Jun
9
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում երեկ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Նոր կարգավիճակում սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն էր։ Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը վերահաստատել են երկու երկրների միջեւ դաշնակցային գործընկերության հետագա խորացման ձգտումը։
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական փոխգործակցության զարգացման ներկա բարձր մակարդակի վերաբերյալ։
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությունը։ Նախագահները համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել են մինչեւ հունիսի վերջ համաձայնեցնել Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման պայմանները։
Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։
Նախագահները անդրադարձել են նաեւ առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցերին։
***
Մինչ այդ, երեկ Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն էր Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ։ Նախագահների հանդիպմանը նախորդել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարների մոտ մեկ ժամ տեւած հանդիպումը։
Հանդիպումն սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով։ Առանձնազրույցը տեւել է մեկ ժամ, որից հետո նախագահներին կրկին միացել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Հայկական կողմը կառուցողական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան—Ալիեւ առաջին հանդիպման արդյունքները։ Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները եւ արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են՝ ԵԱՀԿ համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները։
Նախագահները նաեւ ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան։ Այցի կոնկրետ ժամկետները կճշտվեն առաջիկայում։
Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում։
***
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6—ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության խորացմանը եւ հումանիտար համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարեւորվել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների գործարար շրջանակների եւ մտավորականության ներկայացուցիչների միջեւ շփումների ակտիվացումը, գիտության ու կրթության ոլորտում կապերի խորացումը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները շարունակեն իրենց աշխատանքը։ «Մինսկի խմբի համանախագահներն ամենայն հավանականությամբ հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան»,–ասել է Մամեդյարովը։
Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր ու կառուցողական։ «Նախագահները ծանոթացան միմյանց մոտեցումներին եւ արտգործնախարարներին հանձնարարեցին՝ շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ»,–ասել է Է. Նալբանդյանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են, որ բանակցային գործընթացը կշարունակվի Պրահայի գործընթացի եւ այն առաջարկությունների շրջանակներում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցյալ տարվա վերջին Մադրիդում արել են հայկական եւ ադրբեջանական կողմերի մեկնաբանությունների հաշվառմամբ։
«Մենք կջանանք մոտեցնել դիրքորոշումները եւ շփման եզրեր գտնել»,–ասել է Մամեդյարովը։
Էդվարդ Նալբանդյանը հավաստել է, որ «բանը բանակցությունները զրոյից սկսելը չէ, այլ այն, ինչպես մոտեցնել կողմերի դիրքորոշումները»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ճանաչողական հանդիպումը հաջողվել է, եւ դա նշանակում է, որ «կարելի շարունակել կարեւոր աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։ «Մեր խնդիրն այն է, որ բարելավենք բանակցությունների սեղանին դրված առաջարկությունները՝ հաշվի առնելով կողմերի ցանկությունները»,–հայտարարել է Մեթյու Բրայզան։
Source: http://www.hhpress.am/
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2008/06/09/1163/