Երեկ «Հայելի» ակումբում բանավեճի էին հրավիրված ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը և Միավորված կոմկուսի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը: Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ավելի շատ հետաքրքրում էին կողմերի դիրքորոշումները գալիք ընտրություններում իրենց կուսակցությունների դերակատարության շուրջ:
ՍԻՄ նախագահն այդ կապակցությամբ արձանագրեց, որ այս փուլում կուսակցությունն ակտիվորեն չի մասնակցում ընդդիմադիր ուժերի ծավալած քննարկումներին, քանի որ այդ քննարկումներն առնվազն այս պահին միտված չեն լուծելու քաղաքական դաշտում առկա խնդիրները:

«Մենք շատ վաղուց ենք կողմնորոշված այն իմաստով, թե ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել: Իսկ քաղաքական քննարկումներին ավելի ակտիվ կմասնակցենք, երբ հստակ կլինեն ընդդիմադիր թեկնածուների առաջարկները և քաղաքական ծրագրերը, որ ներկայացվելու են հանրությանը»,- նշեց Հ. Խաչատրյանը:
Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ հիմնական պայքարը նախագահական ընտրություններում ընթանալու է իշխանական թևից Սերժ Սարգսյանի, իսկ ընդդիմության դաշտից Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: ՍԻՄ նախագահի կարծիքով, նախընտրական գործընթացը նոր է սկսվում, և թեկնածուների հնարավորությունները, ինչպես նաև վարկանիշը կամ ժողովրդականության աստիճանն այս պահին այդքան հստակ չեն, որպեսզի հնարավոր լինի արդեն այս փուլում տարբերակել, թե ովքեր են առաջատարները: Ըստ նրա, կուսակցությունը որևէ թեկնածուի աջակցելու առումով որոշում կայացնելու ժամանակ դեռ ունի: Բնականաբար, այդ ընթացքում կլինեն շփումներ ընդդիմադիր դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ, որից հետո ՍԻՄ խորհուրդն այդ կապակցությամբ որոշում կկայացնի:
Յուրի Մանուկյանը հիմնականում կենտրոնացավ ընտրություններում կայունությունը և հանրային անվտանգությունն ապահովելու խնդիրների վրա: Թեպետ ուղղակիորեն չնշվեց, որ միավորված կոմկուսը պաշտպանելու է իշխանական թեկնածուին, սակայն ՀՄԿԿ ղեկավարի դիրքորոշումը կարծես դրան էր հակվում: Յու. Մանուկյանը հերքեց այն լուրերը, թե իշխանությունները կոմունիստների բոլոր թևերին գումարներ են տալիս` ամսական 1200 ԱՄՆ դոլարի չափով, որպեսզի վերջիններս մնան այդպես տարանջատված ու երբևէ չմիավորվեն: «Դա իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարեց ՀՄԿԿ նախագահը` մոռանալով, սակայն, հստակեցնել` գումարի չա՞փը չի համապատասխանում, թե՞ այն առհասարակ չի տրվում:

Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/11/16/490/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: