Jan
23
Պարզաբանում է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը
ՀՀ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր—Պետրոսյանը անցյալ տարվա դեկտեմբերի 22—ին իրեն սատարող ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով ռուսական կողմն իր 55% կազմող մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին՝ վաճառելու համար հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին։ Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, 1998—1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը անհետացավ… Լեւոն Տեր—Պետրոսյանը հայտարարել էր նաեւ, թե իբր 2006 թվականին Ղազախստանը Հայաստան է արտահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար։
Հաշվի առնելով, որ հետագա ելույթներում եւս, զուտ քարոզարշավային նպատակներով, նա շարունակում է շահարկել այս հարցը, պարզաբանման խնդրանքով դիմեցինք ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին։ Ինչպես նշեց նախարարը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կանոնադիր կապիտալի համալրման նպատակով ՀՀ էներգետիկայի նախարարության, ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ–ի եւ «Իտերա» միջազգային կորպորացիայի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում չորս տարվա ընթացքում՝ 1998—2001 թվականներին, Հայաստանի Հանրապետություն է մատակարարվել 148.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 2121.4 մլն խմ բնական գազ (1998թ.՝ 600 մլն խմ, 1999թ.՝ 600 մլն խմ, 2000թ.՝ 500 մլն խմ եւ 2001թ.՝ 421.4 մլն խմ)։
ՀՀ կառավարության 02.12.1997թ. N551 որոշմամբ սահմանվել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կանոնադիր կապիտալի ձեւավորման ընթացքում առաջանալիք ակտիվները հանդիսանում են ՀՀ էներգահամակարգի ձեռնարկությունների դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հստակեցման (վերակառուցման) արդյունքում չծածկված ֆինանսական ճեղքվածքի մարման աղբյուրներից մեկը։
Մասնավորապես, ստորեւ ներկայացվում են էներգամահամակարգի ֆինանսատնտեսական մի շարք կարեւոր ցուցանիշները 1998 եւ 2007թթ. համար.
Չափի միավոր 1998թ. 2007թ.
1. Կրեդիտորական պարտքերի
մնացորդը տարեվերջին, որից՝ մլրդ դրամ 101.0 4.7
1.1 Բնական գազ (ընթացիկ) մլրդ դրամ 18.6 0.8
1.2 Միջուկային վառելիք մլրդ դրամ 12.0 –
1.3 Բանկային վարկեր մլրդ դրամ 31.0 –
2. Հավաքագրում % 76.7 100.0
3. Կորուստներ % 43.48 13.98
4. Ճեղքվածք–շահույթ (—,+) մլրդ դրամ —20.5 +5.2
Բացի այդ, 1996թ. մարտի 19—ին՝ 1994—1995թթ. թուրքմենական գազի առաքման արդյունքում ձեւավորված պարտքը վերաձեւակերպվել է որպես միջպետական վարկ Հայաստանի Հանրապետությանը։ Վարկի գումարը կազմել է 34.023 մլն ԱՄՆ–ի դոլար։ Այն տրամադրվել է 6 տարի մարման ժամկետով։
Վերը նշված բնական գազի քանակությունը ստացվել է «Հայգազարդ» ՓԲԸ–ի կողմից, ըստ նորմատիվային չափանիշների հաշվարկվել է 137,2 մլն խմ–ի չափով տեխնոլոգիական կորուստ եւ 1984,2 մլն խմ բնական գազ առաքվել է ՋԷԿ–երին, ըստ գործող սակագնի (1000 խմ–ն 79,1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժեքով, ներառյալ ԱԱՀ), այդ թվում՝
«Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ–1838,6 մլն խմ–76,9 մլրդ դրամի,
«Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ–145,6 մլն խմ–6,2 մլրդ դրամի
— Կանոնադիր կապիտալի համալրմանը ուղղված բնական գազի իրացումից հավաքագրված գումարները նպատակաուղղվել են էներգահամակարգի առողջացման ծրագրերի իրականացմանը, ընդ որում ծախսումները կատարվել են հիմնականում հետեւյալ ուղղություններով.
— իրացված գազից պետական բյուջեի նկատմամբ պարտականությունների կատարմանը
— ներկրված բնական գազի դիմաց նախկին տարիներից (1991—1998թթ.) կուտակված կրեդիտորական պարտքի մարմանը
— հայկական կողմի փոխարեն կանոնադիր կապիտալ կատարված դրամային ներդրման գումարների մասնակի մարմանը
— ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը՝ «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ–ի նկատմամբ մատակարարված բնական գազի դիմաց պահանջի իրավունքի զիջմանը
— նախկին տարիներից կուտակված անհուսալի դեբիտորական պարտքի զիջմանը (հիմնականում «Նաիրիտ»)։
Այս առիթով նպատակահարմար ենք գտնում նշել հետեւյալը.
— վերը նշված ՋԷԿ–երին առաքված գազի սակագնում ներկրվող բնական գազի գինը սահմանված էր 53—55 ԱՄՆ դոլարին համարժեք չափերով, սակայն վերը նշված համաձայնագրի շրջանակներում, ներկրվող գազի հաշվարկային գինը որոշվել էր 70.0 ԱՄՆ դոլար,
— թե վերը նշված ժամանակաշրջանում՝ 1998—2001 թվականներին, թե առավել եւս նախորդ տարիներին, էլեկտրաէներգիայի սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագնում ներառված բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի կորստի հաշվարկային (նորմատիվային) չափաքանակները եղել են զգալի չափով ավելի ցածր, քան փաստացի արձանագրված կորուստների չափաքանակները, ուստի վերը նշված ֆինանսական միջոցները փաստորեն, ըստ էության, ուղղվել են սպառողների էլեկտրաէներգիայի գործող սակագների պահպանման (չբարձրացման) ապահովման սուբսիդավորմանը։
Այսպիսով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կանոնադիր կապիտալի համալրումը բնական գազով եւ դրա իրացումից ստացված գումարներից կատարված ծախսումների ուղղվածության ընտրությունը թույլ է տրվել.
— առ այսօր էլեկտրաէներգիայի սակագների պահպանման շնորհիվ ապահովելու հանրապետության տնտեսության կայուն զարգացումը եւ ազգաբնակչության սոցիալական պաշտպանվածությունը,
— ապահովելու ներկրված բնական գազի դիմաց նախկինում կուտակված պետական պարտքերի մարումը։
Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի կանոնադիր կապիտալի համալրման նպատակով ՀՀ ներկրված գազի փոխադրման, բաշխման եւ իրացման գործընթացի արդյունքների ճշտությունը 2002թ. ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության որոշմամբ, իսկ 2002—2003թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա «Աուդիտ Սերվիս» աուդիտորական խորհրդատվական ընկերությունը «Հայգազարդ» ՓԲԸ–ում կատարել է կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ՀՀ ներկրված բնական գազի հաշվառման եւ էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկման համար դրամայնացված գումարի օգտագործման աուդիտ։
Ինչ վերաբերում է 157,0 մլն ԱՄՆ դոլար գումարի ղազախական գազին, ապա երբեւիցե Հայաստանի Հանրապետություն հետխորհրդային տարիներին Ղազախստանից բնական գազ չի ներկրվել։
Source: http://www.hhpress.am
Permanent link: http://www.armpress.com/hhpress/2008/01/23/830/Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
