րբ պատահեց հոկտեմբերի 27-ը, գերմանական թերթերից մեկը գրեց` «Հոկտեմբերի 27-ին, առափնյա մի գյուղաքաղաքի սրճարանից ավելի անպաշտպան ՀՀ Ազգային ժողովում մի խումբ ահաբեկիչներ սպանել են երկրի վարչապետին, ԱԺ խոսնակին, փոխխոսնակներին, մի շարք պատգամավորների և ողջ դահլիճին ստիպել են ժամեր շարունակ հատակին պառկած մնալ` առանց փրկության հույսի»:

ոկտեմբերի 27-ն ու այս օտար հայացքն, ի դեպ, հենց այնպես չհիշեցինք: Ավելին` «շահարկման» նպատակով չէ, որ հերթական անգամ թեմային անդրադարձ արինք: Պարզապես, եթե ողբերգության ցավին զուգահեռ, այն ժամանակ մտածեցինք, թե ասվածում, այնուամենայնիվ, չափազանցության և անգամ ցինիզմի մեծ չափաբաժին է առկա, այժմ կարծես թե հակվում ենք հիշյալ բնորոշումն իբրև իրերի դրության ճշգրիտ և հայելային արտացոլում դիտարկելուն:
Ընդ որում, շատ ավելի գլոբալ` յուրաքանչյուրիս ապագան վտանգված տեսնելու (թեպետ կարելի է վիճել մեզ հետ, թե հոկտեմբերի 27-ից այն կողմ էլ ի՞նչ «գլոբալ» բան կարելի է տեսնել) հարթության մեջ:
Դատեք ինքներդ. եթե և պատգամավորները, և կենտրոնական բանկը, միջազգային կառույցներն ու տնտեսագետները պնդում են, որ երկրում ահռելի չափի հասնող ստվերայնություն կա, և սա նորմալ բան է համարվում, իբր` անում ենք այն, ինչ կարող ենք, մի՞թե չի նշանակում, որ մենք բոլորս անպաշտպան ենք: Եթե բոլորն են պնդում, որ տնտեսության համարյա բոլոր ոլորտները մոնոպոլացված են, եթե ընդամենը մի շաքարավազ ներկրող ի վիճակի է լինում օրեր շարունակ ցնցակաթվածի մեջ պահել ողջ պետությանը, իսկ տնտեսական մրցակցության հանձնաժողովն էլ պնդում է, թե մի անհանգստացեք, նույն մարդը կշարունակի 60 000 տոննա շաքարավազ ներկրել` նրա փոխարեն որոշելով, որ մինչև տարեվերջ գները չեն փոխվելու, մի՞թե սա չի նշանակում, որ մենք բացարձակապես անպաշտպան պետության մեջ ենք ապրում, և ապահովված չէ մեր ամենատարրական` պարենային անվտանգություն կոչվածը, եթե անգամ ընդունելու լինենք պաշտոնական բացատրությունը, թե փոքր ու մեծ խանութներն էին վերը նշվածի հեղինակները:
Բայց շարունակենք ցանկը ևս մեկ օրինակով, թեպետ դրան վերջ չկա: Ի վերջո, եթե երկու օր շարունակ բոլորիս աչքի առաջ ինչ-որ «չեյնջեր» կարողանում են գերշահույթներ ապահովել` դոլարն էժանացնելով ու դրամը թանկացնելով, երբ բառիս բուն իմաստով կողոպտում են հանրությանը (որը, ի դեպ, այդ դոլարները ոչ թե այս երկրի տնտեսական աճի արդյունքում էր ձեռք բերել, այլ դրսի իր հարազատների դառն աշխատանքի արդյունքի), և սա դիտարկվում է իբրև պարզ աժիոտաժ, կարո՞ղ ենք պնդել, թե պաշտպանված ենք ավելի, քան «առափնյա մի գյուղաքաղաք»: Մանավանդ երբ տեսնում ես, թե մեկ միլիոն դրամի համար ինչ «խաչակրաց» են սկսում հարկայինն ու դատախազությունը, իսկ այս դեպքում անգամ մի հատիկ անուն— ազգանուն էլ մեջտեղում չկա:
Ինչու չկա` պարզ է: Ոմանք այս անգամ էլ ընտրություններին պետք եկած փողի չափն էին «սխալ հաշվարկել», և հարկ էր «հարյուր տակ կաշի քերթել»` ճիշտ սահմանագծին հասնելու համար: Այն, որ արդեն քանի տարի գերշահույթներ էին ստանում նույն այդ դոլար-դրամ «վատթարագույն հարաբերությունների» արդյունքում, դա ոչինչ: Այն, որ արտադրողը մինչև դրսում իր ապրանքը վաճառում է, օրինակ` 12 դոլարով և հետ դառնալով տեսնում է, որ այդ գինն անգամ նույն ապրանքի ինքնարժեքը չի կազմում, որ նորից արտադրի, դա էլ մի կողմ: Կարելի է դեմքին շատ խելոք տեսք տալ և օրինակ` տնտեսագիտության համալսարանի ուսանողներին բացատրել, թե «այս իրավիճակում գրագետ տնտեսավարողները շահում են, անգրագետները` ոչ»:
Իրենք, ուրեմն, սուպերգրագետ են, ասել կուզի, մյուսները` անգրագետ: Կամ, եթե հետևենք Մաթևոսյանի հերոսին, խիստ «ինթյունակ», թեպետ այսօր էլ Իշխանին Իխշան են ասում: Չմանրամասնենք, հասկացաք…
Ամփոփենք: Երբ հասարակությունը և դրա մաս կազմող անհատն իրենց այսչափ անպաշտպան են զգում, երբ հարգված ու պաշտպանված չէ քո ոչ մի իրավունք, երբ այս ամենին գումարվում է իրավիճակի անգամ ոչ կտրուկ փոփոխությունը (պատրանքներ չենք տածում, թե մի օրում է ամեն բան կարգի ընկնում), բայց գոնե դրա ազնիվ ընդունումն ու իրավիճակից ելք գտնելու իրական լուծումների առաջադրումը, երբ այս բոլորը միասին ընկալվում ու մատուցվում են միայն` կեցցե մեր իշխանությունը, կեցցե տնտեսական աճը, կեցցենք մենք` գրագետներս, հարթության մեջ, այն էլ` մեզ անսովոր լեզվամտածողության դաշտում, խորանում է միայն հուսահատության ճնշող զգացողությունը:
Իրավիճակ, որ լավագույնս է բնորոշում դրսի մեր ընկերներից մեկը. «Վատ են ապրում շատերը, բայց Հայաստանում անգամ օդն է տխրությամբ ու հուսահատությամբ վարակված»…

ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/11/29/613/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: