Jun
10
Շախմատային հսկաներ
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
Երեւանում երեկ մեկնարկել է «Շախմատային հսկաներ» արագ շախմատի միջազգային մրցաշարը։ Հունիսի 8–ին շախմատիստի կենտրոնական տանը կազմակերպված մրցաշարի բացման հանդիսավոր արարողության մասնակիցները եւ հյուրերը ծաղիկներ են դրել շախմատի աշխարհի 9—րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրուն։ Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանը, որտեղ լեգենդար Տիգրան Պետրոսյանը շախմատի հիմքերն է դրել, ուրախ է հյուրընկալելու աշխարհի առաջատար շախմատիստներին։ Նրա խոսքով, այս հինավուրց խաղի մասնակիցները նոր գաղտնիքներ կբացահայտեն նաեւ իրենց երեւանյան պարտիաներում։ Վարչապետը հաջողություն եւ արդյունավետ խաղ է մաղթել շախմատիստներին։
Մրցաշարին մասնակցում են 8 գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը՝ Հայաստանից, հունգարացի Պետեր Լեկոն, Ալեքսանդր Մորոզեւիչը՝ Ռուսաստանից, Բորիս Գելֆանդը՝ Իսրայելից, չինացի Բու Սյան Չժին, անգլիացի Մայքլ Ադամսը։ Մրցաշարի դրամական ֆոնդը 262 հազ. ԱՄՆ դոլար է, հաղթողը կստանա 70 հազար, վերջին տեղը զբաղեցնողը՝ 12 հազար դոլար։
Մրցաշարի առաջին պարտիաներում երեկ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ անգլիացի Մայքլ Ադամսը ոչ ոքի են խաղացել՝ 1։1։ Ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը 1,5։0,5 հաշվով հաղթել է իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ հունգարացի Պետեր Լեկոն 1,5։0,5 հաշվով հաղթել է չինացի Բու Սյան Չժիին։ Այսպիսով, մրցաշարի առաջին օրվանից հետո առաջատարներ են Պ. Լեկոն եւ Ա. Մորոզեւիչը՝ 1,5—ական միավորով 2 հնարավորից։
***
Քսանութ տարեկան հասակում երեկ կյանքից հեռացել է Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ, օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Ասրյանը։ Ինչպես հայտնեցին «Արմենպրեսից», այս մասին երեկ տեղեկացրեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը։ Նրա մահվան պատճառները չեն հաղորդվում, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ նա մահացել է ինսուլտից։
«ՀՀ»–ն խորապես վշտացած է Կարեն Ասրյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում է նրա հարազատներին ու մերձավորներին։
Source: http://www.hhpress.am
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2008/06/10/1174/