Կոնֆլիկտի շարունակությունը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերիցՀունիսի 7—ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք տնտեսական համաժողովի եւ ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Եվ մինչ հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարբեր առիթներով վերահաստատում են իրենց դիրքորորշումը՝ հույսեր կապելով երկու նախագահների հանդիպման հետ, ադրբեջանական կողմը իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչների բերանով տարաբնույթ մեկնաբանություններ եւ կանխատեսումներ է անում։
Եթե օրերս Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ կողմ է բանակցությունների շարունակմանը, ապա Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ «եթե Հայաստանը կարճ ժամանակում եւ առանց որեւիցե նախապայմանի իր զորքերը դուրս չբերի ադրբեջանական գրավյալ տարածքներից, ապա իրադրությունն այնտեղ կարող է դուրս գալ վերահսկողությունից»։ Իսկ օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն էլ հայտարարեց, թե «հայերը պետք է հաշտվեն այն սկզբունքի հետ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փոփոխության ենթակա չէ. Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի մաս»։ Այստեղից պարզ է դառնում, որ հակամարտող երկրների ղեկավարների հանդիպման նախաշեմին ադրբեջանական քարոզչությունը բազմաբնույթ դրսեւորումներով խնդրի կարգավորման բուն սկզբունքներից շեղելու միտում ունի։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, երեկ առաջին անգամ հանդիպելով լրագրողների հետ, այդ կապակցությամբ արձանագրեց, որ այսօր Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հնչում է, թե իրենք պատրաստ են բանակցությունների, սակայն Բաքուն միաժամանակ տարբեր մակարդակներով ակնարկում է, որ խնդիրը կարելի է լուծել պատերազմի միջոցով. «Նման ռազմատենչ հայտարարություններ հնչեցնելն ուղղակի իրավիճակը սրելու միտում ունի»։ Նախարարը կարեւորեց, որ ցանկացած կոնֆլիկտ լուծելու ընթացքում պետք է առհասարակ կանգնեցնել քարոզչությունը. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. բանակցություններին այլընտրանք չկա, ռազմական ճանապարհի մասին հայտարարություններն անթույլատրելի մտածելակերպի արդյունք են»։
Արտգործնախարարը նշեց, որ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը վերջինս վերահաստատել է իր երկրի եւ, առհասարակ, միջնորդների այն դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորման խաղաղ, բանակցային ճանապարհն այլընտրանք չունի։
Չնայած ադրբեջանական քարոզչությանը՝ հայկական կողմը լավատես է եւ երկու նախագահների հանդիպումից միայն դրական արդյունքներ է ակնկալում. «Մենք այս հանդիպմանը գնում ենք տրամադրված, որ պետք է շարունակել բանակցությունները. կոնֆլիկտի շարունակությունը չի բխում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերից։ Մենք հույս ենք կապում այդ հանդիպման հետ այն առումով, որ սա Հայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումն է։ Այն ճանաչողական բնույթ պետք է կրի ոչ միայն անձնական իմաստով, այլեւ՝ երկու կողմի մոտեցումների, դիրքորոշումների, փիլիսոփայության առումով։ Ոչ միայն հույս ունենք, այլեւ այդպես պետք է լինի։ Եթե այդպես չլինի, ուրեմն տարօրինակ ինչ—որ վիճակ է, ուրեմն եռանախագահներն էլ պետք է ինչ—որ եզրակացությունների գան»։
Իսկ «դրական արդյունք» Հայաստանի թիվ մեկ դիվանագետը կհամարի հենց միայն այն, որ հանդիպումից հետո հայտարարվի բանակցությունների շարունակման մասին։
Է. Նալբանդյանը, միաժամանակ, հերքեց ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե բանակցային սեղանին որեւէ փաստաթուղթ չկա. «Իսկապես կան առաջարկներ, որոնք ձեւակերպված են փաստաթղթում եւ Մադրիդում ներկայացվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախարարներին։ Այդ փաստաթուղթը գրանցված է ԵԱՀԿ—ում՝ Վիեննայում։ Այն պայմանագիր չէ, քանի որ բոլոր կետերով համաձայնեցված չէ, սակայն մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն այդ առաջարկների հիման վրա»։ Ներկայում բանակցությունների այնպիսի շրջան է, որ պետք է շատ զգույշ լինել մեկնաբանություններ, հայտարարություններ անելիս, որպեսզի որեւէ ձեւով դրանց ընթացքը չխոչընդոտվի։ Այս տեսակետին է նախարարը։
«Բանակցությունները մի կողմից լուրջ են, մյուս կողմի մոտեցումները շատ տարօրինակ են։ Երբ 2001թ. մենք շատ մոտ էինք ղարաբաղյան խնդրի լուծմանը, ադրբեջանական կողմը հնչեցրեց, որ հանրային կարծիքը դրան պատրաստ չէ։ Հանրային կարծիքը պետք է պատրաստել ոչ թե բանակցությունների ավարտին, այլ շատ ավելի վաղ»,–հավատացած է Նալբանդյանը, ով վկայակոչեց, որ Ադրբեջանում հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այդ երկրի հասարակության 29 տոկոսը կողմ է խնդրի ռազմական լուծմանը. «Չեմ կարծում, որ կա աշխարհում այլ երկիր, որի բնակչության 29 տոկոսը կողմ լինի պատերազմի։ Անգամ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներում, չեմ կարծում, որ բնակչությունը պատրաստ լինի ռազմական լուծումների»։
Ավելին՝ նախարարին զարմացնում է, որ ադրբեջանցիների 82 տոկոսը դրական չի գնահատում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը։ «Մենք չենք կարող որպես միջնորդ հրավիրել լուրջ երկրների եւ ամեն օր քննադատել նրանց։ Մենք ենք խնդրել, որ այդ երկրները միջամտեն, իսկ եթե 82 տոկոսը դեմ է, դա բանակցություններին օգնել չի կարող»,– ասաց արտգործնախարարը։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը լուրջ է վերաբերվում բանակցություններին. «Ցանկանում ենք, որ դրանք իսկապես բերեն լուծումների»։
Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների առումով գերատեսչության ղեկավարն ասաց. «Ձգտելու ենք ավելացնել մեր երկրի բարեկամների թիվը»։

Պետք է կարողանանք շրջել մարտիմեկյան ցավալի էջը
Լրագրողները Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին ուղղեցին նաեւ Հայաստանի ներքաղաքական իրադրությանը վերաբերող հարցեր, որոնք առնչվում էին, մասնավորապես, ընտրական գործընթացներին։ Նախարարը նշեց, որ 2008թ. փետրվարի 19—ի ՀՀ նախագահի, ինչպես նաեւ 2007թ. մայիսյան խորհրդարանական ընտրություններն առաջընթաց են բոլոր մյուս ընտրությունների համեմատ. հետխորհրդային տարածքի շատ քիչ երկրներ կան, որոնց ընտրական գործընթացներն արժանանան միջազգային փորձագետների այնպիսի դրական գնահատականի, ինչպիսին արժանացան Հայաստանի վերջին նախագահական եւ խորհրդարական ընտրությունները։ Իսկ տարբեր դիտորդական առաքելությունների եւ այլ կառույցների զեկույցներում տեղ գտած թերությունների մատնանշումը Նալբանդյանը մեզ համար շատ կարեւոր համարեց. «Եթե կա թերություն, մենք նկատի ենք առնում, եւ գլխավորն այստեղ այն է՝ ինչպես ենք ուղղելու այդ թերությունները»։
Ինչ վերաբերում է երկրում ծավալված հետընտրական գործընթացներին, մասնավորապես՝ մարտիմեկյան ողբերգական իրադարձություններին, ապա արտգործնախարարը համարում է, որ մարտի 1—ը բոլորիս խնդիրն է, եւ պետք է այնպես արվի, որ կարողանանք շրջել այդ օրվա ցավալի իրադարձությունների էջը, եւ որ դրանք վատ չանդրադառնան Հայաստանի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա։
Արտգործնախարարը նշեց, որ ԵԽ ԽՎ ընդունած 1609 բանաձեւի պահանջների իրագործումը բխում է մեր քաղաքական գիտակցությունից եւ ոչ թե բարեկամ երկրների խորհուրդները կատարելու պարտքից։ Նալբանդյանը համարում է, որ այդ ուղղությամբ արդեն լուրջ քայլեր են կատարվել, հատկապես՝ օրենսդրության տեսանկյունից։

Հ. Գ. Իր առաջին մամուլի ասուլիսը Էդվարդ Նալբանդյանն սկսեց խոստումով. լրատվամիջոցների համար արտաքին գերատեսչությունն էլ ավելի բաց եւ արդյունավետ է աշխատելու. նախարարը լրագրողների հետ առնվազն ամիսը մեկ անգամ կհանդիպի։ Իսկ գերատեսչության լրատվական ծառայությունը կընդլայնվի։

Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/06/05/1137/

Comments

Comments are closed.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • June 2008
      M T W T F S S
      « May   Jul »
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      30  
  • Archives

  • Links

  • Adv