Jan
14
Մենք որեւէ միջոց չենք ափսոսում, բայց այդ միջոցները պետք է նպատակին ծառայեն
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
Երեւանի մետրոպոլիտեն այցելության ժամանակ ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ՝ ծանոթանալու իր կողմից 2007թ. նոյեմբերի 16—ի N 797—Ա որոշմամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքին եւ խորհրդակցություն անցկացնելու մետրոպոլիտենի «2008—2012թթ. բարելավման միջոցառումների ծրագրի» վերաբերյալ։ ՀՀ վարչապետի վերոնշյալ որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որին հանձնարարվել է կազմակերպել «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ—ի գործունեության եւ տնտեսության առկա իրավիճակի (ենթակառուցվածքների, տեխնիկական շահագործման եւ անվտանգության, շարժակազմի) ուսումնասիրություններ եւ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ Երեւանի մետրոպոլիտենի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ։
Մինչ խորհրդակցություն անցկացնելը, վարչապետն այցելել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Երիտասարդական», «Բարեկամություն» կայարաններ, ծանոթացել առկա խնդիրներին, այդ թվում՝ ջրահեռացման, շարժասանդուղքների մեքենայական սրահում դիտել ընթացող վերանորոգման աշխատանքները, ծանոթացել ռելեային տեղամասի խնդիրներին եւ այցելել մետրոպոլիտենի վերգետնյա տնտեսության կապի մասնաշենքի գլխավոր կարգավարական ծառայություն։
Խորհրդակցության ժամանակ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցել է մետրոպոլիտենում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Ներկայացված խնդիրները վարչապետը քննարկել է խորհրդակցության մասնակիցների հետ՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել մետրոպոլիտենը դարձնելու մրցունակ եւ տրանսպորտային այդ միջոցից օգտվողների համար հաճելի ու ավելի հարմարավետ։ Նա կարեւորել է զարգացման ծրագրի նախապատրաստման շուրջ լուրջ աշխատանքներ իրականացնելու հարցը՝ նշելով, որ մետրոպոլիտենի առաջին անհրաժեշտության ծախսերը կառավարությունն իր առաջիկա նիստերից մեկում՝ մինչեւ հունվարի վերջը, կհաստատի։ Վարչապետի վստահեցմամբ, հաստատվելիք միջոցները հետագա տարիների պետական բյուջեներում չեն պակասեցվի՝ սա չի համարվում միանվագ աջակցություն։ Իրականացվող ծախսերի 2/3—րդը, ըստ վարչապետի, կհոգա պետությունը, իսկ 1/3—ը մետրոպոլիտենը պետք է իրականացնի իր շահույթների հաշվին։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն
***
Թամարա Մանուկյանը մետրոպոլիտենում է բացման օրվանից՝ 27 տարի, առաջին դիսպետչերն էր, իսկ այժմ գլխավոր կարգավարն է։ «Սա մետրոյի սիրտն է, ուղեղը»,– ասաց նա եւ գլխավոր կարգավարական ծառայություն այցելած վարչապետին ներկայացրեց գրեթե կեսդարյա հնության, բայց անխափան աշխատող վահանակը։ Նա վարչապետին բոլոր կանանց անունից խնդրեց, որ աշխատավարձերը բարձրացվեն, եւ առաջինն էլ տեղեկացավ, որ այդ որոշումն արդեն ընդունված է։ «Համարեք, որ ձեր խնդրանքը կատարված է»,–ասաց Սերժ Սարգսյանը։
«Բոլորիս համար ակնհայտ է, որ Երեւանը զարգանում է, զարգանում է արագ տեմպերով, եւ այդ զարգացումը բերում է նոր խնդիրներ։ Իհարկե, դրանք շատ ավելի հաճելի խնդիրներ են, այսինքն՝ ավելի լավ է փողոցում խցանում լինի, քան մեքենա չլինի։ Բայց մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ապրելու հարմարավետությունը չկորցնենք,– խորհրդակցությունը բացելով ասաց վարչապետը։–Վերջին տարիներին բավականաչափ միջոցներ ենք ներդրել Երեւանի փողոցները բարեկարգելու, ճանապարհային հանգույցները կարգավորելու մեջ, բայց խնդրին պետք է համալիր մոտենանք։ Եվ այստեղ մետրոպոլիտենի դերը չափազանց մեծ է»։
Անցած ամռանը, երբ Երեւանի քաղաքապետը զեկուցել էր խնդիրների, այդ թվում՝ մետրոպոլիտենի մասին, վարչապետը խոստացել էր ընթացք տալ դրանց լուծմանը։ Եվ ահա նոյեմբերին նա որոշում էր ընդունել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին, որին հանձնարարել էր ուսումնասիրել իրավիճակը եւ կազմել մետրոպոլիտենի բարելավման միջոցառումների հնգամյա ծրագիր՝ 2008—2012թթ. համար։ «Սա այն իրատեսական ժամկետն է, որը մետրոպոլիտենի վերանորոգման, թարմացման համար որոշակի ցիկլ է ապահովում։ Ուրիշ ոչ մի բանի հետ դա կապված չէ»,–ասաց հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նա ընդհանուր գծերով զեկուցեց ծրագրի մասին։ Այն կազմել են՝ բաժանելով երեք հիմնական փուլերի՝ անհետաձգելի, կարճաժամկետ եւ միջնաժամկետ միջոցառումների, չորրորդ՝ հավելյալ փուլը ենթադրում է ներդրումային ծրագրեր։ Հիմնական ուշադրությունը հատկացվել է տեխնոլոգիապես բարձրակարգ այդ կառույցի անվտանգության ապահովմանը, որովհետեւ, ինչպես մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Փայլակ Յայլոյանն ասաց, իրենց նշանաբանն է՝ անվտանգ երթեւեկություն։
Անհետաձգելի միջոցառումները, որոնք նախատեսվում են 2008—ի համար, Վաչե Տերտերյանի խոսքերով, գնահատվել են շատ զուսպ՝ ֆինանսական մասով, եւ ճշգրիտ՝ տեխնիկական մասով։ Նախահաշվարկում դրանք կազմել են 833 մլն դրամ, կարճաժամկետ ծրագիրը (2009—2010թթ.) գնահատվել է 938 մլն դրամ, միջնաժամկետ ծրագիրը (2010—2012թթ.)՝ 764 մլն դրամ։ Բացի այդ, մետրոպոլիտենի ընթացիկ ծախսերը հանձնաժողովը հաշվարկել է տարեկան 200—225 մլն դրամ։
2007—ի ընթացքում 14 տոկոսով ավելացել են մետրոյով ուղեւորափոխադրումները՝ 15 միլիոնից աճելով 18 միլիոնի՝ օրական 40—42 հազար ուղեւոր։ Գրաֆիկին հետեւելով՝ ակնհայտ է դառնում, որ հիմնականում մետրոյից ուղեւորները ավելի շատ են օգտվում, երբ խնդիրներ են ծագում վերգետնյա տրանսպորտի հետ։ Վաչե Տերտերյանը նկատեց, որ ուղեւորափոխադրումների աճը, սակայն, պայմանավորված է ոչ միայն փողոցների շինարարության հետ։
Մետրոպոլիտենը տարեկան 909 մլն դրամի սուբսիդիա է ստանում պետությունից, ինչը նրա ընդհանուր բյուջեի մոտ կեսն է կազմում։ Ծախսերի 75 տոկոսը կազմում են աշխատավարձերը եւ էլեկտրաէներգիայի համար վճարումները, նորոգման եւ ջրահեռացման աշխատանքների համար ընդամենը 10—12 տոկոս է հատկացվում, հայտնեց Փայլակ Յայլոյանը։ Մետրոպոլիտենը ստիպված է նաեւ 55 միլիոն վճարել ջրահեռացման հեղեղատարի համար, ինչից տնօրենի պաշտոնակատարը դժգոհ էր, բայց վարչապետը նկատեց, որ դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ ուղեւորը պետք է վճարի։
Մետրոպոլիտենում կա 70 շարժակազմ, որից երեսունը գլխամասային վագոններ են, հենց դրանք էլ շահագործվում են, իսկ միջանկյալ վագոնները կանգնած են, քանի որ վերանորոգման կարիք ունեն։ Դրանց նորոգումը նախատեսված է հանձնաժողովի առաջարկած ծրագրում՝ կարճաժամկետ միջոցառումների հատվածում։ Վարչապետը հետաքրքրվեց, թե միջոցների առկայության պարագայում ինչքա՞ն ժամանակում է հնարավոր դա իրականացնել եւ շահագործման դուրս բերել ոչ թե երկու, այլ երեք վագոնով շարժակազմեր։ Տնօրենի պաշտոնակատարը նշեց 6—8 ամիս ժամկետը։
Սերժ Սարգսյանը հարցրեց տնօրենին, թե ի՞նչ է հարկավոր, որպեսզի «մետրոն դառնա մրցունակ, դառնա գրավիչ, կարողանա զարգացում ապրել»։ «Յոլա գնալու ժամանակներն անցել են, պետք է արդեն զարգացման մասին մտածել»,– ասաց նա։ Մարդկային հոսքերը կարգավորելու նպատակով է ստեղծվել մետրոն, այսօր ծառայո՞ւմ է իր նպատակին՝ վարչապետի այս հարցին Փ. Յայլոյանը պատասխանեց, որ մետրոն կառուցելու պահին ծրագրվում էր մինչեւ 2020 թվականը կայարանների թիվը հասցնել 40—ի։ Նրա համոզմամբ, հարկավոր է մայրաքաղաքի հեռահար կետերում, խիտ բնակեցված թաղամասերում, նույնիսկ «Զվարթնոց» օդանավակայանում կայարաններ կառուցել եւ միացնել իրար։ Վարչապետ Սերժ Սարգսյանը շատ կարեւորեց հատկապես խիտ բնակեցված թաղամասերի միացումը մետրոյին։ Վերջին 20 տարում կառուցվել է միայն «Չարբախ» կայարանը։ Մասնագետների նախնական հաշվարկներով՝ 1 կմ երկաթգծի շինարարությունը կազմում է մոտ 12 մլն դոլար, իսկ մեկ կայարանինը՝ 7—8 մլն։ Դրանք ահռելի թվեր են ներկա պայմաններում, բայց փոխարենը միանգամայն իրատեսական է ավարտին հասցնել Աջափնյակի գծի շինարարությունը, որն ընդհատվելու պահին մնացորդային արժեքը կազմել է 16 մլն դոլար։ Այս թիվը լավատեսություն ներշնչեց վարչապետին. «Արժե մտածել այդ մասին»։ Նա խնդրեց թարմացնել այս հաշվարկը եւ ներկայացնել իրեն։
Մետրոպոլիտենի աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը 65 հազարից դառնալու է 100 հազար, հայտնեց վարչապետը՝ հանձնարարելով աշխատավարձերի բարձրացման համամասնությունը կազմել այնպես, որպեսզի դրանց չափերի միջեւ տարբերությունը փոքր–ինչ կրճատվի։ Նրանց աշխատավարձերը, կախված աշխատանքի բնույթից, տատանվում են։ Օրինակ, հսկիչները ստանում են նվազագույն աշխատավարձ, որը հավելումներով հասնում է 35 հազարի, իսկ բարձրակարգ մեքենավարները՝ 170 հազար դրամ, որը ներառում է նաեւ հավելումները։ Նրանք ամենաբարձրն են վարձատրվում։ Վարչապետը նկատեց, որ պետք է աշխատավարձերը բարձրացնել եւ հավելավճարները վերացնել։
Վերջում Սերժ Սարգսյանը հայտնեց, որ հունվարի ընթացքում, կառավարության առաջիկա նիստերից մեկում, կհաստատվեն անհետաձգելի ծախսերը, եւ հանձնարարեց հանձնաժողովին շարունակել աշխատանքը, նախապատրաստել զարգացման ծրագիր. «Մենք ելնում ենք այն բանից, որ հաջորդ տարվա եւ մոտակա տարիների բյուջեներում չի պակասելու հատկացումը։ Այսինքն, սա միանվագ գումար չէ։ Որոշեցինք, որ պետությունը դոտացիա է տալիս 2/3—ի չափով, իսկ 1/3—ն ապահովում է մետրոպոլիտենը։ Ես այնպես եմ հասկանում, որ երբ 8 ամիս հետո գնանք—նստենք գնացք, վագոններում չեն լինի պատռված նստարաններ, չեն լինի թափված ներկ, փչացած լամպեր եւ այլն։ Մեր վագոնների տեսքը նորմալ պետք է լինի,–ասաց վարչապետը եւ, առարկելով տնօրենի պաշտոնակատարի խոսքերին, շարունակեց,–պետությունը գտնում է, որ չի կարելի բարձրացնել ուղեւորափոխադրումների սակագները, դրա համար էլ սուբսիդիա է տալիս, թե չէ գները այնքան կբարձրացնեք, մարդ էլ չի նստի։ Հետո ի՞նչ կլինի։ Բարձրացնելու մասին խոսք չկա»։
Ավարտելով խորհրդակցությունը եւ հանձնարարականներ տալով՝ վարչապետ Սերժ Սարգսյանը նաեւ խիստ պատվիրեց. «Ամենակարեւոր պայմանը։ Եթե հանկարծ լսեցի, որ այս միջոցներն արդյունավետ չեն ծախսվել, դա արդեն պրոբլեմ է։ Մենք որեւէ միջոց չենք ափսոսում, բայց այդ միջոցները պետք է նպատակին ծառայեն»։
Ծովինար ՆԱԶԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
