Զոհերի հիշատակը հարգել նաեւ հզոր հայրենիքը կառուցելով

1915—23 թվականների հայոց մեծ եղեռնի յուրատեսակ նախերգանքն Օսմանյան կայսրության կողմից 1909 թվականի ապրիլին իրականացված՝ Ադանայի հայության կոտորածն էր։ Այս օրերին լրանում է ողբերգական այդ իրադարձությունների 100—րդ տարին։ Օսմանյան կայսրության ամենածաղկուն եւ հարուստ քաղաքներից մեկը եւ նահանգը դարձան թուրք ջարդարարների առաջին զոհերից։
Եղերական դեպքերի 100—րդ տարելիցին երեկ Երեւանում սկսվեց երկօրյա միջազգային գիտաժողով, որի ժամանակ զեկույցներով հանդես եկան մասնագետներ Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ—ից եւ Շվեդիայից։ Գիտաժողովն սկսվեց տերունական աղոթքով, ապա ներկայացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի կոնդակը։
Կարեւորելով գիտաժողովի անցկացումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ թեեւ տարբեր երկրների, ինչպես նաեւ հայ գիտնականներ գրում եւ խոսում են Ադանայի ջարդերի մասին, սակայն հայ հասարակությունը եւ միջազգային հանրությունն այնքան էլ ծանոթ չեն այդ իրադարձություններին. ընդգծելով 1915 թվականի դեպքերը, շատ հաճախ ստվերում ենք Ադանայի հայկական կոտորածները։ «Մենք մեր ապրելով, մեր հզոր հայրենքը կառուցելով, սփյուռքին հայ պահելով կհարգենք մեր զոհերի հիշատակը եւ կպայքարենք հզոր, ուժեղ եւ կարող հայրենիք ունենալու համար»,—համոզված է նախարարը։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքերով, առիթ է ընձեռվել անդրադառնալու ոչ միայն Ադանայի հայկական կոտորածների պատմական գնահատմանը, վեր հանելու այդ տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, այլեւ մտորելու այն խնդիրների շուրջ, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը եւ համայն հայությունը։ Նման միջոցառումները լուրջ ներդրում են Հայ դատի եւ հայրենի տունը կորցրած, աշխարհասփյուռ հայության սերունդների իրավունքների պաշտպանության առումով։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ Ադանայի կոտորածները վավերագրված են բազմաթիվ օտարերկրյա ներկայացուցիչների կողմից, ավելի քան 100 լուսանկարային նյութերում։ Ականատեսները վկայել են, որ կոտորածների ընթացքում սպանություններն ուղեկցվել են անասելի դաժանություններով, որոնք օտարերկրացի վավերագիրները չեն ներկայացրել, որպեսզի ընթերցողին հոգեկան խոր ցնցումներ չպատճառեն։ Մասնագետն Ադանայի հայկական կոտորածների նախադրյալներից է համարում 1908 թվականին օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած երիտթուրքական հեղաշրջումը, որի պարագլուխներն իշխանության եկան «եղբայրության, հավասարության ու ազատության» կոչերով։ Հասկանալի էր, որ հեղաշրջումը որոշակի փոփոխություններ էր ենթադրում նաեւ օսմանյան հասարակության՝ դարերով ամրագրված կրոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային արժեքներում։ «Երբ ջարդերն ավարտվել էին, մահմեդականների մեծ մասը փնտրում էր պարտագրքերը, քանի որ շատերը պարտքեր ունեին քրիստոնյաներին։ Այն հանգամանքը, որ իրենք պարտքեր ունեն քրիստոնյաներին, ատելության զգացում էր առաջացնում նրանց մոտ եւ մղում համապատասխան գործողությունների»,—պատկերը ներկայացրեց Հ. Դեմոյանը՝ ավելացնելով, որ Ադանայի կոտորածը, ինչպես ցանկացած ցեղասպանություն ու զանգվածային ջարդ, ունի իր հոգեբանական դրսեւորումները։ Հայերի շրջանում հոգեբանական խոր ցնցումների առիթ էր նաեւ այն, որ կոտորածների երկրորդ փուլում դրանց մասնակցում էր նաեւ կանոնավոր բանակը՝ «հեղափոխության զինվորները»։
ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, 1876 թվականի մայիսին Օսմանյան կայսրության կողմից մշակվել է ցեղասպանություն իրագործելու առաջին ծրագիրը, որի թիրախը բուլղար ժողովուրդն էր։ Այդ ծրագիրն իրականություն չդարձավ, քանի որ բուլղարացիներն անկախություն ձեռք բերեցին։ Թեեւ Ադանայի հայության կոտորածի նման ծրագիր չի հայտնաբերվել, բայց, ըստ թուրքագետի, իրադարձությունների վերլուծությունը պարզ է դարձնում, որ երիտթուրքերը նախատեսել են վերացնել հայերին որպես էթնիկ խումբ։ Թուրքերի համար հայերի զանգվածային կոտորածներն իրականացնելու հիմնական պատճառներից մեկն էլ նրանց՝ ավելի հարուստ ու բարեկեցիկ կյանքով ապրելն էր։ Կոտորածների առաջին փուլում կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ մեծ զոհեր չեղան, բայց ավելի ուշ, երբ հայերը հավատացին երիտթուրքերին ու հանձնեցին զենքը, զոհերն անհամեմատ մեծ էին։ Ռ. Սաֆրաստյանը եզրակացնում է, որ սա մեր ժողովրդի համար պետք է դաս լինի՝ երբեք հույսը չդնել արտաքին ուժերի վրա ու զենքով պաշտպանվել ցեղասպանական քաղաքականության դրսեւորումներից։ Նրա դիտարկմամբ, կոտորածները թուրքերի ցեղասպան քաղաքականության դրսեւորում էին։
Պատմաբան Համիդ Բոզարսլանի ներկայացմամբ, 20—րդ դարասկզբին օսմանյան Թուրքիայում սկիզբ էր առել համընդհանուր թրքացման գործընթացը, թուրքերից բացի մյուս ազգերը համարվում էին ներքին թշնամիներ։ Թեեւ շատերը լավատեսորեն զուգահեռներ էին անցկացնում ֆրանսիական հեղափոխության եւ 1908 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հեղաշրջման միջեւ, բայց բուն երիտթուրքական պարագլուխները ֆրանսիական հեղափոխությունը վտանգ էին համարում իրենց պետության համար։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պատմեց, որ 20—րդ դարասկզբին մեծ էր խզումը Օսմանյան կայսրության տարբեր վիլայեթների միջեւ. Կիլիկիայի հայկական քաղաքներն արդիականացվող ու հարուստ էին, մահմեդական, թուրքական համայնքները՝ հետամնաց ու զգալի զիջում էին քրիստոնյաների բնակավայրերին։ Ադանան հայկական արդիակականցման գործընթացի յուրատեսակ մոդել էր, Կիլիկիայի կարեւոր կենտրոնը եւ Օսմանյան կայսրության ամենահարուստ քաղաքը։ «Այն նման էր եվրոպական քաղաքի թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ տնտեսության կազմակերպման առումով։ Փաստորեն, մեկ միջավայրում կար երկու իրականություն՝ արդիականացվող հայկական քաղաքներ եւ հետամնաց թուրք համայնքներ։ Գոյություն ունեցող այդ խզման լուծումը թուրքերը գտան կոտորածներ իրականացնելու մեջ»,–բացատրեց նա։
Գիտաժողովի ընթացքում մասնագետներն առանց մեկնաբանությունների ներկայացրին Ադանայի ողբերգական դեպքերին վերաբերող՝ ականատեսների բազմաթիվ գրառումներ, խոսուն փաստաթղթեր, տարբեր երկրների դիվանագետների հաղորդագրություններ։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2009/04/21/1483/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • April 2009
      M T W T F S S
      « Dec    
       12345
      6789101112
      13141516171819
      20212223242526
      27282930  
  • Archives

  • Links

  • International newspers: