Աջափնյակը եկեղեցի կունենա

Երեւանի Աջափնյակ համայնքում եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Համայնքի հավատավոր ժողովուրդն ուզում է ունենալ Աստծո՝ իր տունը, որտեղ կարող է մոմ վառել, իր աղերսը հղել առ Աստված, փառաբանել Աստծուն…
Ժողովրդի եւ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի նախանձախնդրության շնորհիվ այդ ասվածահաճո ցանկությունը երկու—երեք տարի անց իրականություն կդառնա։
Թերեւս այդքան ժամանակ պահանջվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորակցությամբ, օրհնությամբ եւ հովանավորությամբ Աջափնյակ համայնքում կառուցվող Սուրբ Խաչ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Եկեղեցու հիմնադրման առաջին հանգրվանը՝ հիմնարկեքը, կատարվեց դեկտեմբերի 22–ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան անձանց եւ, իհարկե, համայնքի հասարակության մասնակցությամբ։
Եկեղեցու հիմքում 16 փոքրիկ խաչքարեր դրվեցին, որոնք Քրիստոսի 12 առաքյալների եւ Հայ առաքելական եկեղեցու չորս ավետարանիչների խորհուրդն էին կրում։ Կառուցվող եկեղեցու կնքահայրերն են՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Ռազմիկ Աբրահամյանը, Վրեժ Մարկոսյանը, Աջափնյակ համայնքի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Ռուբեն Տոնոյանը, Հակոբ Հակոբյանը եւ Ռաֆիկ Կարապետյանը։ Ապա Ամենայն հայոց կաթողիկոսը ՀՀ կառավարության ղեկավարի հետ մեկտեղ տեղադրեց եկեղեցու հիմնադրման արձանագրությունը, որին հաջորդեց մոմավառության արարողությունը։
Իր հայրապետական աղոթքը հնչեցրեց Վեհափառը. «Այս եկեղեցու կամարների ներքո ազգս հայոց պիտի շարունակի իր հավատարիմ ընթացքը առ Աստված, շարունակի նախանձախնդիր լինել հայրենական իր ավանդների, սրբությունների պահպանության գործին, կարողանա ամրացնել ու զորացնել իր ոգին, կերտել իր նկարագիրը, աստվածապաշտությամբ ընթանալ դեպի իր կյանքի նոր ժամանակները։ Աղոթենք եւ հայտ բարձրացնենք առ Աստված, որ Տերը խաղաղ պահի հայոց աշխարհը, բարօրություն պարգեւի մեր ժողովրդի զավակներին, աննկուն պահի մեր կամքը եւ հավատքը, որպեսզի կարողանանք կերտել մեր հայրենին, զորացնել մեր պետականության հիմերը եւ վստահությամբ ու հավատքով մեր հայացքն ուղղել դեպի մեր ժողովրդի լուսավոր ապագան»։
Եկեղեցու ճարտարապետ Ռուբեն Ազատյանի խոսքով՝ Սուրբ Խաչը կառուցվելու է ավանդական եկեղեցաշինության սկզբունքներով, իհարկե, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Իր չափերով եւ տեսքով նման է լինելու Մաստարայի եւ Բագարանի եկեղեցիներին եւ լիովին կբավարարի համայնքի պահանջները։
Շուտով այս հիմքի վրա պատեր կկառուցվեն, եւ երբ շինված կլինի գմբեթը, եկեղեցու հիմնադրման արարողությունը կշարունակվի խաչերի օրհնությամբ։ Ապա դրան կհաջորդի հիմնադրման վերջին հանգրվանը՝ օծումը՝ կառույցի վերջնական ավարտից հետո։
Եկեղեցու կառուցումը նախատեսվում է ավարտել երեք տարուց։ Եկեղեցին կունենա 34 մետր բարձրություն եւ սյունաշարով լայն գմբեթ։Եվ Սուրբ Խաչի սուրբ պատերի ներքո կհնչի Աջափնյակ համայնքի հավատավոր ժողովրդի աղոթքը…

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/12/25/786/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: