Jan
15
Սեւծովյան հեռանկար
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
Ինչպիսի՞ն կլինի այն տարածաշրջանում
«Ընդլայնված սեւծովյան տարածաշրջան. միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հեռանկար». այս վերտառության ներքո Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի հրավիրած միջազգային երկօրյա կոնֆերանսը ներկայացուցչական բավական բարձր մակարդակ ունի ոչ միայն մասնակիցների, այլեւ լուսաբանող լրագրողների առումով։
«Սեւծովյան տարածաշրջանի կարեւորությունը գնալով աճում է Եվրամիության համար։ Ռումինիայի եւ Բուլղարիայի անդամակցությունից հետո Հարավային Կովկասն ընդհուպ մոտեցավ մեր սահմաններին, եւ սեւծովյան ավազանի երկրները դարձան մեր անմիջական հարեւանները։ Այդ իմաստով համագործակցությունն այս տարածաշրջանում դարձել է ԵՄ առաջնահերթություն»,–հայտարարեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։
Նրա դիտարկմամբ, տարածաշրջանի հարեւանությունը ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ մարտահրավերներ է բացում Եվրամիության առաջ։ Մի կողմից՝ տրանսպորտային եւ էներգետիկ դիվերսիֆիկացման համար Հարավային Կովկասը հրաշալի խաչմերուկ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, մյուս կողմից՝ այդ խաչմերուկի հնարավորությունները սահմանափակ են, քանի դեռ այդ փոքրիկ հատվածում բազմաթիվ սահմաններ՝ վրաց—ռուսական, հայ—թուրքական եւ հայ—ադրբեջանական, փակ են մնում։ Դիվանագետի համոզմամբ, այստեղ առաջնահերթը կայունության խնդիրների ապահովումն է, ապա ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Նա պնդեց, որ տարածաշրջանային անվտանգության հայեցակարգը չի կարող անցնել մեկուսացման ճանապարհով։ Փ. Սեմնեբին եւս մի անգամ վերահաստատեց ԵՄ այն դիրքորոշումը, ինչը բազմիցս արտահայտվել է կովկասյան երկրների հետ գործողությունների ծարգրերի հաստատումից ի վեր, որ Եվրամիությանը մոտենալու, ինտեգրվելու միակ ճանապարհը հարեւան երկրների փոխգործակցությունն է եւ ներքին ինտեգրումը։
Մոլդովայում նմանատիպ մի կոնֆերանսին մասնակցելու պատճառով չէր կարողացել Երեւան ժամանել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը. նրա ուղերձը ներկաներին փոխանցվեց տեսագրության միջոցով, որում Ռ. Սիմոնսը ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի անունից ողջունում էր ներկաներին։ Նա կարեւորեց սեւծովյան տարածաշրջանի աճող դերն աշխարհում, եւ հույս հայտնեց, որ հակամարտությունների կարգավորումն արագ զարգացման նոր հնարավորություններ կբացի։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նկատեց, որ տարածաշրջանի բոլոր երկրները զարգացման դժվարին ուղի են անցնում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների միջով։
Նրանք տարբեր են իրենց քաղաքականությամբ, աշխարհագրությամբ, ինքնությամբ, բայց ունեն ընդհանուր հետաքրքրություններ Սեւ ծովի ավազանում, որոնք բնավ թելադրված չեն Մոսկվայից կամ Վաշինգտոնից։ Կառույցները, որոնք ձեւավորել կամ որոնցում ընդգրկված են սեւծովյան երկրները, արդեն կանգնած են անվտանգության մարտահրավերներից դեպի տնտեսական զարգացման խնդիրների լուծման անցնելու հրամայականի առաջ։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխտնօրեն Մարկ Բոյանիչը նույնպես մատնացույց արեց անվտանգության մարտահրավերները՝ կարեւորելով համագործակցությունն ու կայունությունը տարաշրջանում, ազգային օրենսդրության եւ միջազգային ընդունված չափանիշների հիման վրա ժողովրդավարության զարգացումը։
ՆԱՏՕ—ի հասարակական դիվանագիտության բաժնի՝ կովկասյան տարածաշրջանի համակարգող Դեսպինա Աֆենտոլին նկատեց, որ տարածաշրջանի երկրները չեն կարող «ի հեճուկս միմյանց» անտեսել աշխարահագրությունը. «Նրանք այստեղ են եւ շարունակելու են մնալ այստեղ»։ Իսկ նրա հայրենակից Վասիլիուս Մարգարիսը՝ Սալոնիկի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը, բավական կոնկրետ թվաբանական վերլուծության հիման վրա, որպես եզրակացություն, առաջարկեց լուծում՝ ընդհանուր առեւտրական պլատֆորմի եւ կոմունիկացիոն ցանցի ստեղծում։ Այդ կեպ որեւէ երկիր չի դառնում մյուսների առաջնորդը, այլ բոլորն ունենում են հավասար հորիզոնական հարաբերություններ։
Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Տիգրան Մկրտչյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ կոնֆերանսում քննարկվող հարցերը հաճախ են արծարծվում մեր տարածաշրջանից մինչեւ ԱՄՆ, բայց այնքան էլ պարզ չէ, թե որն է սեւծովյան տարածաշրջանը եւ որը՝ «ընդլայնվածը»։ Առաջինը վերաբերում է Սեւ ծովի առափնյա պետություններին, երկրորդը վերաբերում է հարեւան այլ երկրների նույնպես, այդ թվում՝ Հայաստանին։ Վերջինս երբեմն դուրս է մնում նմանատիպ քննարկումներից, եւ կազմակերպությունը Շվեդիայի շրջանավարտների միության հետ որոշեց դրանք տեղափոխել Հայաստան։
«Մեր նպատակն է բարձրացնել տարածաշրջանին հուզող հիմնական խնդիրները։ Հույս ունեմ եւ կարծում եմ, որ այս քննարկումները որոշակի ազդեցություն կունենան հասարակական մակարդակում կարծիքների ձեւավորման գործում, ինչը կազդի նաեւ քաղաքական որոշումների վրա»,– ասաց Տիգրան Մկրտչյանը։ Նա նկատեց, որ ինչպես նմանատիպ այլ ֆորումներում, այնպես էլ այս կոնֆերանսում, քաղաքական գործիչներն ավելի շատ խոսում են համագործակցության խոչընդոտների, իսկ տնտեսագետները՝ ընդհանուր եզրերի մասին։
Ի՞նչ արդյունքի կարելի է հասնել այն պայմաններում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը հակառակ մոտեցումներ ունեն. մենք կողմ ենք համագործակցության միջոցով հասնել քաղաքական խնդիրների լուծման, Ադրբեջանը, ասենք՝ Թուրքիան էլ, համագործակցություն տեսնում են միայն խնդիրների լուծումից հետո։ «ՀՀ»—ի այս հարցին Տիգրան Մկրտչյանը պատասխանեց. «Եթե որեւէ երկիր տարածաշրջանում մեկուսանա, տարածաշրջանը չի կարող միասնական լինել։ Գուցե Ադրբեջանում եւ Թուրքիայում կան մարդիկ, որոնք փորձում են արհեստականորեն շրջանցել Հայաստանը, բայց դա չի ստացվում, որովհետեւ դա ընդամենը բարդություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։
«ՀՀ»—ի այս հարցին ստիպված էր պատասխանել նաեւ Ադրբեջանից ժամանած միակ ներկայացուցիչը՝ «3—րդ հայացք» վերլուծականի գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը։ Նա ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ համագործակցում են տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակում։
Լրագրողները հարցրեցին նաեւ, թե ինչպես կարող են Ռաջաբովի պատկերացրած լուծմանը նպաստել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաեւ ՎՈւԱՄ—ի նախաձեռնություններն այս ու այն ատյանում, բայց մեր զրուցակիցն առարկեց. «Պարոն Իլհամ Ալիեւը մշտապես եւ բազմաթիվ անգամ արտահայտում է հավատարմությունը հակամարտության լուծման պրահյան գործընթացին։ Ինչ վերաբերում է ՎՈւԱՄ—ին, այն երբեք չի արտահայտվել ուժի կիրառման օգտին։ ՎՈւԱՄ—ի նախաձեռնությունները հաստատում են, որ Ադրբեջանը ուժի կիրառման կողմնակից չէ»։
Ռաջաբովն ասաց, որ ինքն այն ադրբեջանցիներից չէ, որոնք պնդում են, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ամբողջ Ադրբեջանում անցկացված հանրաքվեում։ Ինքը կողմ է հանրաքվեին՝ Ղարաբաղի սահմաններում, բայց որին կմասնակցեն նաեւ Ղարաբաղի ադրբեջանցիները, իսկ դրա համար, ասաց Ռաջաբովը, նրանք պետք է վերադառնան Ղարաբաղ, բայց որպեսզի նրանք «օտար մարմին» չլինեն, այլ նորմալ ինտեգրվեն տեղի հասարակությանը։
Նշենք նաեւ, որ կոնֆերանսը լուսաբանում են նաեւ Թուրքիայի մեկ հեռուստաընկերություն եւ «Ջումհուրիեթ» թերթը, ինչպես նաեւ գերմանացի մի լրագրող՝ «Ֆրանկֆուրտ ալեմայնե ցայտունգ» թերթից։ Թեման վերջինիս հետաքրքրում է Եվրամիության նախագահությունը Գերմանիայի կողմից ստանձնելու կապակցությամբ։
Երեկվա նիստում թերեւս ամենաառանցքային ելույթն ունեցավ դեսպան Վլադիմիր Կազմիրովը։ Նա իրեն ազատ համարեց խոսել «մարդկային լեզվով եւ իրերն իրենց անուններով կոչել», քանի որ արդեն ութ տարի է թոշակի է գնացել դիվանագիտական ծառայությունից եւ պաշտոնական Մոսկվայի կարծիքը չի ներկայացնում, այլ իր անձնական։ Այդ որոշման արդյունքն այն էր, որ նա սուր քննադատության ենթարկեց Ադրբեջանին՝ ռազմատենչ հայտարարությունների եւ հակումների համար։
Հակամարտությունների, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցի առկախ վիճակը խոչընդոտում է տարածաշրջանի անվտանգությանը, բայց այստեղ առկա չորս հակամարտություններից Ղարաբաղինը տարբերվում է կտրականապես. «Ոչ մի տեղ՝ մյուս երեք հակամարտություններում, չկա այնպիսի ձգտում դեպի նոր պատերազմը, ուժային ռեւանշի այնպիսի բարձրագոչ տենդ, ինչպին ցուցադրում է պաշտոնական Բաքուն»։
Վլադիմիր Կազիմիրովը մեջ բերեց ադրբեջանցի մի «քաղաքագետի» արտահայտություն, որը ցնցող տպավորություն գործեց կոնֆերանսի հատկապես արտասահմանցի մասնակիցների վրա. «Մեկ, երկու, հինգ, թող 9 պատերազմում Ադրբեջանը պարտվի, բայց տասներորդը նա մի օր հաստատ կհաղթի, նույնիսկ եթե դրա համար պետք լինի զոհել բնակչության 90 տոկոսը»։ Այնուհետեւ ապշահար արտասահմանցիների համար Կազիմիրովը բացատրեց. «Իհարկե, հեղինակը պաշտոնական դեմք չէ, բայց այս վայրի դատողությունները երկրի ղեկավարության անպատասխանատու խաղի պտուղներն են»։
Նա թվարկեց այդ պտուղները՝ պաշտոնական անձանց ռազմատենչ հայտարարությունները, հակահայկական հիստերիայի բորբոքում, ռազմական բյուջեի ցուցադրում եւ սպառազինությունների մրցավազք, շփման գծում պատահող միջադեպերի նկատմամբ երկդիմի վերաբերմունքը, հայերի հետ շփումից հրաժարվելը, ճնշումները ժողովրդական դիվանագիտության եւ մամուլի ազատության նկատմամբ։
Վլադիմիր Կազիմիրովը վստահություն հայտնեց, որ այս տարի Հայաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ—ում սպասվող ընտրությունները հուշում են, որ տարվա ընթացքում կարգավորման գործում իրական առաջընթաց սպասել պետք չէ։ Եթե 2006—ը կոչվում էր «բաց հնարավորությունների պատուհան», ապա ռուս դիվանագետը 2008—ը կոչեց «բաց անհնարինության պատուհան»՝ կոչ անելով միջնորդներին այդ պատուհանն օգտագործել՝ հակազդելու վերոհիշյալ բացասական երեւույթներին։
«Առայժմ Իլհամ Ալիեւի հրամանատարության ռազմատենչ կոչերն ուղղված են սեփական ժողովրդին խաբելու գործին, հայերին եւ միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելուն»,–ասաց Վլադիմիր Կազիմիրովը։
Դեսպանը կոչ արեց հիմիկվանից «գաղափարական հակահարված» տալ այդ կոչերին, ոչ թե անհոգ լինել, որ դրանք իրական հողից առայժմ զուրկ են. «Վերջերս շատ երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ են միանշանակ հանդես եկել ընդդեմ ուժային լուծման եղանակների։ Ականջ ունեցողը կլսի, բայց անպատասխանատվությունն արդեն հասցրել է արմատ գցել։ ԵԱՀԿ գործող նախագահողը եւ խորհուրդը վաղուց պետք է հաղթահարեն ԵԱՀԿ հանդուժողականությունը, վճռականորեն եւ հետեւողականորեն դիմակայել նրանց, ովքեր սպառնում են նոր պատերազմով»։
Դեսպանն զգուշացրեց, որ ինքը քննադատում է ԵԱՀԿ—ին, որովհետեւ ավելի շատ արդյունավետություն է ուզում տեսենել խաղաղության ձեռքբերման ուղղությամբ, ոչ թե կարծում է, թե ԵԱՀԿ—ին այլ միջնորդներ կարող են փոխարինել։ Եվ քննադատեց, որ ԵԱՀԿ—ն չի հետեւում սեփական փաստաթղթերին։ Խոսքը 1995—ի ապրիլի չորսին երեք կողմերի ստորագրած համաձայնագրի մասին է, որում կողմերը հրադադարի ռեժիմի ամրապնդման կամք են արտահայտում։ Դրա պայմանները վաղուց չեն կատարվում, Հայաստանն ու Ղարաբաղը հայտարարել են, որ պատրաստ են կատարել, եթե Ադրբեջանն էլ վերադառնա այդ փաստաթղթին. «Բայց իմ բարեկամ Սաֆար Աբիեւը շուրթերը բացում է միայն սպառնալիքների համար։ Մամեդյարովն ավելի կոկիկ է խոսքերում, բայց թողնում է միջադեպերը շտկելը մինչեւ հակամարտության լիակատար լուծում։ Բաքվին դուր չի գալիս Ղարաբաղի մասնակցությունն այդ համաձայնագրում, իսկ ԵԱՀԿ—ն չի պնդում, թեեւ դա նրա ակտիվում եղած միակ փաստաթուղթն է»։
Դեսպանը ներկաների առաջ բացահայտեց նաեւ ադրբեջանցիների ժխտողականության իրական մեղավորներին՝ նրանք հրաժարվում են հայերի հետ շփվելուց քանի դեռ «օկուպացված են տարածքները»։ Այդ հանգամանքը նրանք օգտագործում են միջազգային ատյաններում իրենց նկատմամբ խղճահարություն հարուցելու համար։ Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ պատերազմի ընթացքում բազմիցս Ադրբեջանն է հրաժարվել հետ կանգնել ռազմական գործողություններից, այնինչ. «Օկուպացիան» ռազմական գործողությունների ուղղակի հետեւանք է։ Պատերազմը կատակ բան չէ։ Էլչիբեյն ու Հեյդար Ալիեւն արդեն այն ժամանակ պետք է մտածեին ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկությունների մերժման ծանր հետեւանքների մասին, իսկ այդ առաջարկությունները քիչ չէին»։
Ձայն խնդրելով՝ Ռաուֆ Ռաջաբովն արձագանքեց ռուսաստանցի դիվանագետի ելույթին. «Ես սկզբունքորեն համաձայն եմ»,–ասաց նա։ Նրա կարծիքով, հայ—ադրբեջանական հակամարտությունը շատ ավելի լայն է, քան միայն Ղարաբաղը, եւ պետք է ամբողջությամբ լուծել, բայց դրա համար կողմերը պետք է իրականանալի պահանջներ ներկայացնեն միմյանց։ Նա ռազմատենչ սպառնալիք դիտարկեց ՀԱՊԿ քարտուղար Ն. Բորդյուժայի վերջին հայտարարությունում, իսկ ռազմական հարաբերակցության հարցում՝ ադրբեջանական առավելություն։
Կազիմիրովը համաձայնեց առաջին դիտարկմանը եւ առարկեց՝ Բորդյուժայի խոսքերն ուղղված չեն եղել երրորդ պետության դեմ։ Ուժերի հարաբերակցությանն անդրադարձավ հաջորդ բանախոսը՝ Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանի ավագ հետազոտող, դոկտոր Մայքլ Բարանիկը։ Նա նշեց, որ անցած երկու տարիներին մասնակցել է Ադրբեջանում ազգային անվտանգության ծրագրի եւ տնտեսական բարեփոխումների փաթեթի մշակմանը, անձամբ հանդիպել է երկրի նախագահին, վարչապետին, նախարարներին.
«Ոչ ոք չի կարող ասել՝ այդ փողերը ծախսվում են տեխնիկայի, սարքավորումների, բնակարանաշինության, աշխատավարձերի՞ վրա, թե՞ ինչ—որ մեկի գրպանն է մտնում։ Որովհետեւ կոռուպցիան էլ է արագ։ Ուստի երբ ամեն անգամ թվեր են ցույց տալիս, ասում են, թե՝ ստեղծում են, պոտենցիալ են զարգացնում, հետեւեք փողերին։ Ես անձնապես քննարկումներ եմ ունեցել Իլհամ Ալիեւի, Մամեդյարովի հետ, եւ ոչ ոք չի կարող ասել՝ ուր են գնացել այդ փողերը։ Այդ գործընթացը թափանցիկ չէ»։
Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
