Հոկտեմբերի 23-ին ամենաթողությունը Հայաստանում պարտություն կրեց
Սա Նիկոլ Փաշինյանի, Պետրոս Մակեյանի, Դավիթ Մաթեւոսյանի եւ Միքայել Հայրապետյանի քաղաքական գնահատականն էր նախորդ օրվա իրադարձություններին, որ նրանք տվել են մամուլի ասուլիսում:
Իսկ այդ պարտությունն ակնհայտ դարձավ, երբ ոստիկանության մոտ հավաքված ընդդիմությանը միացան նաեւ մոտակա շենքերի բնակիչները, «Երբ ընդամենը Տեր-Պետրոսյանի ստվերից քանդվեց առաջին պատը. այն զինվորականները, որոնք շրջապատել էին շենքը, ընկրկեցին, եւ ժողովուրդը կարողացավ մոտենալ», - հայտարարեց «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Նրանց կարծիքով` իրենց երեկ ոստիկանությունից բաց թողեցին միայն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ոստիկանության բաժանմունքի դիմաց հավաքված մարդկանց ճնշման արդյունքում: «Հասկացան, որ եթե մեզ պահեն, առավոտյան Կենտրոնի ոստիկանության բակում հազարավոր մարդիկ են լինելու»`ասում էր աչքերի տակ կապտուկներ ձեռք բերած Նիկոլ Փաշինյանը: Ապա` «ՀՀ ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը ձեռքին` հղում անելով օրենքի համապատասխան հոդվածներին հիմնավորում էր, որ երթի մասնակիցները բացառապես օրենքի շրջանակներում են գործել, երբ 50 հոգանոց խմբով Մարգարյան հիվանդանոցի մոտից մեգաֆոններով բարձրացել են Մաշտոցի պողոտայով եւ հայտարարել են հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին: «Մենք քայլում ենք փողոցով, եւ մեզ մոտենում են ու ասում, որ մենք պետք է բարձրախոսը հանձնենք իրենց: Մենք ոստիկաններին բավական համբերատար բացատրեցինք, որ իրավունք ունենք առանց իրազեկման անցկացնելու ոչ զանգվածային հրապարակային միջոցառում (որի մասնակիցների թիվը չի անցնում 100 հոգուց)», - պատմում էր Նիկոլ Փաշինյանը: Իսկ իրադարձությունները վերահսկողությունից դուրս են եկել այն բանից հետո, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը, որին «շատ երկար եւ համբերատար բացատրել են օրենքի դրույթները»: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարել է, որ կհեռանան, եթե Աֆյանը մեջբերի հակառակն ապացուցող որեւէ օրենք: «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, որը նույնպես բերման էր ենթարկվել ոստիկանություն, պատմեց, որ ինքը, ինչպես նաեւ բաժանմունք տարված մյուս անձինք հրաժարվել են ստորագրել բերման ենթարկելու արձանագրության տակ, քանի որ ակտը ոստիկանները փորձել են ձեւակերպել հետին թվով՝ իրենց բաժանմունքում 3-4 ժամ ապօրինի պահելուց հետո:

Source: http://www.zhamanak.com/

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/10/26/300/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: