ՇԱՏ ԳԻՏԵՍ, ՔԻՉ ԽՈՍԻՐՎերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ «վարդերի հեղափոխությունից» հետո մեր հարևան երկիրը բոլորովին էլ չի դարձել կայունության և բարգավաճման կղզի: Եթե մինչ օրս հիմնականում արտաքին ազդեցությունների միջոցով Վրաստանում ներքին խժդժություններ առաջացնելու նախաձեռնությունները չեն բերել որևէ էական արդյունքի, ապա այսօր Վրաստանի նախագահը, կարծես, ինքն է հիմքեր ստեղծում սեփական իշխանության թուլացման համար: Կամ էլ հակառակը` Միխայիլ Սահակաշվիլու քայլերը նպատակամղված են երկրում «ուժեղ իշխանություն» հաստատելուն:

ՇԱՏ ԳԻՏԵՍ, ՔԻՉ ԽՈՍԻՐ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու կողմից նախագահի հասցեին բավականին լուրջ մեղադրանքների հրապարակումը և դրան գրեթե անմիջապես հետևած նրա ձերբակալությունը սկզբունքորեն Սահակաշվիլու օգտին չաշխատեցին: Այսինքն, Օքրուաշվիլու` բանտում հայտնվելը միանգամից ստեղծում է շատ բան իմացող, լավ տեղեկացված և վտանգավոր ընդդիմախոսից ամեն գնով ազատվելու տպավորություն: Սա առաջին իրողությունն է, որ արդեն իսկ թուլացնում է գործող նախագահի դիրքերը, մանավանդ, որ Օքրուաշվիլու հրապարակած լուրջ քրեական մեղադրանքներին Սահակաշվիլին պատասխանեց միայն վերացական արտահայտություններով` դրանով իսկ ավելի խորացնելով կասկածները:
Երկրորդ, նախագահի գործողությունները հանգեցրին բոլորովին էլ ոչ ռուսամետ ընդդիմության փաստացի միավորման: Այստեղ արդեն դժվար է լինելու որոնել և հանրությանը մատնացույց անել «Մոսկվայի ձեռքը», որովհետև նոր ձևավորված համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված են մինչև այժմ հակառուսական կեցվածքով և հստակ արևմտամետ կողմնորոշմամբ աչքի ընկած Վրաստանի քաղաքական կուսակցությունները: Դա և՛ նույն Օքրուաշվիլու հիմնած «Հանուն միասնական Վրաստանի» շարժումն է, և՛ Կոբա Դավիթաշվիլու Ժողովրդական կուսակցությունը, և՛ Շալվա Նաթելաշվիլու գլխավորած լեյբորիստական կուսակցությունը, և՛ Վրաստանի Հանրապետական կուսակցությունը: Շարժմանն է միացել նաև Վրաստանի նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան, ով ներկայացնում է «Հավասարության ինստիտուտ» ոչ պետական կազմակերպությունը, ըստ էության` նույնպես կուսակցություն:
Չափավոր ռուսամետ համարվող «Արդյունաբերողների» և «Իմեդի» խորհրդարանական խմբակցությունները չեն մասնակցել նոր ժողովրդական շարժման հիմնադրմանը, սակայն Վրաստանի ռուսամետ ընդդիմության միավորում այս գործընթացին հետագայում բոլորովին էլ չի բացառվում: Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնելն ընդդիմադիր ուժերի համար կարծես վերածվում է ընդհանուր խնդրի, ուստի այդպիսի տակտիկական դաշինքը բնավ էլ անհնարին չէ: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ «Իմեդի» խմբակցության ղեկավար Իրինա Սարիշվիլին էր հայտարարել, թե Օքրուաշվիլու` բանտում գտնվելն ուղղակի վտանգ է նրա կյանքի համար: Այսպիսով, երկրի ներսում իրադարձությունները Սահակաշվիլու համար նպաստավոր հունով չեն զարգանում: Թեպետ ԱՄՆ-ի կողմից աջակցության պայմաններում դժվար է ասել, որ ընդդիմությունը կարճ ժամանակում և հաստատապես կհասնի իշխանափոխության: Այնուհանդերձ, Սահակաշվիլին առայժմ ռեսուրսներ ունի իշխանությունը պահելու համար:
ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ
Արտաքին հարաբերություններում և մասնավորապես ռուս-վրացական «ճակատում» ևս Վրաստանի նախագահի համար խիստ անբարենպաստ վիճակ է ստեղծվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, սեպտեմբերի 20-ին վրացական հատուկ ջոկատայինները գերեվարել էին 7 աբխազ զորակոչիկների, հընթացս սպանելով նրանց հետ ուսուցում անցկացնող 2 ռուս սպաների, որոնք նախկինում ծառայել էին վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ ուժերում, իսկ զորացրվելուց հետո աշխատանքային պայմանագիր կնքել Աբխազիայի զինված ուժերում` ծառայության վերաբերյալ: Այնուհանդերձ, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ էին, և ռուսական կողմի ավելի քան կոշտ արձագանքը սպասեցնել չտվեց: Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշն իր հերթին հայտարարեց, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն` պատանդներին ազատ արձակելու համար: Սա ինքնին չի բացառում, որ հետագայում աբխազական կողմում էլ «հանկարծակի հայտնվեն» վրացի պատանդներ, և դրանով հող ստեղծվի փոխանակության համար: Թեպետ ի պատասխան վերոնշյալի, Վրաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, թե ռուս սպաները պիտի չգտնվեին Վրաստանի անտառներում, որպեսզի նրանց հետ ոչինչ չպատահեր: Սա այն դեպքում, երբ հակամարտության գոտում պաշտոնական զինադադար է:
Ավելին, ԱՄՆ-ից վերադառնալով, Վրաստանի նախագահը մասնակցեց Կոդորի կիրճում նոր ճանապարհի կառուցման բացման արարողությանը և հայտարարեց, որ Աբխազիա տանող այդ ճանապարհը գտնվելու է մշտական պարեկային հսկողության ներքո, որպեսզի «ոչ մեկը քիթը չխոթի այստեղ»:
Կարծել, որ ռուսական կողմը մոռացության կտա տեղի ունեցածը, մանավանդ Ռուսաստանում տիրող նախընտրական իրադրության մեջ, ուղղակի լուրջ չէ: Հասկանալի է, որ Մոսկվան անմիջական միջամտություն չի ցուցաբերի Վրաստանի ներքին գործերին, սակայն Վրաստանի նախագահն իր գործողություններով ավելի է ստվարացնում Աբխազիային և Հարավային Օսիային անվերապահ աջակցություն ցույց տալու կողմնակիցների շարքերը Ռուսաստանում:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ՉԷ
Այս համատեքստում բազմաթիվ վերլուծաբաններ չեն բացառում, որ Վրաստանի նախագահի գործողություններն ուղղված են սառեցված երկու հակամարտությունները կրկին «ջերմացնելուն»: Այսինքն, բոլորովին չի բացառվում ինչպես աբխազական, այնպես էլ հարավ-օսեթական ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսումը: Մի շարք փորձագետների կարծիքով պատերազմի վերսկսումը Սահակաշվիլուն հնարավորություն կտա ռազմական դրություն հաստատել երկրում և ներքին ընդդիմության նկատմամբ կիրառել բոլոր այն անհրաժեշտ ճնշամիջոցները, որոնց շնորհիվ կարելի է ամրապնդել սեփական իշխանությունը: Մյուս կողմից այդպիսի «նախաձեռնությունը» կարող է ներքին հակասություններից ծվատվող Վրաստանում համազգային համախմբման գործոն դառնալ:
Սակայն ռազմական տեսաբանների գնահատմամբ, թեպետ Վրաստանի զինված ուժերը վերջին 3-4 տարում էապես ամրապնդվել են, այնուհանդերձ, դեռ չունեն ոչ Հարավային Օսիայի, ոչ էլ առավել ևս Աբխազիայի պաշտպանական համակարգերն արագ օպերացիայի միջոցով ջախջախելու հնարավորություն, նույնիսկ եթե գործեն սկզբում մեկ, ապա` մյուս ուղղությամբ: Մինչդեռ, շատ փորձագետների գնահատմամբ, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Վրաստանը չի կարող խուսափել միանգամից երկու ճակատով պատերազմելուց, որովհետև Սուխումին և Ցխինվալին ռազմական դաշինքի մեջ են, և Թբիլիսիի կողմից մեկի նկատմամբ «միջոցների ձեռնարկումը» անմիջապես հանգեցնելու է մյուս կողմի ներգրավմանը ռազմական գործողություններում:
Ի դեպ, Թբիլիսիի 6-րդ մեկուսարանում գտնվող Իրակլի Օքրուաշվիլին մինչև ձերբակալվելը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Վրաստանի ուժային կառույցները մշակել էին Հարավային Օսիան արագ գրավելու օպերատիվ պլան, որը հնարավորություն պիտի տար առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում վերջ դնել ապստամբ տարածաշրջանի ինքնուրույնությանը: Սակայն, ըստ Օքրուաշվիլու, գործողությունների ձեռնարկումը ձգձգվեց հենց Սահակաշվիլու նախաձեռնությամբ, ինչի արդյունքում Հարավային Օսիան հասցրեց նախապատրաստվել, և, պաշտպանության նախկին նախարարի պնդմամբ. «Այժմ այնտեղ ստեղծված է այնպիսի ռազմական խմբավորում, որ այլևս կարճատև օպերացիայով Ցխինվալը վերցնելն անհնարին է»: Մինչդեռ հիշեցնենք, որ Հարավային Օսիայի զինված ուժերը թե՛ քանակապես, թե՛ զինվածությամբ, տեղյակ փորձագետների գնահատմամբ, զիջում են Աբխազիայի բանակին: Ըստ այդմ, եթե Ցխինվալը «բլից-քրիգ»-ով գրավելն այլևս անհնարին է, ապա Սուխումին անհնարին է առավել ևս:
Սա ինքնին նշանակում է, որ տարածքային ամբողջականության «վերականգնման» նպատակով Վրաստանի ղեկավարության կողմից պատերազմի հավանական նախաձեռնումը այն կվերածի երկարատև, ձգձգվող հակամարտության, որը բազմահազար զոհեր կբերի բոլոր կողմերից էլ: Եվ տվյալ պարագայում Վրաստանը չի կարող շահել` ելնելով զուտ բնակչության քանակային առավելությունից: Որովհետև երբ դեռ անցյալ տարի հերթական անգամ սրվեց իրավիճակը վրաց-աբխազական հակամարտության գոտում, այլևս ռուսականացած Չեչնիայի նախագահը հայտարարեց, որ Վրաստանի կողմից Աբխազիայի նկատմամբ ոտնձգությունների պարագայում չեչենները, ինչպես և հյուսիս-կովկասյան այլ ազգությունների ներկայացուցիչներ, կամավոր կմեկնեն Աբխազիա` ազգակից ժողովրդին աջակցելու, ինչպես 1992-94թթ. առաջին պատերազմի ժամանակ: Հարավային Օսիան իր հերթին հնարավորություն ունի մարդկային ուժի էական համալրում ստանալ Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայից: Ըստ այդմ, քիչ հավանական են այն պնդումները, թե Վրաստանն այլևս այնքան է հզորացած, որ շատ արագ հետ կբերի կորցրած տարածքները: Իրավիճակը կարող է բոլորովին հակառակ արդյունքով ավարտվել:
Õ‰ÔµÔ¶ÕˆÕ”ÕˆÕ’Ô¹Õ…Ô±Õ† Õ„ÔµÕ‹
Վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտությունների հավանական «տաքացումը» իր հերթին լուրջ բարդություններ է ստեղծելու Հայաստանի համար, որովհետև պատերազմական գործողությունների հետևանքով կփակվեն Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանի հետ կապող կոմունիկացիաները: Սակայն սա ցավալի, բայց ինչ-որ տեղ բնական հետևանք է: Մինչդեռ կա ավելի մեծ վտանգ. Հայաստանի ներքաշումը հակամարտության մեջ: ՈՒստի պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանն ի սկզբանե պետք է հստակ հայտարարի իր չեզոքության մասին, անկախ նրանից, թե նույնիսկ Ռուսաստանը ինչ դիրքորոշում կունենա վերսկսված պատերազմում: Միաժամանակ Հայաստանի խնդիրն է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի ոչ ոք չկարողանա վիրահայությանը և հատկապես Ջավախքի հայ բնակչությանը ներքաշել լայնածավալ կոնֆլիկտի մեջ` Վրաստանի դեմ «երրորդ ճակատ» բացելու ճանապարհով: Անկախ նրանից, թե տարածաշրջանային նոր զարգացումների արդյունքում ինչ նոր վերաձևումներ տեղի կունենան, գերտերություններից ում դիրքերն ավելի կամրապնդվեն կամ կթուլանան, Վրաստանի հետ բարիդրացիական, հնարավորինս նորմալ հարաբերությունների պահպանումը Հայաստանի համար այս հնարավոր զարգացումների համատեքստում, պետք է լինի թիվ մեկ խնդիրը:

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ
Source: http://www.iravunk.am/

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/10/03/172/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: