Չորեքշաբթի ԱԺ-ում լրագրողների մասնակցությամբ իր փոքրիկ «միտինգն» անցկացրեց Սերժ Սարգսյանը: «Միտինգում» հստակ մեսիջներ հղվեցին ի ծագս աշխարհի:

Հասկանալի էր` ընդդիմության մեծ միտինգին ընդառաջ իշխանական թևը, առաջ ընկնելով, փորձում էր ջարդել Տեր-Պետրոսյանի ասելիքի էֆեկտը: Եվ չնայած հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանի ելույթին ոչ մեկը մինչ հրապարակման պահը ծանոթ չի լինում, ըստ լավատեղյակների` նույնիսկ իր շտաբում, այնուհանդերձ, հերթական միտինգում հնչելու են Տեր-Պետրոսյանի ապագայի ծրագրային տեսլականները` դրանց հասնելու մեխանիզմների ներկայացմամբ:
Նույնատիպ «ներկայացմամբ» երեք օր առաջ ընկնելով` հանդես եկավ իշխանական թեկնածուն: Եվ անկախ հանգամանքից` լրագրողներն ինչ հարց էին ուղղում Սերժ Սարգսյանին, նա, հմտորեն մանևրելով, իր ուզած պատասխանն էր դնում դրանց «տակը»: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ բլից-կարճ ժանրը շատ ավելի լավ է ստացվում իշխանական ներկայացուցչի` երկար տարիներ «առանձնահատկություններ» ունեցող, լակոնիզմ պահանջող կառույցներում աշխատած հասցեատիրոջ մոտ:
Այսպիսով. մեկընդմիշտ պետք է արձանագրել. երկու հակընդդեմ թեկնածուների «միտինգներում» էլ առայժմ հստակ խոսք չկա աշխարհաքաղաքական, այն է` արտաքին քաղաքականության առկա վեկտորների մասին: ՈՒղիղ ու վերջնական խոսք: Ինչը, անշուշտ, խիստ հասկանալի է. տարածաշրջանում ամեն անցնող օրն առավել փխրուն է դարձնում իրավիճակը: Գերտերություններն էլ, ինչպես օրերս նշեց մեզ հետ զրուցող փորձագետներից մեկը, ընդհատակյա պայմանավորվածությամբ փորձում են հատուկ ծառայությունների պայքարից անցում կատարել քաղաքական պայքարի մոդուլների, ինչը, թերևս, ուղղակի անհնար է, սակայն որոշ ցուցիչներ արձանագրում են, որ այդ ուղղությամբ գոնե փորձեր արվում են. ասենք` ԿՀՎ-ի ներկայացրած տվյալները, որ Իրանը 2003-ից չի զբաղվում միջուկային զենքի ստեղծմամբ, և կամ` նախորդ օրը ՌԴ զինված ուժերի ղեկավար Բալուևսկու և ամերիկյան զինված ուժերի միջև կնքված գաղտնի հուշագիրը, որը շատ բան կարող է նշանակել: Ասենք` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվում են Վրաստանի «շուրջ»:
Բացի նրանից, որ կարող են որպես առաջնահերթություն պայմանավորվել Արևելյան Եվրոպայում հակահրթիռային տարրերի կիրառման ժամանակացույցի շուրջ:
Ի դեպ, հիշենք, որ ՌԴ-ն էլ իր հերթին է փորձում նման համակարգ տեղակայել Մերձավոր Արևելքում: Եվ թերևս դա, ինչպես նաև Պետդումայի ընտրություններով ուժեղացած պուտինյան ռեժիմի ու վերջինիս կողմից ստեղծվելիք` Իրան-Իրաք-Սիրիա-Թուրքիա-Հայաստան «առանցքն» ստիպեց Չինաստանին` հավանություն տալ Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից իրականացվելիք նոր պատժամիջոցներին:
Ինչ վերաբերում է Վրաստանի շուրջ պայմանավորվածություններին, ապա չի բացառվում, որ Ռուսաստանը Վրաստանը «տա» ՆԱՏՕ-ին, դրա դիմաց «վերցնի» Աբխազիան և Հարավային Օսիան` ճանաչելով այդ միավորների անկախությունը: Գաղտնիք չէ, որ Կոսովոյի ճանաչումը մի օր իրականություն կդառնա (այս ամենը մենք կդիտարկենք առաջիկայում` ղարաբաղյան խնդիրը քննարկելիս- հեղ.):
Եվ ուրեմն, գերտերությունների այս նուրբ խաղի արանքում «միտինգավոր» Հայաստանը պետք է կարողանա հնարավորինս անվնաս դուրս գալ ստեղծված իրավիճակից: Որովհետև որքան էլ հակընդդեմ խաղացողներ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի վերջնական նպատակը նախագահական «գահն» է, նրանք, որպես ստրատեգներ, շատ լավ են հասկանում երկրին սպառնացող մարտահրավերները և եթե անգամ մնացած բոլոր հարցերում առ այս պահը դրսևորում են ահավոր անհանդուրժողականություն (ինչն էլ հավասարաբար բացասական ազդեցություն է ունենում երկուսի նախընտրական մարտավարության վրա), այնուհանդերձ, երկուսն էլ փորձելու են դիվինդենտներ շահելով չվնասել երկիրը:
Սա` միանշանակ: Եվ մի քիչ ցավալի է, որ իրական ռեսուրս ունեցող այս երկու լիդերները (անկախ նրանից` որևէ մեկին դուր է գալիս այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանն ունի վարչական նման ռեսուրս, քաղաքական փորձ և դինամիկ-գործող ֆիգուր է այս պահի, ու նախ և առաջ` աշխարհաքաղաքական խնդիրներում և դե-ֆակտո փորձում է անել այն, ինչ պետք է` ՆԱՏՕ-ի, հայ-թուրքական, հայ-վրացական հարաբերություններում…) որևէ կերպ չեն կարողանում երկխոսության հիմքերի վրա կառուցել իրենց մարտավարությունը և «մտնում» են առավել քան անձնավորված քննադատության դաշտ: Սա` ի միջի այլոց:
Դառնանք Ս. Սարգսյանի «միտինգին»:
Այսպիսով, այս թևը կամաց-կամաց ուշքի է գալիս և փորձում ընդդիմադիր դաշտին հակադրել խոսքի իր «կուլտուրան» (գաղտնիք չէ, որ «ի սկզբանե էր բանն» ասպարեզում առաջատար է Տեր-Պետրոսյանը):
Սերժ Սարգսյանն այդ ասուլիսում նախ հարկ համարեց անդրադառնալ 2,5 միլիարդանոց բյուջեին` լրացնելով այն բացը, որը թույլ էր տրվել բյուջեն ընդունելու օրը. չէր ցուցանվել բյուջեի «լավը», նրա «հմայքները»: Արվեց այդ գործը. բյուջեն հավակնոտ, սոցիալական ուղղվածության է. անհրաժեշտեց նախագահական թեկնածուն` մոռանալով բյուջեի ևս մեկ «պրելեստ». Վարդան Բոստանջյանն այն անվանել էր «գրոհային» անչափ հետաքրքիր եզրույթով:
Արտաքին քաղաքական ոչ ուղղակի` «միջնորդավորված» անդրադարձումը կրեց այսպես ասած ԵՄ-«պրոՆԱՏՕ»-ական վեկտոր: Օրերս Ռուսաստանի «գետնին» վրա բավականին «գործ արած» Սարգսյանը կարող էր մի քիչ «հանդարտել» ու նայել դեպ Իրաք, հընթացս ճաշել իր անվանակցի` Սերժ (դե եթե Ֆրանսիայի պես երկիրն էլ Սե՜րժ ունի - հեղ.) Սմեսովի հետ:
Հիշենք, որ Ս. Սարգսյանը միտինգն «անցկացնելուց» առաջ հանդիպել էր ԱՊՀ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ արվեստի հայտնի ներկայացուցիչների հետ: Այնպես որ, կոմպլեմենտարիզմի ոգուց ելնելով` նա կարող էր հատուկ Ռուսաստանի համար ասել, որ 46 հոգանոց մարդասիրական խումբն ինչ մի մեծ բան է Իրաքում` ընդերք չունեցող Հայաստանի համար` միջազգային ջրաղացին «էնիք» ավելացնելու առումով: Բայց սա ամբողջը չէր. դրանով նա նաև մեսիջ հղեց Քոնդոլիզա Ռայսին (ոչ անհայտ, վարչապետի անվտանգության ծառայության պետ Վաչիկ Ղազարյանը, ի դեպ, ամենևին տպավորված չի եղել Քոնդիից. երբ հարցրինք` «երկաթյա՞ էր, չէ, լեդին», ասաց` եսի՞մ - հեղ.), իսկ իրականում Բոբ Գեյթսին, թե «դարդ միք անիլ», հաջորդ պայմանավորվածությունը` Աֆղանստան հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելուն առնչվող, նույնպես ի կատար կածվի:
Հաջորդ մեսիջը ներքաղաքական և «եվրամիութենական» էր միաժամանակ: Այսպես. վերջերս ԵՄ դեսպանների հետ Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել էր Տեր-Պետրոսյանը: Նույն դեսպանատանը, նույն դեսպանների հետ, «միտինիգի» օրը րոպեներ առաջ հանդիպել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմությանը հատուկ հասկացնելու` «ու մենյա տոժե գոլոս, յա տոժե մագու կրիչատ, նո յա նե կրիչու». դե` պատկերավոր ասած:
Հաջորդ մեսիջն անվանենք ուղղակի «ինտեր» մեսիջ: Դարձյալ ուղղված երկու նպատակակետի. Ս. Սարգսյանը խիստ հստակ տեքստով, առանց այլևայլության, նախ հասկացրեց հայաստանյան ազգային փոքրամասնություններին` արագացրեք, կողմնորոշվեք` «ընտրելու բոլորի նախագահին»: Ապա հայաստանյան եզդիներին (էստեղ մի փոքրիկ բառախաղ արեց. սկսելով եզդիներից, նա նախադասություններից մեկի մեջ օգտագործեց նաև «քուրդ» բառը. իսկ քրդերն այսօր հզոր քաղաքական գործոն են Մերձավոր Արևելքում` Իրաքյան Քրդստան անկախ պետություն ստեղծելու «գետնին» վրա. չնայած եզդիները միշտ խնդրում են տարբերակել իրենց և քրդերին. սա` իմիջայլոց), մյուս փոքրամասնություններին, հրեաներին էլ, աջ ձեռքով «մեղմորեն շոյելով», ձախով մեջբերեց Ռուսիո միտքը` (պարոն Չերնոմիրդինի արտաբերած` «ուզում էին լավ, ստացվեց, ինչպես միշտ») ընդդիմադիրներին անկյուն «քշելու» համար:
Հաջորդ մեսիջը նույնպես երկակի «գործածման» էր: Այն, ինչ ասաց Ս. Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի չգրանցման առնչությամբ, հետևյալն էր. ա) ինքը «տեր» մնաց պայմանավորվածությանը (հիշենք, որ լրատվամիջոցներում անվերջ գրվում էր, որ պայմանավորվածություն կար Քըրք Քըրքորյանի և Ս. Սարգսյանի միջև` Ր. Հովհաննիսյանին նախ խորհրդարան անցկացնելու և ապա` նրան որպես նախագահի թեկնածու գրանցելու հարցում):
Առաջին մասով գործն արված է: ՈՒ քանի որ երկրի ներքաղաքական իրավիճակը Տեր-Պետրոսյանով բարդացավ, Ս. Սարգսյանը «շատ կցանկար», որ Ր. Հովհաննիսյանը գրանցվեր, սակայն` ավա՜ղ… ուստի պետք էր ափսոսանքը բարձրաձայնել: բ) Փորձ արվեց Ր. Հովհաննիսյանին բերել կամ առավել ճշգրիտ` պահել սեփական դաշտում, կանխել նրա` Տեր-Պետրոսյանի հետ միակցումը: ՈՒստի կիրառվեցին ժեստեր և ռևերանսներ. «Ր. Հովհաննիսյանի մասնակցությունը մի քանի տեսանկյունից լավ կլիներ, ինչ-որ տեղ վստահ եմ, որ հանդարտություն կլիներ ընտրական պրոցեսում, և մարդիկ, ովքեր հույս ունեն երկրորդ տեղը վերցնելու, երրորդ, չորորդ տեղը, կարող է մի աստիճանով հետ գնային»,- ասաց Ս. Սարգսյանը:
Ի դեպ, մեր խորին համոզմամբ և «Ժառանգությանը» «մոտիկից» ճանաչելով, մեզ թույլ տանք պնդել, որ այս մեծ մրցապայքարում խորհրդարանական սույն ընդդիմությունը վերջ ի վերջո կանգ է առնելու ոչ մեկին` ո՛չ իշխանություններին և ո՛չ էլ ընդդիմությանը չպաշտպանելու եզրույթի վրա, «ընտրելով» դիտորդի` ընտրությունների ընթացքը վերահսկողի քղամիդը: Ինչ վերաբերում է հանձնաժողովներում նրանց տեղերին, ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած մեր աղբյուրների դրանք ըստ ամենայնի կտրվեն ընդդիմությանը` ՀԺԿ-ի և «Հանրապետության» լիցենզավորված անդամներին:
Եվ վերջապես վերջին մեսիջը: Դե ֆակտո այն վերաբերում էր դոլար-դրամ փոխարժեքին, դե-յուրե` ընդդիմությանը: Ասվեց. «Արդյո՞ք կատարվել է ինչ-որ մի քայլ, որպեսզի վնասի մեր տնտեսությանը: Արդյո՞ք զուտ սպեկուլյացիա է եղել փող աշխատելու համար, թե՞ ուրիշ ինչ-որ այլ պրոցեսներ են եղել: Ենթադրենք` այլ երկրների միջամտություն և այլն»:
Ô´Õ¥ Õ¡Õ½Õ¥Õ¶Ö„` Ô¹Õ¸Ö‚Ö€Ö„Õ«Õ¡ÕµÕ«Õž, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ£Ö€Õ¥Õ¬ Õ§Ö€ Õ´Õ¡Õ´Õ¸Ö‚Õ¬Õ¨:
Ականջ ունեցողը թող լսի: Ի դեպ. այսպիսի մի «անմեղ» արտահայտությունից էր, որ սկսվեց «Սիլ» գրուպի նկատմամբ լայնամասշտաբ «օրինապաշտությունը»…
Այնպես որ` «հետաքրքիր» օրերի պակաս ոնց որ չենք ունենալու:

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/12/12/701/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: