Միջազգային շուկաներում ցորենի գները նվազել ենՄիջազգային շուկայում արդեն երկու ամիս է, ինչ արձանագրվել է ցորենի գների անկում, եւ կայացել են բորսայական գործարքներ մինչեւ 40 տոկոս էժանացմամբ։ Եթե ձմռան եւ գարնան ամիսներին ցորենի միջազգային գները թանկացել էին 30—40 տոկոսով, ապա այժմ դրանք նույնքան նվազել են։ Օրինակ՝ Փարիզի բորսայում ցորենի գինն արդեն նվազել է 15—20 եվրոյով, իսկ Ուկրաինայում եւ ՌԴ—ում արտահանման հետ կապված սահմանափակումներն արդեն վերացված են։
Նկատենք, որ հայաստանյան տնտեսությունը դեռեւս չի արձագանքել միջազգային շուկայում ցորենի գների նվազման գործընթացին, եւ ներկա պահին ալյուրի իրացման 1 կգ—ն հասնում է մինչեւ 280 դրամի։ Այս հանգամանքը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների վերլուծությամբ, մրցակցային սահմանափակումների եւ շուկայում գերիշխող դիրքի չարաշահումների հետեւանք է, որոնք ազդում են թե՛ ցորենի շրջանառության ծավալների, թե՛ գնային քաղաքականության վրա։ Միջազգային շուկայում ցորենի գների անկումը թե ինչպե՞ս է անդրադարձել հայաստանյան շուկայի վրա, կամ որո՞նք են գների պահպանման հիմնական գործոնները, փորձ արվեց պարզել երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կազմակերպված խորհրդակցության ժամանակ։
Միջազգային շուկայում տիրող իրավիճակի մասին տալով իր գնահատականը՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց, որ ցորենի ներմուծման գնային քաղաքականության մեջ դեռեւս գնանկման միտումներ չկան։
Հացահատիկի միջազգային խորհրդի կողմից ներկայացված մոնիտորինգային տվյալների համաձայն, 2008 թ. ցորենի բերքն ըստ կանխատեսումների կհասնի մինչեւ 645 մլն տոննայի՝ նախորդ տարվա 603 տոննայի փոխարեն։ Եվրոպական երկրներին այս ամենից բաժին է հասնում 138 մլրդ տոննան, որն այս տարի կգերազանցի 15 տոկոսը։
Չինաստանը, լինելով ցորենի խոշոր արտադրողներից մեկը, այս տարի նույնպես առատ բերք է ակնկալում՝ 106 մլն տոննա։ Ինչպես նկատում է պրն Շահնազարյանը, մեր երկրում վիճակը բարենպաստ է թե ցորեն եւ թե ալյուր ներմուծելու տեսանկյունից, ինչը կազդի հացի արտադրության գնային քաղաքականության վրա։
1 կգ—ն շուրջ 90 դրամով ներմուծվող ցորենի դիմաց տնտեսավարող սուբյեկտները ալյուրի իրացման գին էին հայտարարել 135—140 դրամը, մինչդեռ, հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ այդ թվերը տատանվում են 240—280 դրամի սահմաններում։ Նա նկատում է, որ բավական մեծ ճեղվածք է առաջացել իրացվող ապրանքի եւ հայտարարագրված գների միջեւ։
Ներկայացնելով սպառողների պաշտպանության ՀԿ—ների կողմից անցկացրած մոնիտորինգային ցուցանիշները, Աշոտ Շահնազարյանը նշեց, որ հարեւան երկրներից ցորենի իրացման գնի առումով ամենաբարձր սանդղակում Հայաստանն է՝ 1 կգ—ն 172 դրամ ցուցանիշով, մինչդեռ Վրաստանում այն 111 դրամ է, իսկ Ադրբեջանում՝ 150։ Իսկ միջազգային կառույցների, մասնավորապես ՀԲ—ի կողմից անցկացված տնտեսության գնահատականների համաձայն, 2008թ. հունվար–մայիս ամիսներին ցորենի ներմուծման միջին գինը տոննայի դիմաց կազմել է 586 դոլար, իսկ մայիսի մեկի տվյալներով՝ ներքին շուկայում իրացվող գինը հասել էր 1273 դոլարի։ Այս տարբերությունը հանձնաժողովի նախագահը պայմանավորում է օբյեկտիվ գործոններով, որոնցից են տրանսպորտը, ալրաղացների միջեւ սահմանափակ մրցակցությունը եւ ցորեն ներմուծողների ոչ ճիշտ վարքագծով աշխատելը։ «Ցորենի գների իջեցման, նույնիսկ վարչարարական լծակների կիրառման պարագայում մեր տնտեսավարող սուբյեկտները նպատակադրված չեն արագ արձագանքել գների նվազման գործոններին»,–նշեց Աշոտ Շահնազարյանը։
Խորհրդակցությանը հրավիրված ցորենի եւ ալյուրի շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտներից միայն մի քանիսն էին ներկա, որոնց միջեւ կազմակերպված քննարկումը նպատակ ուներ ոլորտի տնտեսավարողներից անմիջականորեն ծանոթանալ դրանց հնարավոր պատճառներին, ինչպես նաեւ պարզաբանել գների չհիմնավորված պահպանման կամ հակամրցակցային համաձայնությունները։ «Սա նաեւ կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որպեսզի ամեն ինչ հայտնի եւ հասանելի դառնա հանրությանը, թե որտեղ ինչ խնդիրներ կան, եւ ինչ գործառույթներ են այդ ուղղությամբ իրականացվում։
Պետք է հասկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը չի արձագանքում ցորենի միջազգային գների անկման գործընթացին»,–նշեց հանձնաժողովի նախագահը։
Ցորենի եւ ալյուրի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններից մի քանիսի ներկայացուցիչները՝ «Մանանա Գրեյն», «ՎերՖար» եւ այլն, գների պահպանումը հիմնավորեցին հիմնականում տրանսպորտային գների թանկացմամբ, նշելով, որ շուրջ 50 տոկոսով թանկացել է երկաթգծային ճանապարհավարձը, իսկ 30 տոկոսով՝ նավային բեռնափոխադրումները։ Ալյուրի վերջին ներկրման գինը կազմել է 1 տոննան՝ 380 դոլար։ Աշոտ Շահնազարյանը արձանագրեց, որ այս ընկերությունների կողմից իրականացվում է գնային գրեթե նույն քաղաքականությունը։ Հայկական շուկաներում ցորենը վաճառվում է կգ—ն 270 դրամով, իսկ խանութներում դրանց վաճառքի գինը հասնում է մինչեւ 450 դրամի։
Ինչ վերաբերում է տրանսպորտային խնդրին, ապա հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ դրա ինքնարժեքն ընդամենը 10—12 տոկոս է, ինչը եւ անիրատեսական գործոն համարեց գների պահպանման չհիմնավորվածության համար։ Իսկ հանձնաժողովի անդամներից մեկի դիտարկմամբ, տրանսպորտային խնդիրը չի կարող հանգեցնել ցորենի կամ ալյուրի գների 30 տոկոս թանկացման։
Հանձնաժողովի նախագահը չհիմնավորված համարեց նաեւ խանութներում ալյուրի վաճառքի գինն ու անհայտ շահաբաժինները՝ հորդորելով տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ վերավաճառքից եւ սեփական մեխանիզմով կազմակերպել նաեւ մանրածախ առեւտուր, ինչին թեեւ նրանք դեմ արտահայտվեցին՝ չցանկանալով փոփոխել իրենց կոմերցիոն սկզբունքը։ Պրն Շահնազարյանը փորձեց նրանցից պարզել նաեւ, թե, արդյոք, վերավաճառք կազմակերպող առեւտրային կետերին տրվո՞ւմ են փաստաթղթեր ցորենի գների հանձնման վերաբերյալ, ինչը կարող է օգնել հասկանալու, թե որ տնտեսավարող սուբյեկտն է գնային չարաշահում իրականացրել։
Լսելով շուկայում գործող տնտեսավարողների կողմից բարձրացված բոլոր խնդիրները, մասնավորապես տրանսպորտային, հանձնաժողովի նախագահը պահանջեց ներկայացնել համապատասխան վարույթ եւ նշեց, որ պատրաստ է աջակցել համապատասխան քննարկումների կազմակերպմանը եւ երկաթգծի նախատեսված պարբերական փոխադրումների ապահովմանը։ «Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր տնտեսական դաշտում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, կան ե՛ւ մրցակցային պայմանների խախտման երեւույթներ, ե՛ւ օրենսդրական բացեր։ Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում օրենսդրական փոփոխություններից հետո կձեւակերպվեն այն խաղի կանոնները, որոնցով կառաջնորդվեն տնտեսավարող սուբյեկտները»,–նշեց Աշոտ Շահնազարյանը՝ հավելելով, որ 15–20 օրվա ընթացքում հանձնաժողովը կհետեւի բոլոր վարույթներին եւ գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության երեւույթներին, որպեսզի տնտեսավարողները շտկեն եւ վերանայեն իրենց վարքագիծը։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/07/23/1218/

Comments

Comments are closed.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • July 2008
      M T W T F S S
      « Jun   Aug »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      28293031  
  • Archives

  • Links

  • Adv