May
4
Գիտության ոլորտի բարեփոխումներն իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, այդ թվում եւ վարկային, ինչպիսիք տրամադրվում են կրթական բարեփոխումներին։ Նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ միջոցներ են պետք մասնավորապես քիմիայի երեք ինստիտուտները մեկում միավորելու համար։
Արձագանքելով ԳԱԱ տարեկան հաշվետվության օրը նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե կառավարությունը «սոցապ նախարարություն» չէ, նա ասաց, որ գիտությունը պետք է մշտապես լինի պետության ուշադրության կենտրոնում։ Նա նաեւ տեղին է համարում նախագահի հնչեցրած քննադատությունը, թե շատ են շնորհվում գիտական կոչումներ ու աստիճաններ։ Ըստ ակադեմիկոսի, անցած տարի պաշտպանված շուրջ 600 թեկնածուական ատենախոսություններից 106—ը տնտեսագիտական թեմաներով են, ինչը բնավ անհրաժեշտ չէ, քանի որ «մեր երկրում տնտեսությունը շատ զարգացած չէ»։ Ռ. Մարտիրոսյանը կարծում է, որ գիտությամբ զբաղվելու պատրվակով բանակից խուսափող տարեկան 220 հոգին մեծ թիվ չէ, հատկապես որ այլ տարբերակներով բանակից խուսափող երիտասարդների թիվն ավելի մեծ է։
ԳԱԱ նախագահը կրկին ներկայացրեց ցուցանիշներ, թե որքան մեծ գումարներ են հատկացվում գիտությանն արտերկրում. ԵՄ անդամ—երկրներում գիտությանը հատկացվում է միջինը ՀՆԱ—ի 1,84 տոկոսը, երկու միլիոն բնակչություն ունեցող Սլովենիայում՝ ՀՆԱ—ի 1,2 տոկոսը, իսկ մեր երկրում՝ 0,2 տոկոսը։ Պետական բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում ամենացածրը գիտնականների աշխատավարձն է. ծառայողների միջին աշխատավարձը 54 հազար դրամ է, գիտնականներինը՝ 47 հազար դրամ։ Մեր երկրում գիտության ու գիտնականի վարկանիշը բարձր չէ, խորհրդային տարիներին ընտանիքում գիտության թեկնածու ունենալը պարծանք էր, այսօր այդպես չէ։ Այս ամենում ակադեմիկոսը տեսնում է նաեւ իրենց մեղքը՝ «գիտական աշխատանքը պետք է գրավիչ դարձնել»։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ նա նշեց, որ խնդիրների մեջ առավել կարեւոր է ենթակառուցվածքների վերականգնումը, այլ ոչ թե գիտնականի աշխատավարձը։
Խոսելով ոլորտի օպտիմալացման անհրաժեշտության մասին՝ բանախոսն ասաց, որ այդ, ինչպես նաեւ գիտության ֆինանսավորման հարցերով ներկայում զբաղվում է գիտության պետական կոմիտեն։ Բացի այդ, արդեն եղել է լուրջ օպտիմալացում. 1990—ականներին համակարգում աշխատում էր 7000 հոգի, իսկ այսօր՝ շուրջ 3700։ Ռ. Մարտիրոսյանը համոզված է, որ սա նվազագույն թիվն է։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
