Երեկ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեց 2008-ի բյուջեն: Եթե չլիներ ուրբաթ օրվա ընդդիմության հանրահավաքը, ապա 2,5 միլիարդանոց հայոց բյուջեն օրվա «իրադարձությունն» էր լինելու, սակայն ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Շաբաթ օրը վերջապես Հայաստան վերադարձած Ս. Սարգսյանը նույնպես ներկա էր բյուջեի քննարկմանը: Ի դեպ, նրա հետ «արևմուտք» գնացածներն ավելի շուտ էին եկել խորհրդարան (այդ մասին` ներքևում), իսկ ինքը եկավ փոքր-ինչ ուշացած, և նրա միայնակ, շտապ մուտքից արդեն իսկ հասկանալի էր` խուսափելու է լրագրողներից, ինչն էլ իրականություն դարձավ: Վարդան Խաչատրյանի բյուջետային երկար-բարակ ուղերձի կեսին. Ս. Սարգսյանը Տ. Թորոսյանի ուղեկցությամբ կայծակի արագությամբ դուրս եկավ ԱԺ նախագահի սենյակ տանող դռնից… և այլևս չվերադարձավ: Տ. Թորոսյանին լրագրողները «բերման ենթարկեցին» այն պահին, երբ նա արդեն ճանապարհել էր վարչապետին ու «բարով-խերով» վերադառնում էր իր աշխատասենյակ։ «Իրավունքի» հարցին` այս ինչ խուճապ է. իշխանությունների համար շա՞տ անսպասելի էր, որ այդքան ժողովուրդ հավաքվեց Ազատության հրապարակում, վերջինս ասաց. «Կարծում եմ` շատ բան էր արված, որ շատ ժողովուրդ հավաքվի, և չեմ կարծում, թե ընդդիմադիրների սպասելիքներն այդ միտինգն արդարացրեց»:
Բոլոր դեպքերում թե՛ պարոն Թորոսյանի պատասխանը, թե՛ Ս. Սարգսյանի խուսափելը, էլ չենք ասում Ռ. Քոչարյանի` Մեղրիի «ճանապարհին կաղնած» պատասխանները փաստում են, որ հայրենի իշխանությունները խոր անակնկալի մեջ են, որովհետև մեկ ամսվա ընթացքում, փաստորեն, երկու ֆորս-մաժոր է գրանցվել (մեկը` սեպտեմբերի 21-ին, մյուսը` անցած ուրբաթ):
Ս. Սարգսյանը մինչ սեպտեմբերի 21-ը, ըստ ամենայնի, կարծում էր, որ ներքին հանրության և քաղաքական ուժերի մասով իր հարցերը միանշանակ լուծված են, «ժամն է արդեն իրիկնահացի»` արևմտյան աջակցության:
Եվ, ի դեպ, նրա արևմտյան «տուրնեն», ինչպես գնահատում են դրսի և ներսի փորձագետները, իսկապես հաջողված էր հենց միայն հանդիպումների խիստ բարձրաստիճան մակարդակում: Այցի հաջորդ «հմայնքը», ըստ նույն փորձագետների, համակցված լինելու հանգամանքն էր` միանգամից համաշխարհային երկու կարևոր խաղացողներ` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բացառապես առաջին դեմքերի մասնակցությամբ, ինչը Հայաստանի վերջին տասը տարվա պատմության մեջ նույնպես բացառություն էր:
Նույնն էր «կարծում» նաև մեզ հետ զրուցող, «արևմուտք» մեկնած ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ով, ի դեպ, չթաքցրեց էլ իր հիացմունքը. «Անսպասելիորեն խիստ դրական այց էր թե՛ բովանդակային, թե՛ արարողակարգային և թե՛ մնացյալ առումներով»: «Մնացյալ» ասելով էլ նկատի ուներ անվտանգության և «ուղեկցման նորմերը»:
-Ավելացնեմ նաև, որ ԱՄՀ-ի տարեկան ժողովները, որպես օրինաչափություն, անց են կացվում խիստ ստանդարտ ձևաչափերով, այս տարի ինձ համար խիստ անսպասելի` հայկական պատվիրակությանը ոչ միայն մեծ ոգևորությամբ ընդունեցին, այլև շատ բարձր գնահատական տվեցին մեր աշխատանքների արդյունքներին,- ասաց ԿԲ նախագահը:
Ըստ մյուս «արևմուտքցիների» էլ՝ նոր ձևաչափ էր կիրառվել նաև Սարկոզի-Սարգսյան հանդիպման ժամանակ: Պարզվում է` ֆրանսիական «պատմության» մեջ երկու դեպք է եղել, երբ երկրի նախագահն ընդունել է մեկ այլ երկրի վարչապետի: Բախտի հեգնանք. երկու դեպքում էլ Հայաստանի վարչապետերն են եղել դրանք. առաջինը` 97-ին Ժակ Շիրակն ընդունել է վարչապետ Քոչարյանին: Երկրորդը` Սարկոզին` Ս. Սարգսյանին։
«ՈՒ թե հաշվի առնենք հանգամանքը, որ արարողակարգային առումով նախագահներն այլ երկրի վարչապետին դիմավորում են ոչ թե դրսում՝ աստիճանների վրա, ինչը տեղի ունեցավ Ս. Սարգսյանի այցի ժամանակ, այլ սեփական աշխատասենյակում, ապա կարող եք պատկերացնել, թե ինչ մակարդակի էր այցը»,- պատմում էին «արևմուտքցիները», երբ բոլորով «սպասում» էինք, որ Սերժ Սարգսյանը գա ու… մյուս դռնից դուրս գնա:
Հա, ի դեպ. «մերոնցից» մեկին մի քիչ զարմացրել էր սիրունիկ Քոնդոլիզան. «Ա՛յ մարդ, հեչ սիրուն չէր, հեռուստացույցով ինչքա՜ն հմայիչ է» (մենք համաձայն չենք այս տեսակետին, Քոնդոլիզան միշտ հմայիչ է- հեղ.):
Շարունակենք. Սարկոզիի «հմայնքների» մասով. գիտենք, որ Ս. Սարգսյանը միայնակ մնացած, ամուրի Նիկոլյային հրավիրել է Հայաստան. վերջինս էլ Ս. Սարգսյանին ասել է` «հա՜»: Բանն այն է, որ հայաստանյան կողմը շատ է ցանկանում, որ Սարկոզին Հայաստան գա մինչև նախագահական ընտրություններ:
Էս գլխից ասենք` խորհուրդ չենք տա: Ոչ ամուրիության, այլ խիստ պրագմատիկ առումով:
Որովհետև մինչ Ս. Սարգսյանն Արևմուտքում փորձում էր լավ, ստացվեց` ինչպես միշտ. Ռուսաստանն ուժեղ «ջղայնացավ» իր երբեմնի ռազմավարական գործընկեր Հայաստանի ու նրա վարչապետի վրա (էլ չենք հիշեցնում, թե պարոն Ահմադինեժադն այն նույն օրը, երբ Ս. Սարգսյանը հանդիպում էր սիրունիկ Քոնդոլիզայի հետ, ինչպես դեղին քարտ ցույց տվեց վարչապետին` ԱԺ չայցելելով):
Մի խոսքով, Ռուսաստանը, որը «սթեփ բայ սթեփ» ռեժիմով փորձում է անկյուն քշել ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս իր հակահրթիռային էլեմենտները չտեղակայի Եվրոպայում, ինչպես և Մերձավոր Արևելքն Իրանի և քրդական հարցով չվերածի «անկառավարելի քաոսի», ինչի դեպքում կվտանգվի նաև Ռուսաստանը պաշտպանող բուֆերային ողջ գոտին, և Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը մի շարք բուֆերների, այդ թվում և Հայաստանի նկատմամբ: Այն պահին, երբ Ռուսաստանն այդ գոտիներում փորձում է ամրապնդել ու մեծացնել իր ազդեցությունը (հիշենք, որ Վրաստանում կրկին Բերեզովսկի-Պատարկացիշվիլի «հեղաշրջում» ակցիան է սպասվում` հանուն Ռուսաստանի, որի ֆոնին աշխուժանում է նաև ոչ անհայտ Սալոմե Զուրաբիշվիլին. ասել է` Ռուսաստանը փորձում է «գունավոր» հեղափոխությունների սեփական շարքն սկսել բուֆերային գոտիներում), այն պահին, երբ Ռուսաստանն արդեն իսկ փոքրիկ հաջողություն է արձանագրում իր այդ «պայքարներում». ԱՄՆ-ը հայտարարել է, որ Եվրոպայում տեղակայվելիք հակահրթիռային տարրերի տեղակայման հարցն առժամանակ կհետաձգվի, իսկ Բուշն ու Պուտինն առաջիկայում կհանդիպեն «զմիմյանս»` որոշ հարցերի շուրջ պայմանավորվելու, էդ նեղ «մաջալին» Սերժ Սարգսյանը մեղրամիս է անցկացնում Ռայսի ու Սարկոզիի հետ: Դա հերիք չէ, հետն էլ փորձում է այդ մեղրամիսը մինչև նախագահական ընտրություններ` ի դեմս ֆրանսիական նախագահի, տեղափոխել հայաստանյան «գետնին» վրա (ըստ պայմանավորվածության, Սարկոզին պաշտոնական այցով Հայաստան կգա դեկտեմբերի առաջին կեսին), և դա այն դեպքում, երբ այլևս «բարձն ընդհանուր է, մահճակալը` ոչ»: Բա չջղայնանա՞ Ռուսաստանը: Ո՜նց չջղայնանա:
Այսպիսով, Ռուսաստանը Ս. Սարգսյանի այցից հինգ րոպե պակաս Հայաստան է ուղարկում իր պաշտպանության նախարար, համատեղությամբ պարոն Զուբկովի (այն Զուբկովի, որը Ս. Սարգսյանի մոսկովյան վերջին այցի ժամանակ հարկ համարեց գովել) փեսային. երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար պարոն Սերդյուկովը. վերջինս այսօր կհանդիպի Ս. Սարգսյանի հետ, և ըստ ամենայնի` նրանք բավականին «մոտիկից» զրույց կունենան «զմիմյանս»:
Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը գնաց մի Հայաստանից, վերադարձավ մեկ այլ Հայաստան: Եվ այդ ընթացքում`
ա) Տեր-Պետրոսյանը ոչ միայն խիստ ծրագրային ելույթ ունեցավ, այլև նախագահի թեկնածու առաջադրվեց:
բ) Տեր-Պետրոսյանը, որը քաղտեխնոլոգիայի առումով մեկը մյուսից գրագետ քայլեր էր անում, մեկեն «շախ» հայտարարեց համակարգին, այս անգամ արդեն հավաքած ժողովրդի քանակով, ինչն ամբողջովին փոխեց խաղի տրամաբանությունը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ստատուս-քվոյի առումով:
գ) Ս. Սարգսյանը վերադարձավ մի Հայաստան, որտեղ խաղի կանոնները լրիվ փոփոխվել էին ոչ միայն, որ ՀՀԿ-ն և իշխանական մյուս ուժերն ապատիայի մեջ են արդեն մեկ ամիս. երեկվա բյուջեի քննարկումը հենց այդ էր հուշում. չկար «նախկին էնտուզիազմը». այն անշլագը, որ մշտապես լինում է Սերժ Սարգսյանի շուրջը. որպես օրինչափություն, նա այնպես է մտնում ԱԺ, որ «մագնիս» է առաջանում, համենայն դեպս` երեկ ՀՀԿ-ականները շատ տպավորված չէին նրա մուտքից։ Ինքը` Ս. Սարգսյանն էլ ոչ մեկի հավեսը չուներ ու առանձնապես չէր էլ հոգացել այդ «մուտքը» տպավորիչ դարձնելու համար, որովհետև ուշքն ու միտքն ուրիշ «տեղ» է:
դ) Արդեն իսկ լսվում են նավը լքողների մասին լուրերը. որոշ թաղապետեր, գործարարներ (Խ. Սուքիասյանին չհաշված) ներկայանում են Տեր-Պետրոսյանին, ասում. «Բացահայտ չենք կարող օգնել, տակից ամեն ինչ անելու ենք Ձեզ համար»:
Եվ վերջապես, ինչո՞ւ հարկ չհամարեց խոսել Ս. Սարգսյանը:
ա) Նախ կարծում ենք` երկու մրցակիցները՝ թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Ս. Սարգսյանն առայժմ որդեգրել են միմյանց նկատմամբ ոչ ագրեսիվ մարտավարության քաղաքականությունը։ Համենայն դեպս Տեր-Պետրոսյանի ելույթից նման տպավորություն կարելի է ստանալ: Իսկ Ս. Սարգսյանը դեռ չի ճշտել իր ասելիքը:
բ) Ս. Սարգսյանը կհանդիպի պարոն Սերդյուկովի հետ, կստանա ռուսական «մեսիջները», կհասկանա՝ ինչ է կատարվում այդ «գետնին» վրա, ապա նոր «կբյուրեղացնի» իր ասելիքը:
գ) Ս. Սարգսյանը լռում և հնարավորություն է տալիս Ռ. Քոչարյանին՜ գալ առաջին շարք ու «զարկվել»` քաղելով իր արածի «պտուղները»: Հասկանալի է` Ռ. Քոչարյանը թողնում էր, որ Ս. Սարգսյանը թուլանա և այնքան, որ ինքը կրկին խաղը վերցնի իր ձեռքը ու դառնա վարչապետ, մի խոսքով` ոչ երիտասարդ թոշակառու: Սակայն այս անգամ նա կարծես թե ուշացավ իր պալատական ինտրիգներում…

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Source: http://www.iravunk.am

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/10/31/333/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: