Feb
25
ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով Մոսկվայում
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստան
Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը երեկ տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցեցին 12 պետությունների նախագահները։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ—ին առաջարկեց Համագործակցության զարգացման ծրագիր ընդունել մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանի համար։
«Առաջնային պետք Է դառնա տնտեսական զարգացումը՝ ուղղված մրցունակության մեծացմանը եւ սոցիալ—տնտեսական զարգացման արագացմանը»,–ասաց ՌԴ նախագահը։
Ըստ «Արմենպրեսի», Ռուսաստանի նախագահը ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց ութ տարվա համատեղ աշխատանքի համար։
Նա նաեւ հայտարարեց, որ ՌԴ նախագահական ընտրություններում առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հաղթանակի դեպքում Մոսկվայի արտաքին քաղաքականությունը ԱՊՀ տարածքում չի փոխվի։ «Մենք միշտ էլ ձգտել ենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն մեր երկրներից յուրաքանչյուրի համար, համենայնդեպս, ԱՊՀ շրջանակներում մենք դա արել ենք»,–ասաց ՌԴ նախագահը։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում երեկ կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
ՌԴ նախագահը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի գործընկերոջը՝ գագաթնաժողովին մասնակցելու համար, ինչը նաեւ լրացուցիչ առիթ է հանդիպելու, զրուցելու համար։ Վլ. Պուտինը հույս հայտնեց, որ ՀՀ նորընտիր նախագահի առաջին այցելություներից մեկը Ռուսաստան կլինի, եւ դիմելով Ռ. Քոչարյանին՝ ասաց. «Ուզում եմ ձեր միջոցով հրավիրել Սերժ Սարգսյանին՝ այցելելու Ռուսաստան»։
Վլ. Պուտինը նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ նշելով, թե՝ «անցած տարիներին Ձեր անմիջական մասնակցությամբ շատ բան է արվել հայ—ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտում»։
Ռ. Քոչարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար։ «Եթե գնահատելու լինենք անցած ճանապարհը, ապա, իրոք, երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց են արձանագրել։ Այդ տարիներն առանձնացել են իրենց արդյունավետությամբ թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար, եւ այդ ամբողջությունը հանգեցրել է հայ—ռուսական առանձնահատուկ հարաբերությունների»,–ընդգծեց Ռ. Քոչարյանը։ Նա ավելացրեց, որ Հայաստանում գնահատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ «կարծում եմ, որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ տնտեսական համագործակցությունը դարձել է բազային բաղադրիչ՝ երկկողմ հարաբերությունների լոկոմոտիվը»։ ՀՀ նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունների մակարդակով պայմանավորված՝ մեծ է նաեւ քննարկվող հարցերի օրակարգը, եւ միշտ դրանց քննարկման անհրաժեշտություն է առաջանում։
Երեկ կայացել է Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սահակաշվիլու հանդիպումը։
Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հանդիպման սկզբում Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Միխայիլ Սահակաշվիլուն՝ Վրաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական գործակցության հարցերին եւ պայմանավորվել են, որ դրանց ավելի մանրամասն քննարկման նպատակով մոտ ժամանակներս պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն։
Երեկ ուշ երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ Երեւան։
Source: http://www.hhpress.am
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2008/02/25/975/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
