Ի վայելումնՎթարային շենքերի 210 ընտանիքներ Նոր տարին կտոնեն նոր բնակարաններում

Երեւանի 210 ընտանիքների համար Ամանորի տոնը կրկնապատկվեց նոր բնակարանամուտի պարգեւած երջանիկ զգացողությամբ։ Երեւանի տարբեր թաղամասերում գտնվող 4—րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար պետբյուջեի միջոցներով կառուցված չորս շենքեր երեկ դռները բացեցին բնակիչների առաջ։ Դրանցից երեքը կառուցվել են Մալաթիա–Սեբաստիա համայնքի Բաբաջանյան փողոցում, մեկը՝ Դավիթաշենի 4—րդ թաղամասում։
Բաբաջանյան փողոցի նորակառույցներում բնակարանամուտը ազդարարող երեկվա հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ կառավարության 2000թ. հոկտեմբերի 25—ի որոշմամբ կանոնակարգվել են քանդման ենթակա վթարային բնակարանների (տների) բնակիչների վերաբնակեցման հարցերը, ինչպես նաեւ սահմանվել է քանդման առաջնահերթությունը որոշելու կարգը։ Ասենք նաեւ, որ մինչեւ 2005 թվականը այդ կարգի շենքերի բնակիչներին դրամական փոխհատուցում էր տրվում՝ բնակարան գնելու համար։ Այդ պրակտիկան, ինչպես ցույց տվեց ժամանակը, գործնական չեղավ։ Շատ ընտանիքներ տրամադրված գումարով հարմար բնակարաններ չէին գտնում։ Խնդիրը շարունակում էր մնալ թերի լուծված։ 2005—ից կառավարությունը փոխեց մոտեցումը՝ որդեգրեց վերոհիշյալ շենքերի բնակիչների համար նոր բնակարաններ կառուցելու սկզբունքը։ Դա արդեն խնդրի լուծում է։
2005—ին պետբյուջեի միջոցներով կառուցվեց մեկ բազմաբնակարան շենք, 2006–ին՝ երեք շենք, իսկ այս տարի ներդրումները կրկնապատկվեցին. կառուցվեց չորս շենք՝ 210 բնակարանով։ 2007—ին պետբյուջեի միջոցներից բնակարանաշինությանը հատկացվել է 2 մլրդ 800 մլն դրամ։ Վերջին երեք տարիների ընթացքում նոր բնակարանով ապահովվել են մոտ 400 ընտանիքներ։
Քաղաքապետ Երվանդ Զախարյանը, շնորհավորելով նորամուտ կատարող ընտանիքներին, նշեց. «Հաշվի առնելով կառավարության ծրագրերի սոցիալական ուղղվածությունը, նաեւ այն, որ 4—րդ կարգի վթարային շենքերն այլեւս հետագա շահագործման պիտանի չեն, բնակարանաշինությունը շարունակելու ենք։ Դա վարչապետի հանձնարարականն է, որ Երեւանում կառուցենք այնքան բնակարան, մինչեւ որ լիովին լուծվի քանդման ենթակա վթարային շենքերի խնդիրը։ Ծրագրված է դա անել երկու–երեք տարիների ընթացքում»։
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց բնակչուհի, 80—ամյա Սիրանուշ Վարդանյանին։ Քաղաքապետի ձեռքից բնակարանի սեփականության առաջին վկայագիրը ստացավ Բաբաջանյան փողոցի 26/5 շենքի թիվ 2 բնակարանի բնակչուհի Անահիտ Հովհաննիսյանը։
Վարչապետ Սերժ Սարգսյանը եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանը եղան նորակառույց շենքերի որոշ բնակարաններում, ծանոթացան պայմաններին։
Շենքերը կառուցվել են վերամշակված, նոր նորմերի պահանջներին համապատասխանող տիպային նախագծերով։ Բաբաջանյան փողոցում կառուցված շենքերը տասը հարկանի են, ամեն հարկում կա հինգ բնակարան։ Մեկ սենյականոց բնակարանի մակերեսը 41—48 քմ է, երկու սենյականոցինը՝ 65,9—66,5 քմ, երեք սենյականոցինը՝ 85,3 քմ։ Յուրաքանչյուր շենքում կառուցվել է քսան հատ մեկ սենյականոց, քսան հատ երկու սենյականոց եւ տասը հատ երեք սենյականոց բնակարան։ Ընդարձակ են նաեւ ընդհանուր օգտագործման տարածքները. յուրաքանչյուր հարկում՝ 306,2 քմ բնակելի եւ 42,5 քմ ընդհանուր օգտագործման մակերես։
Ներքին հարդարման աշխատանքները կատարված են նոր տեխնոլոգիաներով։ Բնակարաններում կառուցված է լոկալ (անհատական) ջեռուցման ցանց, մնում է տեղադրվի ջեռուցման կաթսա։ Շենքերը գազաֆիկացված են, ապահովված են վերելակներով, ներքին եւ արտաքին կոմունիկացիոն ցանցերով։
Ի տարբերություն այս շենքերի, Դավիթաշեն համայնքում կառուցված շենքը այլ տիպի է, ունի տասներկու հարկ՝ վաթսուն բնակարանով։ Մնացած հարմարությունները նույնն են։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/12/24/778/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Thursday, 08 January 2009
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • Adv