եթե ոմանք կարծում են, թե իշխանությունները հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից են զայրացել` անցնելով փորձված կոմպրոմատային պատերազմի, սխալվում են: Չենք բացառում, իհարկե, որ Տեր-Պետրոսյանի խոսքը պարզապես ցնցեց ոմանց առանց այդ էլ ծայրահեղ պրկված նյարդերը, քարոզչական պայքարում նաև ակնհայտ վրիպակների ու սխալների հանգեցնելով, բայց խնդիրն այն է, որ ամեն գնով կրկին վերարտադրվելու ցավով տապակվող իշխանությունների վախն ու զգուշավորությունը, շուրջբոլորն ահուսարսափ տարածելու մարմաջը դեռ սեպտեմբերի 21-ից շատ առաջ էին դրսևորվում: Ընդ որում` ոչ միայն ժողովրդի կամ քաղաքական ուժերի շրջանում:

Բանն այնտեղ է հասել, որ պետական կառավարման համարյա բոլոր օղակներում երկու-երեք հոգի արդեն վախենում են նույնիսկ իրար հետ երկու բառ զրուցել, առավել ևս` երկրում տիրող իրավիճակի առիթով թեկուզ ամենաանմեղ դժգոհություն արտահայտել: Շատ հավաստի աղբյուրներից տեղեկացված ենք, որ դրանից անմիջապես հետո անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցը կանչում է տվյալ պաշտոնյային և «խնդրում գրավոր բացատրել», թե ինչու և ինչպես է կառավարման օղակում հայտնված մարդը համարձակվել դժգոհել, ասենք, գների բարձրացումից, այս կամ այն օլիգարխի մենաշնորհից, լծակների անբավարարությունից և այլն: ՈՒստի, հատկապես նախարարություններում, մարդիկ գերադասում են բերանները փակ պահել և եթե ակտիվորեն լծված չեն իշխանության տնտեսական աճերն ու այլ «բարեմասնությունները ներբողելու պարտադրանք-ցանկությանը», սուս-փուս գալ գործի-տուն քաշվել: Շառից-փորձանքից հեռու, այսինքն, որովհետև 37 թիվը հո պոզով-պոչո՞վ չի լինում:
Այս պատմության մեջ ամենահետաքրքիր կետը, սակայն, այն է, որ, չնայած իշխանությունների փորձված և ցայսօր իրեն արդարացրած այս մեթոդի գործարկմանը, նույն այդ պետական օղակներում առկա դժգոհությունը գնալով ավելանում է: Բնական է` մարդիկ հոգնել են, բոլորն են անհամբեր իրավիճակի փոփոխման հարցում, իսկ Ազգային անվտանգության համապատասխան մարմիններին անչափ զայրացնում է հատկապես այն հանգամանքը, որ դրանց մեջ ոմանք Տեր-Պետրոսյանի առաջադրումը ոչ միայն երկրի, այլև իրենց համար են փրկօղակ դիտարկում: «Այս խայտառակությունը, ի դեպ, մինչև նախարարների տեղակալների ու վարչության պետերի մակարդակ է արդեն գործում: Նույն վիճակն է նաև գործարար շրջանում. մարդիկ ասում են` եթե հիմա պիտի բոլոր հարկերը օրինական կարգով վճարենք, որ որպես հրահանգ է իջեցվել վերևներից, էլ ինչո՞ւ ենք կաշառք տալիս, դե գնանք օրինական դաշտում աշխատենք: Ասում են` եթե ստվերից պիտի դուրս գանք, էլ ինչո՞ւ ստորանանք, ավելի լավ է` նորմալ իշխանություն լինի, իմանանք ինչ ենք անում»,- պնդում է մեր աղբյուրը, հավելելով, թե դեռ Տեր-Պետրոսյանի «մեսիջից» առաջ էին նրանք այդպիսի մի բան կամենում լսել: Ավելին` մեր աղբյուրը պնդում է, թե գործարարները խոստացել են պաշտպանել ցանկացած թեկնածուի, եթե միայն նա խոստանա, որ նորմալ պայմաններ կստեղծի բիզնեսի համար, սեփականության զանգվածային վերաբաշխում չի լինի: Դարձյալ բնական է. Սերժ Սարգսյանը ժողովրդին խոստումներ է տալիս, իսկ դրանց տակ «հակում են» այս մարդիկ:
Եվ ոչ միայն նրանք: Ասում են` իր նշանակումից հետո խիստ լուրջ դժգոհություն է արտահայտել նաև հարկային ծառայության նորանշանակ պետը, որը մտածել է, թե մեզանում այլևս կանխավճարների ինստիտուտ չկա: Բայց ոչ. պարզվում է` նախորդը, իշխանությունների հրահանգով, դեռ երկու ամիս առաջ է հավաքել գերավճարները: Ասում են` դժգոհության թիրախն էլ հայտնի է` Քոչարյանը, և հիմա նա հատուկ մի հանձնաժողով է ստեղծել, որ հարկային մարմիններում իրավիճակ «ճշտի»: Գուցե նաև պատժի «լիազորությունները գերազանցած պաշտոնյային, ով հերթական անգամ փողի վրա նստած` փող է ուզում, որ իրենց ներկայացրած թվերը ճիշտ դուրս գան»: Իսկ իրականում ամեն բան այնքան էլ լավ չէ, սիրելիներս, այսպիսի իրավիճակ մեկ էլ լուսահոգի Վազգեն Սարգսյանի` վարչապետ դառնալուց հետո էր եղել, որը երբ ծանոթացավ, նաև սարսափեց քոչարյանական ժառանգությունից, ստիպված բյուջեի սեկվեստոր արեց. ողջը փուչիկ էր, փաստորեն: Նա, ի դեպ, դրանից հետո որոշեց մի մեծ «համաներում հայտարարել», ամեն բան սկսել զրոյից, բոլորին բերել հարկային դաշտ, բայց հոկտեմբեր 27-ը, ցավոք, խանգարեց գործին:
Հիմա թե նույն իրավիճակում վարչապետ Սերժ Սարգսյանն ինչպես է հայտարարում, որ թոշակ ու աշխատավարձ է բարձրացնում, թե նախագահը զարգացման ինչ «հավակնոտ ծրագրերից» է խոսում, թե բյուջեն ոնց են դարձնում 2,5 միլիարդ դրամ, անհայտ է: Չնայած` «խելքը սիրեմ». եթե դոլարը մի քիչ էլ արժեզրկի` 200-ի սահմաններին մոտեցնելով, ի՞նչ կա որ` կհաջողի, երկու նման բյուջե էլ կգերակատարի: Բայց` մի փոքրիկ բայց կա: Առջևում ընտրություններ են, ու սատանան չգիտե, թե ինչ կարող է ստացվել «համախառն ու մասնավոր կոմբինացիաներից», չնայած հարկայինը օրուգիշեր զբաղված է սոցիալական ֆոնդի գումարների հավաքումով, գործարարներն արդեն հրաժարվում են գերավճարներ անել բյուջե, իսկ ահա աղվանական օղակներն էլ մեկ այլ ձև են գտել. խոսում են կենսաթոշակի ավելացման մասին, իբր սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա արդարացի գոյաձև, իսկ դրա կողքին այնքան մարդու են զրկում ընտանեկան նպաստից, որ գնա գլուխդ պատին տուր:
Այնպես որ, սիրելիներս, եթե Տեր-Պետրոսյանը մեզ կյանքի բարելավման «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» մոդելն էր առաջարկում, Սերժ Սարգսյանը որոշել է ճամփաբաժանի իմաստուն ծերուկ «դառնալ» և հատկապես գործարարներին առաջարկում է«Դժո՞խք, թե՞ դրախտ» մոդելը: Ասում են` գործարարներն այս ռեբուսի պատասխանն արդեն գրանցել են, նրանցից մեկը մեզ փոխանցեց, թե` գրեք` կազինո:
Այսպիսով, իրավիճակը շարունակում է «լողալ» ճիշտ մեր փոխարժեքի հանգույն: Եվ որքան էլ մասնագիտությամբ հնագետ, բայց տեսակով դաշնակցական Վահան Հովհաննիսյանը «Կավկազսկի ուզելներում» «գելը կապի էրկու բթով, էրկու բթով, էրկու մատով», նաև հայտարարի, թե մեր կենաց ծառի այժմյան թեք դիրքը պայմանավորված է էն գլխից «ծուռտիկ» ՀՀՇ-ով, փաստ է, որ իրենք սեփական թեկնածուի պաշտոնական առաջադրման հայտարարությունը հետաձգեցին մինչև նոյեմբերի 10-ը, որպեսզի տեսնեն` արդյո՞ք առաջադրվում է «բաղձալի» Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ: Բա, իհարկե, լրիվ իրավունք կունենան ազգային արժեքների ծիրի մեջ խոշոր առևտուր սկսել իշխանությունների հետ…
Բայց չթվա, թե «նետը հիմա միայն խեղճ դաշնակների կողմն ենք ուղղել». մյուսների հալն էլ հալ չի առանձնապես, որովհետև թե չլիներ Տեր-Պետրոսյանը, ո՞վ էր նրանց հետ «թեկուզ փոքրիկ մասնաբաժնով խոսակցություն վարելու»: Ինչևէ, ասելիք շատ կա, բայց այդ մասին արդեն` հաջորդիվ:

ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ
Source: http://www.iravunk.am/

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/09/27/86/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: