Երեւանում բացվեց ԵՄ լիարժեք գրասենյակՀարեւանդ չի գնում Եվրոպա, Եվրոպան է գալիս քո տուն

Երեկ Երեւանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Եվրահանձնաժողովի լիարժեք պատվիրակության շենքը։ Այդ առիթով Երեւանում է Եվրամիության եռյակը։ ԵՄ դրոշի գույնի կապույտ ժապավենը կտրելու եւ ցուցանակը բացելու պատիվը վերապահված էր ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդներին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին։
«Այսօր պատմական օր է։ Մի քանի տարի առաջ, երբ Բրյուսելում բացվում էր Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության շենքը, այնտեղ ես ասացի, որ կգա ժամանակ, եւ այդ օրը կհիշվի։ Այսօր նույնպես ուզում եմ կրկնել այդ բառերը՝ գալու է ժամանակ, եւ այս օրը հիշվելու է, երբ մենք հիմք դրինք Եվրամիության հետ հարաբերությունների մի նոր որակի»,—ասաց Վարդան Օսկանյանը՝ շնորհավորելով երկու կողմերին։
Բենիտա Ֆերերո Վալդներն ասաց. «Սա վկայությունն է այն բանի, որ Եվրոպական Միության եւ հանրապետության միջեւ հարաբերությունները գնալով ավելի սերտանում են, եւ սա ավելի է ընդգծվում ԵՀՔ շրջանակներում։ Վերջին տարիներին Հայաստանը եւ Եվրամիությունն իսկապես շատ մեծ առաջընթաց են արձանագրել փոխադարձ հարաբերություններում, եւ այսօրվա արարողությունը դրա ամենավառ ապացույցներից մեկն է»։
Հանձնակատարն ավելացրեց, որ գրասենյակը հնարավորություն կտա ավելի սերտորեն աշխատել ՀՀ կառավարության, գործարար շրջանակների, քաղաքացիական հասարակության եւ մամուլի հետ։ «Խնդրեմ, եկե՛ք մեզ մոտ»,–կոչ արեց նա։
Տիկին Վալդներն ուրախությամբ արձանագրեց, որ օրեր անց սպասվող նախագահական ընտրություններում գրանցված բոլոր թեկնածուներն էլ պաշտպանում են եվրաինտեգրման խորացման ուղին. «Ուրեմն, թող հաղթի լավագույնը եւ հաղթի՝ ազատ եւ արդար ընտրություններում»։
Վարդան Օսկանյանը խոսեց ե՛ւ հայերեն, ե՛ւ անգլերեն. «Իսկապես, այսօր մեր համագործակցության ծավալն այնքան է խորացել, որ մեզ անհրաժեշտ էր երկու մայրաքաղաքներում՝ Բրյուսելում եւ Երեւանում, լինեն ներկայացուցչություններ, որպեսզի, ինչպես հանձնակատարն ասաց, կարողանայինք առավել արդյունավետ, արդեն առօրյա հիմունքներով իրար հետ աշխատել՝ ի շահ առավելապես հայ ժողովրդի ու նաեւ Եվրոպական մայրցամաքի»։
Անգլերեն խոսքը նախարարն ավարտեց այսպես. «Մենք միշտ ցանկացել ենք, որ եվրոպական սահմանը մի օր մոտենա մեզ։ Մի ճանապարհ կա դրա համար, եթե գիտեք՝ ի՞նչ նկատի ունեմ,–դիվանագետների աշխուժությունը վկայեց, որ նրանք գիտեն՝ ինչի մասին է խոսքը,–բայց այդ խնդիրն ինձ ավելի հեռու է թվում, քան նախկինում։ Այնպես որ, ես ուրախ եմ այսօր, որ թեեւ Եվրամիության սահմանները դեռ չեն եկել Հայաստան, սակայն Եվրամիությունն է եկել Հայաստանի ներս, եւ մենք լիովին ուրախ ենք այս զարգացման համար»։
Նախարար Օսկանյանն արժեւորեց երկկողմ հարաբերությունները, որոնցում առանցքային նշանակություն ունի ԵՀՔ գործողությունների ծրագիրը։ «Եվ սա միայն սկիզբն է։ Մեր հարաբերությունները կշարունակվեն եւ կխորանան. եւ դա է մեր հարաբերությունների տեսլականը երկու կողմերում»,–ասաց նա։
Այնուհետեւ ներկաները միմյանց շնորհավորեցին բացման առթիվ կազմակերպված ընդունելության ընթացքում։ Արարողությանը ներկա էին ԵՀ պատվիրակության նախկին եւ նոր դեսպանները, ողջ պատվիրակությունը, ԵՄ դեսպաններ, բարձրաստիճան հյուրեր եւ լրագրողներ։
Մինչ այժմ Եվրամիությունը Հայաստանում ներկայացված էր տարածաշրջանային գրասենյակով, որը գտնվում էր Թբիլիսիում։ Երեկ Բաքվում նույնպես բացվել է լիարժեք գրասենյակ։ Այսօր Բենիտա Ֆերերո Վալդները եւ Վարդան Օսկանյանը հանդես կգան համատեղ ասուլիսով։

Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/02/06/920/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv