Ազգային միաբանության նախագահության երեկվա նիստին հաջորդած միջոցառումը թատերական բեմականացում էր հիշեցնում, ավելի ճիշտ` կռապաշտական ծես, որի մասնակիցները քրտնաջան, հնարավոր ու անհնար բոլոր հնարքներով գովաբանում էին Արտաշես Գեղամյանին, իսկ «կուռքը» գոհունակությամբ թույլ էր տալիս, որ իրեն արժանին մատուցեն:

Մինչ լրագրողները հնարավորություն կունենային հարցեր ուղղել Գեղամյանին` Արտաշես Մամիկոնիչի դիրիժորությամբ հերթով ելույթ ունեցան ԱՄ նախագահության մոտ մեկ տասնյակ անդամներ` գրավոր ելույթներում մատնանշելով Գեղամյանի անսպառ ու անկրկնելի ինտելեկտը, եղած ու չեղած արժանիքները` դրանք հասցնելով կատարելության աստիճանի: Օրինակ` Շիրակի մարզից եկած Լեւոն Ակոբիչը, ինչպես նրան ներկայացրեց Գեղամյանը, եկել էր փոխանցելու Շիրակի տարածքային մարմնի խնդրանքը Գեղամյանին, որով նրան թախանձագին խնդրում են առաջադրվել: «Երբ որ ասում են` Գեղամյանը ական է, ես զարմանում եմ, ինչու՞ եք փոքրացնում, Գեղամյանը միջմայրցամաքային հրթիռ է», - Գեղամյանին փորձեց «մեծացնել» Լեւոն Ակոբիչը: Մի խոսքով, նախագահությունը երեկ միաձայն որոշել է ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրել Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Միեւնույն ժամանակ պրոլետարական ժողովների ոգով հավաքված նախագահության անդամները մեկ մարդու պես փնովեցին «ՀՀՇ-ական մամուլին», որը համարձակվել է քննադատել Սերժ Սարգսյանի հետ Գեղամյանի սիրախաղը: Հիմնական թիրախը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որ համարձակվել է ոտք մեկնել իրենց նախագահի հետ: «Եթե մենք խոսում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի, նրա թիմի մասին, ապա իրականում նկատի ունենք ընդհատակյա գանձագող բիզնեսմեններին եւ պոպուլիստ ռեւանշիստներին», - հայտարարեց «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը` հավելելով, թե «լեւոնապաշտների գաղափարախոսությունը եւ շահերը ժողովրդի իղձերի հետ ընդհանուր ոչինչ չունեն. նրանց փափագած նպատակը, երկիրը ցնցումների եւ շանտաժի ենթարկելով, «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» կարգախոսով իրենց կուռքին նորից պետության գլուխ կանգնած տեսնելն է»: Երեւանցի ձեռներեց Տիգրան Կոշնակյանը հորդորեց «թարգել Գեղամյանի հասցեին շառուշուռ անելը»: Իսկ ԱՄ մյուս փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը հավելեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ական է Հայաստանի ընդդիմադիր դաշտում, այլեւ ական է` դրված Հայաստանի պետականության հիմքերում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ արձակված կրակահերթին միացավ ինքը` պարոն Գեղամյանը, որը երեկ իր ողջ ինտելեկտը փաստորեն նպատակաուղղեց Լեւոն Տեր-Պետրոսյանին սեւացնելու գործին` միեւնույն ժամանակ ասելով, թե գալիս է զերծ պահելու ժողովրդին հուսահատության գիրկը նետվելուց եւ նախկինների ու ներկաների առճակատման արդյունքում հնարավոր քաղաքացիական բախումներից: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ջատագովները, չգիտես ինչու, կարծեցին, թե մերժելով գործող իշխանություններին, մենք հանկարծ կարող է կուսակցությամբ համատեղ ամնեզիա ապրենք, այն է` հիշողության կորուստ», - հայտարարեց Արտաշես Գեղամյանը` հավելելով, թե իր համար անընդունելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի «ավազակապետություն» եւ «կազմաքանդել» բնորոշումը, ապա հարց ուղղեց ԱԺ-ում ներկայացված ուժերին` թե ընդունու՞մ են, որ ստանձնել են «ավազակապետության» ԱԺ ղեկավարությունը: Պարզվում է` Գեղամյանն ամբողջ 21 ելույթ է ունեցել աշխարհի տարբեր ամբիոններում ի շահ ՀՀ պետության, այլ ոչ թե ավազակապետության: «Հիմա որ թուրքն ու ազերին կանգնեն ասեն` Գեղամյան, էս մեծ-մեծ խոսում էիր Ստրասբուրգի ամբիոնից, Վիեննայի, Ռոտերդամի ամբիոնից, պաշտպանածդ ավազակապետություն չի՞: Ի՞նչ եմ պատասխանելու», - խեղճացավ Գեղամյանը` անարգանքի սյունին գամելով դավաճան Տեր-Պետրոսյանին: Գեղամյանը նաեւ ՀՀ առաջին նախագահին մեղադրեց իր մտքերն ու գնահատականները պլագիատ անելու` գողանալու մեջ:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/11/29/617/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Wednesday, 08 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: