Գիտաժողով՝ նվիրված «Արմենպրեսի» 90—ամյակին

Գիտաժողով՝ նվիրված «Արմենպրեսի» 90—ամյակին

«Արմենպրես» լրատվական գործակալության 90—ամյակի կապակցությամբ երեկ Երեւանի պետական համալսարանում աշխատանքներն սկսեց «Տեղեկատվական պատերազմներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում հայ փորձագետներն ու խնդրով զբաղվողները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի լրատվական գործակալությունների ներկայացուցիչները հանդես եկան տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին առնչվող զեկույցներով։ Գիտաժողովը կշարունակվի նաեւ դեկտեմբերի 19—ին։
«Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հրայր Զորյանը նշեց, որ գիտաժողովի օրվա ընտրությունը պատահական չէ. 1918 թվականի հենց այս օրն է ստեղծվել Հայաստանի առաջին պետական լրատվական գործակալությունը, որը մինչ այդ նախադեպը չուներ, սակայն ցայսօր «Արմենպրեսի» կազմավորման օրը համարվում էր 1922 թվականի հոկտեմբերի 2—ը, երբ խորհրդային տարիներին ստեղծվեց նոր հեռագրական գործակալությունը՝ չեղյալ հայտարարվելով նախկինը։
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքերով, 1918 թվականի դեկտեմբերի 18—ին Հայաստանի առաջին Հանրապետության Ազգային խորհրդի կողմից հիմնադրված գործակալությունն անցած 90 տարիների ընթացքում կարողացել է ապացուցել իր կենսունակությունը, եւ այսօր էլ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի առաջատար լրատվամիջոցներից մեկն է։ «Անկախ Հայաստանի համար չափազանց պատվաբեր է նման բարձր հեղինակությամբ լրատվական գործակալություն ունենալը, որը տեղեկատվություն է տարածում Հայաստանի մասին եւ կարողանում է ներկայացնել մեր երկիրը միջազգային տարբեր լրատվական ֆորումներում»,–կարծում է նա։
ԱԱ խորհրդի քարտուղարը հավաստեց, որ տեղեկատվության անվտանգության խնդիրներն այսօր էլ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ մեկ շաբաթ առաջ անցկացված ԱԱ խորհրդի նիստում եկել են այն եզրահանգման, որ հատուկ ձեւավորվելիք միջգերատեսչական հանձնաժողովը պետք է զբաղվի ՀՀ տեղեկատվության անվտանգության ռազմավարության մշակման խնդրով։ Նա տեղեկացրեց, որ եկող տարվա սկզբին ԱԱԽ—ում կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ կլինի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակմանը։ «Այսօր առավել քան ակնհայտ է, որ եթե ուզում ենք դիմակայել գլոբալ աշխարհում օրեցօր տարածվող տեղեկատվական պատերազմներին, ապա պետք է ունենանք ու հաստատենք համապատասխան հայեցակարգ, նախանշենք հստակ միջոցառումներ, թե ինչպես ենք պատկերացնում տեղեկատվական անվտանգության խնդիրները, գտնենք արդյունավետ մեխանիզմներ այդ մարտահրավերները պատշաճ դիմագրավելու համար»,–ասաց Ա. Բաղդասարյանը։ Ըստ նրա անհրաժեշտ է կանխարգելել ու հակազդել այլ երկրների կողմից նախաձեռնվող տեղեկատվական գրոհները, ձեւավորել տեղեկատվական պատերազմներին դիմակայելու պատրաստ բարենպաստ հանրային միջավայր, բացի այդ, հարկ է մեր ժողովրդին ու երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին։ Պաշտոնյան առաջարկեց գիտաժողովի զեկույցներն ու նյութերը փոխանցել ԱԱ խորհրդին՝ կոչ անելով փորձագիտական մակարդակով մասնակցել հայեցակարգի մշակմանը։
ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը «Արմենպրես»—ի 90—ամյակի տոնակատարությունների պետական հոբելյանական հանձնաժողովի անունից շնորհավորեց ներկաներին՝ նշելով, որ գիտաժողովն անցկացվում է իսկապես հանգրվանային ու նշանակալի իրադարձության առիթով։ «Արմենպրեսի» 90—ամյա պատմությունը, ի վերջո, մեր ժողովրդի վերջին ինը տասնամյակների երեք փուլերի պատմությունն է, այն դարակազմիկ իրադարձությունների պատմությունը, որոնց միջոցով անցել է Հայաստանը, հայ մարդն ու Հայաստանի Հանրապետությունը»,–արձանագրեց նա՝ շնորհակալական խոսք ուղղելով բոլոր նրանց, ում կենսագրությունը դարձել է «Արմենպրեսի» պատմության մի էջը, հենասյունն ու որմնաքարը։
Դ. Մուրադյանի դիտարկմամբ, «Արմենպրեսի» այսօրվա անձնակազմն ու գալիք սերունդներն ունեն լրջագույն խնդիր՝ ընդարձակելու Հայաստանի տեղը համաշխարհային ինֆորմացիոն դաշտում։ Նա օրինակ բերեց, թե ինչպես է Լիսաբոնում տաքսու վարորդը Հայաստանը ճանաչել 1988 թվականի ավերիչ երկրաշարժով։ Դ. Մուրադյանի կարծիքով, շատ հաճախ աշխարհը մեր երկրի մասին պատկերացումներ է կազմել ըստ մեր դժբախտությունների։ Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Հայաստանն ու հայ ժողովրդին ըստ մեր հաջողությունների, առաջընթացի ու նվաճումների։ Նա նշեց, որ «Արմենպրեսի» գործունեությունն ունի երկու գլխավոր հասցեատեր՝ աշխարհասփյուռ հայությունն ու միջազգային հանրությունը։
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ քննարկվող թեման արդի աշխարհում շատ մեծ կարեւորություն ունի, քանի որ այսօր լայն թափով ընթացող տեղեկատվական պատերազմները հսկայական ազդեցություն ունեն բոլոր երկրների ու քաղաքակրթության վրա, եւ Հայաստանն ու մեր հասարակությունը բացառություն չեն։ Ըստ նրա, տեղեկատվական պատերազմների ամենօրյա ճնշիչ, մամլիչ ուժն զգում ենք մենք բոլորս, եւ չափազանց կարեւոր է, որ մեր հասարակությունը հստակ պատկերացնի տեղեկատվական պատերազմների վտանգավորությունը։
«Տեղեկատվական պատերազներում տանուլը տալը նշանակում է վտանգի տակ դնել երկրի ու ժողովրդի ապագան»,–կարծում է ռեկտորը՝ կարեւորելով այս թեմայով գիտաժողովների անցկացումը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքերով, տեղեկատվական հասարակություն ձեւավորած երկրները մյուսների վրա սեփական ազդեցությունը տարածելու գործընթացներում, բացի տնտեսական, քաղաքական եւ ռազմական միջոցներից, մեծ հաջողությամբ օգտագործում են նաեւ տեղեկատվական հոսքերը։ «Ինֆորմացիոն պատերազմների յուրահատկությունն այն է, որ մարդկանց խմբերի, ժողովուրդների գիտակցության մեջ ներարկում են գաղափարներ, որոնք ուղղորդում են հասցեատերերի գործողությունները»,–բացատրեց նա՝ նկատելով, որ նման պատերազմներ մղվել են դեռեւս հնագույն ժամանակներից։ Ն. Մարտիրոսյանի խոսքերով, տեղեկատվական պատերազմների վտանգները չգիտակցող, դրանց դիմակայելուն անպատրաստ հասարակություններն ու պետությունները դատապատված են լինել պարտվողների շարքում։ Ըստ նրա, մեր երկրում գիտակցում են տեղեկատվական պատերազմներին պատրաստ լինելու եւ դրանց դիմագրավելու անհրաժեշտությունը։

Ուժ ունի միայն իրական տեղեկատվությունը, սուտը կբացահայտվի

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքերով, տեղեկատվական հոսքերի այս շրջանում թեեւ կարծիքների, մեկնաբանությունների պակաս չկա, բայց բավականին դժվար է իրարից տարբերել ճշմարիտն ու սուտը։ Սա է պատճառը, որ ԱԳՆ—ում մշակվել եւ գործում է տեղեկատվության ստացման եւ հրապարակման միասնական եւ կենտրոնացված համակարգը։ Նրա ներկայացմամբ, ցանկացած տեղեկատվություն մեկնաբանելուց կամ հրապարակելուց առաջ ստուգվում է դրա համապատասխանությունն իրականությանը՝ տարբեր ստորաբաժանումների, արտերկրում մեր ներկայացուցչությունների, անհրաժեշտության դեպքում՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ։ «Մենք ընտրել ենք այս գործելաոճը, քանի որ համոզված ենք, որ միայն իրական տեղեկատվությունն ունի ուժ, իսկ սուտը վաղ թե ուշ կբացահայտվի, եւ կեղծ տեղեկատվության հեղինակն այլեւս վստահելի չի լինի գործընկերների համար»,–ասաց նա՝ ընդգծելով, որ այս սկզբունքն են կիրառում հատկապես միջազգային հարաբերություններում։
ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խոսեց քաղաքական պայքարում տեղեկատվական պատերազմների գործառույթների մասին։ Նրա խոսքերով, ներպետական կամ ներհասարակական տեղեկատվական պատերազմները սովորաբար հեռու են դասական քարոզչությունից, հատկապես եթե «այդ պետության վրա առկա է աշխարհաքաղաքական կարեւորության բեռը։ Ներքաղաքական տեղեկատվական պատերազմներն սկսվում են այն ուժերի կողմից, ովքեր ձգտում են հասնել իշխանության»,–նշեց նա՝ ներպետական տեղեկատվական պատերազմի լավագույն օրինակ համարելով 2008—ի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունն արտակարգ իրավիճակի պայմաններում կարողացավ հաղթանակ տանել տեղեկատվական դաշտի բոլոր հարթակներում՝ աշխատելով, հատկապես, բամբասանքի, ասեկոսեների ու թռուցիկների տարածման, ինչպես նաեւ ինտերնետի ուղղություններով։ «Ներքաղաքական տեղեկատվական պատերազմը հյուծում եւ քայքայում է պետությունը։ Սա առաջին հետեւությունն է, որը մենք պետք է անենք»,–ընդգծեց պատգամավորը։

Էներգետիկ նախագծերի քաղաքականացվածությունը՝ հարված քաղաքացու գրպանին

«ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքերով, հարավկովկասյան տարածաշրջանն այսօր գտնվում է միջազգային խոշոր՝ հիմնականում նավթագազային էներգետիկ նախագծերի խաչմերուկում, եւ որոշ երկրների բնական պաշարների առկայությունը, էներգապաշարների սպառման խոշոր շուկաներին ու տնտեսական կենտրոններին մոտ լինելը տարածաշրջանը դարձնում է չափազանց գրավիչ միջազգային կապիտալի համար։ Ըստ նրա, այսօր տարածաշրջանային էներգետիկ նախագծերը քաղաքականացվում են եւ չեն հանգեցնում բազմակողմանի համագործակցության։ Արդյունքում Հարավային Կովկասի երկրները ներքաշվում են ոչ թե տնտեսապես հիմնավորված նախագծերի, այլ քաղաքականապես անիմաստ ու անհեռանկար բանավեճերի մեջ։ Կ. Կարապետյանի կարծիքով, տարածաշրջանի էներգետիկ իրադրությունը լուսաբանման կարիք ունի։ «Տեղեկատվությունը պետք է լինի մասնագիտական եւ որակյալ։ Այսօր, ցավոք, հազվադեպ կարելի է հանդիպել էներգետիկ նախագծերի եւ զարգացման մոդելների վերաբերյալ մասնագիտական եւ անկողմնակալ վերլուծության»,–նկատեց նա։
Կ. Կարապետյանի խոսքերով, հասարակության իրազեկվածության ցածր մակարդակը հանգեցնում է այն բանին, որ վերնախավերը կյանքի են կոչում քաղաքական նախագծեր, որոնք չունեն տնտեսական անհրաժեշտ հիմնավորում, ինչը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում էներգետիկայի ոլորտում, նպաստում է էներգակիրների միջազգային շուկայում հետագա շահարկումներին։ Դա, նրա կանխատեսմամբ, կարող է գլոբալ ֆինանսատնտեսական հերթական ճգնաժամերի պատճառ հանդիսանալ։ Բացի այդ, Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերի քաղաքականացվածությունն ուղղակիորեն անդրադառնում է մեր երկրների յուրաքանչյուր քաղաքացու գրպանին։
Մասնագետն առաջարկում է տեղեկատվական դաշտում մշակել խաղի որոշակի կանոններ, օգտագործել առկա տեղեկատվական ռեսուրսները, շարունակաբար բարձրացնել տեղեկատվական գործընթացի մասնակիցների մասնագիտական մակարդակը։ Ըստ նրա, տարածաշրջանի երկրներում մարդկանց կյանքի որակը բարելավելու հիմնական պայմաններից մեկը էներգապաշարների ազատ շուկայի ստեղծումն է։ ««Էներգիա առանց սահմանների» գաղափարը պետք է դառնա կարգախոս»,–եզրափակեց ընկերության տնօրենը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանի խոսքերով, շատ կարեւոր է հասարակության վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ներգործուն ազդեցությունը։ Նա նշեց, որ խելամիտ տեղեկատվական գործողությունների շնորհիվ կարելի է հասնել հայ ժողովրդի համար կարեւոր խնդիրների հանդեպ նպաստավոր վերաբերմունքի ձեւավորմանը՝ նկատելով, որ այդ տեղեկատվական գործողությունները ցանկալի է, որ դրսեւորվեն տարբեր ուղղություններով՝ օտարալեզու գրքերի հրատարակում, տեղեկությունների մատչելիության եւ օպերատիվության ապահովում, նոր էլեկտրոնային կայքերի ստեղծում, հների բովանդակության համալրում, արտասահմանյան լրատվամիջոցների օգտագործում եւ այլն։ «Այս ամենը կօգնի հստակ տեղեկատվություն տրամադրել հայ եւ միջազգային հանրությանը նշանակալի իրադարձությունների վերաբերյալ մեր պետության պաշտոնական դիրքորոշման մասին։ Սա հրաշալի միջոց է կանխելու ՀՀ—ի անունից երկրի դիրքորոշումներն ու մոտեցումները խեղաթյուրող տեղեկատվության տարածումը եւ միեւնույն ժամանակ հակազդելու Հայաստանին առնչվող ոչ հավաստի ու մանիպուլյատիվ տեղեկատվությանը»,–համոզված է բանախոսը։ Ըստ նրա՝ խնդիրն ազգային տեղեկատվական դաշտը կանոնակարգելն է, որին կարելի է հասնել ակտիվ քարոզչական աշխատանքների շնորհիվ։ Արդյունքում, հայկական լրատվամիջոցներում չենք հանդիպի հակահայկական միտում ունեցող հրապարակումների։
Տեղեկացնենք, որ գիտաժողովի շրջանակներում դեկտեմբերի 19—ին տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները կքննարկվեն նաեւ երեք սեկցիաներում։ Միջազգային գիտաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաեւ «90 տարի Հայաստանի հետ» ֆոտոցուցահանդեսին։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/12/19/1435/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • December 2008
      M T W T F S S
      « Sep   Apr »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031  
  • Archives

  • Links

  • International newspers: