դեմ

Թվում է` այս իշխանությունն ամեն ինչ անում է` քաղաքացիների վրդովմունքն ավելացնելու համար: Երեկ ցերեկը, ժամը 16.30-ի սահմաններում Հյուսիսային պողոտան շրջապատված էր ոստիկանական պատով: Երբ հասանք պողոտա, այն արդեն դատարկ էր:

Փոխարենը պողոտայում էին ոստիկաններն ու ոստիկանապետերը, ովքեր քաղաքացիներին, հատկապես քաղաքական զբոսանքի եկածներին, որոնց դեմքով ճանաչում էին, թույլ չէին տալիս մտնել հրապարակ: Իսկ պողոտայի ներսում եղած քաղաքացիներին` ոմանց խնդրելով, ոմանց հրելով նախապես հանել էին պողոտայից, ինչը, բնականաբար, առաջացրել էր քաղաքացիների վրդովմունքը. ոմանք վրդովված հիշեցին Ս.Սարգսյանի ու Ռ.Քոչարյանի «թաթարմոնղոլական ծագումը», ոմանք դատապարտեցին «ճորտատիրական ու ամենատիրական նկրտումները»: «Մնում է մեզ երկրից էլ հանեն ու պրծնեն», - վրդովված ասաց մի կին: «Սա իմ երկիրն է, որտեղ կուզեմ կզբոսնեմ, քանի որ հիմա հատուկ դրություն չի, հատուկ իրավիճակ չի, ու մարդիկ իրավունք ունեն քայլելու, նստելու: Ի՞նչ է, բռնապետությո՞ւն է», - մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքացի Սլավա Մալխասյանը: 48-ամյա Նոնա Ջավախյանը երեխաների հետ եկել էր զբոսնելու Հյուսիսային պողոտայում. «Դեռ շուտ էր քաղաքական զբոսանքի համար, երեխան ասեց պողոտայի խանութում զեղչ կա, շուտ գնանք, համ էլ խանութ կմտնենք: Ասեցին` ձեզ չի կարելի»: Թեհրանից հայրենիքը տեսնելու եկած մի ընտանիքի նույնպես չթողեցին պողոտա մտնել: «Սա կամայականություն է, ուրիշ ոչինչ: Ասում է` չի կարելի անցնել, քանի դեռ մենք էստեղ կանգնած ենք, չի կարելի անցնել: Իմ երկիրն է, ես որտեղ կուզեմ կքայլեմ, իրենք ինձ չպետք է թելադրեն», - վրդովված ասաց քաղաքացի Գայանե Ավետիսյանը:

Երբ ես մտա պողոտա, մի ոստիկան արագ մոտեցավ` «դուրս եկեք» խոսքերով: Երբ պարզաբանում խնդրեցի` հայտարարելով, որ խախտվում է ազատ տեղաշարժի իմ սահմանադրական իրավունքը, ոստիկանը լռեց` տեսնելով ձայնագրիչը: Մեկ ուրիշ ոստիկան առանց ներկայանալու հայտարարեց, թե իրենք հրաման են կատարում: «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչյա Սարգսյանը պատմեց հետեւյալը. «Մոտավորապես ժամը 16.30-ն էր, ես նստած էի պողոտայում ընկերոջս հետ: Օսիպովի ղեկավարությամբ մոտեցան ոստիկանները եւ խնդրեցին ազատել պողոտան: Ես հարցրի` ինչո՞վ է դա պայմանավորված, բա` մենք էլ չգիտենք, հրաման ենք կատարում: Մի 40-50 ոստիկաններ էին, իսկ քաղաքացիները, քանի որ դեռ քաղաքական զբոսանքը չէր սկսվել, շատ ավելի քիչ էին, մոտ 10 հոգի: Ժողովուրդը, բնականաբար, դժգոհությամբ հեռացավ` նախատող ռեպլիկներով: Ես ոստիկաններին ասացի, որ այդ հրաման տվողները ուղղակի մեզ խայտառակ են անում մեր քաղաքի հյուրերի աչքի առաջ: Եվ իրոք. այդ պահին պողոտայով անցնում էին օտարերկրացիներ, ու թարգմանիչը բառացի պատմեց, թե ինչ է տեղի ունենում, որ պողոտան բավական ակտիվ է եղել հետմարտիմեկյան շրջանում` նստացույցեր, հացադուլներ, երեկոյան քաղաքական զբոսանքներ»:

Պողոտայում ներկա ոստիկանապետերն իրենց երեկ բավական ցինիկ էին պահում. թե լրագրողների, թե մյուս քաղաքացիների հարցերին պատասխանելիս: «Ես վիրաբո՞ւյժ եմ, ի՞նչ եմ, ի՞նչ օպերացիայի մասին է խոսքը», - մեր հարցին ի պատասխան հայտարարեց Օսիպյանը` հավելելով. «Եթե մարդիկ ցանկություն ունեն, խնդրեմ, այն մարդիկ, ովքեր էստեղ կարգուկանոն չեն խանգարում»: Օսիպյանը նաեւ հայտարարեց, թե իբր պողոտայի բնակիչներն ու խանութի տերերն են բողոքել:

Ի դեպ` ոստիկանությունը երեկ հետապնդեց մարդկանց մինչեւ Կարապի լիճ ու այնտեղ էլ քաղաքական զբոսանքի մասնակիցներին թույլ չէր տալիս ոչ կանգնել, ոչ նստել, ոչ քայլել միասին` հրահանգելով ցրվել: Քաղաքացիները նորից հիշեցին Ս.Սարգսյանի «առավելությունները»: «Ես իրավական երկրում չեմ ապրում, դրա համար եմ, չէ՞, բողոքում, որ իրավական դաշտում ապրեմ: Օրինական դաշտում լիներ, ես իրավական դաշտում լինեի` չէի բողոքի, ուրեմն ընդդեմ քաղաքացու անօրինականություն է կատարվել, որ էս ժողովուրդն ըմբոստանում է, ուզում է իր իրավունքը վերականգնի: Ուզում է քաղաքացիական հասարակություն ձեւավորի», - ոստիկաններին փորձում էր բացատրել Սլավա Մալխասյանը` պահանջելով որեւէ հիմնավորում, որ ինքը չի կարող կանգնել Կարապի լճի տարածքում: Ոստիկանները հիմնավորում չունեին. «Չի թույլատրվում եւ` վերջ»:

Պողոտա եկած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը երեկ այդպես էլ չէր կարողացել զրուցել երեկվա օպերացիայի պատասխանատու ոստիկանապետերի հետ. նրանց հետ զրուցած Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը հրաժարվեց, որ ինքը օպերացիայի ղեկավարներից է: Տեղեկացանք, որ խումբը պողոտան տեւական ժամանակ փակ լինելու մասին գրություն է պատրաստել, եւ թերեւս այսօր ՄԻ պաշտպանը պարզաբանման համար կդիմի ոստիկանապետին:

Õ„Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥ Ô½Õ¡Õ¼Õ¡Õ¿ÕµÕ¡Õ¶
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2008/09/11/1348/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • September 2008
      M T W T F S S
      « Aug   Dec »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930  
  • Archives

  • Links

  • International newspers: