Sep
20
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ «ԹՅՈՒՆԻՆԳ»
Filed Under Iravunk newspaper
Կարծես փոքր-ինչ վաղ էր, սակայն ստարտը նախանշող Սերժ Սարգսյանի «ազգային» ասուլիսը բացառապես այդ նպատակն էր հետապնդում: Եվ առաջին հայացքից անչափ «անմեղ», միայն տնտեսությանն ու «միջին քաղաքացուն» ուղղված հարցազրույցն իրականում կոդային վերջնական «մեսիջ» էր` ի ծագս աշխարհի:
Նախ` դիտարկենք տեղի ունեցած հարցազրույցի ֆոնը: Չէ՛, նկատի չունենք «Հ1»-ի կիրառած տեխնոլոգիական նորարարությունները, չնայած դրանք կային:
Սկզբի համար ասենք լոկ, որ նկարահանումը կարծես ընթացել էր ոչ թե տանտիրոջ` կառավարության, այլ, ոչ ավել-ոչ պակաս, ԱԳՆ-ի «մանսարդում» (ականջը կանչի Քոչարյանի «մասանդրայի»): Այն ԱԳՆ-ի, որի «տիրոջը» մի քանի օր առաջ Գևորգ Պողոսյանի սոցիոլոգիայով «առաջնահերթության» քվոտաներ էին հատկացվել, եզրակացությունները թողնում ենք ընթերցողին, մենք առաջ ենք անցնում` առավել կարևոր փաստերը շեշտելու:
Այսպիսով, Ս. Սարգսյանի հարցազրույցը տեղի էր ունենում ՌԴ-ում տեղի ունեցած կառավարության փոփոխությունից «մի քանի ժամ անց», նույն երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի` տրանսպորտի նախարար Ի. Լևիտինի այցից «վայրկյաններ առաջ»: Երկրորդենք. բոլոր եզրակացությունները թողնում ենք ընթերցողին, համադրում ենք ընդամենը փաստերը:
Իսկ պարոն Լևիտինը միայնակ չէր իր այցում: «Այդ պահին» Արևմուտքն էլ էր Հայաստանում, ի դեմս նույնքան ոչ անհայտ, մի շարք և հատկապես բանկային հզոր բիզնեսի ներկայացուցիչ, հայազգի Վաչե Մանուկյանի: Այն Մանուկյանի, որը տևական ժամանակ չէր այցելում Հայաստան, որովհետև նրա և Ռ. Քոչարյանի հարաբերությունները, մեղմ ասած, բանի նման չեն առ այսօր (սա առանձին խոսակցության թեմա է և մեր դիտարկման ծիրից դուրս, պարզապես հիշենք, որ դեպ ԱՄՆ, ավելի ճշգրիտ` Հարվարդի համալսարան ճամփան մշտապես պարոն Մանուկյանի «դռնով» է անցել), վերջինս տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստան էր եկել այս տարվա ապրիլին, իսկ ասուլիսին հաջորդող օրը նա ու ասուլիսատեր Ս. Սարգսյանը HSBC-ի բանկի նոր բաժանմունքն էին բացում:
Ասուլիսը եթեր հեռարձակվեց այն նույն օրը, երբ իր աշխատանքներն էր սկսել կառավարության մաս, համաձայնագրային պարտավորություններ ունեցող ՀՅԴ Գերագույն ժողովը, որը պետք է հաստատեր նաև նախագահի իր թեկնածուին: Նույն օրը նաև ինֆորմացիա «արտահոսեց». հնարավոր է` ՀՅԴ-ն «դեռ թեկնածու չհաստատի»…
Ի դեպ, հենց ասուլիսամերձ այդ օրերին հայաստանյան լիբերալ դաշտը վերջնականապես հստակվեց. կարծես ստացվել էր հարցի պատասխանը. վերադառնո՞ւմ է Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ:
Եվ վերջապես, սույն «պատմական» ասուլիսի օրն էր, որ տեղի ունեցավ երկար սպասվածը. Քոչարյանը, ի դեմս իր խոսնակի (սա արդեն Քոչարյանի մոտ խասյաթ է դառնում. խոսնակի միջոցով էր, որ նա իր օրերում անդրադարձավ Ս. Սարգսյանի` ՀՀԿ անդամակցության գերկարևոր փաստին ևս, և ինչպես ասում են փորձագետները` «աչք ունի, լույս չունի տեսնելու» Ս. Սարգսյանի «ձեռքբերումները»), մի խոսքով, վերջապես հայտարարվեց, որ Քոչարյանն անվերջ ու աներկբա սատարում է Սերժ Ազատի Սարգսյանին:
Ասել է` Քոչարյանը վարչաֆինանսական ողջ ռեսուրսը, ազդեցության հզոր դաշտը «լողացող-սահուն» կուրսով դրեց վարչապետի տակ: Այս ամենը, իհարկե, հեչ նման չէ Քոչարյանին (նա կա՛մ իր մտքին ինչ-որ ուրիշ` երրորդ բան ունի, կա՛մ Ղարաբաղի հարցի շուրջ սպասվող զարգացումներն են նրան ստիպել հաշտվել այդպիսի հանգուցալուծման հետ և կա՛մ էլ իսկապես` Սերժ Սարգսյանն ու ինքը պայմանավորվել են` հազար ու մի պատճառով. սրանց մասին մեկ այլ անգամ): Բայց մի «կետով» թույլ տվեք «ընդարձակվել»: «Մի չորս-հինգ ամիս կհանգստանամ, հետո կտեսնեմ»,- անչափ մոտ մերձակայքին ասել է «տխրադալուկ» Քոչարյանը:
Ահա պատճառահետևանքների այն ողջ հանրագումարը, թե ինչու այլևս մեկընդմիշտ ու անփոփոխ իրավահաջորդ Ս. Սարգսյանը հատկապես «այդ ժամին ու այդ տեղում» հարկ համարեց «բացահայտել» նախագահական իր ծրագրերը:
Այժմ բուն հարցազրույցի մասին: Ակնհայտ էր` Ս. Սարգսյանը փորձում էր նոր իմիջով հանդես գալ: Թե՛ հարցազրույցի կատարման, թե՛ բովանդակային ձևաչափը միանշանակ այդ էին հաստատում:
«Կատարողական» ձևաչափ. ի տարբերություն Քոչարյանի, որն անվերջ «թյունինգ» էր անում անձնական օգտագործման էլեկտրալրատվամիջոցների առաջ, Սերժ Սարգսյանը հանդես եկավ «բացօթյա», այն է` տպագիր, կենտրոնամետ լրատվամիջոցի առաջ` շեշտելու, որ նորովի մոտեցումներ է արձանագրում: Սակայն մեկ բացթողում, բոլոր դեպքերում, նա կատարեց. «…եթե մարդու գրչից, խոսքից թույն է թափվում, ես ավելորդ եմ համարում այդպիսի մարդկանց հետ բանավիճել կամ ավելորդ ջանքեր գործադրել»:
Իսկ մենք մեզ թույլ տանք բանավիճել ապագա թեկնածուի հետ. Դուք, պարոն Սարգսյան, նաև նրանց նախագահն եք լինելու ապագայում… եթե ընտրվեք: Այնպես որ` նայեք: Առայժմ` այսքանը:
Ինչ վերաբերում է բովանդակային «թյունինգին», ապա Ս. Սարգսյանն իր նախագահական քարոզարշավը սկսեց տնտեսությունից: Հասկանալի է, տնտեսությունն ԱԱ և պաշտպանության նախարար աշխատած ուժայինի համար հաստատապես ամենաուժեղ կողմը չէ: Չնայած` Վազգեն Սարգսյանն էլ իր վարչապետությունը սկսեց հենց «այդտեղից». այս մասին` ներքևում:
Այժմ հարց. ինչո՞ւ հատկապես տնտեսությունից: Պետք է հաշվի առնել, որ Ս. Սարգսյանի հարցազրույցը մեծ հաշվով ուներ երկու հասցեատեր.
ա/միջին վիճակագրական հայ,
բ/արտաքին աշխարհ և հատկապես` Արևմուտք:
Իսկ տնտեսությունից, որովհետև դրսի` Արևմուտքի (Ռուսաստանի մասով, ինքնին ամեն ինչ պարզ է) մասով նա իր քաղաքական խոստումներն արդեն իսկ տվել է (Պենտագոն ու Բրյուսել կատարած այցերի և հարակից գործողությունների արդյունքում). Ղարաբաղի հարցում ասել` արժանապատիվ փոխզիջումներ, «հայ-թուրքականի» մասով` սահմանի բացում, հայոց բանակի բարեփոխում` միջազգային չափորոշիչներին համապատասխան, զորքեր Կոսովոյում, Իրաքում, Ջավախքում կայունության պահպանում… նկատո՞ւմ եք, համարյա լիբերալ ծրագիր. այս մասին` վերջում:
Առայժմ շարունակենք մեր «պատումը» առաջին հասցեատիրոջ մասով. «անչափ մարդկային» տարբերակով Ս. Սարգսյանը փորձում էր «զրույցի մեջ քաշել» միջին վիճակագրական հային` խոսելով վերջինիս հուզող բոլոր հարցերից` թոշակների բարձրացում, գյուղի զարգացում (ասենք անկեղծ` հարցազրույցը դինամիկայի առումով շատ հաճախ ջանջալանում էր), այդ ընթացքում նա ոչ միայն հիշեց Վանոյենց Կոթին (Տեղն էլ), այլև առանց դիվանագիտության մտավ քաղաքացու, տաքսու վարորդների տուն, ասաց. «…Այլընտրանք չկա. ճիշտ ճանապարհը մարդկանց հետ խոսելն է, խորհրդակցելն է»:
Հասկանալի է, Ս. Սարգսյանը հասկացվելու, հասարակական աջակցության խնդիր ունի, և պետք է, որ առաջին հերթին միջին վիճակագրական հայի հետ փորձի գործ «բռնել»: Ինչ կստացվի դրանից, կերևա առաջիկայում, սակայն երկրորդ «հասցեատիրոջ» մասով նույնպես ամեն բան չէ, որ պարզ է: Ի դեպ, այդ «հասցեատերն» իր ենթահասցեատերն ունի Հայաստանում` հակառակ կողմից (գործարարների մասին է խոսքը):
Ողջ հարցազրույցի ընթացքում, այսպես ասած, կոդավորմամբ, ընթանում էր ամենակարևոր միտքը: Ըստ ամենայնի, պատասխան էր տրվում հարցին, որին շատերն են սպասում: Այո՛ խոսքը համակարգային փոփոխությունների մասին է. սրան են սպասում ոչ միայն հայաստանյան որոշ քաղաքական ուժեր, միջին քաղաքացին, այլև դուրսը: Գնալո՞ւ է դրան Ս. Սարգսյանը: Գոնե հարցազրույցից և գոնե արտաքուստ հասկացնում էր, որ` այո: Ընդ որում, հետաքրքրականն այն էր, որ այս հարցում Ս. Սարգսյանը «խոր» դիվանագիտություն էր բանեցնում: Համակարգային փոփոխման հաստատումը չբարձրաձայնեց ինքը` նախագահական ընտրություններն արդեն սկսած թեկնածուն:
Շատ խելոք լինել պետք չէր` հասկանալու, որ նախագահական ընտրություններից առաջ Ս. Սարգսյանը միանգամից, դանակով չէր կտրելու իր «ամբողջությունն» «անպատասխանատու» գործարարների հետ, անելիքը տեսանելի դարձնելու գործը «թողնվել» էր լրագրողի փխրուն ուսերի վրա: «Ձեր նշած փոփոխությունների ամբողջ շարանը ենթադրում է, որ մենք իսկապես համակարգային փոփոխություններ ենք ակնկալելու»,- հարցազրույցի ավարտին վերջապես ասաց լրագրողը:
Հիմա ճիշտ ժամանակն է հիշել Վազգեն Սարգսյանին: «Պետք է ստեղծել բոլորի համար հավասար դաշտ… Եթե վատ աշխատեցին, խախտեցին պայմանավորվածությունները, առաջինը ես կխոսեմ ու կանգ չեմ առնի օրենքով թույլատրված ցանկացած քայլի առաջ` ցա՛ն-կա՛-ցա՛ծ. երկրի, ժողովրդի հետ խաղ անել չի կարելի. այս խաղի գինը չափազանց բարձր է»,- Վազգեն Սարգսյանն էր ասել հարկերի հավաքագրումը նորովի սկսելուց, հոկտեմբերի 27-ից առաջ: Սա` հենց այնպես:
Հասկանալի է, Ս. Սարգսյանը փորձում է մինչև վերջ չայրել կամուրջները հարկատու-գործարարների հետ ու ենթատեքստերով հասկացնում է` «այլևս մեղք չգործել». «…Իսկ դժոխք չգնալու միակ, ամենաճիշտ ճանապարհը մեղքերը քավելն է, ապաշխարելը, իսկ ավելի լավ է` ընդհանրապես մեղք չգործելը», ապա` խորհուրդ գործատուին` «շոյել, փայփայել իրենց համար բարեկեցություն ստեղծողներին»:
Դո՛ւ ասացիր:
Նախ հասկանալի է` «խնամի-բարեկամ հաշվի չառնող» «ուխտի տապանակի» այս տասնաբանյան հատկապես ո՛ւմ է ուղղված: Եվ ապա, դեռ հարց է` ինչպես են այդ «ուխտավորներն» արձագանքելու Ս. Սարգսյանի մոտեցումներին և կիսելո՞ւ են արդյոք նրա մտահոգություններն ուժեղ պետության տեսլականի ու մնացյալքի առնչությամբ «դժոխքի փայ» հարուստները, սրա մասին դեռ շատ առիթ կլինի խոսելու:
Արդ, «արծարծենք» ամենակարևոր մեսիջը, որ կար Ս. Սարգսյանի բուն մտքում և, իհարկե, հարցազրույցում: Ս. Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, անչափ շատ է ուզում լինել լեգիտիմ նախագահ, «ունենալ» Հայաստանում «ամենալավ ու ամենամաքուր» ընտրություններ:
Ի դեպ, նրան այս անգամ ոչ մեկը «դրանում» չի խանգարում: Եթե Քոչարյանն իրավահաջորդի հարցում իսկապես անկեղծ է, ապա ողջ ինֆորմացիան (Սերժ Ազատիչն ինքն ասաց)` տնտեսական, ֆինանսական («այսօր մեր գործարարները ոչ թե ֆինանսներ հայթայթելու, այլ հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու խնդիր ունեն» ասաց նաև Ս. Սարգսյանը), վարչական, հասարակական ռեսուրսներն իր` Ս. Սարգսյանի տակ են, թող կազմակերպի նման ընտրություններ:
Բայց մի «խանգարող» ոնց որ իսկապես կա. իրական լիբերալները վերադառնում են:
Ինչ կա որ, թող նրանց վերադարձի «ներքո» անցկացնի այդպիսի ընտրություններ ու ապացուցի, որ «հնարավոր է ապահովել լուրջ բարեփոխումներ, լուրջ առաջընթաց երկրում, ստեղծել ուժեղ պետություն, որը կունենա մի միջավայր, ուր անհատը կկարողանա զարգանալ, ստեղծել հանրային օգուտ»:
Թող չուզողը լիբերալներս լինենք:
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Source: http://www.iravunk.am/site/more/722/
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
