Նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքի, այդ գործընթացում տեղ գտած թերացումների և սպասվող զարգացումների վերաբերյալ «Իրավունքի» հարցերին է պատասխանում ՍԻՄ նախագահ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

-Պարոն Խաչատրյան, ինչո՞վ էիք զբաղված քվեարկության օրը և ի՞նչ տպավորություն ունեք ընտրությունների ընդհանուր գործընթացից։
-Նախագահական ընտրությունների քվեարկության օրը որպես նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին պաշտպանող քաղաքական ուժի ղեկավար, նրան սատարող կուսակցությունների նախագահների խորհրդի անդամ և թեկնածուի վստահված անձ՝ ես ստանձնել էի մեր վստահված անձանց նկատմամբ հնարավոր բռնություններին արագ արձագանքելու պարտականությունը։ Խոսքը վերաբերում է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի այն ներկայացուցիչներին, որոնք վստահված անձի կարգավիճակով հետևում էին քվեարկության գործընթացին ընտրական տեղամասերում։
Առաջին ահազանգը մեր վստահված անձի նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ ստացանք մոտավորապես ժամը 17-ին։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա2 թաղամասում գտնվող 7-րդ ընտրատարածքի 20-րդ ընտրատեղամասում հարձակում էր տեղի ունեցել Վազգեն Մանուկյանի վստահված անձի նկատմամբ։ Ահազանգի հետքով անմիջապես մեկնել ենք տվյալ ընտրատեղամաս և մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20-ը, զբաղվել այդ խնդրի պարզաբանմամբ։
-Հարձակման փաստն օրինական առումով գրանցվե՞լ է, թե՞ ոչ։
-Տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ընդհանրապես ժխտում էր, թե որևէ դեպք է տեղի ունեցել։ Այն դեպքում, երբ մեր վստահված անձը՝ տարիքով, ճերմակ մազերով մարդ, որ ընտրություններում մասնակցության և վերահսկողություն իրականացնելու բազմամյա փորձ ունի, բազմիցս պնդեց, որ հարձակում եղել է, և դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. նա նկատել է, որ ընտրատեղամաս են մտել 10-15 հաղթանդամ տղամարդիկ, որոնք մոտեցել են քվեատուփին և սկսել իրենց մոտ եղած պատրաստի ծրարները քվեաթերթիկներով լցոնել քվեատուփի մեջ:
Տարօրինակ պատահականությամբ մնացած հանձնաժողովականները դա չեն նկատել, և երբ մեր ներկայացուցիչն օգնության է կանչել հանձնաժողովի նախագահին ու անդամներին, լցոնողները չեն դադարեցրել իրենց «գործունեությունը», իսկ նրանցից մի քանիսը մեր վստահված անձին բռնի դուրս են բերել ընտրատեղամասից և այդ ընթացքում նույնիսկ հարվածել գլխին։
Երեկ մինչև քվեարկության ավարտը ես զբաղված էի այդ միջադեպը պարզելով, և որպեսզի այն օրինական արձանագրում ստանա։ Ինչը, ի դեպ, հանձնաժողովի նախագահը պարտավոր էր անել մեր վստահված անձի առաջին իսկ պահանջով։ Բայց նա ոչ միայն ժխտում էր, այլև հրաժարվում դեպքի հետ կապված նրա դիմումը գրանցել։ Ստիպված եղանք ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հրավիրել տվյալ ընտրատեղամաս, կատարվեցին ուսումնասիրություններ, ձայնագրություններ։ Հանձնաժողովի անդամներից միայն մեկը խոստովանեց, որ մեր վստահված անձն արել է հայտարարություն, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, և ինքը չի կարող շարունակել մնալ տեղամասում ու պնդել, որ իր հեռանալու պատճառն այդպես էլ գրանցվի։ Բայց հանձնաժողովում նշել էին, թե նա ուղղակի վատ է զգացել և տուն գնացել։ Մեզ, իհարկե, հաջողվեց դիմումը պաշտոնապես գրանցել, այս մի փոքր դեպքին օրինական ընթացք տալու համար պետք եղավ 2,5 ժամ։
-Իսկ Վազգեն Մանուկյանի այլ վստահված անձանց նկատմամբ բռնության դեպքեր եղե՞լ են։
-Այո։ Երբ վերադարձա կենտրոնական ընտրական շտաբ, ճշտեցի, որ երեկ քվեարկության ողջ գործընթացի ժամանակ շտաբում մեր վստահված անձանց նկատմամբ բռնության և սպառնալիքների ևս հինգ դեպք է գրանցվել։ Թեկնածուի ինտերնետային կայքում արդեն հայտարարություն կա այդ կապակցությամբ, միջադեպերի վերաբերյալ դիմումներն ուղարկված են համապատասխան մարմիններ։ Մենք կսպասենք՝ տեսնելու համար, թե ինչպես կամփոփվեն քվեարկության արդյունքները, ձայների հաշվարկի ժամանակ ի՞նչ միջադեպեր կլինեն։ Փաստ է, որ ընտրությունների շուրջ իրավիճակը երկրում լարված է, և պետք է աշխատել բոլոր գործընթացները պահել իրավական հարթության մեջ և ստիպել համապատասխան պետական մարմիններին բոլոր տեսակի օրինախախտումներին ընթացք տալ օրենքով սահմանված կարգով։
-Երկու թեկնածուների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից հնչել են իրարամերժ հայտարարություններ, թե հաղթողը հենց իրենց թեկնածուն է։ Տեր-Պետրոսյանի շտաբը մասնավորապես ներկայացրել էր էքզիթ-փոլ հարցման արդյունքներ, ըստ որոնց իրենց թեկնածուն հաղթել է 54,4% ձայների առավելությամբ հենց առաջին փուլում։ Տեղեկություններ կան այս թեկնածուների կողմնակիցների միջև տարբեր ընտրատեղամասերում բախումների վերաբերյալ։ Սա Ձեզ չի՞ մտահոգում, և ի՞նչ կանխատեսում ունեք հետագա զարգացումների հետ կապված։
-Մեզ մտահոգում են և՛ ընտրությունների հետ կապված ընդհանուր իրավիճակը, և՛ կոնկրետ միջադեպերը։ Մենք վաղուց ենք հայտարարել, որ ողջ քարոզարշավի ընթացքում արհեստական ներգործությամբ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե պայքարն ընթանալու է հիմնականում երկու թեկնածուների միջև։ Կարծես այդ վաղօրոք հաստատված սցենարը վերջին քաղաքական հայտարարություններով փորձ է արվում ավելի ամրապնդել, որպեսզի իրական զարգացումներն ու դեպքերը մնան այդ ամենի ստվերում։ Հասկանալի է, որ իրավիճակը խիստ բարդ է. եթե մեկ դեպքի վերաբերյալ դիմումի գրանցումը տևում է 2,5 ժամ, այն էլ այն պարագայում, երբ ես ընտրական գործընթացներին մասնակցելու և վերահսկողություն իրականացնելու առնվազն 20 տարվա փորձ ունեմ։ Կարելի է պատկերացնել, թե ինչքան ժամանակ է պետք փորձ չունեցող մարդկանց որևէ միջադեպի հետ կապված օրինական ընթացքն ապահովելու համար։
-Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբված կուսակցություններն ի՞նչ քայլեր են ձեռնարկելու առաջիկա օրերին։
-Նախ կարծում եմ՝ պետք է սպասել մինչև ընտրությունների եթե ոչ իրական, ապա պաշտոնական արդյունքների հրապարակումը։ Որովհետև էքզիթ-փոլ հարցումներն էլ Հայաստանում նույնքան կասկածելի են, որքան ընտրությունների պաշտոնական արդյունքները և նույնիսկ ավելի։ Որովհետև այդ հարցումները, որպես կանոն, նախնական տպավորություն ստեղծելու համար են՝ հասարակության մեջ պաշտոնական արդյունքների հետ կապված ինչ-որ սցենարներ նախապատրաստելու նպատակով։ Հիմա ես որևէ վերջնական գնահատական չեմ կարող տալ ընտրական գործընթացին, բայց այն կանխատեսումները, թե այս անգամ ընտրական գործընթացը հնարավոր կեղծիքներով ու խախտումներով հանդերձ ավելի քաղաքակիրթ տեսք է ունենալու, չիրականացան:

Զրուցեց
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/02/22/969/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: