Իսկ Իրան–Հայաստան գազատարը նոյեմբերից պատրաստ կլինի մեկնարկի

Իսկ Իրան–Հայաստան գազատարը նոյեմբերից պատրաստ կլինի մեկնարկի

Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ մեր երկիր էր ժամանել նաեւ թուրքական մի ընկերության՝ «Յունիթ»—ի ներկայացուցիչը, որի հետ ոչ թե պայմանավորվածություն, այլ պայմանագիր է ստորագրել Թուրքիա էլէներգիա արտահանման համար։ Երեկ տեղեկացնելով այդ մասին՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ հայ—թուրքական բանակցություններն էլ ընթացել են ուղիղ, առանց որեւէ երկրի միջնորդության։
Ի՞նչ է ենթադրում այդ պայմանագիրը, ի՞նչ ծավալով էլէներգիա կարտահանվի, ի՞նչ սակագներ կգործեն. «ՀՀ»—ի այս հարցերին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ այդ պայմանագիրը ենթադրում է, որ էլէներգիան կարտահանվի ոչ թե երկրորդ կամ երրորդ երկրների միջոցով, այլ ուղիղ՝ Հայաստանից դեպի Թուրքիա՝ Կարսի միջոցով։ «4—5 ամսում թուրքական ընկերությունը կվերականգնի թուրքական մասում այն թերությունները, որ կան գծի վրա, կտեղադրի նոր ավտոտրանսֆորմատոր, եւ նոր միայն կսկսենք էլէներգիայի մատակարարումը»,–ասաց նախարարը։ Ինչ վերաբերում է մատակարարվելիք էլէներգիայի ծավալներին, այն կսկսվի տարեկան 1.5 մլրդ կՎտ. ժամից եւ տարիների ընթացքում, հաղորդման թողունակությունների մեծացման հետ միասին, կհասցվի մինչեւ տարեկան 3.5 մլրդ կՎտ. ժամ էլէներգիայի։ Թուրքիային մատակարարվելիք էլէներգիայի սակագները պայմանավորված են մի բանաձեւով, որի հիմքում գազի գներն են։ Տնտեսապես դա լիովին արդյունավետ է լինելու եւ, ըստ նախարարի, եթե այսօրվա գներով հաշվարկենք, ապա արտահանվելիք էլէներգիան կլինի 5.7 ցենտի սահմաններում։
Այսպիսով, 2009թ. Հայաստանը կսկսի էլէներգիայի արտահանումը Թուրքիա։ «Պայմանագիրը հաջողված եմ համարում նաեւ այն առումով, որ մեզ համար նոր շուկա է։ Մենք ունեինք էներգետիկ հզորություններ, որոնք չէինք կարողանում արդյունավետ օգտագործել։ Իսկ հիմա կարող ենք»,–նկատեց Արմեն Մովսիսյանը։ Տարվա ընթացքում Հայաստանն ինքն է ունենում էլէներգիայի սպառման պիկեր, տարիների ընթացքում մեր արդյունաբերությունն էլ կզարգանա, այս դեպքում կունենա՞նք այն ներուժը, որ կարողանանք մատակարարել այդ 3.5 մլրդ կՎտ.ժ—ն։ «Էներգետիկայի զարգացման մեր ծրագրերում նոր հզորություններ ենք գործարկելու, այդ թվում՝ Երեւանի ՋԷԿ—ը՝ համակցված ցիկլով, Մեղրիի ՀԷԿ—ը, նոր ատոմային էներգաբլոկը եւ այլն»,–այնպես որ, ըստ նախարարի, կարող ենք եւ՛ էլէներգիայի մեր պահանջարկը բավարարել, եւ՛ տարածաշրջանում էլեկտրաէներգետիկական բնագավառում համակարգողի դեր ստանձնել։
Արդյո՞ք 5.7 ցենտը էժան չէ, ինչո՞ւ չօգտվենք առիթից եւ չավելացնենք մեր պետբյուջեի ծավալները, եւ արդյո՞ք ուսումնասիրվել է շուկան՝ թե, ասենք, Թուրքիան որտեղից ինչ սակագներով է բավարարում իր էլէներգիայի պահանջարկը։ «ՀՀ»—ի այս հարցերին ի պատասխան՝ նախարարը հավելեց. «Դա այսօրվա գնահատականների համաձայն է, գազի գինը շատ բան կորոշի։ Անհոգ եղեք, շուկան ուսումնասիրված է, եւ առաջարկներն արվել են հենց այդ ուսումնասիրությունների հիման վրա»։

2008թ. նոյեմբերից՝ նաեւ իրանական գազ

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն անդրադարձավ նաեւ Իրան—Հայաստան գազատարի կառուցման ներկայիս փուլին։ Ըստ այդմ, գազատարի՝ Քաջարան—Երեւան հատվածի թողունակության ծավալների ավելացմանն ուղղված աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա նոյեմբերին։ «Փորձնական աշխատանքներից հետո կարող ենք գազատարն օգտագործել ամբողջ հզորությամբ, որը հնարավորություն կտա տարեկան մինչեւ 2.3—2.5 մլրդ խմ գազ ներմուծել մեր երկիր»,–հավաստեց նախարարը։ Թե ինչքան գազ կբերենք եւ ինչքանով կօգտագործենք գազատարը, դա կպայմանավորվի պահանջարկով։ Այսպիսով, այս տարվա նոյեմբերից հետո ռուսական գազից բացի կարո՞ղ ենք օգտագործել իրանականը։ «Անհրաժեշտության պարագայում՝ այո»,–համառոտեց Արմեն Մովսիսյանը։ Թե ինչ կարժենա ռուսական գազը, առայժմ պարզ չէ. բանակցություններ են ընթանում։ Իրանական գազի սակագնի մասին էլ առայժմ չի խոսվում։
Փորձեցինք ճշտել, թե ի՞նչ է նշանակում՝ «անհրաժեշտության պարագայում»—ը։ «Գուցե լինեն ֆորս–մաժորային իրավիճակներ։ Իրան—Հայաստան գազատարով մենք լուծել ենք մեր երկրի էներգետիկ անվտանգության խնդիրը, այսինքն՝ ֆորս–մաժորային իրավիճակների պարագայում մեր ժողովուրդն առանց գազ չի մնա՝ կա երկրորդ՝ այլընտրանքային գազատարը»,–նշեց նախարարը։

Ամերիկացիները չեն «նեղանա»

Եթե մինչեւ 2016թ. նոր ատոմային էներգաբլոկ չունենանք, ի՞նչ ենք անելու։ Արմեն Մովսիսյանը հստակեցրեց, որ մինչեւ գործող կայանի ռեսուրսի ավարտը անընդհատ պետք է միջոցառումներ իրականացնենք գործող բլոկի ոչ թե պահպանման, այլ՝ անվտանգության բարձրացման համար։ Ու դա պետք է արվի ամեն օր։ Իսկ նոր ատոմային էներգաբլոկի մասով բազմիցս հայտարարվել է, որ մինչեւ չունենանք գործող բլոկին այլընտրանքային, համարժեք հզորություններ, գործող բլոկը չի փակվի։ «Եթե հասցրեցինք մինչեւ 2016թ. ավարտել նոր բլոկի շինարարությունը, բնականաբար, գործողը արդեն կկորցնի իր շահագործման նպատակահարմարությունը։ Իսկ եթե չհասցնենք նորը կառուցել մինչեւ 2016թ., ապա գործողի շահագործման ժամկետը պետք է երկարացնենք»,–ընդգծեց նախարարը։ Քանզի առանց ատոմային բլոկի չենք կարող ապահովել մեր էներգետիկ համակարգի հուսալիությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն երկու օր առաջ հայտնել էր, թե ռուսական կողմը մեկ անգամ եւս հաստատում է, որ պատրաստակամ է ամենաաշխույժ մասնակցությունն ունենալ թե՛ նոր ՀԱԷԿ—ի կառուցման եւ թե՛ ֆինանսավորման հարցերում։ «Ռուսական կողմի մասնակցությունը չի՞ նեղացնի ամերիկյան կողմին». «ՀՀ»—ի հարցին նախարարը միանշանակ պատասխանեց. «Ոչ»։ Հետո հավելեց, թե այն կայանը, որ մենք ենք ուզում կառուցել, մեր երկրի ղեկավարության դիրքորոշումն է եւ օգտագործելու ենք աշխարհում միջուկային էներգետիկայով զբաղվող երկրների լավագույն փորձը։
Հ. Գ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ իրանական կողմի հետ այժմ քննարկվում է Իրան—Հայաստան նավթամթերքների խողովակաշարի եւ տերմինալի կառուցման խնդիրները։ Նավթազտարանը երեւի կլինի Երասխում։

Ô±Ö€Õ´Õ¥Õ¶Õ¸Ö‚Õ°Õ« Õ„ÔµÔ¼Õ”ÕˆÕ†Õ…Ô±Õ†
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/09/11/1338/

Comments

Comments are closed.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

    • September 2008
      M T W T F S S
      « Aug   Dec »
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      2930  
  • Archives

  • Links

  • International newspers: