Հուզված է ու վախեցածՄտնում ենք քարոզչական դաժան պատերազմի փուլ: Նման շրջաններում հակամարտող կողմերը ոչնչի առաջ կանգ չեն առնում` ոչ մարդու կեղտոտ սպիտակեղենը փորփրելու, ոչ անամոթ ստեր շրջանառության մեջ դնելու, ոչ փաստերը նենգափոխելու եւ կեղծիքի գնով հանրության գիտակցության վրա ազդելու:

Այս ամենը նորմալ է եւ պետք չէ դրանից ողբերգություն սարքել: Նորմալ չէ, երբ այդ սեւ մեթոդների կիրառողը ոչ այլ ոք է, քան հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողը: Որը, թվում է, պետք է մի գերխնդիր ունենար` ապահովել ՀՀ քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, հավասար մրցակցության դաշտ ստեղծել իր աթոռի հավակնորդների համար: Ի վերջո` ինչու՞ պետք է հեռացող նախագահի համար այդքան մեծ տարբերություն լինի, թե ով է իրենից հետո նախագահի աթոռը զբաղեցնողը: Չէ՞ որ այս նույն երկրի քաղաքացին են ինչպես իր սիրելի Սերժ Սարգսյանը, այնպես էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա համակիրները: Անշուշտ Ռոբերտ Քոչարյանը կարող էր ունենալ իր նախընտրությունը եւ սոլիդ հայտարարել այդ մասին` առանց իր ցանկալի իրավահաջորդի մրցակիցներին սեւացնելու եւ ծիծաղելի վիճակում հայտնվելու: Սակայն փաստ է, որ այդպես չէ: Ի՞նչն է այս աժիոտաժի, հուզված հարցազրույցների, դողդոջուն ձայնով ու չարությունից ծամածռվող դեմքով արվող հակալեւոնական արտահայտությունների պատճառը: Ի՞նչ կարիք կա ամբողջ քարոզչական մեքենայով հարձակվել նախկին իշխանության վրա, վերլուծել, թե նրանք ինչ են «ստանձնել 1990-ին ու ինչ են հանձնել 1998-ին»: Չէ՞ որ նման պրիմիտիվ վերլուծությունները ոչ մի քննադատության չեն դիմանում, խոցելի են եւ սխալ ելակետի վրա հիմնված: Ամենաշարքային հեռուստադիտողն անգամ մի պարզ հարց կարող է տալ այս վերլուծություններն անող հռետորին, որը հանկարծ հիշել է Սովետական Հայաստանի հզոր արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը եւ դրանց քայքայման մեղավոր է համարում Տեր-Պետրոսյանին: Այդ պարզ հարցը կարող է հնչել 2 բառի տեսքով` «բա պատերա՞զմը»: Պարոն Քոչարյան, մոռանում ե՞ս, որ քո հայրենի Ղարաբաղի անկախության եւ քո նման բազում ղարաբաղցիների ազատագրման համար այս պետությունը կենաց եւ մահու պայքար էր մղում` զենք էր առնում, բանակ էր պահում, պատառը կտրելով բերանից ձեզ էր ուղարկում: Բայց հասարակությունը հիմնովին պառակտած, յուրայինների ու օտարների բաժանած քոչարյանական կլանը նշում է այն եւ այնքան, ինչ ու ինչքանն իրեն ձեռնտու է: Մյուս կողմից` նման փրփրաբերան հակաքարոզչությունը կարող է մի եզակի բացատրություն ունենալ` աթոռը փորձում է հանձնել նրան, ով կպարտակի իր հանցագործությունները: Սարսափում է նրա իշխանության գալուց, ով կարող է բացահայտել եւ պատասխանատվության կանչել իրեն:

Քոչարյանական այս քարոզչությունը մի առումով էլ է անհեթեթ` այն պարզապես վնասում է իշխանական ճամբարին: Անգամ նրանք, ովքեր օրեր առաջ վստահ էին, որ «Սերժն անցած է», սկսել են կասկածել իշխանական թեկնածուի անցողիկությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահ պահվածքը եւ հակառակը` Ռոբերտ Քոչարյանի տագնապահույզ վիճակն ու վրա-վրա հարցազրույցներ տալը սասանել են Սերժ Սարգսյան-թեկնածուի վարկանիշը: Այնպես որ, եթե չի ուզում վերջնականապես փչացնել իր թեկնածուի գործերը` լավ կանի լռի:

Source: http://www.zhamanak.com

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/11/02/364/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: