Սեփական շահերի շրջապտույտի մեջ հայտնված աշխարհում որևէ մեկն առանձնապես ցանկություն չունի ձևականությունների հետևից ընկնելու և երրորդ աշխարհում ոչինչ չնշանակող այս երկրի վրա ժամանակ կորցնելու:

Արդյունքում` կարծես վերջապես կատարվում է ապուշիս երազանքը: Դատելով ներ և արտաքաղաքական զարգացումներից՝ պետք է ասել` Ռոբերտ Քոչարյանը կդառնա Հայաստանի ապագա վարչապետ… եթե նախագահ ընտրվի Սերժ Սարգսյանը:
Իսկ դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև այդ ուղղությամբ հետևողական աշխատում էին թե՛ Քոչարյանը, թե՛ Ռուսաստանը: Ցավալի է, բայց նաև` հայոց ընդդիմությունը:
Այսպիսով, անցնող ողջ ժամանակահատվածում մեզանում խաղի բնորոշիչը եղել, կա ու դեռ կլինի ղարաբաղյան հիմնահարցը: Ոչ ոք, նույնիսկ ամենազոր միջազգային հանրությունը, չի կարողացել այս ողջ ընթացքում այն մանիպուլացնել այնպես, ինչպես Քոչարյանը, որը տասը տարի նույն միջազգային հանրության քթից բռնած` «ման ածեց», իր աթոռը պահեց և այս պահին դեռևս խաղի տերն է: Իսկ այդ ամենը, անշուշտ, Ռուսաստանի անմիջական աջակցությամբ:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, վերջինս մեզանում մշտապես հակված է եղել էվոլյուցիոն, ստատուս-քվոյի պահպանման տարբերակին. հիշենք 2005-ի «Ստրատֆորի» հայտնի թեզերը: Գունավոր հեղափոխությունների փորձն Արևմուտքին ապացուցել է, որ ավտոկրատ հասարակությունների վրա անիմաստ է փող ծախսելը։ Վկա Վրաստանը. «գունավորապես» ընտրված ժողովրդավար առաջնորդը հինգ րոպե պակաս վերածվեց նույնպիսի ավտոկրատի, ինչպիսին Քոչարյանն է (հիշենք` վերջին շրջանում Սաակաշվիլին դարձել էր ընդհանրապես անկանխատեսելի, էլ չենք ասում, որ գրեթե ամբողջովին մտել էր ռուսական դաշտ): Մի խոսքով, Արևմուտքն ստիպված եղավ Միշային դաս տալ, խելոքացնել, չափի բերել:
Ի դեպ, նույն բանն անում է Ռուսաստանը մեզանում` Սերժ Սարգսյանի հաշվով։ Եվ ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում, Ռուսաստանին օգնում, ձևակերպենք ճշգրիտ` չի խանգարում Արևմուտքը: Այն պարզ պատճառով, որ ոչ մեկին աշխարհում և այն էլ հետխորհրդային տարածքում, լեգիտիմության բարձր աստիճան ունեցող իշխող պետք չէ: Իսկ ահա Սերժ Սարգսյանը, հորով-մորով անելով խորհրդարանական ընտրությունները, «պատրաստվում» էր այդպիսի նախագահ «դառնալ»:
Էլ չենք ասում, թե Քոչարյանին, որի ապագայի նկատմամբ ահավոր «անտարբեր» էր Սերժ Սարգսյանը, ինչքան պետք չէ «նման» լեգիտիմություն, որի դեպքում Ս. Սարգսյանն իրավունք կստանա կատարել դրսին տված իր խոստումները, հնարավորինս անկախ քաղաքականություն վարել, որին նաև «այդպիսին» «ընտրվելու» դեպքում կշնորհավորեն բոլորը, այդ թվում և Քոնդոլիզա Ռայսը. հա, 2003-ին Քոնդոլիզը պատռեց Քոչարյանին ուղղված շնորհավորանքը և պարտադրեց կոշտ ուղերձ հղել նրան… Ի դեպ, հիշենք, որ Սերժ Ազատովիչի վարչապետ դառնալու առնչությամբ, ոչ ավել, ոչ պակաս, շնորհավորել էր անձամբ Ջորջ Բուշը:
Այո, Քոչարյանը չի ուզելու նաև, որ ընտրություններն անցնեն մեկ փուլով, ինչպես «պատկերացնում» է Ս. Սարգսյանը, որովհետև Քոչարյանը երկու անգամ նախագահ է «դարձել» երկրորդ փուլով:
Այսպիսով, Արևմուտքը, որին տասը տարի ուղղակիորեն մոլորության մեջ է պահել Քոչարյանը, այսօր նույնքան լավատես է Սերժ Սարգսյանի` Ղարաբաղի առնչությամբ տված խոստումների նկատմամբ և ձիու վրա է պահում նրան։ Վերջինիս արևմտյան «տուրնեները» միանշանակ այդ են ապացուցում:
Այդ «տուրնեներին» (դե` էլի) Սերժ Սարգսյանն ասել է՝ նախագահի թեկնածուները ղարաբաղյան խնդրով «պետք է իրենց դիրքորոշումները հստակ արտահայտեն: Ընտրություններից հետո տվյալ երկրի նախագահը նման դեպքում հանգիստ կարող է ասել իր ընտրողներին, թե` դուք քվեարկել եք իմ ծրագրի օգտին, և ես դա պետք է իրականացնեմ»… Դու ասացիր:
Իմա՝ եթե Ս. Սարգսյանն ընտրվի, ապա ոչինչ չի խոչընդոտելու սեղանին դրված փաստաթուղթը, որին տվել է իր «համաձայնությունը» (ի հեճուկս Վարդան Օսկանյանի, որը «գտնում» է` «վարչապետը դժվար նման բան ասած լինի»), կյանքի կոչի, մանավանդ, որ նույն Արևմուտքն էլ իր հերթին Ս. Սարգսյանին հասկացրել է` «խորհրդարանական ընտրությունները համարեցինք միջազգային չափորոշիչավոր, պառլամենտում ունես մեծամասնություն, մյուս երկու խմբակցություններն էլ մերն են, այնպես որ, շատ արագ պետք է հարցը լուծես»:
Խնդրո առնչությամբ Արևմուտքը խոսում է երկու դեմքում` ԵԱՀԿ ամերիկյան համանախագահ Մեթ Բրայզայի և ՄՃԽ-ի: Բրայզան ասում է. «Խնդրի լուծման պատուհանը բաց է մնում ընտրությունների շրջանում: Ադրբեջանում նախագահի փոփոխության հնարավորությունը մեծ չէ, այստեղ իրադրությունը պարզ է, կարելի է ասել` ով է լինելու նախագահը: Հայաստանում թեկնածուները մի քանիսն են, և նրանք բոլորն այս գործընթացին սատարում են»:
Ղարաբաղյան հիմնախնդիրն ստիպել է թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին Հայաստանում խաղալ շատ նուրբ գծի վրա. ամեն րոպե հնարավոր է, որ Արևմուտքը հիմնովին թեքվի դեպ Լևոն Տեր-Պետրոսյան և հակառակը: Նույնը՝ Ռուսաստանը: «Ոսկե» այս եզրի գոյությունը կպահպանվի ընտրական ողջ ընթացքում` սեփական շահերն առաջ տանելու, անհրաժեշտության դեպքում ֆորս-մաժորի անցնելու համար: Այնպես որ՝ Տեր-Պետրոսյանի խաղի ամպլիտուդը եղել և մնում է բավականին մեծ:
Դիտենք ռուսական սցենարներն ավելի «մոտիկից». այն զարգացման երկու պարադիգմա ունի: Առաջնայինը. Սերժ Սարգսյանը` թույլ նախագահ, Քոչարյանը` վարչապետ, որպեսզի մայր-Ռուսիան կարողանա լավագույնս մանևրել նրանց արանքում, մեկին ուժեղացնել, մյուսին` թուլացնել և հակառակը, որպեսզի իր լիարժեք վերահսկողությունը Հարավային Կովկասում չսասանվի:
Ռուսիո «մտահոգությունները»՝ Ղարաբաղի մասով: Հիշենք, ըստ Մեթ Բրայզայի և Սաբինա Ֆրեյզերի` «բանակցային սեղանին դրված է ամենատրամաբանական լուծումը»: Ի դեպ, այդ նույն կարծիքն արտգործնախարարների մադրիդյան հանդիպմանն արտահայտել է նաև ՌԴ ԱԳ նախարար պարոն Լավրովը: ՈՒ բոլորով «պահանջում են», որ փաստաթուղթը ստորագրվի գոնե բանավոր տեսքով… Այստեղ, ճիշտն ասած, տարակույսներն առավել քան շատ են. ասենք` ինչպես է լինելու բանավոր համաձայնությունը. Քոչարյանը կանգնելու է Ալիևի ու ԵԱՀԿ-ի առջև ու ասի` «պապայի արև՞»: Նույնը` Ալիև՞ը: Չնայած չարժե գլուխ ցավեցնել. նման բան չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբեք:
Այսպիսով, առերես Ռուսաստանն իր ԱԳ նախարարի և ԵԱՀԿ համանախագահի դեմքում խիստ «շահագրգիռ» է փաստաթղթի ստորագրմամբ, բայց մտքի խորքում հանձնարարել է Քոչարյանին` պետք է ասել ո՛չ: «Ոչ»-ի դիմաց Ռուսաստանը խոստացել է Քոչարյանին վարչապետի պաշտոն, ինչն էլ կարծես արդեն գլուխ է գալիս` դատելով օրերս ռուս փորձագետների բարձրաձայնումներից։ Նրանց տեսակետը պաշտոնական Մոսկվայի տեսակետից ուղղակի շատ տարբերվել չի կարող:
Կա նաև մյուս սցենարը. Ռուսաստանի համար ընդունելի է նաև Տեր-Պետրոսյանը: Նախ, որ վերջինս խիստ հավասարակշռված քաղաքականություն վարող և մեծ փորձ ունեցող ստրատեգ է, լուրջ դիվանգետ, և նրա վրա ևս «ստավկա» է դրված Ռուսաստանի կողմից հետևյալ կոնֆիգուրացիայով՝ Տեր-Պետրոսյան` նախագահ, Սերժ Սարգսյան` վարչապետ:
Բանն այն է, որ Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում ղարաբաղյան բանակցությունները կսկսվեն զրոյից, և Ռուսաստանը ժամանակ կշահի. դա այս պահին այն առավելագույնն է, որը ցանկանում է Ռուսաստանը` խոչընդոտելու խաղաղապահների մուտքը տարածաշրջան:
Մայր-Ռուսաստանը, նշելով, թե ինչպես Տեր-Պետրոսյանը ստորագրեց Մեծ համաձայնագիրը, ինչպես Հայաստանն առաջինն անդամակցեց ԱՊՀ-ին… Պաուզան ձգենք. Տեր-Պետրոսյանը հազվագյուտ խելամտությամբ նաև կարողացավ միջազգայնացնել ղարաբաղյան հիմնախնդիրը, և, ի տարբերություն Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Աբխազիայի, ուր «խաղաղապահում» են (՞) ռուսները, ղարաբաղյան հարցը ներառվեց ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացի մեջ, և ռուսների նման «ծառայության» անհրաժեշտություն չառաջացավ:
Ա՛յ, սա մոռանալ ռուսները չեն կարողանում, և այս մեծ խաղում առավել ցանկանում են իրականացված տեսնել առաջին` «Քոչարյանը վարչապետ» սցենարը, որն էլ քիչ-քիչ միս ու արյուն է ստանում, և զուր են Ս. Սարգսյանի շտաբում, մոռացած իրենց հիմնական գործը` թեկնածուի համար աշխատելը, վարչապետ դառնալու հեռանկարը, քթները քամի ընկած հոգեգարների նման, միմյանց կոխրճելով, «կոմպրոմատների» արտահոսք հղելով հայաստանյայց բոլոր ծագերը (ձեռնասուն և անձեռն բոլոր «կանալներով»), իրար հրմշտելով, փորձում տեղավորվել այն աթոռի վրա, որի վրա պետք է բազմի սահմանադրական փոփոխությունների «հայր» Քոչարյանը… եթե Սերժ Սարգսյանն այդ ողջ գզվռտոցի արդյունքում «ընտրվի»: Ի դեպ, արդեն իսկ հայտնի է, որ պաշտոնական որոշ պատվիրակություններ են եղել Քոչարյանի (նաև Սերժ Սարգսյանի) աշխատասենյակում` բացատրելու, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ կարգի «գզվռտոցներն» ու «հեռանկարները»: Որոշ դեպքերում դրանք կրել են նաև պատճառաբանված ուլտիմատումային «տեսք»:
Դառնալով Ռուսաստանին՝ պետք է ասել, որ օրերս ռուս փորձագետները վերջապես ասացին այն, ինչ շատ կուզենար լսել Սերժ Սարգսյանը. Ս. Մարկեդոնով, «Ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրվելը Ռուսաստանի համար լավ քայլ կլինի»։ Նման մտքերով էին «հայտնվել» նաև Մ. Ռագոժկինը, Ա. Վլասովը:
Բայց, ինչպես ամեն բան այս կյանքում, այս մի «լսումը» ևս երկու գլուխ ունի. մյուս գլուխը, այո, Քոչարյանինն է` վարչապետական կատարմամբ: Նույն փորձագետներն իրենց «հայտնությունն» սկսել են հենց Քոչարյանից:
Ինչո՞ւ։ Շատ պարզ. Քոչարյանը կատարեց իր առաքելությունը։ Դրա համար պետք է ունկնդրենք Վարդան Օսկանյանին` երկու կատարմամբ. նախ` հունվարի 13-ին տարածաշրջան ժամանող ԵԱՀԿ համանախագահների մասով. նրանք չեն գա Հայաստան, որովհետև Քոչարյանն ամենևին ցանկություն չունի «պապայի արև» ասել, այն է` նույնիսկ բանավոր համաձայնել «սեղանին դրված ամենալավ տրամաբանությանը»:
Եվ ապա. Օսկանյանն ասում է. «ՈՒզո՞ւմ եք իշխանություն պահել, իշխանության գալ. կա ժողովրդավարական ճանապարհ, կա քվեարկություն»: Իսկ այդ ճանապարհը Սերժ Սարգսյանի դեպքում անցնում է Քոչարյանի, իսկ առավել ստույգ` նրա վարչապետության դռնով, որի դեպքում Քոչարյանը (որ ասում ենք՝ Քոչարյան, Ռուսաստանը հետն է) չի խանգարի Ս. Սարգսյանին` դառնալ նախագահ (դաշնակցությունը, ԲՀԿ-ի ապակառուցողական, ընդդիմության քոչարյանական մասը կսկսեն իսկապես աշխատել Ս. Սարգսյանի օգտին):
Այնպես որ, Սերժ Սարգսյանը դատապարտված է Ռ. Քոչարյանին վարչապետի խոստում տալ, և որպես սիամական երկվորյակ՝ նա դեռ շատ երկար ստիպված կլինի նույնական ողնաշարով նրա հետ քայլել կյանքի «խաչուղիներում»` երկրորդումով. բնությանը հայտնի չէ սիամական երկվորյակների անջատման, անկախացման հաջողված դեպք:
Իսկ թե ինչ կլինի Ռ. Քոչարյանի վարչապետության արդյունքում Ս. Սարգսյանի կյանքում. ոչ, մի տես` 98-ը։ Մենք այն անձամբ կպատմենք ձեզ: Առաջիկայում:

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2008/01/14/802/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: