Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներԸնտրախախտումների փաստերով արդեն հարուցված է 10 քրեական գործ

Նախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների փաստերով արդեն հարուցվել է տասը քրեական գործ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները ընտրախախտումների վերաբերյալ նյութերով նախապատրաստումը եւ հարուցված քրեական գործերի նախաքննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու համար։
Ինչպես «ՀՀ»—ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, երեկ ընտրախախտումների փաստերով հարուցվել է եւս երկու քրեական գործ։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Լ. Տեր—Պետրոսյանի Գյումրու նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը, մարզի նախկին զինոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը եւ Շոթա Սաղաթելյանը, միմյանց հաջորդելով, քվեարկության օրը, ժամը 14։30—05։00—ն մտել են 34/06 տեղամաս եւ, հանձնաժողովականներին մեղադրելով քաղաքացիների անձնագրերում անօրինական կնիքներ դնելու մեջ, սպառնացել են նրանց ու խոչընդոտել ՏԸՀ—ի աշխատանքին։
Հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 149—րդ հոդվածի 2—րդ մասի 3—րդ եւ 5—րդ կետերի հատկանիշներով։
Թիվ 9/31 ընտրական տեղամասում արձանագրությունում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելու եւ այդ եղանակով քվեարկության արդյունքներն աղավաղելու եւ կեղծելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՏԸՀ նախագահ Էդուարդ Աղաջանյանի, նրա տեղակալ Ալվարդ Հովհաննիսյանի, քարտուղար Մարգարիտա Այվազյանի եւ հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ։ Հատկանշական է, որ կեղծ արձանագրությունը ստորագրել են նաեւ Լ. Տեր—Պետրոսյանի, Վ. Մանուկյանի վստահված անձինք։ Փաստաթղթի տակ չի ստորագրել միայն «ՕԵԿ»—ի ներկայացուցիչը, ում պահանջով կատարվել է վերահաշվարկ։ Սույն փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150—րդ հոդվածի հատկանիշներով։ Է. Աղաջանյանը ձերբակալված է։
2008թ. փետրվարի 18—ին եւ 19—ին Վանաձոր քաղաքի թիվ 30/22 ընտրական տեղամասում Լ. Տեր—Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը տարբեր անօրինական գործողություններով խոչընդոտել է նշված ընտրական հանձնաժողովի աշխատանքներին։ Այս փաստի առթիվ նույնպես նախապատրաստված նյութերով հատուկ քննչական ծառայությունում 20.02.08թ. հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149–րդ հոդվածի 1—ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։
ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20—ին ՀՀ վարչական դատարանն ստացել է երկու հայցադիմում՝ ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ։ Հայցադիմումները ներկայացված են եղել Լեւոն Տեր—Պետրոսյանի վստահված անձ Արտակ Զեյնալյանի կողմից եւ փոստին են հանձնվել փետրվարի 17—ին։ Նշված հայցադիմումները վարույթ չեն ընդունվել օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ եւ նույնն օրն էլ վերադարձվել են։
Քվեարկության հաջորդ օրը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի հայցադիմումը «Ազատական եւ ժողովրդավարական» կազմակերպության դիտորդ Վարդան Սամսոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182—րդ հոդվածի հիմքով՝ «զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։
Ինչպես հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից, նախագահական ընտրությունների հետ կապված դիմումներ դատարանում դեռեւս չեն ստացվել։
Տեղեկացնենք նաեւ, որ արդեն հարուցված քրեական գործերի մասով կան նորություններ։ Լոռու մարզի Արեւածագ գյուղի թիվ 32/53 տեղամասում Լ. Տեր—Պետրոսյանի վստահված անձ Էդմոնդ Գեւորգյանը ալկոհոլ օգտագործած վիճակում խոչընդոտել է նույն տեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ] ՀՀ քրեական օրենսգրքի 149—րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քվեարկության օրը, ժամը 14—ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասի մոտ, հավաքված բազմության ներկայությամբ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր—Պետրոսյանի Անիի տարածքի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը ծեծել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը։ Հ. Ուռուտյանը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149—րդ հոդվածի 2—րդ մասի 3—րդ կետի հատկանիշներով։
Հարուցված մյուս քրեական գործերի վերաբերյալ երեկվա դրությամբ դեռեւս նորություն չկար։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/02/22/963/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv