Ամերիկյան ռազմական փորձագետներն անցած երեքշաբթի այցելեցին Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայան և ծանոթացան նրա գործունեությանը։ Այցը տեղի ունեցավ Մոսկվայի այն առաջարկության շրջանակներում, որ հնարավոր է Վաշինգտոնի հետ համատեղ շահագործել այդ կայանը՝ իբրև այլընտրանք Եվրոպայում տեղակայվելիք ԱՄՆ հակահրթիռային համակարգի։ Ինչպես հաղորդել էր ամերիկյան ներկայացուցիչներից մեկը, հոկտեմբերի 10—ին Մոսկվայում կկայանա արդեն երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումը 2+2 ֆորմատով, որի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի առաջարկը՝ ԱՄՆ—ի հետ համատեղ օգտագործել հիշյալ կայանը։
Այսպիսով, ամերիկացիներն առաջին անգամ հնարավորություն ստացան այցելել նախկին Խորհրդային Միության ամենագաղտնի ռազմական օբյեկտներից մեկը, որն այսօր Ռուսաստանի տիեզերական զորքերի կարևոր բաղադրիչն է հանդիսանում։ Ըստ այդմ, չի բացառվում, որ երբևէ կարող են աշխատել այնտեղ, իսկ Գաբալայի կայանը հնարավորություն է տալիս հսկելու Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոսն ընկած ամբողջ տարածքը, այդ թվում ԱՄՆ—ին խիստ հետաքրքրող Իրանը։ Այնուհանդերձ, միջազգային լրատվամիջոցներով այս հարցի շուրջ բարձրացրած աղմուկը և ենթադրությունները, թե ռուս—ամերիկյան հարաբերություններում «աննախադեպ ճեղքում» է տեղի ունեցել, կարծես ավելին չեն, քան քաղաքական բլեֆ, որը բացառապես քարոզչական նպատակներ է հետապնդում և շատ հեռու է գործնական արդյունքից։ Մերկապարանոց չերևալու համար փորձենք հիմնավորել հիշյալ ենթադրությունը։
Սեպտեմբերի 18—ին, երբ ամերիկյան ռազմական տեխնիկական մասնագետներն ամբողջ օրը գտնվում էին Գաբալայում, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ծրագրի ղեկավար, գեներալ—լեյտենանտ Հենրի Օբերինգը, չսպասելով այդ մասնագետների եզրակացությանը, արդեն իսկ կատեգորիկ հայտարարեց, որ խորհրդային ժամանակների ռադիոլոկացիոն համակարգով հնարավոր չէ փոխարինել այն ռադիոլոկացիոն կայանը, որը Վաշինգտոնը պատրաստվում է տեղակայել Չեխիայում։ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչն առաջարկեց Կրեմլին՝ Գաբալայի կայանն ընդգրկել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ընդհանուր համակարգի մեջ, որպեսզի «տանդեմով աշխատելու հնարավորություն ստեղծվի»։ Գեներալ Օբերինգի պնդմամբ, Ադրբեջանում գտնվող և ռուսների կողմից շահագործվող այս կայանը կարող է օգտակար լինել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում նախապես տեղեկացված լինելու համար։ Սակայն շատ մոտ է գտնվում Իրանի տարածքին, ինչն անհնարին է դարձնում այն օգտագործել իրանական հրթիռները հակահրթիռներով ոչնչացնելու առումով։ Ըստ գեներալի, Չեխիայում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանը տեղակայելու պարագայում դրա համատեղ շահագործումը Գաբալայի հետ զուգահեռ «կլիներ շատ օգտակար համագործակցություն»։ Սակայն Օբերինգը միաժամանակ նշել էր, որ չգիտե, թե դա որքանով ընդունելի կլիներ ռուսների համար։
Զարմանալի զուգահեռմամբ և նույնքան հրատապ կարգով խնդրի առնչությամբ իր տեսակետը հայտնեց Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկին։ Ամերիկյան գեներալի հարցադրմանը նա արձագանքեց հետևյալ կերպ. «Այն, ինչ այսօր ստեղծվում է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության առումով, հստակ ուղղված է Ռուսաստանի դեմ։ Եվ ոչ ոք ինձ հակառակը համոզել չի կարող։ Նրանք մեզ առաջարկում են համաձայնել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի երրորդ դիրքային շրջանի ստեղծմանը։ Եվ նրանց նպատակը, հավատացեք ինձ որպես մասնագետի, Իրանի պատրանքային սպառնալիքը չէ, ինչին ամերիկացիներն իրենք էլ չեն հավատում։ Այդ դեպքում ինչի՞ համար է այդ ամենը նախատեսված. կպատասխանեմ որպես իմ երկրի քաղաքացի, որ ԱՄՆ—ում ինչ—որ մեկը վախեցած է Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական աճից»։
Գլխավոր շտաբի պետի հայտարարությանը հաջորդեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլյակի հայտարարությունը, որ Ռուսաստանի նախագահի առաջարկությունը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետ կապված վերաբերում էր ոչ թե այդ կայանի օգտագործմանը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգում, այլ բազմակողմանի համագործակցություն սկսելուն։ «Մեր առաջարկությունը հանդիսանում է տրամաբանական այլընտրանք Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը և ոչ թե այդ համակարգին մեկ բաղադրիչի ավելացում»,— նշել էր Սերգեյ Կիսլյակը։ Արձանագրենք նաև, որ Ջորջ Բուշի վարչակազմն արդեն իսկ հայտարարել է, որ ռադիոլոկացիոն կայանները համատեղ շահագործելու Կրեմլի առաջարկը չի կարող այլընտրանք հանդիսանալ Լեհաստանում և Չեխիայում տեղակայվելիք ԱՄՆ հակահրթիռային համակարգին։ Ավելին՝ «ԱՄՆ իշխանությունները Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը անհուսալիորեն հնացած են համարում, որպեսզի այնտեղ հնարավոր լիներ տեղաբաշխել հակահրթիռային պաշտպանության այնպիսի համակարգ, որ ձեռնտու լիներ Սպիտակ տանը»,— նշել է մասնավորապես Ասոշիեյթեդ—Պրես գործակալությունը։ Այս կարծիքը, ըստ էության, հաստատեց Ռուսաստանի տիեզերական զորքերի շտաբի պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Յակուշինը, որը տեղեկացրեց հանրությանը, թե Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը կարող է ֆիքսել ինչպես ստրատեգիական, այնպես էլ օպերատիվ—տակտիկական ցանկացած տիպի հրթիռների արձակումը, որոնք, ի դեպ, առկա են Իրանի զինանոցում, սակայն կայանն ընդունակ չէ այդ հրթիռները խփելու համար նախատեսված հակահրթիռների կոորդինացիան ապահովել, առավել ևս, եթե դրանք ամերիկյան են։ Եվ այդ կայանը ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգին համապատասխանեցնելը գործնականում անհնար է։
Այսպիսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած քաղաքական բլեֆի շրջանը, որի մեջ ոչ պակաս բուռն ձգտումով ընդգրկվեց նաև նրա ամերիկյան կոլեգան, փակվեց։ Պենտագոնի համար հայտնաբերվեց հիմնարար պատճառ, ըստ որի նա կարող է հրաժարվել ռուսական առատաձեռն առաջարկից։ Սակայն իրավիճակի անհեթեթությունը կայանում է նրանում, որ «Մեծ ՈՒթնյակի» վերջին գագաթաժողովի ժամանակ անձամբ Ռուսաստանի նախագահն էր ամեն կերպ գովերգում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի տեխնիկական հնարավորությունները, և որ դրանք հնարավորություն են տալիս հայտնաբերելու, հետևապես նաև խփելու հավանական հակառակորդի հրթիռները, երբ դրանք հազիվ են հայտնվել օդում։ «Ըստ որում, այդ հրթիռների կտորտանքը թափվելու է ոչ թե եվրոպական քաղաքների վրա, այլ ծովը, ինչը նույնպես քիչ նշանակություն չունի»,— նշվում էր ռուսական կողմից։
Դժվար է ենթադրել, որ այդքան ակտիվ և ամեն ինչ վերահսկել փորձող նախագահը, ինչպիսին Պուտինն է, չգիտեր իրական պատկերը։ Ավելին, այն ժամանակ, երբ Ռուսաստանը նախանձելի հետևողականությամբ շրջափակում է Արևմուտքի բոլոր նախաձեռնությունները` ուղղված Իրանի ատոմային ծրագրի դեմ, այսպիսի առաջարկությունն ավելի քան տարօրինակ թվաց։ Թեկուզ և գոյություն ունի կարծիք, թե Ռուսաստանին ձեռնտու է ԱՄՆ—ի և Իրանի միջև հակամարտության խորացումը, այնուհանդերձ, այդքան ուղղագիծ տակտիկական քայլերը, որոնք ցույց են տալիս, թե Ռուսաստանը փաստացի ընդունում է Իրանի կողմից հնարավոր վտանգի առկայությունը, ոչ մի կերպ չեն տեղավորվում նույնիսկ տրամաբանական ռազմավարության շրջանակներում։ Եվ այս առումով շատ բնութագրական է Իրանի արտգործնախարարության հայտարարությունը, թե Կրեմլը նախօրոք երաշխիքներ է տվել, որ միևնույն է` Գաբալայի կայանը ԱՄՆ—ի հետ համատեղ չի շահագործվի։
Ըստ այդմ, ակնհայտ է դառնում, որ առաջարկի մերժումը ռուսական կողմին հայտնի էր ի սկզբանե, և Մոսկվայի նախաձեռնությունն ավելին չէր, քան քաղաքական խաղ, որն ուղղված էր ոչ աշխարհաքաղաքական և գլոբալ անվտանգության խնդիրների լուծմանը։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նախագահի առաջարկը հաջողված քարոզչական հնարք էր, որը նպատակ ուներ թուլացնել հակառուսական քննադատությունը Արևմուտքում` ռուս—իրանական հարաբերությունների հետ կապված։ Ինչպես նաև միաժամանակ ցույց տալ աշխարհին, որ ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ—ի համար գլոբալ անվտանգության խնդիր չէ, այլ աշխարհաքաղաքական հավակնությունների իրագործման միջոց։ Եվ վերջապես ամենակարևորը. Ռուսաստանի նախագահը հաշվարկել էր, որ Գաբալայի հարցը քննարկման դնելով հնարավոր է ժամանակ շահել և կասեցնել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչների անհապաղ տեղադրումը Եվրոպայում։ Այդ նպատակներն այս կամ այն չափով Ռուսաստանը կարողացավ իրագործել։ Դրա վկայությունն է Եվրոպայի սոցիալիստների հայտնի հայտարարությունն ամերիկյան ծրագրի իրագործման անթույլատրելիության մասին։
Համադրելով փաստերը` ստացվում է, որ Գաբալայի կայանը համատեղ օգտագործելու առաջարկը միայն «Պուտինի բլեֆն էր», այն հաշվարկով, որ իր կառավարման ավարտին առավելագույն օգուտով օգտագործի իր համար Ադրբեջանում ռուսական բազայի առկայության գործոնը։ Այսպես, թե այնպես, ամերիկյան պատվիրակության այցելությունը Գաբալայի ռադիոլոկացիոն կայան չէր հանգեցնելու դիրքորոշումների անհապաղ փոփոխության հակահրթիռային պաշտպանության խնդիրների շուրջ ծավալվող ռուս—ամերիկյան բանակցություններում։ Սակայն փորձագետները գտնում են, որ փոխզիջում այստեղ միգուցե և հնարավոր է, և կողմերը դրան կհասնեն Պուտինի և Բուշի կառավարման վերջին ամիսներին, եթե նրանք որոշեն քաղաքական ժեստ կատարել լավ ժառանգություն թողնելու համար։
Ընդհանուր առմամբ, այս ամբողջ գործընթացում և տիտանների քաղաքական խաղում տարօրինակ և բավականաչափ ծիծաղելի դիրքորոշում ուներ Ադրբեջանը։ Բաքվում կարծես հստակ համոզում ունեին, որ ռադիոլոկացիոն կայանը ոչ միայն պատկանում է իրենց, այլև դրա շուրջ ծավալված գործընթացից կարելի է լուրջ դիվիդենտներ քաղել։ Իր չինովնիկների բերանով Բաքուն չի հոգնում հայտարարելուց, թե «ռուս—ամերիկյան համագործակցությունը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում կհանգեցնի այդ օբյեկտի ստրատեգիական նշանակության բարձրացմանը, և միաժամանակ կավելանան Ադրբեջանին սպառնացող վտանգներն ու նրա անվտանգության երաշխավորումը ձեռք կբերի հատուկ նշանակություն»։ Ինչպես տեսնում ենք, այդ ամենից ոչինչ էլ դուրս չեկավ։

ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Source: http://www.iravunk.am/site/more/766/

Permanent link:  http://www.armpress.com/iravunk/2007/09/24/24/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

    • September 2007
      M T W T F S S
          Oct »
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
  • Archives

  • Links

  • International newspers: