Dec
21
Միասնական թեկնածուն լավագույնս կարող է լուծել ծառացած խնդիրները
Filed Under Hayastany Hanrapetutyun daily
«Բարգավաճ Հայաստանը» ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2008 թ. փետրվարի 19—ին անցկացվելիք նախագահական ընտրություններում պաշտպանում է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին երեկ հայտարարվեց կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում, որին ներկա էր նաեւ վարչապես Սերժ Սարգսյանը։ Դիմելով ԲՀԿ—ի անդամներին՝ գործադիրի ղեկավարն ասաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք նախ շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ ՀՀ նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու համար։ Սա ինձ համար մեծ պատիվ է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ազգային ժողովում իր նշանակալից ներկայացվածությամբ, գործադիր իշխանության աշխատանքներում մասնակցությամբ, հանրային կյանքում իր դերակատարումով, կուսակցականների եւ համակիրների հոծ բանակով, այսօր իրավամբ մեր երկրի խոշոր եւ ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է։ Եվ նախագահական ընտրություններում այսպիսի ուժի քաղաքական սատարումն ստանալը իսկապես պատիվ է ցանկացած քաղաքական գործչի համար։
Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ եւ համագործակցային արդյունավետ աշխատանքի լավ հիմքեր։ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» գործունեությունը դրա վառ օրինակներից է։ Օրինակ, որը մեկ անգամ եւս փաստում է, որ ոչ կառուցողական գործելաոճը ապագա չունի, եւ մեր բոլոր ծրագրերի իրականացման հիմքը միասնականությունը, հանդուրժողականությունը եւ ստեղծարար աշխատանքն է։
Ես կարծում եմ, որ մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը՝ հիմքում ունենալով ազգային ավանդույթները եւ կիրառելով համաշխարհային փորձի լավագույն ձեռքբերումները։
Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո եւ ներողամտության մթնոլորտ։
Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես մրցակցային միջավայրում գործարարության եւ ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր։ Մեր ապագան գիտելիքի հասարակությունն է։
Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք եւ ինքնարտահայտման հնարավորություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։
Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն՝ կառավարման արդյունավետ համակարգերով։
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր երկիրը մտել է զարգացման մի շրջան, երբ արձանագրված ձեռքբերումներն այլեւս պարզապես պարտադրում են ուժերի կենտրոնացում, պարտադրում են առավելագույն արդյունավետություն ու նպատակաուղղվածություն։
Անշուշտ, մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով ու հոգատար ենք դրանք պահպանելու հարցում։
Մենք առաջին հերթին հպարտ ենք տնտեսական կայունությամբ։
Մենք հպարտ ենք աճող տնտեսությամբ։
Հպարտ ենք մեր պետության հնարավորությունների անընդհատ մեծացմամբ. երեկվա անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծումներ են ստանում, պետական բյուջեում գումարներ են գտնվում դեռեւս ոչ շատ վաղ անցյալում երեւակայական թվացող ծրագրերի համար։
Այսօր մենք շատ ավելի վստահորեն ենք նայում մեր գյուղերի ու քաղաքների խնդիրների ուղղությամբ, քանի որ գիտենք, որ արագ աճող տնտեսությունը նոր հնարավորություններ է ստեղծում լուծումների համար։
Միջազգային գերհսկա կազմակերպությունների կողմից մեզ հասցեագրվող դրական որակումներով ենք մենք նաեւ հպարտ։
Բայց սա քիչ է։ Այս իրավիճակը կարող էր երազային թվալ ընդամենը մեկ տասնամյակ առաջ, բայց սա մեզ չի բավարարում այսօր։ Այսօր շատ բան է փոխվել, այսօր մենք ենք նաեւ փոխվել։
Լավի ու վատի, բարոյականի ու մարդկայինի վերաբերյալ ավանդական արժեքները մեր հասարակությունում հիմնականում մնայուն են, կայուն են։ Եվ փառք Աստծո, որ դա այդպես է։
Բայց կյանքն ու իրականությունն են փոխվել։
Մարդկանց կարիքներն են փոխվել, ընտրության հնարավորություններն ու պահանջներն են փոխվել։
Մարդկանց սպասումները, ամբիցիաներն ու հույսերն են այսօր ուրիշ՝ դրանք շատ ավելի բարձր են այսօր։
Փոխվել են եւ պահանջները պետությունից։
Հետեւաբար, ճանապարհն էլ մեկն է. միավորվել մեր արժեքների շուրջ, հպարտ լինել մեր ձեռքբերումներով եւ վստահ՝ ապագայի հանդեպ։ Սա է այն ուղին, որով պիտի առաջ գնա Հայաստանը։
Հայաստանն ամեն հաջորդ օրը պիտի շատ ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր։ Մենք պիտի անընդհատ հիշենք սա, հիշենք բոլորս ու գործենք հենց այս տրամաբանությամբ։
Ավելի լա՛վ Հայաստանի տրամաբանությամբ։
Բարեկեցի՛կ Հայաստանի։
Բարգավա՛ճ Հայաստանի։
Հզո՛ր Հայաստանի։
Հայաստանի, որտեղ ամեն ոք կարող է իրացնել իր հնարավորությունները եւ ոչ թե լավ կյանքի փնտրտուքներով հայտնվել արտասահմանում։
Որտեղ մարդն ունի աշխատանք ու արժանապատիվ վաստակ։
Որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է որակյալ ուսում ստանալ, իսկ յուրաքանչյուր տարեց մարդ՝ կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք։
Ավելի լավ Հայաստան՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար՝ հայի, ռուսի, եզդիի, քրդի, հրեայի, ասորիի, հույնի, ուկրաինացու, վրացու եւ ազգային մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։
Ավելի լավ Հայաստան՝ կանանց եւ տղամարդկանց համար։
Ավելի լավ Հայաստան՝ երեխաների, աշխատողների, աշխատել ցանկացողների, հողագործների, ստեղծագործողների, հայրենիքը պաշտպանողների, տարեցների, հաշմանդամների համար։
Ավելի լավ Հայաստան՝ օտարության մեջ հայտնված զավակներին վերադարձնելու համար, տունդարձի համար։
Ավելի լավ Հայաստան՝ համայն հայության իղձերի իրականացման համար։
Անհնար է, անշուշտ, որ բոլորը հավասարապես «հաջողված» լինեն մեր հասարակության մեջ, սակայն բոլորը պիտի ունենան հավասար հնարավորություններ այդպիսին լինելու համար։ Իսկ իրենց «հաջողված» համարող մարդկանց թիվը պիտի գերակշիռ լինի մեր հասարակության մեջ։
Մենք պիտի հաստատապես շարժվենք դեպի «ուժեղ եւ ամուր պետություն» մեր տեսլականը։ Պետական կառավարումը պիտի արդյունավետ լինի, իսկ երկիրը՝ մրցունակ։ Մենք պիտի մրցունակ լինենք բոլոր հարթություններում՝ մարդկային, հասարակական, ողջ երկրի մակարդակով մենք պիտի մրցունակ լինենք։
Այլընտրանք պարզապես չկա։
Սրանք լոզունգներ չեն։ Սա արագ փոփոխվող իրականության պարտադրանքն է, որից խուսափելու տեղ ուղղակի չունենք։
Հարգելի բարեկամներ,
Այսօր մենք հիանալի հնարավորություն ունենք նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորելու աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից եւ լարվածությունից, կապահովի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներդաշնակ եւ արդյունավետ համագործակցություն՝ հանուն այն նպատակների իրագործման, որոնց դարեր շարունակ ձգտել են մեր նախնիները։
Առաջիկա նախագահական ընտրությունները մեծ կարեւորություն ունեն մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից։ Դրական գնահատականի արժանացած վերջին խորհրդարանական ընտրությունները շատերի կողմից ընկալվել են ավելի շուտ իբրեւ անակնկալ, հաճելի անակնկալ։ Լավ նախագահական ընտրությունների արդյունքներով՝ մենք պիտի փոխենք այսպիսի ընկալումները, պիտի ապացուցենք, որ սա ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն է։ Սրանում հատկապես մենք ենք շահագրգռված՝ թե՛ իբրեւ երկրի ապագայով խորապես մտահոգ մարդիկ, թե՛ իբրեւ ամենաբարձր վարկանիշ ունեցող թեկնածուի սատարողներ։
Հաջողություն եմ մաղթում մեզ սպասվող ծավալուն աշխատանքներում, եւ թող բարության ու ներողամտության մթնոլորտն ուղեկցի մեզ մեր բոլոր նախաձեռնություններում։
Շնորհակալ եմ, եւ առաջ դեպի նոր Հայաստան, առաջ դեպի բարգավաճ Հայաստան»։
ԲՀԿ—ականները համոզված են, որ միասնական թեկնածուն լավագույնս կարող է լուծել մեր երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրները, պահպանել քաղաքական կայունությունը, նպաստել երկրի տնտեսական զարգացման, հասարակության բարեկեցության գործին։ «Այս որոշման հիմքում մեր նվիրվածությունն է ՀՀԿ հետ համագործակցության հուշագրի ոգուն, որի շնորհիվ 2007թ. մայիսի 12—ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր կուսակցությունների միջեւ ձեւավորվել են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Դա թույլ է տվել արդյունավետ եւ նպատակասլաց դարձնել Հայաստանի խորհրդարանի եւ կառավարության գործունեությունը»,–ասված է կուսակցության հայտարարության մեջ։ «Բարգավաճ Հայաստան»—ը կոչ արեց երկրի բոլոր քաղաքական ուժերին քարոզարշավի ընթացքում ջանքեր գործադրել քաղաքական մրցակցությունը, սկզբունքային բանավեճերը, հասարակությանը լավագույնս ներկայանալու ձգտումն իրարամերժության, թշնամանքի ու ատելության քարոզի չվերածելու ուղղությամբ։ «Համոզված ենք, որ ազատ, արդար, միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների ժամանակ ընտրված նախագահն է միայն ի վիճակի լինելու մոտակա հինգ տարիներին Հայաստանն առաջնորդել զարգացման ու բարգավաճման ճանապարհով, նպաստել մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության բարձրացմանը»,–նշված էր ընդլայնված նիստում ընդունված հայտարարության մեջ։
ԲՀԿ նախագահ, Ազգային ժողովի նույն խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ազգային ժողովում եւ կառավարությունում մենք աշխատում ենք ՀՀԿ—ի, ինչպես նաեւ ՀՅԴ—ի մեր գործընկերների հետ, եւ շատ կարճ ժամանակահատվածում մեր միջեւ ստեղծվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ, որի հիմքում դրված է վստահությունն ու հավատը։ Համոզված ենք, որ այս մթնոլորտում միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր է իրականացնել ժողովրդի սպասելիքները»,– ասաց նա՝ նկատելով, որ ԱԺ—ի կողմից հաստատված կառավարության ծրագրում ներառված են նաեւ ԲՀԿ—ի ծրագրային հիմնադրույթները։ Նրա փոխանցմամբ, ԲՀԿ—ն երկրորդ ուժն է, եւ վերջին հարցումների ժամանակ էլ կուսակցության վարկանիշը եղել է բարձր, ինչը շատ կարեւոր նշանակություն ունի փետրվարի 19—ի նախագահական ընտրությունների նախօրյակին։
Հիշեցնելով կոալիցիոն հուշագրի մասին՝ Գ. Ծառուկյանն ասաց, որ երկու կուսակցությունները պետք է ունենան միասնական թեկնածու եւ միասին պետք է աշխատեն նրա հաղթանակի համար։ «Սա մենք միշտ ասել ենք ե՛ւ ելույթներում, ե՛ւ հաղորդումներում։ Մենք հավատարիմ ենք մնալու մեր ստորագրած փաստաթղթին եւ մեր խոսքին։ ԲՀԿ—ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամբողջ կազմով աշխատելու է նրա հաղթանակի համար»,– ընդգծեց նա՝ այդ վճռական որոշումը բացատրելով ոչ միայն ստորագրած փաստաթղթով, այլ նաեւ վերջին քաղաքական վերլուծությունների արդյունքներով։ Ըստ նրա՝ միասնական թեկնածուն կարող է լուծել Հայաստանի առջեւ կանգնած բոլոր խնդիրները։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
