Խորհրդավոր հանդիպում ՀՅԴ գրասենյակումԼեւոն Տեր-Պետրոսյանի այցը Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակ` այցից ընդամենը ժամեր անց դարձել էր հայ քաղաքականացված հանրության քննարկման միակ նյութը:

Այս օրերին բազում կարծիքներ հնչեցին, ենթադրություններ արվեցին ու ենթատեքստեր փնտրվեցին այդ այցի մեջ: Բայց այցն այնքան անակնկալ էր, որ դեռեւս օդում կախված են մնացել «ինչու» եւ «ինչպես» հարցերը: «Ինչու»-ին, իհարկե, մի քանի պաշտոնական բացատրություններ տրվեցին` ապագա ընտրությունների քաղաքակիրթ եւ կեղծիքներից զերծ ընթացքն ապահովելու համար: Սակայն առավել խորաթափանց դիտորդները կարծում են, որ սա մեղքերի թողության նման մի բան էր հիշեցնում` նախկին նախագահը, փաստորեն, սրանով ասում էր, որ հասկացել է իր սխալը եւ իշխանության գալով այլեւս քեն չի քշելու, կուսակցություն չի փակելու` խաղաղ գոյակցելու է ՀՅԴ-ի հետ, լինելու է նաեւ նրանց նախագահը: Ուժ, որը մեր քաղաքական դաշտում ծանրակշիռ դերակատարում ունի եւ որի հետ հաշվի չնստելը կնշանակեր քաղաքական կարճատեսությամբ տառապել: Տեր-Պետրոսյանի այս քայլը վերլուծողները նաեւ արձանագրում են, որ սա բավական ուժեղ քայլ էր, այսպես ասած` մեծ կալիբրի քաղաքական գործչին վայել արարք, որը մի կողմից իշխանությանը կանգնեցրեց փաստի առաջ, մյուս կողմից` ընդդիմությանը հասկացրեց, որ ինձ հետ մրցել չեք կարող` ես իմ զինանոցում նման անսպասելի, ուժեղ քայլեր էլի ունեմ պահած: Որ այս հանդիպումը Քոչարյան-Սարգսյան զույգի սրտով չէր, եւ նրանք ամեն ինչ կտային, որ այն չկայանար, ակնհայտ է: Ինչպես ակնհայտ է այն, որ նման հանդիպումների արդյունքում կարող են փլվել իշխանության տարիներով կառուցած հաշվարկները եւ մի օր էլ հանկարծ կարող է պարզվել, որ մինչ նա զբաղված էր զանազան ինտրիգներ հյուսելով` հողը նրա ոտքի տակից գնացել է:

Մյուս կողմից` այս այցելությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց մեղմել իր դեմ ուղղվելիք հակաքարոզչության սլաքը` Հայ հեղափոխական դաշնակցությունը լրատվական մեծ պոտենցիալ ունեցող ուժ է եւ նրա չեզոքությունը այս շրջանում շատ կարեւոր է: Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ չի խոսվել «անցյալի» մասին, այլ խոսել են «ապագայի» մասին: Դա եւս վկայում է նոր էջից հարաբերություններ կառուցելու, հին վիրավորանքներն ու նեղացածությունը հաղթահարելու ցանկության մասին: Եւ վերջապես` այս հանդիպմամբ ազդարարվեց նախագահի երկու թեկնածուների առաջադրման մասին` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արմեն Ռուստամյանի: Եւ որքան էլ Վահան Հովհաննիսյանն ասի` «հո՞ բոլորը չէին մասնակցելու», սակայն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ երկու կարեւոր անձ` կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ նախագահի թեկնածու Արմեն Ռուստամյանը: Այնպես որ, քննարկումների, ուսումնասիրությունների, զոնդաժների շրջանն ավարտված է` սկսված է նախագահի աթոռի համար պայքարի եւ քարոզչության թեժ փուլը:

Source: http://www.zhamanak.com/

Permanent link:  http://www.armpress.com/zhamanak/2007/10/03/159/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: