Հաղթահարել հասարակության պառակտումըԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հացերի մշտական հանձնաժողովը երեկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի փետրվարի 19—ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի հարցով։ Լսումներին մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը հույս հայտնեց, որ լսումները կարեւոր դեր կունենան ոչ միայն կողմերի տեսակետները լսելու, այլեւ՝ քաղաքական երկխոսությունը խթանելու առումով։
Արմեն Հարությունյանը նշեց, որ 2008 թվականի փետրվարի 19—ի նախագահական ընտրությունները եւ հետընտրական զարգացումներն էական ազդեցություն են ունեցել մեր երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա, հետեւաբար՝ անդրադարձել են նաեւ անձի իրավունքների ողջ համակարգի, մարդու եւ քաղաքացու անձնական, քաղաքական, սոցիալ—տնտեսական իրավունքների պաշտպանության եւ պահպանության իրավիճակի վրա։
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 17—րդ հոդվածի երկրորդ մասի դրույթներով՝ պաշտպանն ապրիլի 25—ին ներկայացրել է արտահերթ հրապարակային զեկույց, որում, իր խոսքով, բացահայտվում են ընտրական գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու անհնարինության պայմաններում նախընտրական շրջանի սոցիալ—հոգեբանական մթնոլորտի փոփոխության դինամիկան, դրա ձեւավորման հիմնական օրինաչափությունները. «Զեկույցի մի հատված նվիրված է քվեարկության անցկացման օրվա մթնոլորտի եւ դրա ձեւավորմանը նպաստող օրենսդրական հիմնապատճառների վերլուծությանը, բացահայտվում են հետընտրական զարգացումների առանձնահատկությունները, ներկայացվում է պաշտպանի գործունեությունը հետընտրական զարգացումների ընթացքում մարդու եւ քաղաքացու իրավունքների խախտումների վերացման կապակցությամբ։ Զեկույցի հրապարակմամբ նպատակ եմ հետապնդել լայն քննարկման առարկա դարձնել այն խնդիրները, որոնց հանգուցալուծումը միայն կարող է նպաստել հասարակության պառակտման հաղթահարմանը, պայմաններ ստեղծել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար, սակայն հասարակությանը հուզող եւ զեկույցում բարձրացված հարցերի պատասխանների փոխարեն ստացել եմ գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարի առարկությունները, որոնք ոչ միայն չվերացրին զեկույցում բարձրացված հարցադրումների շուրջ մտահոգությունները, այլեւ առաջ բերեցին նոր հարցեր»։
Մի շարք օրինակներ բերելով՝ պաշտպանը փորձեց բացահայտել իր զեկույցի եւ դատախազի ու նախարարի առարկությունների միջեւ առկա հակասությունները, զեկույցի տեքստի տարընթերցումները. «Առարկությունների հիմնաքարն այն է, որ պաշտպանը զեկույցը հրապարակելիս գերազանցել է իր լիազորությունները։ Մենք կոչ ենք անում այդ հարցը չքննարկել, ոչ թե նրա համար, որ խուսափում ենք, այլ՝ որ մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատվության հարցը ենթադրում է այլ մեխանիզմի կիրառում։ Բացի այդ, դատախազության եւ արդարադատության նախարարի առարկությունների համատեքստում այս հարցի քննարկումը կարող է հանգեցնել այլ եզրակացության, մասնավորապես, որ դատախազությունը, չհանդիսանալով քաղաքականության սուբյեկտ կամ՝ ինչպես ընդունված է ասել ԱԺ—ում՝ քաղաքական ուժ, ավելին՝ լինելով իրավական մարմին, որին օրենքով արգելված է մասնակցել քաղաքական գործընթացներին, ներկայացրել է քաղաքական գնահատականներ եւ ձեւակերպել քաղաքական բնույթի մեղադրանքներ։ Օրինակ՝ պաշտպանը մեղադրվում է քաղաքական միակողմանիության մեջ»։
Պաշտպանը նաեւ հիշեցրեց, որ նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները վերլուծելիս զեկույցում նկատի է առնվում այն հանգամանքը, որ ստեղծված նախընտրական եւ հետընտրական իրավիճակի ձեւավորմանը նպաստել են երկրում առկա բազմաթիվ օբյեկտիվ հիմնախնդիրներ, որոնք դեռ չէին ստացել իրենց լուծումները, ինչի հետեւանքով հասարակության մի զգալի մասի մոտ ձեւավորվել էր դժգոհություն։
«Մեր կարծիքով՝ զեկույցը շատ ավելի քաղաքական փաստաթուղթ է, քան՝ իրավական, որով նսեմացվում է դրա գործնական—կիրառական նշանակությունը»,–ասաց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Ա. Հովսեփյանը նշեց, որ քանի որ զեկույցում բարձրացված մի շարք հարցեր ուղղակի կամ անուղղակի առնչվում են դատախազության հետ, դատախազությունը ներկայացրել է իր դիրքորոշումն ու պարզաբանումներն առարկությունների տեսքով. «Դատախազությունը պետք է արձագանքեր զեկույցին, հակառակ դեպքում կդիտվեր, թե անուղղակիորեն ընդունում է դրանում ներկայացված դատողություններն ու մեկնաբանությունները, ինչն իր հերթին կխորացներ հասարակության մեջ ստեղծված թյուր կարծիքը իրերի օբյեկտիվ վիճակի մասին։ Առարկությունները զուտ իրավական բնույթի են, վերլուծվում են զեկույցում տեղ գտած ակնհայտ սխալ իրավական գնահատականներն ու մեկնաբանությունները, սակայն, չգիտես ինչու, հրապարակայնորեն հնչեցվող պարզաբանումները փորձ է արվում ներկայացնել իբրեւ ճնշում մարդու իրավունքների պաշտպանի վրա։ Համոզված ենք՝ բազմակարծության ապահովումն է ժողովրդավարական հասարակության կառուցման հիմնական ուղին»։
Ըստ դատախազի՝ պաշտպանը պարտավոր էր տարբեր քաղաքացիների (շատ դեպքում՝ նաեւ անհասցե) բողոքների եւ դրանց կապակցությամբ իր կողմից կատարվելիք ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան պետական մարմիններին, այդ թվում՝ դատախազությանը, հնարավորություն տալ պարզաբանելու, հիմնավորելու իրենց դիքորոշումն ամբողջությամբ։ Օրենքից բխում է, որ պաշտպանն իր զեկույցում նշված բոլոր բողոքներն ու դրանց կապակցությամբ իր կողմից կատարվելիք ուսումնասիրության ու քննարկման արդյունքները պետք է ուղարկեր իրավասու մարմիններին, մինչդեռ այդ պարտականությունը չի կատարել։
Օրենքի պահանջ է նաեւ այն, որ պաշտպանն իրականացնի ուսումնասիրություններ, մինչդեռ, ըստ գլխավոր դատախազի, առանձին բողոքների եւ քրեական գործի հանգամանքների վերաբերյալ պաշտպանի դատողություններն ու եզրակացությունները սուբյեկտիվ են, քաղաքական բնույթի եւ հիմնված չեն բազմակողմանի, ամբողջական եւ օբյեկտիվ հետազոտությունների ու գնահատականների, նաեւ՝ քննության արդյունքների համադրումների վրա։
Անդրադառնալով պաշտպանի զեկույցի իրավաչափության հետ կապված հարցին՝ Ա. Հովսեփյանը նշեց, որ որքան էլ կարեւորվի պաշտպանի՝ որպես անկախ եւ անփոխարինելի պաշտոնատար անձի կարգավիճակը, նա իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց լիազորությունն ունի Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Զեկույցում ներկայացված են դատողություններ, որոնք չեն վերաբերում պաշտպանի գործառույթներին։
«Դատախազության առարկություններում հիմնականում ներկայացվել են իրավական բնույթի հարցերի եւ գործընթացների վերլուծությունները՝ հնարավորինս զերծ մնալով քաղաքական գնահատականներից։ Դրանով է բացատրվում, որ առարկություններում պաշտպանի զեկույցի ոչ բոլոր հարցադրումներին է անդրադարձ արվել,–ասաց Ա. Հովսեփյանը։–Զեկույցում որպես «անհերքելի» ապացույցներ են ներկայացվել լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ ու անորոշ, անհասցե ու անանուն տվյալներ, հիմնականում հիմնվելով քարոզչական նպատակներ հետապնդող հրապարակումների վրա։ Զեկույցից չի հետեւում, որ պաշտպանը գոնե փորձ է արել ուսումնասիրության առարկա դարձնել դրանք կամ ստանալ պետական մարմինների կողմից կատարված ստուգումների, ուսումնասիրությունների, նախաքննության արդյունքները եւ դիրքորոշումները, չի փորձել վերլուծության առարկա դարձնել քրեական գործերով ձեռք բերված, հետազոտված ու գնահատված ապացույցները՝ անհարկի փորձելով կասկածի տակ դնել դրանք»։
Ա. Հովսեփյանը մտահոգիչ համարեց պաշտպանի կողմից առանձին օրենսդրական, եւ հատկապես քրեադատավարական նորմերի յուրովի մեկնաբանությունները, որոնք հակասում են օրենքի ուղղակի իմաստին. «Քանի որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դեռեւս կայացման փուլում է, որպես գլխավոր դատախազ ոչ թե պահանջում եմ, ոչ թե առաջարկում կամ հորդորում եմ, այլ որպես քաղաքացի խնդրում եմ՝ գործունեություն ծավալեք ՀՀ օրենսդրության շրջանակներում՝ միջազգային հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի կատարմամբ»։
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախ պատասխանեց հարցին, թե ի՞նչ իմաստ ուներ պաշտպանի զեկույցի վերաբերյալ առարկություններ ներկայացնելը, թերեւս, պետք էր բավարարվել պարզաբանումներով. «Մենք ասում ենք, որ ունենք առարկություններ, եւ դրա անունը կդնեինք առարկություն թե պարզաբանում, դրանից ոչինչ չէր փոխվի։ Առարկությունների իմաստը ոչ թե այն էր, որ մենք սխալ ենք գտել պաշտպանի դատողություններում, այլ ասում ենք, որ այդ տեսքով ներկայացված փաստաթուղթը հնարավոր չէ քննարկել այն ընթացակարգերով, որի հնարավորությունն ունենք։ Ասում ենք՝ եթե գտնում եք, որ իսկապես այսպիսի փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն կար, ապա օգտվեիք առկա իրավական հնարավորություններից եւ պետական իրավասու մարմիններին եւս ընձեռեիք այդ հնարավորությունները, որպեսզի շատ հարցեր պարզապես հարցերի տեսքով չընդգրկվեին փաստաթղթում։ Պետական իրավասու մարմինները պետք է դրան արձագանքելու հնարավորություն ունենային։ Եթե զեկուցագրում ընդամենը հարցադրումներ եք ներառում, պնդում եք, որ դրանք ընդամենը հարցադրումներ են, ուրեմն՝ առկա ընթացակարգերով դրանց ընթացք տալ հնարավոր չէ։ Ասվում է՝ ձեր առարկությունները ոչ թե փարատեցին այդ հարցադրումները, այլ՝ նոր հարցադրումներ առաջացրին։ Իհարկե՝ կառաջացնեին, որովհետեւ երբ խախտվում է սկզբունքը, խախտվում է նաեւ իրավական ամբողջ շղթան, ընթացքը, հետեւանքները։ Իհարկե՝ դրանց մի մասին սահմանված կարգով ընթացք տրվել է»։
Հարցին, թե ինչո՞ւ են առարկությունները հենց այդպես կոչվել, ոչ թե մասամբ՝ պարզաբանումներ, նախարարը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ սրանով մեր արձագանքը սահմանափակվել է, որ դեռ պատասխան, պարզաբանումներ, քննարկման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն չենք ուղարկելու»։
Գ. Դանիելյանը փաստարկներով հակադարձեց, որ նենգափոխումներ, աղավաղումներ չեն եղել, ոչ արդարադատության նախարարը, ոչ էլ գլխավոր դատախազն իրենց առջեւ խնդիր չեն դրել ցուցանել, թե մարդու իրավունքների պաշտպանն ինչի մասին խոսի, ինչի մասին՝ ոչ։ Ասել են՝ արտահերթ զեկույցը պաշտոնական փաստաթուղթ է, պետական բյուջեի կողմից ֆինանսավորված գործառույթ, ուստի պետք է այդ զեկույցի շրջանակում ներկայացնել հարցադրումներ, որոնք հնարավոր լինի քննարկել այն ընթացակարգերով, որոնք սահմանվում են օրենքով. «Մենք շատ պարզ ենք արձագանքում՝ ասելով, որ այս ընթացակարգերը խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը, եւ երբ հարց է առաջադրվում, թե արդյո՞ք կա մի երկիր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին այսպես ագրեսիվ են արձագանքում, պետք է պատասխանեմ՝ երանի միայն այսպիսի օրինակներ լինեն, շատ ավելի վատ օրինակներ կան։ Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանին ոչ միայն մեղադրում էին դեմագոգիայի մեջ, այլեւ պարզ ասում էին՝ դու հանցագործ ես։ Իսկ մենք ասում ենք՝ մենք առարկություններ ունենք, որովհետեւ այս ընթացակարգով հնարավոր չէ քննարկել բողոքները»։
Այնուամենայնիվ՝ Գ. Դանիելյանը վստահեցրեց, որ չի նեղացել պաշտպանի որակումներից եւ այսուհետ էլ պատրաստ է աջակցություն ցուցաբերել նրան իր գործունեությունն իրականացնելիս. «Որպեսզի հասարակությունը մեզ վստահի, նախ՝ պետք է մենք իրար վստահենք։ Այս զեկույցը վկայեց, որ բավարար չափով վստահություն չկա, եւ դրա արդյունքում տուժել է քաղաքացին, որովհետեւ նրա խնդիրն այն չէ, որ տեսներ, թե զեկույցում իր անունը գրված է, այլ՝ որ վերականգնվեին իր իրավունքները»։
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը լսումները գնահատեց որպես կարեւոր քաղաքական իրադարձություն՝ նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը հակակշիռների եւ զսպումների մեխանիզմի իրականացման կոնկրետ դրսեւորում է։ Ըստ նրա՝ զեկույցը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացման փուլում է։ Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք իրականացրել է իր վրա դրված պատասխանատվությունը։ Նրա համոզմամբ՝ ՄԻՊ կառույցը լիարժեք կայացել է, եւ քաղաքացիական հասարակության ծիլերն այս հաստատությունից են գալիս։
Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դրական համարեց այն փաստը, որ գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը արձագանքել են ՄԻՊ արտահերթ զեկույցին, նշելով, որ նախեւառաջ՝ անհրաժեշտ էր լսել ոստիկանության եւ ԱԱԾ արձագանքը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։ Նա նշեց, որ քննարկումները ցույց տվեցին, որ օմբուդսմենի ինստիտուտը կայացած է, եւ դա շատ դրական գնահատեց. «Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում պարունակվող վերլուծության կապակցությամբ մեր հարցադրումները բոլորովին էլ նպատակ չունեն հակադրվելու պաշտպանին, այլ պետք է դիտվեն որպես հրավեր՝ բաղդատելու առկա մասնագիտական հնարավորությունները եւ ինտելեկտուալ ներուժը ավելի դրական եւ իր բուն նպատակին ծառայող վերլուծական փաստաթուղթ ունենալու համար»։
ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի խոսքով՝ նման բանավեճերը պետք է նպաստեն պետական ինստիտուտների բարեփոխմանը, կայացմանը եւ դրանց գործունեության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը. «Զեկույցն ունի թերություններ, բայց չմոռանանք, որ սա առաջին դեպքն է, երբ պաշտոնատար անձը՝ պաշտպանը, ներկայացրել է կատարված իրադարձությունների վերաբերյալ սեփական եւ ամբողջական մոտեցումը»։
ՕԵԿ խմբակցության կողմից Արտաշես Ավոյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մեր երկրում դեռ շատ երիտասարդ է, չկայացած եւ չունի ձեւավորված ավանդույթներ. «Օմբուդսմենի միջազգային փորձը դեռ ամբողջությամբ չի յուրացվել մեր հասարակության կողմից, դեռ չի ձեւավորվել օմբուդսմենի հայկական մոդելի կերպարը, եւ մենք կանգնած ենք վտանգի առաջ, երբ կարող ենք այս ծանրակշիռ ու հարգարժան ինստիտուտը քննադատության եւ անհիմն դատողությունների հարթակ դարձնել»։ Նա ներկայացրեց նաեւ զեկույցում առկա թերությունները։
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռաֆիկ Պետրոսյանը. «Պաշտպանը գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցելու փոխարեն արտահերթ զեկույցում շեշտը դրել է ոստիկանության դատախազական եւ այլ մարմինների ու պաշտոնատար անձանց քննադատության կամ օրենսդրության թերությունների վրա։ Սոսկ քննադատողի այս կեցվածքն էլ արդարացի դժգոհություն է առաջացրել։ Պաշտպանն ակամա համակերպվել է անօրինական ճանապարհներով իշխանության ձգտող ընդդիմության դիրքորոշման հետ՝ իր կամքից անկախ նպաստելով Հայաստանում առանց այն էլ լարված մթնոլորտի շիկացմանը եւ քաղաքականացմանը»։
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ոչ ոք չներկայացրեց, որովհետեւ խմբակցության անդամները վերջում բոյկոտեցին լսումները՝ պատճառաբանելով, թե մասնակիցներից մեկին ելույթի հնարավորություն չի տրվել։
Եզրափակիչ ելույթում Ա. Հովսեփյանը ներկայացրեց քրեական գործի արդյունքով ձեռք բերված որոշ տվյալներ՝ նշելով, որ կա 35 մեղադրյալ, որոնց նկատմամբ ընտրված է այլ խափանման միջոց։ Կալանքի տակ է գտնվում 40 անձ, որոնց առաջադրված են կոնկրետ մեցադրանքներ կոնկրետ գործողություններ կատարելու համար։ Դատարան է ուղարկված 65 քրեական գործ 71 անձի նկատմամբ, նրանցից 28—ի վերաբերյալ արդեն կան դատավճիռներ։ Նրանցից 10—ը դատապարտվել են ազատազրկման, 18—ը դատապարտվել են պայմանականորեն։ 28 դատապարտված անձանցից 17—ը լիովին խոստովանել են իրենց կողմից հանցանք կատարելու փաստերը եւ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր ճանաչել, որոնց նկատմամբ կիրառվել է արագացված դատական քննության կարգը։
Ա. Հարությունյանը խոստովանեց, որ որեւէ մեկն իր գործունեության մեջ չի կարող հավակնել բացարձակ ճշմարտությունների եւ խոստացավ հաջորդ ելույթն ավելի լավ գրել, եթե դրա կարիքը լինի։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/06/06/1147/

Comments

Comments are closed.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • June 2008
      M T W T F S S
      « May   Jul »
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      30  
  • Archives

  • Links

  • Adv