Սկսվեց Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը

Փետրվարի 4—ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ Ազգային ժողովի չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի բացումը, որից հետո ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին երրորդ նստաշրջանի օրակարգի մասին ԱԺ որոշումը եւ քառօրյա նիստերի օրակարգը։
ԱԺ պատգամավորները նախորդ նիստում ընդհատված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկելուց հետո անդրադարձան «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4369 AM ֆինանսավորման (Աղքատության հաղթահարման աջակցության չորրորդ վարկ)», «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի» համաձայնագրերին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրությանը։
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով, ըստ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, նախատեսվում է վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական տեսչությունը, քանի որ այն արդեն լուծել է ժամանակի թելադրանքով իր առջեւ դրված խնդիրները։ Այդ տեսչության որոշ գործառույթներ կվերապահվեն նախարարության վերահսկողական վարչությանը։
ՀՀ վերահսկիչ պալատի 2008 թ. գործունեության տարեկան ծրագիրը ներկայացրեց վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Նա նշեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի 2008 թ. գործունեության տարեկան ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով չորս սկզբունքներ. առաջինը պարտադիրության սկզբունքն է. ծրագրի 1—ին, 2—րդ եւ 3—րդ կետերը պարտադիր են, բխում են ՀՀ Սահմանադրությունից, «Վերահսկիչ պալատի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներից եւ վերաբերում են պետական բյուջեի կատարման, ԿԲ 2007—ի տարեկան եւ 2008 թ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություններին։ Երկրորդ սկզբունքն այն է, որ ՎՊ 2008 թ. ծրագրում ընդգրկվել է նաեւ 2007 թ. չորրորդ եռամսյակի չկատարված ծրագիրը։ Ներկայիս վերահսկիչ պալատը համարվում է ԱԺ վերահսկիչ պալատի իրավահաջորդը, եւ քանի որ ԱԺ ՎՊ—ի վերակազմավորման ընթացքում 2007թ. չորրորդ եռամսյակի ծրագիրը չի կատարվել, 2008 թ. ծրագրում ընդգրկվել են նաեւ 2007 թ. չկատարված ծրագրի որոշ թեմաներ։ Երրորդ սկզբունքը՝ փորձ է արվել ծրագրում ընդգրկել ուսումնասիրության այնպիսի թեմաներ, որոնց շրջանակներում ՎՊ—ն առնչվելու է վարկային ծրագրերի. եթե ընտրված է որեւէ նախարարություն, գործունեությունն ուսումնասիրելիս նաեւ ուսումնասիրվելու են կառույցին առնչվող վարկային ծրագրերը։ Չորրորդ սկզբունքով ծրագրում ընդգրկվել են ԱԺ ՎՊ—ի կողմից վերջին 4—5 տարիների ընթացքում ընդհանրապես չուսումնասիրված կառույցներն ու թեմաները։ Ըստ այդմ՝ ծրագիրը վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն է նախատեսում պետական տարբեր մարմիններում ու կազմակերպություններում, նախատեսում է «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի կատարման մասին» ՀՀ կառավարության հաշվետվության, ՀՀ կենտրոնական բանկի 2007 թ. տարեկան հաշվետվության, պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություններ, պետական պատվերի եւ ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման եւ օգտագործման վերաբերյալ վերահսկողություն։ Ներկայացված ծրագրում ընդգրկված է նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային միջոցների օգտագործման, ինչպես նաեւ տարբեր ծրագրերի վերահսկողություն։
Գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը, կարեւորեց վերահսկիչ պալատի անկախ գործունեությունը՝ որպես նրա արդյունավետ աշխատանքի գրավական եւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ծրագրում ներառված մի շարք պետական մարմիններ նախկինում վերահսկիչ մարմնի կողմից երբեւէ չեն ուսումնասիրվել։
ՀՀ դրամավարկային քաղաքականության 2008 թ. ծրագիրը ներկայացրեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բանախոսն անդրադարձավ 2007 թ. մակրոտնտեսական միջավայրին. նրա գնահատմամբ՝ 2007 թ. գնաճի մակարդակը պետք է կազմեր 4 տոկոս՝ 1,5 տոկոս տատանման թույլատրելիությամբ, սակայն համաշխարհային շուկայում հացահատիկի, բենզինի, բուսական եւ կենդանական յուղի գների աննախադեպ աճը հանգեցրեց ներքին շուկայում գների բարձրացմանը։ Գնաճի մակարդակը 2007 թ. հասել է 6,6 տոկոսի՝ ավելի քան 1 տոկոսով գերազանցելով սահմանված մակարդակը։ Հայկական դրամը դոլարի միջին փոխարժեքի նկատմամբ արժեւորվել է 22 տոկոսով։ ԿԲ նախագահի բնորոշմամբ՝ նախորդ տարին աչքի է ընկել տնտեսության վարկավորման բարձր տեմպերով։ Ինչ վերաբերում է 2008 թ. կանխատեսումներին՝ արտաքին գնաճային ճնշումներն առնվազն առաջին կիսամյակում ազդեցություն կունենան ներքին շուկայի վրա։ Այդուհանդերձ, տարվա ընթացքում նախատեսվում է գնաճի նվազող վարքագիծ։ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց նաեւ նախորդ տարում բանկային համակարգի, ապահովագրական շուկայի եւ արժեթղթերի շուկայի զարգացման միտումները։
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ փետրվարի 5—ի նիստում։

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/02/05/909/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv