ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում

ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 63—րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը եւ երկուստեք շահագրգռվածություն հայտնել հարաբերությունների հետագա խորացման համար։ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հոլանդիայի կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար եւ ասել, որ տնտեսական փոխգործակցությունը լավ հեռանկարներ ունի, ինչի ուղղությամբ անհրաժեշտ է առաջիկայում աշխատանքներ տանել։ Հոլանդիան Եվրամիության անդամ երկրների շարքում երրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով։ Իսկ Հայաստանը Համաշխարհային բանկի «Հոլանդական խմբի» անդամ է։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների վարչապետին՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում դրսեւորած հավասարակշռված մոտեցման համար։ Սերժ Սարգսյանը Յան Պիտեր Բալկենենդեին տեղեկացրել է նաեւ իր հրավերով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի մասին։ Իր հերթին Նիդերլանդների վարչապետը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացիկ երկխոսությունը։ Անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանում հայոց ցեղասպանության խնդրի քննարկումներին, Հոլանդիայի վարչապետը նշել է. «Մենք, իհարկե, շատ լավ տեղյակ ենք ցեղասպանության խնդրին, կարեւոր է անկեղծ եւ ազնիվ լինել պատմության հետ»։
Հոլանդիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ վրաց—օսական ճգնաժամի շրջանում Հոլանդիայի քաղաքացիներին ցուցաբերած աջակցության համար, ինչի շնորհիվ Վրաստանում գտնվող Հոլանդիայի հարյուրավոր քաղաքացիներ հնարավորություն են ունեցել Հայաստանի տարածքով վրադառնալ հայրենիք։
ՀՀ նախագահը Հոլանդիայի վարչապետին հրավիրել է այցելելու Հայաստան, ինչը կնպաստի երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացման եւ տնտեսական փոխգործակցության հեռանկարներն առավել հանգամանալից քննարկելուն։
Սերժ Սարգսյանը երեկ Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպես «Արմենպրեսին» հայտնեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունները։
ՀՀ նախագահը երեկ երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ։ Երեկ ՀՀ նախագահը առանձնազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, իսկ երեկոյան մասնակցել է ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից ՀՀ նախագահի պատվին կազմակերպված ընթրիքին, որին հրավիրված են եղել ամերիկահայ համայնքի ավելի քան 700 ներկայացուցիչներ։ Այսօր ՀՀ նախագահը ելույթ կունենա ՄԱԿ—ի ԳԱ 63—րդ նստաշրջանում եւ կունենա այլ երկկողմ հանդիպումներ։

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/09/26/1383/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • September 2008
      M T W T F S S
      « Aug   Dec »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930  
  • Archives

  • Links

  • International newspers: