Ռուս էմիսարների հոսքը դեպ Հայաստան չի դադարում: Այստեղ էր ոչ անհայտ պարոն Լևիտինը, կգան պարոններ Գրիզլովը, Զուբկովը:
Նպատակը ոչ միայն նախընտրական է, այլև խիստ պրագմատիկ: Հարավային Կովկասը՝ ի դեմս Վրաստանի, կատարեց ամենակարևոր քայլը. սկսեց տարածաշրջանի ՆԱՏՕ-ացումը։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: ՈՒստի Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի չեզոքացնի այդ վտանգը:

Ճիշտ է, Ռուսաստանի «հոգում» Հայաստանին առնչվող որոշ չլուծված խնդիրներ կան, և եթե մի կողմ թողնենք Կոսովոյում, Իրաքում, ապաև` Աֆղանստանում ՆԱՏՕ-ական զորքերի կազմում հայերի «կռվելու» հանգամանքը, ապա ամենաթարմ օրինակը` Ջավախքի մոտ 70 տոկոսանոց քվեարկությունը հանուն ՆԱՏՕ-ի, հաստատ չի կարող հեռուն գնացող եզրակացությունների չտանել Ռուսաստանին, որը նույն Ջավախքը կարողանում էր հարկավոր դեպքում մանիպուլացնել ընդդեմ անհնազանդ Սաակաշվիլու, եթե պետք էր` նաև ընդդեմ հայոց իշխանությունների:
Չմոռանանք, «վարդերի» հեղափոխությունից հետո Հարավային Կովկասի ամերիկյան «կուրատոր» Սաակաշվիլին (նա ԱՄՆ-ում աշխատել է Հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Գրիգորյանի «օֆիսում»՝ որպես քարտուղար) բազմիցս է արևմտյան «գետնին» վրա ձեռք մեկնել հայոց իշխանություններին` Սերժ Սարգսյանի համար բաց պահելով ամերիկյան «դուռը». նկատի ունենք հատկապես վերջինիս բավականին բարձր մակարդակի պենտագոնյան առաջին այցը:
Այս և մի շարք այլ հանգամանքներն են թերևս դեր խաղացել, որ Ռուսաստանը բավականին բարձր մակարդակով հայաստանյան լիբերալ ընդդիմությանն ամռանը մեսիջ էր հղել առ այն, որ սպասվող նախագահական ընտրություններում լիբերալների նկատմամբ «կիրառվելու է պոզիտիվ նեյտրալիտետի սկզբունքը» (ինչն էլ, փաստորեն, տեղը-տեղին կատարվում է), և ինչպես տեսնում եք` Ռուսաստանը Հայաստան է մտնում մի քանի դռնից:
Ընդդիմության մասով ասացինք: Ինչ վերաբերում է Լևիտինին, ապա այդ այցը համարենք ընկերավար-քաղաքավարական. Լևիտինից հետո Սերժ Սարգսյանին հավատարիմ մարդ Ռուսաստանում պետք է համարել մեկ էլ Սերգեյ Իվանովին, որը, թերևս, այս փուլում առանձնապես ուժեղ չէ, սակայն անտարբեր լինել իր զինակից Սերժ Ազատովիչի նկատմամբ հաստատ չէր կարող, ուստի պարոն Լևիտինի հետ հաստատապես բարևներ ուղարկած կլինի: Այսպիսով, Լևիտինի այցը «նապարնիկ» Ս. Սարգսյանին ուներ մեկ նշանակություն` աջակցել նրան: Քիչ հետո այդ այցի շրջանակներում կդիտարկենք Արա Աբրահամյանի «պակետը» ևս, բայց բոլոր այցերի համար այս պահին ֆիքսենք. ահա թե ինչ է լինում, երբ ռուսական անդրկուլիսներում կրկին վերականգնվում է «գորշ կարդինալ», ոչ անհայտ Վոլոշինի ծանոթ իշխանությունը:
Գրիզլովի մասով ասենք. նրա այցը ևս ծառայելու է Սերժ Սարգսյանին: Որոշ փորձագետներ պնդում են, թե Գրիզլովը «պատասխան այց» է կատարում Բելառուսի երբեմնի ոչ անհայտ նախագահ Ս. Շուշկևիչի` Տեր-Պետրոսյանի քաղաքական մուտք շնորհավորանքից հետո։ Չմոռանանք, թե որքան «մահացու անհամատեղելի» են Շուշկևիչն ու Ռուսաստանը:
Այսպիսով, պարոն Գրիզլովը Հայաստանում կլինի ՀՀ Բանակի օրը, կայցելի Սերժ Ազատովիչին, միասին կգնան համերգ… դե, բանակին նվիրված:
Սակայն «միջպետական» հարաբերությունների մակարդակով որոշիչ կլինի Վ. Զուբկովի այցը. վերջինս կգա, կխփի կարևոր ակորդն ու ցույց կտա, թե տարածաշրջանում «who is who»:
Ասել ենք` խոսքը վերաբերում է Հայաստանում կառուցվելիք ատոմակայանին: Իսկ ատոմակայան ունենալն առնվազն նշանակում է` «ատոմային երկիր» լինել: ՈՒստի Ռուսաստանը գործը բռնում է գլխից, վերցնում ատոմակայան կառուցելու քարտ-բլանշը:
Ակնհայտ է. ամերիկյան կողմը ևս խիստ հետևողական է այս հարցում. ԱՄՆ-ը ոչ միայն մի քանի միլիոն «տվեց» վարչապետ Սերժ Սարգսյանին` նոր ատոմակայանը կառուցելու համար, այլև նախորդ օրն իր ներկայացուցչին ուղարկեց այդ փողերի հետևից` ուսումնասիրությունների մասով, ինչը հստակ մեսիջ էր Զուբկովին սպասող հայոց իշխանություններին, մանավանդ մեկ այլ մեսիջի` էքզիթ-փոլի բացառումից հետո. ԱՄՆ-ը չի նահանջում, սպասում է տրված խոստումների կատարմանը:
Իսկ ընդհանրապես, գլոբալ այս խաղացողների համար կարևոր է ոչ միայն Հայաստանի ապագա նախագահը, այլև վարչապետը: Եվ դա ոչ միայն հայաստանյան «բարեփոխված» սահմանադրությունից «բխած», այլև զուտ սեփական շահերի տեսանկյունից:
Այսպիսով, բավականին լայն իրավասություններ ունեցող ապագա վարչապետի նկատմամբ ինչ «առաջնահերթություններ» կան:
Հասկանալի է` վարչապետը պետք է լինի հնարավորինս հավասարակշռող ֆիգուր, վստահելի բոլոր կողմերի համար: Ընդ որում, ինչպես երևում է Սերժ Սարգսյանի խաղի ամպլիտուդից, վերջինս կարծես իր ընտրվելու դեպքում հակված է առավել արևմտյան-ազատական գործչի տեսնել այդ պոստում: Դա նրան հնարավորություն կտա ազատ մանևրել, բավարարել թե՛ ռուսական, թե՛ արևմտյան պահանջները և այդ լյուֆտի միջոցով ստանալ առավելագույն արդյունավետություն՝ մնալ Ռուսաստանին հոգեհարազատ, վարել Արևմուտքին «հաճելի» տնտեսություն:
Սրա համար, իհարկե, նա պետք է կարողանա ընտրվել նույնքան ազատ-թափանցիկ, և ինչպես արդեն իսկ Քոչարյանն է «հրահանգել»` մեկ փուլով, որ պարտական չլինի ոչ մեկին… ինչն էլ նրան ուղղակիորեն թույլ չեն տա, եթե վաղօրոք հայտարարված չլինի «Մեկ սպանության պատմություն»։ Ո՜չ-ո՜չ, հեռու մի գնացեք եզրակացություններում. Մարկեսին հիշեցինք պատկերավորության համար. որովհետև մեկ փուլ Սերժ Սարգսյանի համար կլինի միայն մեկ դեպքում, եթե նա վաղօրոք հայտարարի կամ կուլիսներում ցածրաձայն ու մեղմ շշնջա` Ռոբերտ Սեդրակիչ, «չկա քիզի նման` քիզ նման, քիզ նման…», մի խոսքով` այդ վարչապետը Դուք եք:
Կշշնջա՞: Ոչ ոք այս պահին չի կարող ասել: Այնուհանդերձ, հասկանալի է` Սերժ Սարգսյան վարչապետի մոդուլը հետևյալք են. ասել ենք` Տիգրան Սարգսյան, որին իր հետ տարավ Եվրոպա: Փորձագետները չեն բացառում նաև Արմեն Սարգսյանի տարբերակը՝ նախկին վարչապետ, լոնդոնաբնակ, ՄԻԱԿ-ների «պապան»: Եվ չնայած հանգամանքին, որ վերջինս Թուրքմենբաշու «կասիրն» էր, հետն էլ հեռախոսը վերցնում, «Բրիթիշ-փետրոլյումին» էր «զանգում», «համաշխարհային նավթային» հարցեր կարգավորում, ներքին հեռախոսով էլ Ս. Սարգսյանի օգնական Լևոն Մարտիրոսյանին է անընդմեջ հարցնում` «հո՜ւնց ես»… Իսկ եթե լուրջ, ապա նրա միջոցով էր նաև, որ Ս. Սարգսյանը նման բացառիկ «տուռնե» ունեցավ Եվրոպայում, ԱՄՆ-ում:
Արմեն Սարգսյանի վարչապետ դառնալը մյուս Սարգսյանի` Սերժի (էս ինչ շատ եղան Սարգսյանները մեզանում, էն էլ վարչապետարանում), համար գտնված «պարտիա» է, շարունակական «նոու-հաու», որը կապահովի փոխշահավետ գործարք բոլոր առումներով: Այդ թվում և միջազգային-եվրոպական։ Գաղտնիք չէ, որ եվրոպական «գետնին» վրա այսօր շատ ուժեղ են լիբերալ ընդդիմադիրները. նրանց ուղղակի աջակցություն է հայտնվում:
Մի խոսքով, ասում են` Արմեն Սարգսյանը դեմ չէ:
Մինչ կհասնենք մյուս «դեմ չընկնողներին», ներկայացնենք ընդդիմադիրների վարչապետական փաթեթը: Այնտեղ ևս թեկնածուների դեֆիցիտ չկա: Ինչպես միշտ, ձիու վրա է Հրանտ Բագրատյանը։ Այդ նա է գրել Լևոն Տեր-Պետրոսյանի բավականին գրագետ նախընտրական ծրագիրը և որպես բարեփոխումների մշտական «հայր», նույնքան մշտապես կարող է հավակնել վարչապետական պաշտոնի: Հաջորդաբար տրվում է Խաչիկ Սուքիասյանի անունը։ Այստեղ, ի շարս այլ խնդիրների, քննարկվում է նաև հետևյալ նրբությունը. վերջինս կարող է շատ արագ իր կողմը ներգրավել խորհրդարանն ու նրա «հայերեն լավ չխոսող» հատվածին, այլ կերպ ասած, անցումի պրոցեսն անցավ դարձնել:
Կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերից վարչապետ «ստանալու» տարբերակը ևս: Եվ չնայած հանգամանքին, որ շատերը, այդ թվում և երեկ մեզ հետ զրուցող «Ժառանգության» ներկայացուցիչը, պահանջում են, որ Տեր-Պետրոսյանը հրապարակի իր ստվերային կաբինետը, լիբերալները խելամտորեն և խիստ պատճառաբանված դա չեն անում… «Ժառանգությունը» երևի ուզում է տեսնել, թե ով է այդ կաբինետում ԱԳ նախարարը, որ ասի` հա, Տեր-Պետրոսյանին ենք պաշտպանում: ՈՒ վերջապես, լուծի սալի ու մուրճի արանքում գտնվելու իր անլուծելի հարցը:
Ո՛չ, դեռ չենք հասել Քոչարյանին: Իշխանական թևում կա մի ողջ գվարդիա, որ բաժանում է դեռ ձեռք չգցած արջի մորթին` «տերովին տերն է տանում, անտերին` գելը» սկզբունքով:
Հասանք Արա Աբրահամյանի «պակետին»: Նա վերջին շրջանում աչքի է ընկնում ոչ միայն «համաշխարհային հայերին» ի փառս Սերժ Սարգսյան կողմնորոշելով, «յուր փորձագետ» Միհրանյանի գլխավորությամբ նրանց Հայաստան տանել-բերելով, այլև «յուր սեփական» եղբայր Գագիկ Աբրահամյանին վերը նշված` վարչապետական աթոռին բազմեցնելու սրբազան գործընթացով: Ինչի համար գրեթե բան չի խնայում: Ավելին` ըստ լավատեղյակների, զանգում է (ա՛յ, զանգել նա շատ է սիրում. «զանգված» են նաև ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը։ Հիշենք, որ այնտեղ են տեղակայված «մեծ» հայի մյուս եղբայրները). հա, և ուրեմն` նա երբեմն-երբեմն զանգում է ընդդիմադիրներին ու հարցնում՝ ո՞նց է վիճակներդ, կարո՞ղ է իշխանությունները «գցեն», եղբորս վարչապետ չդնեն: «Հաստատ»,- ասում են ընդդիմությունից` «գցելու» մասով:
Բայց ոնց տեսնում եք, այս բոլորի մեջ «անեղբայր» է վարչապետական հաջորդ ֆավորիտ Հովիկ Աբրահամյանը: Հովհաննես Ա-ն ինքն է ու իր «աշխատող» գլուխը, որից ոչ մի կերպ դուրս չի գալիս ապագա վարչապետ դառնալու իդեա-ֆիքսը` մնացյալ բոլոր հրապույրներով հանդերձ: Որն աշխատում է օրն ի զօր` բոլոր ուղղություններով, բայց ոնց երևում է, հակառակ էֆեկտ պատճառելով իրեն:
Սպասվող վարչապետների ցանկում նշվում է նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի անունը: Սա այն դեպքն է, որի համար ասվում է` չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբեք: Ըստ փորձագետների` նման հավակնություններ Ե. Զախարյանն ամենևին չունի, նա հեչ պոպուլիստ չէ, գլուխը կախ իր գործն է անում ու շատ լավ հասկանում, թե ինչ է կատարվում երկրում:
Ոմանց մոտ Ե. Զախարյանի վարչապետ դառնալու տեսակետն առաջացել է քաղաքում կատարված հսկայական շինարարության և Ռ. Քոչարյանի քաղաքապետարան կատարած այցի ժամանակ տված գնահատականների «պատճառով», սակայն, ըստ նույն փորձագետների, սա այն կրակն է, որը ծուխ չունի: Իսկ ծուխը պետք է փնտրել բոլորովին այլ տեղ:
Ահա և հասանք «ծխին»` Քոչարյանին: Ի դեպ, որպեսզի ծխականությանը մեծ վնաս չհասցվի, ՀՀԿ «մետրերը» մինչ այս զարգացումները մտածել ու գտել էին, որպեսզի Քոչարյանը չդառնա «երիտասարդ թոշակառու» (չնայած հունվարից Ս. Սարգսյանը թոշակները լավ էլ բարձրացրել է), ճիշտ է, որ ընտրություններից հետո նա դառնա ԱԺ նախագահ: Ո՜Ւմ եք ասում: Ախր, դեռ 97-ին, երբ Քոչարյանը Ղարաբաղից վարչապետ էր «եկել», մերձակայքին ասել էր. «Էդ զզվելի մարմնի հետ ես գործ չունեմ»։ Հիշո՞ւմ եք` նույնիսկ ծրագիր չներկայացրեց «զզվելի մարմին» ԱԺ-ին:
Մի խոսքով, ՀՀԿ ԱԺ «գաղափարաբանությունը» խեղդվել էր հենց օրորոցում: Որովհետև Քոչարյանը ցանկանում է դառնալ վարչապետ: Ասել ենք` նախագահական «գլադիատորներն» արդեն իսկ ամեն անգամ մեզ տեսնելիս ասում են՝ ուզում է, ուզում, այդպես էլ գրեք:
Գրեցինք` «ուզիլ տի»:
Ավելին, ըստ լավատեղյակ աղբյուրների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նեղ միջավայրում հայտարարել է. «Եթե Սերժ Սարգսյանը Քոչարյանին չնշանակեց վարչապետ, ապա դուրս եմ գալու» (փաստորեն, ԲՀԿ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը):
Բայց մեր մեջ ասած, էս վիճակը շատ է հիշեցնում փոսում հայտնված մարդու հայտնի անեկդոտը. «Որ էս անգամ էլ չկարողացա դուրս գալ, գնում եմ տուն»:
Եվ ուրեմն` Քոչարյանն ուզում է: Ճիշտ էլ անում է: Ով լիներ` չուզեր: ՈՒզում ու նախագծում է. ընտրությունները կանցնեն մեկ փուլով: Հիշենք, որ մարգարեական որոշակի տաղանդով հայտնի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը (որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հիշենք, թե նա ինչպես կանխատեսեց վրաստանյան «վարդերի» հեղափոխությունը. ՀՀԿ այցելող Գրիզլովի ականջը խուլ, ինչպես Գ. Սահակյանն առաջինն էր, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ասաց` ՀՀԿ-ն խորհրդարանում կստանա մեծամասնություն) ասել է` մեր թեկնածուն կստանա 65-68 տոկոս ձայն: ՈՒ քանի որ Գ. Սահակյանն այն դեպքն է, երբ «մարգարեն սիրելի է քաղաքում», Քոչարյանը համաձայնեց նրա հետ:
Բայց ասաց` սիրելի Սերժ, եթե ցանկանում ես մեկ փուլ, ապա պայմանավորվում ես ինձ հետ: Իսկ եթե՝ ոչ, ապա «քաղաքական սակարկությունների համար մեծ դաշտ է բացվում՝ ով ում կպաշտպանի, ում կմիանա և դրա դիմաց ինչ կունենա»:
Հը՞, սիրելի Սերժ, կարծես թե շատ հստակ է ասված:
Մանավանդ, որ էնտեղ էլ դատախազն ստեղծել է օպերատիվ խումբ` ընտրակեղծիքները նույնքան օպերատիվ «դիտելու», պարզելու, քրեական գործեր հարուցելու և «այլնի» համար:
Մի «անտեղի» հարց` «ո՞ւմ» է ծառայելու Աղվան Հովսեփյանի այդ հանձնաժողովը:
Հը՞, սիրելի Սերժ Ազատովիչ:

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/01/29/853/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: