Մեզ օգտագործեք որպես գործիքԿենտրոն թաղապետարանի կառուցած բեմահարթակը երեկ բավական բարեհաջող ծառայեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա աջակիցների հրավիրած հանրահավաքին:

Չնայած իշխանությունների նպատակաուղղված հակաքարոզչությանը` Ազատության հրապարակը լիքն էր, որոշ գնահատականներով այս հանրահավաքին ավելի շատ մարդ կար, քան հոկտեմբերի 26-ին: Հանրահավաքին հետեւում էին նաեւ Օպերայի տարածքի հարակից սրճարաններից: Ի դեպ, մասնակիցների թվում քիչ չէին երկրապահներն ու ազատամարտիկները: Ցուցապաստառները վկայում էին, որ եկել էին նաեւ մարզերից` Գյումրիից, Լոռուց, Եղվարդից, Աշտարակից, 30 մարդ եկել էր Ապարանի ինչ-որ գյուղից: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին այս անգամ հարթակին ավելի շատ գործիչներ էին կանգնած` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը եւ ուրիշներ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ողջունեց դժվարությամբ բեմ բարձրացած մաեստրո Օհան Դուրյանը` «Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը մեր հաղթանակն է» խոսքերով: Իսկ մինչ Տեր-Պետրոսյանը հանդես կգար ընդդիմադիր քաղաքական ուժերին ուղղված միավորման կոչով` միանալ «քոչարյանասերժական ավազակապետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը», ելույթ ունեցան այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր որոշել են միավորվել ու պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: 2003թ. ընդդիմության միասնական թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ այս անգամ չի առաջադրվում, քանի որ գտնում է, որ պետք է հանդես գալ միասնական ուժերով եւ նկատի ունենալով, որ միավորումը հնարավոր է առաջին նախագահի շուրջը, նպատակահարմար է գտնում աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Որ առաջին նախագահը ունի համախմբելու ներուժ, ցույց է տալիս այն, որ մի շարք կուսակցություններ արդեն իսկ իր կողքին են»: Ստեփան Դեմիրճյանը նաեւ հակադարձեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին. «Ոմանք զարմանում են, թե ոնց են տարբեր գաղափարախոսություններ ունեցող կուսակցությունները միավորվում: Ուրեմն եթե ոմանց միավորում է ցինիզմը, եթե ոմանց միավորում է իշխանության բարիքներից օգտվելու անզուսպ ցանկությունը, իշխանությունը հարստանալու միջոց դարձնելու մոլուցքը, ապա, ոչ միայն այստեղ կանգնած քաղաքական ուժերին, այլ մեզ բոլորիս համախմբում է մեր երկրում արժանապատիվ կյանքով ապրելու ձգտումը»: Մարինե Խառատյան

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում ասաց. «Որպես մարդ ես հպարտ եմ, որ այսօր կանգնած եմ մեր երկրի հիմնադիր նախագահի կողքին:

Որպես քաղաքացի ես հասկանում եմ, որ հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը նախագահի նստավայր, բխում է մեր երկրի քաղաքացիների շահերից: Նաեւ գիտեմ, որ այդպես մտածում են մեր երկրի բազմաթիվ մանր, միջին եւ խոշոր գործարարներ: Տասնյակ գործարարներ, խոշոր կառույցների հիմնադիր, աջակցում են առաջին նախագահի գլխավորած շարժմանը»: Նա նաեւ կոչով դիմեց Հայաստանի գործարարներին. «Բոլոր նրանց, ում շնորհիվ ստեղծվում են բազմաթիվ աշխատատեղեր, համալրվում է երկրի բյուջեն, արձանագրվում են հաջողություններ տնտեսության տարբեր ոլորտներում, եթե չհանենք մեր միջից վախը, հարմարվողականությունը, անտարբերությունը, եթե չգնահատենք մեր ուժը, չգիտակցենք գործարարի սոցիալական պատասխանատվությունը ժողովրդի առաջ, ապա խաչ կքաշենք մեր բոլոր զարգացումների վրա: Հակառակ դեպքում չենք ունենա զարգացում եւ մեր երկրի քաղաքացիները զուրկ կլինեն բարակեցիկ կյանքից»: Խաչատուր Սուքիասյանը նաեւ հայտարարեց, որ բիզնեսն ու իշխանությունը պետք է լինեն գործընկեր, ոչ թե տեր ու ծառա, իսկ «ազատորեն քաղաքական հայացքներ արտահայտելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը այսօր իշխանական որոշ օղակներ փորձում են յուրացնել»: Երեկվա հանրահավաքում հրապարակվեց մեկ տասնյակից ավելի կուսակցությունների քաղխորհուրդների որոշումները Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Դրանց թվում են ՍԴՀԿ, «Ժողովրդավարական հայրենիք», «Հայրենիք ու պատիվ», «Ազատություն», «Հայոց Հայրենիք», «Մարդու իրավունքներ-96», «Երրորդ հանրապետություն», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունները: «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը նաեւ որոշել է ստորագրահավաք սկսել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով` հետեւյալ հիմնավորմամբ. «Հարկավոր է զրկել ավազակապետին եւ նրա կողքին գտնվող խոշոր ու մանր ավազակներին վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունից, որ բոլոր թեկնածուները ունենան հավասար հնարավորություններ»:

Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու որոշումը կրկնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ապա քննադատեց հարկատուների փողերով գործող հանրային հեռուստաընկերության գործունեությունը` նենգափոխված տեղեկություններ եւ իրականությունը խեղաթյուրող փաստեր ներկայացնելու համար: «Օրվա իշխանությունները թող իրենք իրենց իզուր չմխիթարեն, թե իրենց անբարո պահվածքով եւ ազատ խոսքի սահմանափակումներով կարող են կասեցնել համաժողովրդական ընդվզումի այս հզոր ալիքը: Չեն կարող եւ չի ստացվի, ինչպես չկարողացան Սովետի իշխանությունները», - հայտարարեց Արամ Սարգսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեկնարկը հավաքված ժողովուրդը ողջունեց «Հայաստանի արքա Լեւոն Տեր-Պետրոսյան» վանկարկելով: «Ինձ մնում է միայն ներողամտություն հայցել մեր ժողովրդից հանուն Արցախի փրկության նրան պատճառած տառապանքների համար», - «ցուրտ ու մութ» տարիների մասին խոսելով` հայտարարեց առաջին նախագահը: Նաեւ ներողություն խնդրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու համար. «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը տեսնելով, քանի գնում ես ավելի ու ավելի համոզվում եմ, որ իսկապես ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, եւ իսկապես գործել եմ, ապա խոստովանում եմ` սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին` սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն թույլ տվեք, օգնեք ինձ ձեզ ազատելու այդ փորձանքից»: Կարելի է փաստել, որ հանրահավաքից մասնակիցները բավական տպավորված հեռացան: «Ես վերջին 15 տարվա մեջ այսպիսի հիմնավորված ելույթներով հանրահավաք չեմ տեսել, այսպիսի փաստարկված ելույթ չեմ լսել», - մեզ հետ զրույցում իր տպավորությունները պատմեց Ապարանից եկած բանասեր Արարատ Մարգարյանը: Մեր մյուս զրուցակիցն էլ ավելացրեց. «Եթե իշխանությունները բռնություններ չգործադրեն, կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ կհաղթի»:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/11/19/512/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: