Կայացած կառույցը՝ պատշաճ պայմաններումՊՆ նոր շենքային համալիրը շահագործման կհանձնվի մայիսի վերջին

ՀՀ պաշտպանության նախարարության նոր շենքային համալիրը, որն ընդգրկում է շուրջ 26 հեկտար տարածք, շահագործման կհանձնվի մայիսի վերջին։ Ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել էր համալիրի տարածք, տեղեկացավ շինարարության ներկա փուլի մասին։ «Դեռ բավականին անելիք կա, եւ հույս ունենք, որ աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին։ Պաշտպանության նախարարությունն աշխատում է հարմարեցված շենքում, տարբեր վարչություններ գտնվում են քաղաքի տարբեր վայրերում, եւ անհրաժեշտություն կար հավաքել այդ ամենը մեկ տեղում՝ լիարժեք կառավարումն իրականացնելու համար»,–իր տպավորությունները հայտնեց երկրի ղեկավարը՝ նշելով, որ միշտ ասում ենք, որ բանակն ամենից կայացած ու կարեւոր կառույցերից է, հետեւաբար՝ ՊՆ—ն էլ պետք է պատշաճ շենքային պայմաններում աշխատի։ Պատշաճ պայմանները, ըստ նրա, ենթադրում են նաեւ կառավարման արդյունավետ համակարգեր, կապի ժամանակակից միջոցներ։
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի խոսքերով, պաշտպանության նախարարության՝ կառուցվող նոր շենքային համալիրն արդեն մայիսի վերջին կկարողանա տեղավորել ՊՆ կենտրոնական ապարատը։ «Հիմա մոտենում ենք ավարտին, երեք ամսից ամբողջությամբ կավարտենք, հունվարի ցրտերի պատճառով աշխատանքի տեմպերը մի քիչ դանդաղեցին, հիմա եղանակն արդեն լավ է, ու ժամանակին կավարտվի այս գեղեցիկ համալիրի կառուցումը»,–վստահեցրեց նա՝ նշելով, որ հիմնական աշխատանքը կատարված է, մնացել են այնպիսի աշխատանքներ, որոնք հարկավոր է մանրակրկիտ ու որակով կատարել։
Նախարարն ընդգծեց, որ համալիրի շինարարության արժեքը շուրջ 13 միլիարդ դրամ է, որ ստացվել է արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ըստ նրա՝ իրենք նախ զինվորներին են ապահովել լավ պայմաններով, ապա նոր միայն՝ կենտրոնական ապարատին։
Հիշեցնենք, որ դեռեւս 1993 թ. ՀՀ կառավարության որոշմամբ, ՊՆ նոր շենքային համալիր կառուցելու համար նախկին հիվանդանոցային համալիրի շենքը հանձնվել էր նախարարությանը։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն տարիներին շինարարություն չի նախաձեռնվել։ 2005 թ. դեկտեմբերին համալիրի երրորդ մասնաշենքի հիմքում, այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսանի մասնակցությամբ, տեղադրվեց պարկուճ, որն իր մեջ մեր ժողովրդին բարգավաճման եւ խաղաղության մաղթանքով հուշագիր էր կրում։ Աշխատանքները թափ առան։ Նախ, համալիրի շինարարության գլխավոր կապալառու ճանաչվեց ռուսական «Ինգեոկոմ—Երեւան» ընկերությունը, ավելի ուշ գլխավոր կապալառուն փոխվեց. ՊՆ—ն իր ձեռքը վերցրեց համալիրի կառուցման պարտականությունը։
Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը, դժվարություններ են առաջ եկել հատկապես հողաշինարարական աշխատանքների ժամանակ, քանի որ ռելիեֆը շատ խիստ ու քարքարոտ է. 26 հա տարածքի ներքեւի եւ վերեւի հատվածների տարբերությունը մոտ 60 մետր է։ Նրա ներկայացմամբ, նախ, ամրացվել է հին շենքը, այն դարձվել սեյսմակայուն, պայմանագիր է ստորագրվել շուրջ 10 կապալառու, նույնքան էլ ենթակապալառու ընկերությունների հետ, օրական շինհրապարակում է շուրջ 500 շինարար, օգտագործվում է բացառապես բարձրորակ շինանյութ։
Գնդապետն ընդգծեց, որ համալիրի նախագծումը վստահվել է «Հայնախագիծ» ինստիտուտին, ճարտարապետներն են Ստեփան Լազարյանը, Ռուբեն Հասրաթյանը, Լեւոն Քրիստափորյանը եւ Հայկ Այվազյանը։
Նրա տեղեկացմամբ, կատարվել ու շարունակվելու են ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքները՝ ջրահեռացում, ոռոգման ցանց, ջրատարի անցկացում, ճանապարհների բարեկարգում, ասֆալտապատում, շրջապատի կանաչապատում։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանն ստանձնել է հարակից տարածքի ասֆալտապատման ու կառուցապատման աշխատանքների կատարումը։
Նշենք, որ համալիրի հիմնական մասնաշենքերում կտեղավորվեն նախարարն իր ապարատով, գլխավոր շտաբն իր օպերատիվ ու կապի վարչությամբ, թիկունքային ծառայությունները, կոլեգիայի դահլիճը՝ նախատեսված 380 հոգու համար, հանդիսությունների սրահը, ճաշարանը, ֆիզպատրաստության սրահները, բուժսենյակներ եւ այլն։ Օժանդակ շինություններում տեղ կգտնեն լողավազանը, կաթսայատունը, մարզահրապարակներն ու համալիրը, անցագրային կետերը, զորանոցը, կապի կենտրոնացված համակարգը, հրաձգարան, փակ ու ընդարձակ ավտոկայանատեղին ու մեծ հրապարակ, որը հարմար կլինի նաեւ ուղղաթիռների վայրէջքի համար։ Ըստ նախագծի՝ բոլոր մասնաշենքերը կլինեն ութ հարկանի, մի քանիսը՝ հինգ, եւ օժտված՝ 10 բալ սեյսմակայունությամբ։

***
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այցելել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2008թ. ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։
Նախագահը լրագրողներին հայտնեց, որ գլխավոր շտաբում ունեցած խորհդակցության ժամանակ բացի նոր համալիրից, քննարկվել են նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերության շրջանակներում հուլիս—օգոստոս ամիսներին անցկացվելիք զորավարժությանն առնչվող հարցեր։ Ըստ Ռ. Քոչարյանի՝ մեր երկրում առաջին անգամ անցկացվում է աննախադեպ մեծ զորավարժություն։ Նախագահը ծանոթացել է զորավարժության մտահղացմանն ու սցենարին։ Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատաքային խումբ, ավելի ուշ կհաստատվի նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը, որպեսզի «այդ զորավարժությունները մեր երկրում պատշաճ մակարդակով անցկացվեն»։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/02/04/898/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: