Այս փորձությունից էլ պետք է դուրս գալ պատվով եւ դասեր քաղածՈստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ։
Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ հասարակական կարգի պաշտպանության հարցերում Հայաստանի ոստիկանությունն անցած տարիներին արձանագրել է ձեռքբերումներ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է իր կարեւոր առաքելությունը։ Այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ տարված է հսկայական աշխատանք, սակայն դեռ լուրջ անելիքներ կան ոստիկանության աշխատաոճը արդի պայմաններին համապատասխանեցնելու եւ կոռուպցիոն երեւույթները վերացնելու ուղղություններով։
Հայաստանի Հանրապետության իշխանությունները բարելավելու են ոստիկանության աշխատողների սոցիալական վիճակը, ներառյալ՝ աշխատավարձերի բարձրացումը, քայլեր են ձեռնարկվելու աշխատանքային պայմանները, այդ թվում՝ տեխնիկական վերազինումը արդիականացնելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկնում է Հայաստանում ներքին գործերի մարմինների ձեւավորման 90—րդ տարեդարձի հետ։ Ես հատուկ ցանկանում եմ շնորհավորել ներքին գործերի բոլոր վետերաններին։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ երջանկություն։
Հայաստանի համակողմանի եւ արագ զարգացումը մեծապես կախված է նաեւ այն հանգամանքից, թե դուք ինչպես կկատարեք ձեր պարտականությունները, թե ինչ մասնագիտական մակարդակով կլուծեք ձեր առջեւ դրված խնդիրները։ Գաղտնիք չէ, որ ոստիկանության գործողությունները հաճախ ունենում են հասարակական լայն եւ սուր արձագանք։ Մարտի 1—ի իրադարձությունները փորձություն էին մեր ողջ երկրի ու ժողովրդի, մասնավորապես՝ ոստիկանության համար։ Մեր ողջ հասարակության հետ նաեւ ոստիկանությունը պետք է այս փորձությունից դուրս գա պատվով եւ դասեր քաղած։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ ներկա մարտահրավերներին դիմակայելու բարդ, բայց եւ պատվաբեր գործում։
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ

***
Մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար, գեներալ—գնդապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ—լեյտենանտ Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ոստիկանության, զինված ուժերի եւ ԱԱԾ բարձրաստիճան սպաներ, վետերաններ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ներկաներին ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։
ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ—գնդապետ Հայկ Հարությունյանն արձանագրեց, որ անցած յոթ տարիների ընթացքում համակարգը նկատելի առաջընթաց է ապրել, ստեղծվել են առանձին հանցագործությունների՝ ահաբեկչության, կոռուպցիայի, համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներ, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների եւ այլ երկրների ոստիկանության համակարգերի հետ։ «Ցավալի է, որ հասարակության որոշ շերտերում դեռ վստահության պակաս կա ոստիկանության նկատմամբ, եւ դա, անշուշտ, մեր բացթողումն է։ Միշտ չէ, որ կայանում է երկխոսությունը ոստիկանության եւ հասարակության միջեւ, եւ այդ առումով մենք լուրջ անելիքներ ունենք։ Տեղի ունեցածից հետո մենք պետք է սթափ գնահատենք իրավիճակն ու անենք առավելագույնը, որպեսզի Հայաստանի ցանկացած քաղաքացի, հանձին ոստիկանության աշխատակցի, տեսնի իր պաշտպանին»,– նկատեց պաշտոնյան՝ դիմելով ոստիկանության աշխատակիցներին։
Ներքին գործերի նախարարությունը 1918 թվականին դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պետական մարմինը՝ ստանձնելով նորաստեղծ պետության սահմանադրական եւ հասարակական կարգի պահպանումը։ «Ոստիկանության համակարգի համար շրջադարձային էր 2001թ. ապրիլի 16—ին ընդունված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, որն առաջին անգամ օրենքով ամրագրեց կառույցի իրավական դրությունը, նրա պարտականություններն ու լիազորությունները»,–տեղեկացրեց ոստիկանապետը։
Նա հարկ համարեց ընդգծել, որ պետության ամրության հիմնասյուներից մեկը՝ ոստիկանությունը, անցած 90 տարիների ընթացքում ունեցել է 37 ղեկավարներ, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է կատարել ավանդույթներով հարուստ պետական մարմնի զարգացման գործում։
Նա իր երախտագիտությունը հայտնեց, իսկ ավելի ուշ պարգեւներ հանձնեց նաեւ համակարգի վետերաններին։ «Համակարգը նվիրյալներ ունեցել է երեկ, ունի այսօր եւ կունենա վաղը»,–համոզմունք հայտնեց ոստիկանապետը՝ վերհիշելով, որ անկախությունից հետո հայ ոստիկանը պայքարում էր երկու ճակատով՝ թշնամու դեմ ռազմաճակատում եւ երկրի ներսում՝ հանցավորության դեմ։ Համակարգի անունից նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ոստիկանության համակարգի կայացման գործում ունեցած ավանդի համար։
Հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության կազմավորման 7—րդ ամյակի կապակցությամբ իրավակարգի ապահովման եւ անբասիր ծառայության համար համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացան բարձրագույն պետական պարգեւների՝ «Մարտական ծառայության», «Արիության» շքանշանների։ Պարգեւները նրանց հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ոստիկանության աշխատակիցները պարգեւատրվեցին նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից։ Շնորհավորելով ոստիկաններին՝ նա ընդգծեց, որ անուրանալի է արցախյան պատերազմի տարիներին առաջին կամավորական ջոկատների կազմում ՆԳՆ աշխատակիցների քաջագործությունը։ ԱԱԾ տնօրեն գեներալ—լեյտենանտ Գորիկ Հակոբյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ինչպես նաեւ ոստիկանապետ Հ. Հարությունյանի հրամաններով նույնպես պարգեւատրվեցին մի շարք ոստիկաններ։ Ի դեպ, ոստիկանապետն էլ տոնի առթիվ ԱԱԾ տնօրենից ստացավ ոսկե ժամացույց։

***
Ոստիկանության աշխատակիցների տոնական օրը խիստ հագեցած էր։ Մինչ հանդիսավոր նիստը ոստիկանության բարձրաստիճան սպայակազմը նախ ծաղիկներ դրեց «Հաղթանակ» զբոսայգում գտնվող՝ արցախյան պատերազմում հերոսաբար ընկած ընկերների հիշատակը հավերժացնող հուշաքարին, ապա՝ ՀՀ ոստիկանության կենտրոնական շենքի դիմաց գտնվող «Իրավակարգի մարտիկի» հուշաքարին։
Օրը եզրափակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնական շքեղ համերգով, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, հասարակական ու մշակույթի հայտնի դեմքեր։
Համերգին ոստիկանները եկել էին ընտանիքների հետ, առաջին շարքերում էլ վետերաններն էին։
Մինչ ոստիկանության աշխատակիցների մի մասը վայելում էր տոնական համերգը, նրանց գործընկերները համբերատար ու համերաշխ շարունակում էին հասարակական կարգի պահպանության իրենց ամենօրյա անդուլ աշխատանքը։ Ոստիկանությունը նվիրյալներ ունեցել է երեկ, ունի այսօր, կունենա վաղը…

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/04/17/1006/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

    • April 2008
      M T W T F S S
      « Mar   May »
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      282930  
  • Archives

  • Links

  • Adv