Սամվել Բաբայանը` ՊՆ գլխավոր շտաբի պե՞տՍամվել Բաբայանը ակնհայտորեն կորցրել է հիշողությունը եւ չի հիշում այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում: Այսինքն` նա այդ իրադարձությունները հիշում է բոլորովին այլ կերպ: Խոսքը վերաբերում է իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի 90-ականների սկզբին ձեւավորված հարաբերություններին:

Պարզվում է, որ Սամվել Բաբայանի հիշողության կորուստը (Գեղամյանի ասած` ամնեզիան) հենց այնպես տեղի չի ունեցել եւ ունի շատ պարզ բացատրություն: Ըստ մեր տեղեկությունների` վարչապետ Սերժ Սարգսյանն ուղղակի գնել է նրա հիշողության կորուստը, դրա փոխարեն խոստանալով նախագահական ընտրություններից հետո Սամվել Բաբայանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ: Ներկայումս գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին խոստացվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ ահա ներկա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հնարավոր է գնա պարզապես վաստակած հանգստի կամ դառնա նրանցից որեւէ մեկի խորհրդականը: Սակայն մինչ այդ պետք է գոնե հստակություն մտցնել այն հարցում, թե, ի վերջո, ո՞վ է կազմակերպել 2000 թվականի մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձը: Եթե ԼՂՀ դատարանի վճիռն արդարացի է, եւ դա իրոք կազմակերպել էր Սամվել Բաբայանը, ապա մի քիչ անհասկանալի է, թե ինչպես կարող է նման տեռորիստական գործողության կազմակերպիչը ղեկավարել ՀՀ ՊՆ գլխավոր շտաբը: Եթե Սամվել Բաբայանը որեւէ կապ չունի այդ մահափորձի հետ, եւ ընդամենը քաղաքական պատվերի զոհ է, ապա այդ դեպքում եւս անհասկանալի է, թե ինչպես կարող է մի մարդ, որն անզոր է պաշտպանել ինքն իրեն` հավակնել պաշտպանելու ուրիշներին: Բացի այդ` պետք է պատժվեն բազմաթիվ մարդիկ եւ պետք է հաղթահարվի Արկադի Ղուկասյանի խոչընդոտը: Բացի այդ` Սամվել Բաբայանը պետք է պատասխան տա նաեւ այն հարցին, թե ինչի դիմաց է նա Հայաստան փայտանյութի ներմուծման քվոտա ստացել: Կարծում ենք, որ Սամվել Բաբայանի հիշողությունը կարող է վերականգնվել միայն այն պարագայում, եթե նա զրկվի բոլոր այդ քվոտաներից եւ համոզվի իրեն տրված խոստումների անիրականանալի լինելու մեջ: Բայց դե խոստումներ տվողներին հիմա այլ բան է հետաքրքրում` Սամվել Բաբայանի նման զինակից ու քարոզիչ ունենալը, եւ նրանք հաջողությամբ խաղարկում են «Սյամո խաղաքարտը»:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/11/30/626/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: