«Հսկային հասարակությանը թզուկի տեղ ներկայացնելը, և հակառակը` թզուկին իբրև հսկա մատուցելը միջակ քաղաքական գործիչներին բնորոշ հնարք է»:
Ô¹Õ¡Õ¬Õ¥ÕµÖ€Õ¡Õ¶-ÕŠÕ¥Ö€Õ«Õ£Õ¸Ö€

Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 26-ի միտինգում հայտնի ելույթից հետո հայ հանրությունը ևս մեկ անգամ առիթ ունեցավ համոզվելու, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս չի եկել իր ավանդական կերպարի սովորական շրջանակներից, ինչը գործող նախագահը շատ առարկայական դրսևորումներով ապացուցեց հանրությանը: Նախ նա ցույց տվեց, որ չի ներելու ոչ մեկին, նույնիսկ նվազագույն վիրավորանքը և իր կարծիքով, անարդարացի քննադատությունը, ապա և նախանձելի համառությամբ իշխանության կողմից վերահսկվող տպագիր մամուլի և հեռուստաալիքների միջոցով նախագահական զայրույթը «ուղղեց» դեպի իր նախորդը, որն այսօր հավակնություն ունի դառնալու իր հաջորդը: Այնուհանդերձ, ներկայիս ռեժիմի ղեկավարի և նրա գաղափարական ներշնչողի քննադատությունը Տեր-Պետրոսյանի նկատմամբ առանձնակի հաջողություն հազիվ թե ունենա և հանգեցնի սպասված արդյունքին:

Որովհետև սովորական ընտրողը դիտելով այդ տեսարանը, ինքն իրեն բնական հարց է տալու` բայց ո՞վ է դատավորը: Իսկ այդ ամենը կարող է միայն զզվանք առաջացնել ընտրազանգվածի զգալի հատվածի մեջ, որն ընտրություններից առաջ ընդհանրապես երես կթեքի իշխանություններից և քաղաքական գործիչներից: Վարչական ռեսուրսի ներկայացուցիչ հանդիսացող առանձին «միավորների» կարծիքը տվյալ պարագայում նշանակություն չունի: Բացի այդ, նրանց մեծ մասն իրեն բոլորովին վատ չէր զգում նաև նախորդ ռեժիմի ժամանակ: Գործող նախագահը չի կարող այս իրողությունը նկատի չունենալ, հետևապես, գործում է կամ արվեստի նկատմամբ բուռն սիրուց ելնելով, կամ էլ իրականում իշխանական թիմը բոլորովին էլ այնպես մոնոլիտ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել:
Այնուհանդերձ, դատելով ամեն ինչից, «կոմպրոմատների պատերազմը» արդեն իսկ սկսվել է և շուտ չի ավարտվի: Ըստ որում, եթե առաջանա «պատը պատի դեմ» իրավիճակ, ակնհայտ է, որ հաղթողներ այստեղ չեն լինելու, իսկ պարտվելու է ամբողջ հասարակությունը, որը մի անգամ ևս կհամոզվի հայկական պետական մեքենայի և քաղաքական համակարգի այլասերված լինելու մեջ: Ինչևէ, նախկին նախագահը մարտահրավեր է նետել, և գործող նախագահն ընդունել է այն: Բայց այս իրողության կողքին շատ հետաքրքիր է, որ իշխանության թևից նախագահ դառնալու գլխավոր հավակնորդը` Սերժ Սարգսյանը, չափազանց զգույշ է ընդդիմախոսների նկատմամբ իր հայտարարություններում: Կամ նրա հոգեկերտվածքն է այդպիսին, կամ էլ իշխանական համակարգում որոշում է ընդունվել, որ «պատերազմի» դաշտ կգնա նա, ով այս փուլում կորցնելու ոչինչ չունի: Այսինքն` գործող նախագահը:
Բոլորովին նպատակ չունենալով հանդես գալ նախկին վարչակարգի և նախկին նախագահի դատապաշտպանի դերում, այնուհանդերձ, արժե ուշադրություն դարձնել գործող նախագահի ոչ այնքան արդյունավետ հակահարձակումների վրա: Երբ Քոչարյանը հայտարարում է, որ «տնտեսության մասին պետք է խոսի մարդ, որը պատկերացում ունի խնդրո առարկայից», այնուհանդերձ, պետք է ընդունել, որ սա բավական սուբյեկտիվ գնահատական է: Երբ գործող նախագահը հայտարարեց. «Նախորդ իշխանությունը ստացել է երկիրը նորմալ վիճակում, իսկ 1998-ին ինձ հանձնել փլուզված տնտեսությամբ, մի երկիր, որ միջազգային կազմակերպությունների կողմից ներառված էր աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում: ԽՍՀՄ փլուզման ընթացքում որոշակի կորուստները բնական էին, բայց ես դա գնահատում եմ 15-20 տոկոսից ոչ ավելի», կարելի է համաձայնել այս գնահատականի հետ: Սակայն ավելի օբյեկտիվ լինելու դեպքում նույն Քոչարյանը, իբրև Ղարաբաղի Պաշտպանության պետական կոմիտեի նախկին նախագահ, չի կարող չիմանալ, որ նաև ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները և Հայաստանի շրջափակումը հանդիսացան այն լրացուցիչ գործոնները, որ հանգեցրին Հայաստանի վատթար տնտեսական իրավիճակին: Մինչդեռ գործող նախագահը կարծես մոռացել է այն տարիների լոզունգը` ամեն ինչ հաղթանակի համար: Այդ մոտեցումը գերիշխում էր ժողովրդական գիտակցության մեջ և օգնեց հաղթահարել պատերազմական ժամանակաշրջանը: Եվ տրամաբանական ու ազնիվ չէ Հայաստանի բնակչության հիրավի հերոսական զրկանքները այսօր փորձել բացատրել միայն ժամանակի իշխանությունների անընդունակ կամ վատ կառավարումով: Թեպետ այդ հանգամանքը, իբրև սուբյեկտիվ գործոն, իր նշանակությունն ունեցել է, եթե նկատի ունենանք, որ բնակչության հիմնական մասը Հայաստանը սկսեց լքել արդեն ռազմական գործողությունների ավարտից հետո ընկած ժամանակաշրջանում:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Քոչարյանը Տեր-Պետրոսյանին չի համարում իշխանական թեկնածուի առաջնային և ամենալուրջ մրցակից, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր են առաջանում: Ամենից առաջ` ի՞նչն էր պատճառը, որ Տեր-Պետրոսյանի` հրապարակում հնչած ելույթի դեմ իշխանություններն այդքան արագ, կոշտ և համակարգված արձագանք դրսևորեցին: Ներկայիս ռեժիմի նկատմամբ քննադատական ելույթներ և տարբեր տեսակի բացահայտումներ բազմիցս են եղել, սակայն նախորդ դեպքերում Քոչարյանը ոչ միշտ է այդպես արձագանքել նույնիսկ վիրավորական քննադատությանը: Ըստ այդմ, առաջին նախագահի գործոնն իշխանությունը, այնուամենայնիվ, դիտարկում է իբրև իր համար որոշ չափով վտանգավոր:
Բացի այդ, իշխանությունների և նրանց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների պահվածքը ինքնին հուշում է, որ նրանց համար այս պահի դրությամբ առավել վտանգավոր է համարվում Տեր-Պետրոսյանը, քան մյուս թեկնածուները: Այդ համատեքստում, երբ Քոչարյանը հայտարարեց, որ ընդդիմության մյուս առաջնորդներից մի քանիսն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան նախկին նախագահը, ինչ-որ իմաստով բացահայտեց իշխանությունների նախապատրաստած սցենարի մի մասը: Սա հանգեցնում է այն հետևության, որ իշխանությունները գուցե և ջանքեր են գործադրելու իրենց համար ավելի «հարմար» քաղաքական գործիչների վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի, ի վերջո, համապատասխան հասարակական մթնոլորտ ձևավորվի ինչ-որ չափով կառավարելի թեկնածուի շուրջ: Ըստ որում, դա կարող է լինել ոչ թե մեկ թեկնածու, այլ մի քանիսը, որոնց միջև ներկա վարչակազմը իրականացրել է որոշակի դերաբաշխում` նկատի ունենալով արտաքին քաղաքական կողմնորոշումները և այլն:
Սակայն խնդիրն այն է, որ եթե անգամ հարց է դրված գործող վարչապետին արժանի մրցակից «ստեղծելու», ապա այդ քաղաքական գործիչը պետք է առնվազն համապատասխանի հետևյալ չափանիշերին. ամենից առաջ նա պետք է լինի շատ ճանաչված և ունենա օբյեկտիվ, իրականում գուցե ոչ այնքան բարձր, բայց որոշակիորեն ամրագրված ժողովրդականություն: Այնպիսի քաղաքական դեմքի ասպարեզ բերելը, որը չունի այդ ժողովրդականության գոնե նվազագույն անհրաժեշտը և լուրջ չի ընկալվում ընտրազանգվածի կողմից, իրական արդյունք ապահովել չի կարող: Այդպիսի գործչին «ռասկրուտկա» անելը խիստ բարդ խնդիր է անգամ իշխանության և նրան ենթակա ԶԼՄ-ների կողմից անվերապահ աջակցության պայմաններում, քանզի նախընտրական պայքարի ժամանակահատվածը շատ կարճ է: Բացի այդ, հիշյալ քաղաքական գործիչը պետք է լինի այն աշխարհաքաղաքական կենտրոնի հովանավորյալը, որը բացարձակապես հակադիր է Սերժ Սարգսյանին հովանավորող կենտրոնին: Այս հանգամանքն անչափ կարևոր է, եթե իշխանությունները որոշեն, որ ընտրական գործընթացին առավել օրինականություն տալու համար անհրաժեշտ է ընտրություններն անցկացնել երկու փուլով: Օրինակ, եթե երկրորդ փուլում հայտնվեն Ռուսաստանի աջակցությունը վայելող երկու թեկնածուներ, դա ինքնաբերաբար նվազեցնելու է գործող վարչապետի արտաքին աջակցության չափը: Եվ ճիշտ հակառակը, Արևմուտքի թեկնածուի առկայության պայմաններում ռուսական աջակցությունը դառնալու է անհամեմատ ավելի ինտենսիվ: Եվ վերջապես, եթե իշխանությունները փորձեն իրագործել վերը նշված սցենարը, ապա այդ սցենարում դերակատարություն ստանձնած «ընդդիմության» ներկայացուցիչն իր անձնական հատկանիշերով պետք է լինի այնպիսին, իսկ իշխանություններից ունենա այնքան կախվածություն, որ ընտրությունների արդյունքների վիճարկելի լինելու պարագայում անգամ չդիմի իշխանության ծրագրի մեջ չտեղավորվող գործողությունների:
Վերը նշվածը, իհարկե, չի նշանակում, որ իշխանությունների կողմից չի օգտագործվելու նախագահական աթոռին նստել ցանկացող այն հավակնոտ գործիչների մեծ մասը, որոնք միաժամանակ տառապում են սեփական մեսիականության գաղափարով: Ավելին, իշխանությունը գործում է «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքից ելնելով, իսկ այդ մոտեցման պայմաններում ավելորդ զինամթերք, որպես կանոն, չի լինում: Ըստ այդմ, կարելի է կանխատեսել, որ իշխանությունը կաշխատի համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել և փոխադարձ պարտավորությունների համակարգ ձևավորել հնարավորինս լայն շրջանակ ընդգրկող ընդդիմության ներկայացուցիչների հետ: Թեպետ նրանցից «ֆավորիտի» կարգավիճակ կունենա, անշուշտ, մեկը: Արդեն այսօր իշխանական ԶԼՄ-ների քարոզչության մեջ երևում է, որ աշխատանքներ այդ ուղղությամբ կատարվում են և ընտրապայքարի հանգուցալուծմանը մոտենալուն զուգահեռ ավելի մեծ թափ են ստանալու:
«Հասկացությունների փոխակերպումը քաղաքականության մեջ կարևոր և արդյունավետ գործիք է: Սակայն եթե դա շատ հաճախ և անզգույշ ես օգտագործում, կարող ես հայտնվել մի իրավիճակում, երբ ամենաճակատագրական պահին քեզ ուղղակի չեն հավատա»:
Ô¹Õ¡Õ¬Õ¥ÕµÖ€Õ¡Õ¶-ÕŠÕ¥Ö€Õ«Õ£Õ¸Ö€

ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/11/02/360/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: