Առաջին գիծՀանրապետության հյուսիս—արեւելյան սահմանային շրջանների բնակավայրերը հակառակորդի կողմից մշտապես դիտարկվում են եւ կարող են այս կամ այն պատճառով գնդակոծության ենթարկվել։ Խնդիր է դրված այս հատվածում բնակչության անվտանգության ապահովման համար առավել ուժեղացնել ինժեներական կառույցները։ Այս խնդրով մտահոգ՝ մայիսի 3—ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր առաջին աշխատանքային այցն սկսեց հյուսիս—արեւելյան սահմանի ամենամեծ զորամիավորումից։ «ՀՀ նախագահի ցուցումով այցի նպատակն է՝ ուսումնասիրել ինժեներական կառույցների կատարելագործման առումով ունեցած արդյունքները եւ բացթողումները, հանդիպել այս բնակավայրերում ապրողների հետ, տեղեկանալ պաշտպանության հետ կապված նրանց մտահոգություններին, քննարկել դրանք ու որոշում ընդունել»,–լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Աշխատանքային այցի ընթացքում նախարարը ծանոթացավ զինվորական առօրյային, սոցիալ—տնտեսական պայմաններին։ Մաքուր ու խնամված զորամասում շինարարական եռուզեռ էր. դեռեւս ընթացքի մեջ են մեծ ավտոպարկի, զինապահեստի, սպաների համար նախատեսված բնակելի շենքի շինարարական աշխատանքները, օգոստոսին շահագործման կհանձնվի զորամասի շտաբի երկհարկանի շենքը։
Նախատեսվում է, որ այս զորամասը կունենա նաեւ ընդարձակ մարզահրապարակներ, լողավազան, բանջարեղենի պահպանման պահեստներ, կփակվի գետի՝ զորամասի տարածքով անցնող հատվածը։ «Բոլոր հրատապ խնդիրներին պաշտպանության նախարարությունում արձագանքում են»,–հավաստեց նա։
Պաշտպանության նախարարի հետ շինարարական աշխատանքների ընթացքին հետեւում էր նաեւ ՊՆ կապիտալ շինարարության վարչության պետը, ով արագ արձագանքում էր նկատված թերություններին։
Նոր շահագործման հանձնված շենքի բնակարաններից մեկում ապրում է սովորական սպայական ընտանիք։ Չորս հոգանոց ընտանիքի հայրը զինծառայող է, մայրը՝ զորամասի գրադարանավարուհին, երեխաները հաճախում են մոտակա դպրոցը։ Գոհ են նոր պայմաններից, ունեն մշտական տաք ջուր, գեղեցիկ կահավորված բնակարան։
Զորամասի ճաշարանը բարվոք վիճակում է, ունեն տաք եւ սառը ջուր, կոսմետիկ նորոգման որոշ աշխատանքներ կատարել են սեփական ուժերով։ Նորոգման կարիք ունեն մեծ կաթսաները, էլեկտրական պլիտաները։ Ճաշարանի պետ Արթուր Քարիմյանի խոսքերով, զինվորների հետ մեկտեղ զորամասի ճաշարանից շինարարական եռուզեռի այս օրերին բաժին ունեն նաեւ շինարարները։ Ամաններ լվանալու գործը, ի տարբերություն սեղան գցել—հավաքելու, ճաշարանի տարածքը մաքրելու, ժամկետայիններին չեն վստահում, հատուկ աշխատողներ կան։ Հագեցած առօրյայից ու վարժություններից հոգնած զինվորներն ուրախությամբ են գալիս ճաշարան, թեեւ մի քիչ իրենց աշխույժ են պահում, բայց վերահսկելի են։ Իսկ հենակետ գնացողների համար չափաբաժինը ավելի շատ է ու փոքր–ինչ տարբեր. ավելի շատ շաքարավազ, խտացրած կաթ, երշիկ ու հյութ։ Թիկունքային ստորաբաժանումը շաբաթը մեկ անգամ ուտելիք է հասցնում առաջին գծում ծառայողներին, կերակուրն էլ պատրաստում են սեփական ուժերով։
Նախարարն այցելեց առաջին գծի հենակետեր, որտեղից հակառակորդը գտնվում է 500—1000 մետր հեռավորության վրա։ Այստեղ ամուր ինժեներական կառույցներով ապահովված դիտակետերում ծառայություն են անցնում միայն պայմանագրային զինծառայողները։ Որոշ դիտակետերից հակառակորդի դիրքերը երեւում էին անգամ անզեն աչքով։ Մեր զինծառայողները պատմեցին, որ չեն կրակում անգամ այն դեպքերում, եթե թաքստոցից դուրս տեսնում են հակառակորդին. պահպանում են հրադադարի ռեժիմը։ Իսկ այն փոքր հատվածում, ուր ադրբեջանական ստորաբաժանման դիրքը գերիշխող է, արհեստական լարվածություն ստեղծող կրակոցները հաճախակի են։
Պաշտպանության նախարարն արձանագրեց, որ 2008 թվականին խախտումներն իսկապես շատ են եղել, կրակոցներն ակտիվացել են, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատկերը փոխվել է։ Նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով ադրբեջանական ղեկավարությանը փոխանցել է, որ դադարեցնեն կրակոցները։ Հայկական կողմին էլ հստակ ցուցում է տրված չպատասխանել անկանոն կրակոցներին, որպեսզի լարվածություն որոշ չափով մեղմվի։ Ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք կողմերի հրամանատարների միջեւ տեղային մակարդակով կապեր հաստատել, Ս. Օհանյանը նշեց, որ ներկայում էլ տարբեր հատվածներում կապ պահպանվում է, որպեսզի հնարավոր լինի լուծել ժամանակ առ ժամանակ շփման գծում առաջացող խնդիրները։ «Իհարկե, կարելի է վերականգնել, եթե հակառակորդը ցանկություն հայտնի»,–նկատեց նա։
Բացի այդ, առաջին գիծ կատարած այցելությունից հետո, Ս. Օհանյանի խոսքերով, որոշ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման առումով որոշվել է ավելացնել ինժեներական կառույցները, որ պաշտպանությունն ավելի հուսալի լինի։
Լրագրողի խնդրանքով արձագանքելով ադրբեջանական կողմի չդադարող ռազմատենչ հայտարարություններին՝ պաշտպանության նախարարը կարծիք հայտնեց, որ դրանց նպատակն է պատրաստել իրենց ժողովրդին եւ ներքաղաքական խնդիրներ լուծել։ Նա հավաստեց, որ հայկական կողմը չի թերագնահատում ադրբեջանական բանակում կատարվող բարեփոխումները, հետեւություններ են անում, թե ինչպես բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը։ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում ուժերի հավասարակշռությունն անմիջական շփման կետում պահպանում ենք եթե ոչ մասշտաբային, ապա գոնե որակական առումով, ինչով էլ հաղթանակ ենք ունեցել ազգային–ազատագրական պայքարում»,–նկատեց պաշտոնյան։ Նրա խոսքերով, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ գտնվում ենք այնպիսիի ռազմաքաղաքական իրադրության մեջ եւ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, որ մշտապես պետք է պատրաստ լինենք դիմագրավել ցանկացած սպառնալիքի։

Սպան իր թիկունքում պետք է զգա ընտանիքի տաք շունչը

Խորհրդարանում օրեր առաջ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ուրույն դեր ունեն նաեւ երկրի պաշտպանունակության եւ բանակի մարտունակության բարձրացման խնդիրները։ 2008 թ. հայկական զինված ուժերն առաջնորդվում են «ԶՈւ պատրաստությանը՝ նոր որակ, բարեփոխումներին՝ հաստատուն ընթացք» կարգախոսով։
Պաշտպանության նախարարը հավաստեց, որ բանակի կյանքն ու առօրյան շարունակելու են բաց ու թափանցիկ լինել հասարակության եւ լրատվամիջոցների համար։
Կառավարության գործունեության նոր ծրագրով նախատեսվում է ուշադրութան կենտրոնում պահել նաեւ պրոֆեսիոնալ զինծառայողների, պաշտոնաթող ու հաշմանդամ զինվորականների սոցիալ—կենցաղային պայմանները, այդ թվում հատկապես՝ բնակարանային։ «Պետք է լինի ծառայողական բնակարանային ֆոնդ, որպեսզի զորամասերում ապրող սպաները մարտունակության պահպանման առումով շատ մոտ լինեն եւ իրենց թիկունքում զգան ընտանիքի տաք շունչը»,–ասաց պաշտպանության նախարար Ս. Օհանյանը՝ նկատելով, որ պետության ղեկավարության աջակցությամբ այս ուղղությամբ զինված ուժերում զգալի աշխատանք է տարվում։ Այս տարի բնակարանաշինության ծավալներն ավելանալու են, շահագործման է հանձնելու շուրջ 480 բնակարան։
Պատասխանելով լրագրողի հարցին, նախարարն ասաց, որ կադրային փոփոխություններ բանակում մշտապես լինում են, եւ այս հարցում չպետք է սպասել թերությունների կուտակմանը։ «Ծառայողական հաջողություններ ունեցող մարդիկ պետք է աստիճանաբար աճեն, իսկ ովքեր չեն կարողանում իրականացնել խնդիրները, իջեցվում են ցածր ծավալի պաշտոնի»,–բացատրեց Ս. Օհանյանը։
Խոսելով թիկունքի գծով փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի պաշտոնից ազատելու մասին՝ նա ասաց, որ Գ. Մելքոնյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր արդեն երկար ժամանակ, եւ որոշվել է փոփոխություն կատարել։ Ըստ նրա, երբեմն երկար ժամանակ նույն պաշտոնն զբաղեցնելը հանգեցնում է զգոնության թուլացման եւ այլն։ «Սկսվել է աշխատանքը, սլանում ենք առաջ, ով դիմացավ մեր տեմպերին՝ կքայլի մեզ հետ, ով չդիմացավ՝ նրա համար այլ աշխատանք ու ծառայության վայր կգտնենք»,–աշխատանքի սկզբունքը հստակեցրեց նախարարը։

Հ. Գ. Պաշտպանության նախարարի այցը հյուսիս—արեւելյան սահման հատկապես ուրախալի էր N զորամասի ժամկետային զինծառայողներից մեկի՝ ազգությամբ եզդի Զոհրապ Մստոյանի համար։ Հանրային հեռուստաընկերության «Մարտիկ» հաղորդաշարի շրջանակներում պաշտպանության նախարարի հրամանով զորամասի հրամանատարության կողմից հենց հրազդանցի այս երիտասարդն ստացավ մեկշաբաթյա արձակուրդը։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Նոյեմբերյան–Կողբ–Երեւան
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/05/05/1066/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 09 September 2010
  • Admin

  • Calendar

    • May 2008
      M T W T F S S
      « Apr   Jun »
       1234
      567891011
      12131415161718
      19202122232425
      262728293031  
  • Archives

  • Links

  • International newspers: