Արդեն քանի տարի ապրիլի 24—ին, վաղ առավոտից մինչ ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի բարձունքը մարդաշատ է. ողջ օրվա ընթացքում Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր են գնում ոչ միայն հայեր եւ ո՛չ միայն Հայաստանից, այլեւ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից։
Երեկ առավոտյան հուշահամալիր այցելեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, քաղաքական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ամենայն հայոց հայրապետը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին հուշահամալիրի մոտ։ Ամենայն hայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն։
Տիգրան Թորոսյանը նշեց, որ հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը հզոր, իր քաղաքացիների համար բարեկեցիկ արժանապատիվ կյանք ապահովող պետությունն է, որի հիմքը քաղաքացիների՝ միմյանց նկատմամբ հարգանքն է, հանդուրժողականությունը եւ սերը։ «Կարծում եմ, յուրաքանչյուր ոք, ով այսօր գալիս է այստեղ եւ գլուխ է խոնարհում զոհերի հիշատակի առջեւ, պիտի մտածի, որ դա է պատգամը զոհերի, սա է ամենամեծ հարգանքի տուրքը իրենց հիշատակին։ Ցանկացած լուրջ եւ կարեւոր հարց միշտ դժվարին ճանապարհ է ենթադրում, բայց համոզված եմ, արդեն իսկ մեր պետության գոյության տարիներին ակնհայտ դարձավ, որ ցեղասպանության ճանաչումը շատ ավելի արագացել է, քան մինչեւ մեր անկախ պետականության վերահաստատումը»,–ասաց Տ. Թորոսյանը։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ անկախ Թուրքիայի, Ադրբեջանի եւ մի շարք այլ շահագրգիռ կողմերի ջանքերի, ի վերջո, ճշմարտությունը հաղթանակելու է։
«Չկա մի հայ ընտանիք, որ այսօր մեզ հետ չսգա ապրիլի 24—ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, չկա մի ընտանիք, որը չի առնչվել այս ողբերգական իրադարձությունների հետ, ուղղակի կամ անուղղակի այդ ողբերգությունը թակել է ցանկացած հայ ընտանիքի դուռը, եւ մենք պետք է պատմությունից դասեր քաղենք։ Աստված մեզ իմաստնություն տա՝ քաղելու այդ դասերը, որպեսզի ապագայում նման ողբերգություններ չկրկնվեն։ Կարծում եմ՝ մենք պետք է այնքան խելոք լինենք, որ հասկանանք, որ ապագայում նման ողբերգական իրադարձություններից խուսափելու երաշխիքը հետեւյալն է՝ մենք պետք է ուժեղ եւ համախմբված լինենք։ Աստված մեզ խելք տա՝ հասկանալու այս պարզ ճշմարտությունը»,–լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մենք պետք է դասեր քաղենք անցյալից՝ հետագայում մեր պետության, մեր ժողովրդի զարգացումն ապահովելու համար։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մեր երկիրը, մեր պետությունը պաշտպանված լինի, իսկ դրա համար պետք են պլանավորված քայլեր, աշխատանքի մեջ թռիչքներ։ Կարծում եմ՝ մեր պատմության այս ժամանակահատվածը առանձնահատուկ է նրանով, որ մենք արել ենք մեր հնարավորությունների ներածը՝ հետագա սպառնալիքներից մեր ժողովրդի պաշտպանությունը կազմակերպելու համար»,–ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Կարծում եմ՝ 93 տարի առաջ տեղի ունեցածից պետք է հետեւություններ անել, որպեսզի այդպիսի բան այլեւս չկրկնվի։ Այսօր էլ մեզ շրջապատում են ցեղատեսակներ, որոնք թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ, ուստի պետք է միաբան լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել արտաքին թշնամիներին»,–ասաց ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է ոչ միայն հայ ժողովրդին եւ պատմությանը, այլեւ ողջ մարդկությանը, որպեսզի նման երեւույթները չկրկնվեն։ Միայն բարոյական ճանաչման հարցը բավարար չէ. այսօր խոսքը հայրենիքի մասին է, որ կորցրել է հայ ժողովուրդը»,–ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի խոսքերով, վերջին 5—10 տարիներին հայոց ցեղասպանությունը շատ ավելի ճանաչված է դառնում Արեւմուտքում եւ Թուրքիայում՝ նույնպես։ Ըստ նրա, տարբեր երկրներում սկսում են խոսել եւ քննարկել այդ հարցը։ «Մենք պետք է շարունակենք պայքարը բոլոր ցեղասպանությունների դեմ՝ թե Հայաստանում եւ թե դրսում, որ բոլոր երկրները, եւ հատկապես Թուրքիան, ճանաչեն հայոց ցեղասպանությունը։ Շատ կարեւոր եմ համարում նաեւ, որ Իսրայելը եւ ԱՄՆ—ը վերջապես ճանաչեն հայոց ցեղասպանությունը եւ այն այդպես էլ անվանեն, ոչ թե այլ խոսքեր օգտագործեն»,–ասաց նա։
«Վշտակից եմ այն բոլոր մարդկանց, ովքեր կեղեքման եւ տառապանքների են ենթարկվել 1915 թվականին։ Բոլոր ջանքերը պետք է գործադրել, որ այսուհետեւ աշխարհում նման տխուր իրադարձություններ տեղի չունենան։ Աշխարհի ցանկացած վայրում պետք է պայքարել նման երեւույթների դեմ։ Արդարության վերականգնման համար բոլոր պետությունները պետք է համագործակցության ձեռք մենկնեն իրար։ Ցանկանում եմ, որ Հայաստանի երկինքը միշտ անամպ, խաղաղ լինի, ձեր երկրում միշտ անդորր տիրի»,–ասաց Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը։

Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ վառ պահել զոհերի հիշատակը

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել նաեւ մտավորականներ։ «Մենք ողբում ենք, բայց, միաժամանակ, ապագային նայում ենք լավատեսությամբ, համոզմունքով, որ մեր ժողովուրդը ոչ միայն գոյատեւում է, այլեւ զարգանալու է, հզորանալու է։ Մենք մի օր կանգնելու ենք եղեռնի միջազգային ճանաչման փաստի առաջ, բայց պահանջատեր ենք այսօրվանից։ Համոզված եմ՝ եթե ոչ մենք, գոնե մեր սերունդները տեսնելու են մեր միացյալ անկախ հայրենիքը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի պարտքն է, հատկապես ավագ եւ միջին սերնդի, ոչ միայն վառ պահել զոհերի հիշատակը, այլեւ՝ գաղափարը, որ մենք դեռ դատ, պահանջատիրություն ունենք։ Եւ կգա օրը, մեր նոր սերունդներն ավելի վճռական կկանգնեն մեր համազգային նպատակին հասնելու համար։ Հիմա մեր գլխավոր նպատակն է հիշողության եւ պահանջատիրության ջահը վառ պահել եւ փոխանցել նոր սերունդներին։ Նոր սերնդի դաստիարակության կոնկրետ ծրագիր է պետք, այդ թվում՝ այդ հիշատակն ու պահանջատիրությունը վառ պահելու նպատակով։ Այն, ինչ այսօր անում են պետությունը, մտավորականները, ողջ ժողովուրդը, դեռ գործի սկիզբն է»,–ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Ըստ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի, հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արդեն Թուրքիայի ճանաչել—չճանաչելու հետ կապ չունի. «Ապրիլի 24—ը փիլիսոփայություն, ռազմավարություն է՝ ուղղված ոչ թե միայն դեպի անցյալը, այլեւ դեպի ապագան։ 2001 թվականի սեպտեմբերի 11—ը ցույց տվեց, որ յուրաքանչյուր ցեղասպանություն սկսվում է ահաբեկչությունից, եւ աշխարհը սեպտեմբերի 11—ին իմացավ՝ կատարվածի պատճառն այն է, որ Թուրքիան անպատիժ է մնացել։ Թուքիան գիտի, որ եթե ճանաչի հայոց ցեղասպանությունը, երկրորդը լինելու է հայրենիքի հարցը, որովհետեւ մենք ոչ թե միայն տարածքներ ենք կորցրել, այլ՝ մեր հայրենիքը։ Ապրիլի 24—ը պայմանական օր է, ցեղասպանությունը միայն 1915 թվականին չի եղել։ Երբ ասում ենք 1915, Թուրքիան դա օգտագործելով՝ աշխարհում հայտարարում է, որ 1915—ին պատերազմ է եղել, եւ նկատվել է, որ հայերը պաշտպանում են ռուսներին, ուստի իրենք ստիպված են եղել տեղահանել հայերին, այդ ընթացքում էլ տեղի են ունեցել դաժանություններ։ Ցեղասպանությունը պետական մակարդակով սկսվել է 1876 թվականին, 1893 թվականին արդեն պաշտոնական փաստաթղթեր են եղել այդ մասին, ավարտվել է 1923 թվականին»։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am/

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/04/25/1022/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • April 2008
      M T W T F S S
      « Mar   May »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930  
  • Archives

  • Links

  • Adv