Անցնող քաղաքական շաբաթվա հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդդիմադիր դաշտում։ Առաջին և կարևոր փաստը, որ արձանագրվեց անցած և այս շաբաթվա ընթացքում, Լևոն Տեր—Պետրոսյանի` իր շուրջ համախմբվելու առաջարկության մերժումն էր, ըստ որում, բոլոր նրանց կողմից, ում ուղղված էր հիշյալ դիմումը։ Փաստորեն, դաշնակցությունը, ի դեմս Վահան Հովհաննիսյանի, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ուղղակիորեն հայտարարեցին, որ առաջին նախագահի շուրջ համախմբվելու որևէ շարժառիթ չեն տեսնում։ Մյուս երկու ուժերը՝ ՕԵԿ—ը և «Ժառանգությունը», առաջարկությունը մերժեցին անուղղակի ձևով, սակայն, այնուհանդերձ, ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ և «Ժառանգություն» խմբակցության առանձին ներկայացուցիչների բերանով հասկացրին, որ Տեր—Պետրոսյանի կողքին կանգնելու հեռանկարն իրենց համար ևս անորոշ է։

Եթե անդրադառնալու լինենք մերժման շարժառիթներին, ապա դրա արմատները կարելի է որոնել նախորդ իշխանությունների գործունեության և այն հարաբերությունների մեջ, որ անցած 15 տարիների ընթացքում ձևավորվել են ՀՀՇ—ի և հիշյալ ուժերի միջև, սակայն կան նաև ներկա պահից բխող պատճառներ։ Առաջինը, ինչը բացարձակապես ձեռնտու չէր ընդդիմության այս հատվածին, Տեր—Պետրոսյանի երեք տարով նախագահ լինելու առաջարկն էր։ Սկզբունքորեն առաջին նախագահը չտվեց և չէր էլ կարող տալ որևէ երաշխիք, որ ամբողջ ընդդիմությանն իր շուրջը համախմբելով և նախագահական ընտրությունները շահելով՝ երեք տարի անց իսկապես կհեռանա։ Այլ կերպ ասած, առաջարկության այդ կետն իրագործելու միակ երաշխիքը Տեր—Պետրոսյանի բանավոր խոստումն էր, իսկ նման խոստումները Հայաստանում վաղուց քաղաքական կատեգորիա չեն։ Փաստ է, որ իր վաղեմի ընդդիմախոսների, տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի, դաշնակցության և մասամբ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առաջին նախագահի հարաբերություններն այս կարճ ժամանակում չհաջողվեց դնել փոխադարձ վստահության այնպիսի հիմքերի վրա, որն ընդունելի կդարձներ հիշյալ առաջարկը։
Մերժման երկրորդ և կարևոր պատճառն այն է, որ ինչպես Արթուր Բաղդասարյանը, այնպես էլ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Կարապետյանը, ինչու չէ, նաև ՀՅԴ—ն, համարում են, որ նախագահական ընտրությունների գործընթացում իրենցից յուրաքանչյուրը կարող է հավակնել երրորդ ուժի դերակատարությանը։ Այսինքն, իշխանական հիմնական թեկնածու Սերժ Սարգսյանի և մյուս բևեռի՝ Տեր—Պետրոսյանի ու իր համախոհների կոշտ մրցակցության պայմաններում այս թեկնածուներից յուրաքանչյուրը կցանկանար իր շուրջը համախմբել մնացյալ ընդդիմությանը և այդպիսով նախկին և ներկա իշխանություններին ձեռնոց նետելու հնարավորություն ունենալ։ Այլ բան է, թե դա որքանով է հնարավոր, բայց այդպիսի դերակատարություն ստանձնելու ցանկությունն ակնհայտ է, և հիշյալ թեկնածուներից յուրաքանչյուրն իր կարողությունների չափով փաստացի աշխատում է հենց այդ ուղղությամբ։ ՈՒժերի այսպիսի դասավորության պայմաններում, իհարկե, այլ է «Ժառանգության» պարագան։ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու, ըստ այդմ, «Ժառանգությունը», որևէ մեկին պաշտպանելով և հանձնաժողովներում իր տեղերը տրամադրելով, սկզբունքորեն ոչինչ չի շահում, եթե միայն աջակցություն ստացող թեկնածուն նույն Րաֆֆի Հովհաննիսյանին առնվազն վարչապետի պաշտոն չխոստանա։ Իսկ որևէ մեկը նման խոստում տալ չի կարող, որովհետև վարչապետին առաջադրում է խորհրդարանի մեծամասնությունը, որն այսօր երկաթյա աքցանով իր ձեռքում է պահում Սերժ Սարգսյանը։ ՈՒստի, բոլորովին չի բացառվում, որ «Ժառանգությունը» որևէ ընդդիմադիր թեկնածուի չաջակցի, այլ ստանձնի, այսպես ասած, ընտրություններում ժողովրդավարական վերահսկողություն իրականացնող ուժի դերակատարություն։ Սա իր հերթին հնարավորություն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին` ընտրություններից հետո անհրաժեշտ առևտրի մեջ մտնել իշխանությունների հետ, և այդ առևտրի արդյունքներից կախված կլինի ընտրությունների վերաբերյալ «Ժառանգության» գնահատականը կամ դիրքորոշումը։
Այսպիսով, ընդդիմությունն առայժմ մնում է մասնատված, և առաջատար համարվող թեկնածուներից յուրաքանչյուրն աշխատելու է ավելի մանր ընդդիմադիր քաղաքական ուժերից իր շուրջը բևեռ ձևավորելով մասնակցել ընտրություններին։ Թեպետ երրորդ ուժի կամ երրորդ հզոր բևեռի ձևավորումը, այնուհանդերձ, չի բացառվում, և իշխանությունները կարծես իրենք են պայմաններ ստեղծում դրա համար։ Մասնավորապես, այդ համատեքստում կարելի է դիտարկել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին գրանցման համար անհրաժեշտ տեղեկանք չտրամադրելու քայլը։ Մի կողմից իշխանությունը սրանով կամա թե ակամա նպաստում է ՆԺԿ առաջնորդի վարկանիշի բարձրացմանը։ Որովհետև մրցապայքարից աշխատում են սովորաբար դուրս թողնել այն մրցակցին, որն առավել մեծ վտանգ է ներկայացնում վարչակարգի համար։
Եթե հետագա օրերին դատական գործընթացի միջոցով կամ այլ ճանապարհով Արամ Կարապետյանին, այնուհանդերձ, չհաջողվի գրանցվել, բոլորովին չի նշանակում, թե ՆԺԿ—ն ինքնաբերաբար դուրս կմնա նախընտրական գործընթացից։ Ճիշտ հակառակը, դրանով իշխանությունը միայն պայմաններ կստեղծի այդ նույն երրորդ ուժի կամ բևեռի ձևավորման համար։ Երեկ արդեն ՆԺԿ առաջնորդը հրապարակավ հայտարարեց, որ նախընտրական գործընթացին իր մասնակցությունը չի դադարելու անգամ չգրանցվելու պարագայում։ Այսինքն՝ ինքը կանգնելու է այն ուժերի կողքին, ովքեր իրական ընդդիմություն են և իրենց առաջ խնդիր են դրել ապամոնտաժել գործող ռեժիմը, այդ թվում՝ հեղափոխությամբ։ Արամ Կարապետյանը չկոնկրետացրեց, թե որ թեկնածուին կարող է աջակցել ընտրություններում։ Սակայն չի բացառվում, որ ընդդիմադիր ճակատի հետ ՆԺԿ ընդհանուր համագործակցությունը նախընտրական զարգացումների արդյունքում ի վերջո հանգի որևէ կոնկրետ թեկնածուի պաշտպանելու որոշման, բնականաբար, համապատասխան քաղաքական պայմաններով։
Զարգացումները կարող են ընթանալ այդ ուղղությամբ թեկուզ այն պատճառով, որ ՆԺԿ առաջնորդը, ի տարբերություն որոշ այլ քաղաքական գործիչների, այնուհանդերձ, եսակենտրոն մարդ չէ։ Հիշենք թեկուզ 2003—ը, երբ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ստացած քվեներով չորրորդ թեկնածուն լինելով՝ նա գրեթե անմիջապես հայտարարեց, որ երկրորդ փուլում պաշտպանելու է Ստեփան Դեմիրճյանին։ Ըստ այդմ, եթե նրա գրանցումը տեղի չունենա, ՆԺԿ—ն կարող է և կոնկրետ ընդդիմադիր թեկնածուի պաշտպանելու որոշում ընդունել։ Սա արդեն ինքնին կնշանակի երրորդ ուժեղ բևեռի ձևավորում (թեպետ Ա. Կարապետյանը չի բացառում, որ կարող է նույն հանրահավաքային հարթակում լինել նաև Լևոն Տեր—Պետրոսյանի հետ), որովհետև ՆԺԿ—ն, այնուհանդերձ, ասենք, ԱԺԴ չէ։ Այս կուսակցությունն ունի և՛ բավականաչափ խարիզմատիկ լիդեր, և՛ գործուն անդամների բավարար քանակ, և՛ ֆինանսական միջոցներ։ Այսպիսի ռեսուրսների համախմբումը որևէ այլ ընդդիմադիր թեկնածուի ճամբարում, լինի դա Վազգեն Մանուկյանը, թե մեկ ուրիշը, զգալիորեն ուժեղացնելու են վերջիններիս՝ նախկին և ներկա իշխանությունների թեկնածուների համար ստեղծելով բավականին անհարմար իրավիճակ։ Այսինքն, երրորդ ուժեղ բևեռ ձևավորած թեկնածուն դառնում է երկրորդ փուլի իրական հավակնորդ։
Իսկ որ բոլոր դեպքերում, ընդդիմադիր դաշտի այսպիսի մասնատվածությունը հաշվի առնելով՝ ընտրությունները մի փուլով ավարտել չի հաջողվի, ակնհայտ է։ Այլ հարց է, թե առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից ովքեր են իշխանությունների հետ ներքին պայմանավորվածությունների հանգել, ովքեր են «ձայներ քաշողի» գործառույթ կատարում, իսկ ովքեր իրականում պայքարում գործող ռեժիմն ասպարեզից հեռացնելու համար։ Հասկանալի է, որ այդ թեկնածուներից բոլորը չէ, որ երկրորդ փուլում կհամախմբվեն ընդդիմության ներկայացուցչի շուրջ և կսատարեն նրան։ Բայց երկու փուլով ընտրական գործընթացն ավարտելու անխուսափելիությունն ինքնին գալիս է ապացուցելու, որ անցած ժամանակահատվածում իշխանությունները, մեղմ ասած, այդքան էլ հաջողված քարոզարշավ չեն կազմակերպել հիմնական թեկնածուի համար։ Քանզի սկզբնական շրջանում, բոլոր փորձագետների գնահատմամբ, Սերժ Սարգսյանն ունեցած վարչական, քաղաքական, ֆինանսական ռեսուրսների հաշվառմամբ հաղթում էր նույնիսկ առաջին փուլում։ Այսօր այդ խնդրի լուծումը տվյալ ժամկետում այլևս անհնար է, եթե միայն իշխանությունները հակված են անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք չարժանանան միջազգային հանրության կոշտ քննադատությանը և լինեն խորհրդարանական ընտրությունների գոնե բարելավված տարբերակը։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/11/30/624/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Tuesday, 07 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: