ՄԵԿ ՇՆՉԻՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ ՑՈՒՑԱՆԻՇԸ 2006—ԻՆ ԿԱԶՄԵԼ Է 824.940 ԴՐԱՄՍեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը մշտական հանձնաժողովներում մեկշաբաթյա քննարկումներից հետո հաստատեց ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը: Արձանագրված ցուցանիշերի մանրամասներն է ներկայացնում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ:

—Պարոն Ջանջուղազյան, նախ ճշտենք, թե ի՞նչ չափով է կատարվել 2006-ի պետական բյուջեն, և ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել:
—Պետական բյուջեի եկամուտների մասով 412,4 մլրդ դրամ էր նախատեսվում ունենալ, սակայն տարվա ընթացքում տնտեսական զարգացման միտումները հաշվի առնելով, կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ճշգրտեց այս ցուցանիշը, որի արդյունքում արձանագրվեց ծրագրային 451,5 մլրդ դրամի ցուցանիշ, որի դիմաց էլ արձանագրվեց 97,8% կատարողական: Այստեղ շատ կարևոր է նշել այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում էր եկամուտներ և գրանտներ ցուցանիշին, որի երկու բաղկացուցիչները` սեփական աղբյուրներից ստացվող եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները, որոնք ակնկալվում էին արտաքին աղբյուրներից, տարբեր կատարողականներ են ունեցել: Մասնավորապես, սեփական եկամուտների մասով կատարողականը կազմել է 103,5%, իսկ արտաքին աղբյուրներից ստացվելիք պաշտոնական տրանսֆերտների մասով` 38,4%: Այս համեմատաբար ցածր կատարողականը պայմանավորված էր արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային դրամաշնորհների ուշացումով:
Որպես նշանակալի ազդեցություն ունեցած գործոն, թերևս առանձնացնենք Լինսի հիմնադրամի կողմից նախատեսված միջոցների ստացման հանգամանքը, որը վերջինիս հետ համաձայնագիրը նոյեմբերի վերջին ստորագրելու հետևանք էր, ինչի արդյունքում 2006-ի պետական բյուջեի կատարողական հաշվետվության մեջ, ըստ էության, ներառվել է այս ծրագրի շրջանակում մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքի ցուցանիշը: Սեփական եկամուտների մեջ տեսակարար մեծ կշիռ է ունեցել նաև հարկեր և տուրքեր ցուցանիշը, որն, ըստ ճշտված բյուջեի, կատարվել է 101,2%-ով, և այս տեսանկյունից ևս, ըստ էության, արդեն ավանդույթ դարձած ցուցանիշ ենք արձանագրել, քանզի վերջին տարիներին ապահովում ենք այնքան, որքան նախատեսել ենք, որոշ դեպքերում նաև դրանից էլ մի փոքր ավելին: Հարկային եկամուտների հետ կապված մեկ հանգամանք ևս կառանձնացնեի. ճշտված ծրագրային ցուցանիշից 2,3 տոկոսային կետով ավելի տնտեսական աճ ենք ունեցել` 13,3%, որի պայմաններում 0,2 տոկոսային կետով աճել է նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը` կազմելով 14,5%: Հատկանշական է նաև այն, որ վերջին երկու տարիներին ընդամենը հարկային եկամուտներում ավելանում է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը, որը մասնավորապես 2006 թվականին ավելացել է ևս 3,5%-ով` կազմելով 27,5%: Հարկային եկամուտների հետ կապված՝ չշրջանցենք նաև գերավճարների ետ վերադարձի հանգամանքը: Մասնավորապես, եթե 2005-ին վերադարձվել էր 16,2 մլրդ դրամ, ապա հաշվետու տարում այդ ցուցանիշն աճել է մինչև 17,9 մլրդ դրամի, ընդ որում, խոսքը կանխիկ միջոցներով ետ վերադարձի մասին է: Պետական բյուջեի ծախսերի մասով ևս տարվա ընթացքում ճշգրտումներ էին եղել, ու սկզբնական 482,2 մլրդ դրամին ավելացվել էր շուրջ 40,8 մլրդ դրամ՝ արդյունքում արձանագրելով 92% կատարողական: Այս ցածր կատարողականը ևս արդյունք է արտաքին աղբյուրներից ստացված միջոցների հաշվին իրականացվող համեմատաբար ցածր կատարողականի: Ի դեպ, սեփական միջոցներով իրականացվող ծրագրերը կատարվել են 98%-ով, և, նկատենք, վերոնշյալ 40,8 մլրդ-ից 39 մլրդ դրամը ներքին ռեսուրսների հաշվին իրականացման ենթակա ծրագրերի գծով է ավելացվել: Ծախսերի հետ կապված մեկ այլ հանգամանք ևս կարելի է նշել, ըստ որի պետական մարմինների կողմից պետական բյուջեի մասին օրենքով սահմանված բոլոր ծախսերի գծով ստանձնած բոլոր պարտավորություններն անվերապահորեն կատարվել են, ինչը նշանակում է, որ պարտքեր չեն կուտակվել, և նախատեսված բոլոր ծրագրերն ամբողջությամբ ապահովված են եղել ֆինանսական միջոցներով: Սա ևս վերջին տարիներին օրինաչափ դարձած երևույթ է, ինչը շատ ուրախալի է, քանզի որպես գնահատման միջոց այլևս ոչ միայն ֆինանսական միջոցների օգտագործման տոկոսն է հաշվի առնվում, այլև թե ի՞նչ արդյունքի է հնարավոր եղել հասնել դրա շնորհիվ: Ի դեպ, եթե 2005-ին միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացման ենթակա ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշներ էին նախատեսվել համապատասխան կատարողականի հաշվետվություն ներկայացնել, ապա 2006 թ. պետական բյուջեի մասին օրենքի համաձայն, դրան գումարվել էր նաև կրթության և գիտության, առողջապահության ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների համանման ցուցանիշների ներկայացումը, որոնք ամբողջությամբ` առանձին հավելվածների տեսքով, ներառվել են տարեկան հաշվետվության մեջ և հնարավորություն են տալիս թե պատգամավորներին և թե հանրությանը` կատարված աշխատանքն ամբողջությամբ գնահատել: Ինչ վերաբերում է դեֆիցիտին, ապա դրա համար բյուջեով նախատեսված շուրջ 71,6 մլրդ դրամի կատարողականը կազմել է 55,5%: Այստեղ էական դերակատարում է ունեցել այն հանգամանքը, որ բյուջեի կատարման արդյունքներով որոշակիորեն ավելի շատ ազատ միջոցներ են առաջացել: Թերևս փոքր-ինչ մեկնաբանեմ, թե այս դեպքում ինչ ասել է ազատ միջոցներ, որպեսզի տարընկալման տեղիք չտա ասածս: Խոսքը ոչ թե հավելուրդ ունենալու, ինչը պակասուրդային բյուջեի պարագայում բացառվում է, այլ բյուջեի կատարման ընթացքում լրացուցիչ դրամական միջոցներ գոյանալու մասին է: Ըստ այդմ որոշակի փոփոխության է ենթարկվել նաև դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Հիմնական ցուցանիշների մասով թերևս այսքանը:
—Հաճախ երկրին գնահատական տալու համար դիտարկվում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, ուստի ճշտենք, թե որքա՞ն է այն կազմել 2006-ին, ու նաև՝ թե զբաղվածության ինչպիսի՞ մակարդակ է արձանագրվել:
—Հաշվետու տարում ՀՆԱ-ի անվանական արտահայտությամբ ցուցանիշը 2 տրիլիոն 657 մլրդ դրամ է կազմել, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 824.940 դրամ: Անվանական արտահայտությամբ այս ցուցանիշը 2005 թվականի համեմատ աճել է 18,3%-ով: Նույն 2005-ի համեմատ որոշակի կրճատում է գրանցվել նաև գործազրկության մակարդակում` 0,8 տոկոսային կետով, կազմելով 7,4% կամ 2006-ի արդյունքներով 88.900 քաղաքացի է եղել գրանցված որպես գործազուրկ: Հաշվետու տարում որոշակի աճ է արձանագրվել նաև աշխատավարձերի առումով, և 2005-ի համեմատ 24,4%-ով աճել են աշխատավարձերը, ընդ որում հարկ է նկատել, որ բյուջետային հատվածի աշխատակիցների աշխատավարձերի աճն առաջանցիկ տեմպ է ունեցել` 28,1%, արձանագրելով 45.942 դրամ միջին աշխատավարձի ցուցանիշ:
—Պարոն Ջանջուղազյան, անդրադառնանք նաև պետական՝ թե արտաքին և թե ներքին պարտքին: Դրանցից յուրաքանչյուրի մասով որքա՞ն է այն կազմում և ինչպե՞ս է սպասարկվել 2006-ի ընթացքում:
—2006-ի տվյալներով արտաքին պետական պարտքը կազմել է 1 մլրդ 205,6 մլն դոլար: 2005-ի համեմատ այն աճել է 106,4 մլն դոլարով: Այստեղ կարևոր է ոչ միայն բացարձակ թվով այդ պարտքի չափը, այլև դրա մեծության և այլ ցուցանիշերի հարաբերակցությունը, որով էլ որպես կանոն գնահատվում է ցանկացած երկրի արտաքին պարտքի բեռը, և ըստ այդմ, բոլոր ցուցանիշերի առումով ՀՀ-ն գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: Ընդամենը մեկ օրինակ բերեմ` արտաքին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հաշվետու տարվա վերջի դրությամբ կազմել է 18,9%: Նկատենք, որ այս մասով որպես սահմանային ցուցանիշ է դիտարկվում 50%-ը, և, ինչպես տեսնում եք, մենք շատ հեռու ենք այդ ցուցանիշից, ու տա Աստված, որ երբևէ չհասնենք այդ սահմանին: Համենայնդեպս, այս պահին կարող ենք հստակ ամրագրել, որ ՀՀ-ն արտաքին պարտքի սպասարկման մասով որևէ ռիսկ չունի, և բոլոր պարտավորությունները ժամանակին ու ամբողջ ծավալով կարողանում ենք սպասարկել: Իհարկե, դա հետևանք է նաև հետևողական ու շարունակական աշխատանքի, որի արդյունքում մեր արտաքին պետական պարտքի զամբյուղը ձևավորող վարկային միջոցների հիմնական մասը` շուրջ 98%-ը, արտոնյալ պայմաններով են ներգրավված: Գործնականում սա նշանակում է, որ մենք ունենք էժան և նպատակային օգտագործման ենթակա բավականին հարմար վարկային միջոցներ: Տարվա ընթացքում արտաքին պարտքի գծով ստացվել է 93,35 մլն ԱՄՆ դոլար, իրականացվել է 48,3 մլն դոլարի արտաքին պարտավորությունների մարում, և շուրջ 10,16 մլն դոլար վճարվել է պարտքի սպասարկման նպատակով: Ներքին պետական պարտքի մասով ևս 2006 թվականը կգնահատեի որպես օրինաչափ դարձած ձեռքբերումների հերթական տարի, քանզի պետական արժեթղթերի թողարկման ծավալների ավելացմանը զուգահեռ հնարավոր եղավ նաև պարտքը բնութագրող հիմնական ցուցանիշերը, այսինքն պարտքի միջին կշռված ժամկետը 1100 օրվանից դարձնել 1348 օր, ասել է, թե երկարեց պարտքի ժամկետայնությունը: Ավելորդ չէ նաև նկատել, որ այդ ընթացքում թողարկվող պետական արժեթղթերի պահանջարկը շուրջ երկու անգամ գերազանցեց մեր կողմից առաջարկված ծավալները, ինչը պետության նկատմամբ վստահության լավագույն վկայություններից մեկն է: Որոշակի իմաստով բարելավվեց նաև պետական արժեթղթերի կառուցվածքն այն տեսանկյունից, որ միջնաժամկետ պարտատոմսերի ծավալի որոշակի մաս վերաձևակերպվեց երկարաժամկետ պարտատոմսերի, որը հնարավոր դարձավ տարվա ընթացքում որոշակի հետգնումների ու կատարված լրացուցիչ երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման շնորհիվ: Նկատենք նաև, որ Հայաստանն աշխարհի այն քիչ երկրների թվին է դասվում, որն անցյալ տարեսկզբին` երկրորդ տարին անընդմեջ, հրապարակեց պետական արժեթղթերի թողարկման ծրագիրը և գործնականում, առանց շեղումների, պահպանեց այն ամբողջ տարվա ընթացքում, ինչն էլ նպաստեց շուկայում պետության նկատմամբ վստահության աճին: Թողարկվեցին 4 երկարաժամկետ պարտատոմսեր` 15, 14, 11 և 10 տարի ժամկետայնությամբ, ինչը հնարավորություն ընձեռեց պետական պարտատոմսերի բաշխվածությունը հասցնել մինչև 2021 թվականը: Ներքին պետական պարտքի մասով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում նախատեսված էր 7 մլրդ դրամ` գանձապետական պարտատոմսերի թողարկմամբ: Ծրագիրը որոշակիորեն գերակատարվել է և ֆինանսավորվել 7 մլրդ 82 մլն դրամի շրջանակում` գանձապետական պարտատոմսերի միջոցով, իսկ եկամտաբերությունը միջինում 2005 թվականի 7,3%-ի դիմաց կազմել է 7,08%, ժամկետայնությունը երկարել է, ներքին պետական պարտքի ընդհանուր ծավալն էլ շուրջ 58 մլրդ դրամ է կազմել:
—Վերադառնալով զրույցի սկզբում Ձեր կողմից նշված դրամի որոշակի ազատ մնացորդով 2006-ը ավարտելու հանգամանքին, թերևս, պարոն Ջանջուղազյան, նաև ներկայացնեք, թե հատկապես ո՞ր ուղղություններով կուղղորդվեն դրանք:
—Թյուրիմացությունից խուսափելու համար մեկ անգամ ևս կուզեի շեշտել, որ խոսքը ոչ թե բյուջեն հավելուրդով ավարտելու, այլ բյուջեի կատարման արդյունքում որոշակի լրացուցիչ դրամական միջոցների առաջացման մասին է, ու նախ փորձեմ պարզաբանել, թե առհասարակ ի՞նչ պատճառներով կարող է դա տեղի ունենալ: Պատճառները շատ սահմանափակ են. եկամուտների՝ ծրագրից ավելի կատարում, նախատեսված ծախսերից ավելի պակաս դրամական միջոցների օգտագործում և ավելի շատ ֆինանսավորման աղբյուրների առաջացում, քան նախատեսված է: Սրանք են հիմնական այն երեք պատճառները, որոնց հետևանքով կարող են բյուջեի կատարման արդյունքում առաջանալ լրացուցիչ դրամական միջոցներ: Մեր դեպքում ուղղակի կարող եմ ասել, որ այդ միջոցների չափը կազմել է ավելի քան 21 մլրդ դրամ, որը հիմնականում առաջացել է ծախսային ծրագրերի մասով նախատեսված 41,8 մլրդ դրամից պակաս օգտագործելու հետևանքով: Երբեմն գնահատականներ են հնչում` դա լա՞վ է, թե՞ վատ: Կուզենայի նշել, որ այս դեպքում խոսքը վերաբերում է փաստի արձանագրմանը, իսկ եթե ուզում ենք լավ կամ վատ գնահատական տալ, ապա այդ տեսանկյունից եթե իմ նշած, օրինակ ծախսային ծրագրերը կատարվել են այնպես, ինչպես նախատեսված էր, ու դրա համար ավելի քիչ միջոցներ են ծախսվել, ապա դա միանշանակ լավ է: Եվ ընդհակառակը, եթե ծրագրեր կան, որոնք չեն կատարվել` առանց օբյեկտիվ պատճառաբանության, ընդ որում, ֆինանսական միջոցների առկայության պարագայում, ապա դա միանշանակ վատ է: ՈՒ քանի որ ներկայացնում եմ ամփոփ ցուցանիշերը, ինձ համար դժվար է ընդհանրական գնահատական տալ, բայց հաշվի առնելով, որ ոչ թե միջոցներ չենք ունեցել այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար, այլ միջոցները եղել են, բայց դրանց կարիքը չի եղել, կարծում եմ գնահատականը դրական է: Ինչ վերաբերում է նրան, թե դեպի ո՞ւր կուղղորդվեն այդ միջոցները, կարծում եմ այնքան էլ տեղին չի լինի կապակցել այդ ազատ միջոցները որևէ ծախսային ծրագրի, քանի որ մեր երկրի բյուջետային համակարգը չի առանձնացնում մուտք-ծախս կապերը: Մենք ունենք տարբեր տեսակի մուտքեր, որոնց բյուջետային դասակարգումը սահմանված է օրենսդրությամբ, ու ըստ այդմ դրանք դառնում են բյուջետային միջոցներ և օգտագործվում են այն ծրագրերի համար, որոնք նախատեսվում են բյուջեի ծախսային մասում: Ասել կուզի, թե պետական բյուջեի որևէ մուտքային տեսակ, որպես կանոն, չի կապակցվում ծախսային տեսակի հետ: Իհարկե, բացառությամբ արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի, որոնք, ինչպես հայտնի է, տրամադրվում են միայն այն ժամանակ, երբ կոնկրետ տվյալ ծրագիրն արդեն կատարվել է որոշակի չափով և այդ չափով էլ տրամադրվում է, եթե խոսքը վերաբերում է համաձայնագրի շրջանակում կատարված ծախսերին: Վերոնշյալը հաշվի առնելով էլ ես ձեռնպահ կմնամ նշված ազատ միջոցները ծախսային որևէ ծրագրի հետ կապելուց:

Զրուցեց ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
Source: http://www.iravunk.am/

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/09/27/87/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: