ՊԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԱյլ կերպ, քան պատային, հնարավոր չէ բնորոշել հայաստանյան զարգացումների այսօրվա վեկտորը: «Պատ» է թե՛ ներ, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ղարաբաղյան խնդիրներում:

Ներքաղաքական զարգացումներով զբաղված հայ քաղաքական միտքը տարօրինակորեն անտեսեց օրերս հրապարակված Միջազգային ճգնաժամային խմբի «ուղերձը»: Եվ իզուր:
Ոչ այն պատճառով, որ «ուղերձի» հրապարակման հաջորդ օրը հայոց նախագահական պալատում արդարացիորեն և հերթական անգամ տագնապն ու խուճապն էր իշխում:
Այլ որ, ի վերջո, եկել էր երկար սպասված արևմտյան մեսիջը, որով սևով սպիտակի վրա և խիստ հստակ ասված էր այն, ինչ մտածում է Արևմուտքը հայաստանյան առաջիկա նախագահական ընտրությունների մասին` ձևակերպված դիվանագիտական, կոդային «լեքսիկոնով»:
Մեկ անգամ չէ, որ ՄՃԽ-ն փորձել է հայոց իշխանություններին հասկացնել այն, ինչ իրենք հատկապես վատ են հասկանում: Եվ ընդհանրապես, որքան էլ մեզանում պրիմիտիվ փորձեր արվեն ՄՃԽ-ին թուրքամետության և այլ կարգի լոբբիզմի մեջ մեղադրելու, որքան էլ մեզանում վախենան կառույցի վաթսուն հոգանոց գործադիր կոմիտեի անդամներից հատկապես Սորոս պապիկից (ծեր մարդ է, մեկ էլ ու զայրացավ և որոշեց «գունավոր» հեղափոխություն «անել» Հայաստանում), միևնույն է, դժվար է թերագնահատել ՄՃԽ-ի կատարած աշխատանքն անցած տարիների ընթացքում, հատկապես հրապարակված երկու զեկույցների առումով («ԼՂ. հայացք տեղից». ներկայացվում էր ղարաբաղյան բուն կացությունը` կարևոր մատնանշումով, ի տարբերություն Ադրբեջանի, որը թաղված է կոռուպցիայի մեջ, ԼՂ-ում իրականացվում է առավել էֆեկտիվ-դեմոկրատական կառավարում: Երկրորդ զեկույցը. «ԼՂ. խաղաղության ծրագիր», ուր առաջին անգամ ֆիքսվեցին ԼՂ միջանկյալ միջազգային ճանաչման, ինչպես նաև հանրաքվեի մեխանիզմների մասին, որին ի շարունակություն ՄՃԽ փոխնախագահ Ալեն Դելետրոզն ասաց, որ «հանրաքվեի արդյունքները պետք է պարտադիր լինեն կողմերի համար, ինչպես նաև ճանաչվեն երաշխավոր երկրների և ՄԱԿ-ի կողմից», և դա այն բանից հետո, երբ ԵԽ-ն իր ընդունած բանաձևում կոնֆլիկտը ներկայացրել էր որպես Ադրբեջանի տարածքային «օկուպացիա»):
Իսկ ահա օրերս հրապարակված «մեսիջում» ՄՃԽ-ն այլևս գրեթե «համակարծիք» է ԵԽ-ի հետ և դիվանագիտական լեզվով կրկնում է. «Այսօր էթնիկապես հայկական ուժերը զբաղեցնում են (ըստ Օսկանյանի` սա նույն «օկուպացիա» բառն է- հեղ.) Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից Ադրբեջանի տարածքների մեծ մասը»:
Ինչո՞ւ: Շատ պարզ. հակամարտության կողմերն արեցին ամեն ինչ, որպեսզի որևէ նախնական պայմանավորվածություն, խոստում, մշակված փաստաթուղթ այդպես էլ կյանքի չկոչվի: Սակայն դրա մեղքը միայն հակամարտող կողմերինը չէր: Միջազգային հանրությունը և հատկապես գերտերությունները նույնպես բանակցային ընթացքը ծառայեցրին իրենց շահերին` ղարաբաղյան խնդիրը դարձնելով գայթաքար` տարածաշրջանում սկսված առևտուրը լրումին հասցնելու համար: Ճիշտ է, ՄՃԽ նոր մեսիջն այս հանգամանքը ևս չի անտեսում. «Կողմերի քաղաքական կամքի բացակայությունը և միջազգային համայնքի անբավարար վճռականությունը մշտապես խաթարել են դիվանագիտական հանգուցալուծման հույսը», սակայն դա չի խանգարել, որպեսզի գրեթե բացահայտ տեքստով ՄՃԽ-ն ասի այն, ինչն այլևս առաջնահերթ է Արևմուտքի համար:
Դիտենք: Նախ` ռուսական պահվածքը: Հիշելով ամենակարևորը, խիստ մտածված` մենք վերևում չներկայացրինք երբեմնի «արտահոսքը», որ թույլ էր տվել ՄՃԽ-ն` առաջինը տեղեկացնելով, որ Ղարաբաղի ապագա անվտանգությունն ապահովվելու է միջազգային խաղաղապահների կորպուսի միջոցով: Ահա հենց այս «մանրամասնում» է թաքնված սատանան, որը ոչ մի կերպ դուրս չի գալիս այնտեղից, մանավանդ եթե հիշում ենք, որ նույն այդ օրերի ՄՃԽ կովկասյան գրասենյակի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարեց` խաղաղապահները չեն ունենալու ԵԱՀԿ մանդատ, այնտեղ չեն լինելու ռուսներ (թուրքեր էլ):
Հիշենք, որ խաղաղապահները «կանգնելու» էին (են) հենց Իրանի քթի տակ` հընթացս էլ «լոկացիայի» ենթարկելու ողջ Մերձավոր Արևելքը, որովհետև ըստ Ադրբեջանի հետ նախնական պայմանավորվածության` ԱՄՆ-ը մոբիլ կայաններ է տեղակայելու ադրբեջանական տարածքում (մեկը, ըստ ամենայնի, Օրդուբադում, մեկն էլ` Հայաստանի կողմից «օկուպացված», խաղաղապահների կողմից վերահսկվելիք «X» տարածքում):
Հիշենք նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անում է ամեն ինչ, որպեսզի մշակված նախնական փաստաթուղթը, որի մասին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն ասել է` հնարավոր է «ջենտլմենական` բանավոր (սկզբում ասվել էր` գրավոր- հեղ.) պայմանավորվածության գալ», «ստորագրվի» առաջիկա գարնանը:
Հասկանալի է, սակայն, որ Քոչարյանը հերթական անգամ փորձում է ժամանակ շահել: Սա հասկանում է նաև Արևմուտքը:
Իր հերթին Ռուսաստանը հետևողականորեն, սիմետրիկ ու ասիմետրիկ պայքար է տանում տարածաշրջանում` կանխելու վերը նշված, ինչպես և մնացյալ «առաջնահերթությունները»: Նախ` հենց այնպես չէ, որ Հմայակ Հովհաննիսյանն ասում է` Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը ներկայացնի նաև Ղարաբաղի շահերը (մեր կողմից ավելացնենք` այլևս- հեղ.) բանակցային գործընթացում, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները խանգարում են Ռուսաստանին` Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Ահա և` վերջերս նույն ՀԱՊԿ-ն որոշում կայացրեց, որ ստեղծում է խաղաղապահ ուժեր: Բանն այն է, որ հենց ի սկզբանե Ռուսաստանը պայքարում էր ղարաբաղյան խաղաղապահների մանդատի, դե, գոնե նրա երեսուն տոկոսի համար: Իսկ ահա Սաբինա Ֆրեյզերը, ինչպես տեսանք, «չէր թողնում»: «Չի թողնում» նաև ՄՃԽ կովկասյան գրասենյակի նոր տնօրենը` Մագդալենա Ֆրիչովան ՄՃԽ վերջին «մեսիջում»: Սրա մասին` ներքևում, դեռ շարունակենք ռուսական «պատումը»:
Հաջորդաբար էլ, Ստալինից հետո առաջին անգամ Թեհրան ժամանած Վ. Պուտինն Իրան էր գնացել հզոր առաքելություններով և ծրագրերով:
Նախ` հայտնի ծրագրի մասին. Թեհրանում որոշվեց, որ մի շարք երկրների, այդ թվում և Ադրբեջանի («օկուպացված» տարածքները դեռ Հայաստանինն են- հեղ.), տարածքները չեն օգտագործվելու երրորդ երկրների, կոնկրետ դեպքում` Իրանի դեմ հարձակման-պատերազմի համար:
«Անհայտ» ծրագրով էլ հայտնի է դարձել, որ Թեհրանում Վ. Պուտինն առաջարկ է արել ստեղծել քաղաքական նոր բլոկ` Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Իրաք-Հայաստան-Սիրիա առանցքով. ա) այդ երկրներում ռուսական հակահրթիռային բաղկացուցիչներ տեղակայելու համար, որպես հակակշիռ ԱՄՆ-ի` Արևելյան Եվրոպայի երկրներում տեղակայվելիք համանման բաղկացուցիչների, բ) ՆԱՏՕ-ի հարավկովկասյան առաջխաղացմանը խոչընդոտելու համար:
Ռուսական սույն «նոու-հաուն», իհարկե, կարելի է համարել համանման առևտուր, ինչն այս օրերին տեղի է ունենում Կոսովոյի շուրջ` ԱՄՆ-Ռուսաստան տանդեմում:
Սակայն պետք չէ նաև անտեսել այս ծրագրի լրջությունը, քանի որ դրան կարող է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունը` գումարած ռազմականից տնտեսականի և խաղաղապահականի վերածվող ՀԱՊԿ-ն: Գումարած, որ վերը նշված բոլոր կազմակերպությունների ձեռքում են աշխարհի էներգետիկ` նավթագազային գրեթե ողջ ակտիվները:
Այդ դեպքում գերտերություն ԱՄՆ-ին այլ բան չէր մնալու, քան` ա) Կոնգրեսում «հավաքվել» և հայտարարել, որ առաջիկա գարնանը (ամեն գարուն ԱՄՆ-ը իրանական սրացման նոպա է ունենում- հեղ.) սկսելու է «անսահմանափակ» կամ «սահմանափակ» հարձակում Իրանի վրա: բ) Փոքր-ինչ հետ քաշվել և վեց ամսով հետաձգել իր հակահրթիռային էլեմենտների տեղակայումն Արևելյան Եվրոպայում: գ) «Պրախոդ» տալ Պուտինին` Պետդումայի ընտրություններում վարչապետ դառնալու համար, որպեսզի շարունակի վերջինիս հետ իր մեծ առևտուրն այս մեծ խաղում:
Ձեռքի հետ էլ ԱՄՆ-ն իր ոչ պետական կազմակերպություններին, այդ թվում և ՄՃԽ-ին «հանձնարարականներ» է իջեցրել` կանխել Ռուսաստանին ամենուրեք, Հարավային Կովկասում նույնպես: Իսկ դա առաջին հերթին նշանակում է Հայաստան, ուր Ռուսաստանն ամենայն մանրակրկիտությամբ «նախապատրաստվում» է նախագահական ընտրությունների` դե, գոնե կոպիտ չխոչընդոտելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դեմարշին:
Եվ չնայած այն հանգամանքին, որ չորեքշաբթի «Իրավունքի» հարցին` ցանկանո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանը, որ ղարաբաղյան կողմը վերադառնա բանակցային սեղանի մոտ և դառնա բանակցային կողմ, վերջինս ասաց. «Չկա մի հայ, որ դա չցանկանա», այնուհանդերձ, Ղարաբաղը նման կարգավիճակում «տեսնող» թիվ մեկ գործիչը, որն այդ և մի շարք այլ պատճառներով 98-ին հրաժարական տվեց, հենց Տեր-Պետրոսյանն է:
Արևմուտքն ու ԱՄՆ-ը դա շատ լավ են հասկանում: Հասկանում են նաև, որ նախագահական ընտրությունները նոր փուլ են, և չի բացառվում, որ ինչպես եղավ 98-ին` Քոչարյանից, ապաև որդի-Իլհամ Ալիևի ընտրվելուց հետո, բանակցություններն սկսվեն զրոյից: Եվ դա կարող է լինել թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ առավելապես Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում:
ՈՒստի խաղի մեջ մտցրեց ՄՃԽ-ին, որն էլ շատ հստակ «հայերենով» ասաց օրվա իշխողներին և բանակցողներին. «2008-ին Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները կբարդացնեն քաղաքական միջավայրը: ՈՒստի կողմերը մինչև ընտրությունները պետք է հիմնական սկզբունքներն ամրագրող փաստաթուղթ ընդունեն, անգամ եթե այն կնշի դեռ չհամաձայնեցված կետերը: Դա թույլ կտա պահպանել այն, ինչ համաձայնեցված է մինչ այսօր, և շարունակել գործընթացը մյուս տարվա ընթացքում… Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները պետք է ղարաբաղյան կարգավորումն առանցքային տարր դարձնեն երկու երկրների հետ իրենց հարաբերություններում»:
Ինչպես տեսնում եք` Արևմուտքը դիվանագիտական լեզվով, բայց և՛ խիստ հստակ ու թափանցիկ հասկացնում է հայաստանյան իշխանական երկյակին` կանե՞ք սա` թույլ կտանք ժառանգորդություն ապահովել, վերարտադրվել: Չե՞ք անի, մեղքը ձեր վիզը:
Այնպես որ այլևս չարժե տարվել ուղեղային մորմոքով, թե այս փուլում ԱՄՆ-ը մեզանում «ինչ է ուզում, ինչպես և, իհարկե, ումով»:

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/11/20/524/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: