Համատեղ աղեղ եւ համատեղ նիզակակիր–2008Ամենախոշոր զորավարժությունները Հարավային Կովկասում

Երեւանում երեկ մեկնարկեց ՆԱՏՕ—ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում սեպտեմբերին անցկացվելիք «Համատեղ աղեղ եւ համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովը։ Դրան մասնակցում են 20 երկրների 25 ազգությունների շուրջ 110 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի։ Չնայած Ադրբեջանը ստացել է հրավեր, սակայն չի մասնակցում։
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ—գնդապետ Սեյրան Օհանյանը։ Ողջունելով հավաքվածներին՝ նա նշեց, որ նման մեծ քանակությամբ մասնակիցների ներկայությունն ինքնին վկայում է զորավարժությունների կարեւորության եւ արդիականության մասին։ «Համաժողովի ընթացքում իրականացվելու է պլանավորում զորավարժությունների հիմնական մտահղացման ձեւավորման ուղղությամբ։ Այս տարվա ընթացքում մի քանի այսպիսի համաժողովներ են լինելու, հաջորդը նախատեսվում է ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։ Պլանավորման ընթացքում ամեն ինչ կանենք, որպեսզի ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի զորավարժությունները նույնպես անցկացվեն բարձր մակարդակով»,–ասաց Ս. Օհանյանը։
Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ զորավարժությունների նպատակը գործընկեր երկրների հետ միասին փոխգործակցության կազմակերպումն է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրների շուրջ։ Կարեւոր է նաեւ փորձի փոխանակման գործընթացը, ինչը կբարձրացնի համագործակցող երկրների սպաների մասնագիտական մակարդակը։
«Հատկանշական է, որ մասնակից երկրների թվաքանակով «Համատեղ աղեղ եւ համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններն ընդգրկում են աշխարհագրորեն բավականին լայն տարածաշրջան։ Այս առումով ցանկանում եմ նշել Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության անդամ երկրների, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների մասնակցությունը»,–նկատեց Ս. Օհանյանը։ Նա արձանագրեց, որ Հայաստանում անցկացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի զորավարժությունները բարի ավանդույթ են դառնում, տարեցտարի բարձրանում է այս զորավարժություններին ՀՀ ԶՈւ մասնակցության ակտիվությունը։
«Դեռեւս 2003թ. Հայաստանը հյուրընկալեց համատեղ «Լավագույն ջանք», 2006թ.՝ «Փրկարար», իսկ 2007թ.՝ «Համատեղ ձգտում» զորավարժությունները։ Սակայն «Համատեղ աղեղ եւ համատեղ նիզակակիր 2008»—ն իր ծավալով եւ ներգրավված երկրների քանակով Հարավային Կովկասում երբեւէ անցկացված նման միջոցառումներից ամենամեծն է»,–ասաց գլխավոր շտաբի պետը։
Ս. Օհանյանը խիստ կարեւորեց ՆԱՏՕ—ի, ԱՄՆ—ի եւ Հայաստանի մյուս գործընկերների դերակատարությունը, որոնց հետ ՀՀ ԶՈւ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս միջոցառումը։ «Ուրախալի է, որ ՆԱՏՕ—ի գործընկերների հետ մեր համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում, եւ Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ—ի՝ որպես եվրոպական անվտանգության անկյունաքարային կառույցի, կայունացնող դերակատարությունը նաեւ մեր տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,–ավելացրեց Ս. Օհանյանը։
Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հեռանկարային եւ պատշաճ մակարդակի հարաբերություններ զարգացնելու եւ փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու նպատակով իրականացվում են նաեւ մի շարք այլ համատեղ ծրագրեր։
«Զորավարժությունները նպաստում են ոչ միայն դրանց մասնակցող ստորաբաժանումների եւ զինծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացմանը։ Դրանք նաեւ լավ առիթ են մեր տարածաշրջանի համընդհանուր անվտանգությամբ եւ կայունությամբ շահագրգռված տարբեր երկրների համար՝ համատեղ գործողություններ մշակելու ու միասնաբար մեկ թիմով իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու գործում։ Ուստի Հայաստանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու նման միջոցառումները, դռնբաց ընդունելու բոլոր մասնակիցներին՝ ջանալով ապահովել նրանց համար աշխատանքի առավելագույն հարմարավետ պայմաններ։ Համոզված եմ, որ պլանավորման համաժողովը կանցնի ջերմ մթնոլորտում, իսկ սեպտեմբերին նախատեսված զորավարժությունները կանցկացվեն մասնագիտական եւ կազմակերպչական բարձր մակարդակով»,–նշեց Ս. Օհանյանը։
ՆԱՏՕ—ի հայդենբերգյան ցամաքային հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Կլաուդիո Էռնեստո Վարսելոտտին իր խոսքում ասաց, որ Հայդենբերգի հրամանատարության օպերատիվ ստորաբաժանումները կիսելու են Հայաստանի հետ զորավարժությունների կազմակերպման ողջ ծանրությունը։ «Հավատացնում եմ, որ բոլոր նախապայմանները կստեղծվեն զորավարժությունների հաջող անցկացման համար։ Նախապատրաստական գործընթացները սկսվել են դեռեւս 2007թ. վերջին։ Այս միջոցառումը միջազգային հանրության ուշադրության կիզակետում է պահելու Հայաստանը, իսկ ներկայումս անցկացվող համաժողովի նպատակն այն է, որպեսզի մասնակից երկրների բոլոր պահանջներն ու կարիքները ներկայացվեն հյուրընկալող կողմին ու դրանք հաշվի առնվեն զորավարժությունների ժամանակ»,–ավելացրեց ՆԱՏՕ—ի ներկայացուցիչը։
Համաժողովը կշարունակվի մինչեւ հունվարի 31—ը։

Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2008/01/30/866/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Saturday, 31 July 2010
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: