Dec
18
Վարչապետ Սերժ Սարգսյանը կոչ է անում ձեւական մոտեցում չցուցաբերել աղետի գոտու խնդիրների նկատմամբ
Դեկտեմբերի 15–ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված՝ 1988թ. դեկտեմբերի 7—ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20—ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի առաջին նիստը՝ ընդլայնված կազմով, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին, ՀՀ վարչապետի հրավերով, մասնակցել են նաեւ աղետի գոտին ներկայացնող Շիրակի եւ Լոռու մարզերի ԱԺ պատգամավորները։ Սերժ Սարգսյանը մասնակիցներին նախ ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը՝ նշելով, որ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն, հանձնաժողովի աշխատանքը նպատակաուղղվելու է մինչեւ 2008 թվականի հունվարի 15—ը հաստատել երկրաշարժի 20—ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը։ Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի, պետք է հանգամանորեն ու համակողմանի քննարկել բոլոր առաջարկությունները, որոնք անհրաժեշտ է հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնել մինչեւ հունվարի 10—ը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարեւոր է, որպեսզի մասնակիցների կողմից իրականացվելիք աշխատանքին ձեւական մոտեցում չցուցաբերվի եւ պատրաստակամություն է հայտնել քննարկել աղետի գոտուն վերաբերող ցանկացած հարց՝ սկսած բնակարանային շինարարությունից մինչեւ այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բոլոր այն մարդկանց ջանքերի գնահատմանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել աղետի հետեւանքների վերացմանը։ Վարչապետը նաեւ նշել է, թե աշխատանքի ավարտին՝ հաջորդ տարեվերջին, հանձնաժողովը պարտավոր է ամփոփել անցած 20 տարիներին աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ արված ու չարված աշխատանքը, մեր երկրի տնտեսությանը հասցված վնասի չափն ու հետեւանքները։ Այդ ամենը, ըստ Սերժ Սարգսյանի, կարեւոր է այն պարզ պատճառով, որ չնայած իրականացված հսկայածավալ աշխատանքին, դեռեւս շատ խնդիրներ կան, որոնց մասին չպետք է լռել, անհրաժեշտ է հրապարակայնորեն խոսել, որոշակի մոտեցումներ որդեգրել ու ըստ այդմ, լուծումներ տալ դեռեւս առկա խնդիրներին. «Բնավ պարտադիր չէ, որ այդ խնդիրները լուծվեն միայն պետության կողմից։ Մենք պարտավոր ենք խրախուսել նաեւ մասնավոր հատվածին, կարեւորագույն այս գործում ներգրավելով նրա հնարավորությունները եւս»,–ասել է ՀՀ վարչապետը, կարեւորելով պետություն—մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության զարգացումը, այլ ոչ թե զանազան հանգանակություններն ու դրամահավաքը։
Հանձնաժողովի նիստին հրավիրված պատգամավորները ողջունել են աղետի գոտու խնդիրների լուծման գործում բոլոր շահագրգիռ ուժերին համախմբելու եւ նաեւ առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու՝ վարչապետի մոտեցումը։
Հանձնաժողովի անդամներն ու աղետի գոտու պատգամավորները մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնք մինչեւ հաջորդ քննարկումը կկենտրոնացվեն հանձնաժողովի քարտուղարությունում եւ ծրագրի հաստատումից առաջ հանգամանորեն կքնննարկվեն։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն
***
ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է պետական հանձնաժողով՝ երկրաշարժի 20—ամյա տարելիցի միջոցառումների շարք ծրագրելու եւ անցկացնելու նպատակով։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Դեկտեմբերի 15—ին գումարվեց հանձնաժողովի առաջին ընդլայնված նիստը։ Ի դեպ, քննարկման էին հրավիրված նաեւ ԱԺ պատգամավորներ, այդ թվում՝ նաեւ ընդդիմադիր։ Հրամանագրով նախատեսվում է միջոցառումների ծրագիրը հաստատել մինչեւ հունվարի 15—ը։ Առաջարկները պետք է տրվեն մինչեւ հունվարի 10—ը։ Դրանք պետք է հավաքվեն հանձնաժողովի քարտուղարի մոտ, որից հետո կհրավիրվի հանձնաժողովի նիստ եւ կհաստատվի ծրագիրը։
«Ցանկալի է, որ մոտեցումը ձեւական չլինի, որպեսզի կարողանանք հաշվի առնել բոլոր ցանկությունները։ Ասեմ, որ նախատեսում եմ քննարկել յուրաքանչյուր տեսակի հարցեր՝ սկսած բնակշինարարությունից մինչեւ միջոցառումների անցկացում, որոնք կպարունակեն շնորհակալության մոտիվ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր ժամանակին գործուն մասնակցել են աղետի հետեւանքների վերացմանը։ Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք հանձնաժողովի աշխատանքների ավարտին, այսինքն՝ հաջորդ տարեվերջին, գոնե մի գիծ քաշել եւ ասել, թե ինչ վնաս է հասցրել երկրաշարժը տնտեսությանը, սոցիալական ոլորտին եւ թե 20 տարում մեզ ինչն է հաջողվել վերականգնել։ Ի վերջո, սա անհրաժեշտ է։ Ու սրա մասին ասում ենք այն պարզ պատճառով, որ չնայած հսկայածավալ աշխատանքին, որ կատարվել է, դեռեւս խնդիրներ կան։ Եվ մենք պիտի խոսենք այդ խնդիրների մասին, այլ ոչ թե լռենք։ Լռելը չի ենթադրում, թե խնդիրները լուծված են…»,– ընդգծեց վարչապետ Սերժ Սարգսյանը։
Նիստից հետո փորձեցինք պարզել, թե ի՞նչ կարծիքի են հանձնաժողովի աշխատանքների մասին քննարկման հրավիրված պատգամավորները, այլ կերպ՝ ի՞նչ խնդիրներ կան ցայսօր, որոնք, ըստ իրենց, առաջնային են։ Սամվել Բալասանյանի խոսքերով, թիվ մեկ խնդիրը բնակարանաշինությունն է եւ աշխատատեղերի ստեղծումը. «Միայն Գյումրիում դեռ կան մոտավորապես 4 հազար ընտանիքներ, ովքեր բնակարաններ չունեն։ Կարծում եմ՝ պետք է համալիր ծրագիր կազմվի եւ, ըստ այդմ, ժամանակացույց, որպեսզի մարդիկ հստակ իմանան, թե իրենց խնդիրները երբ կլուծվեն»։ Ըստ Ս. Բալասանյանի, կարեւոր է բնակարանաշինության համար հիփոթեքային վարկերի տրամադրումը, որը կխթանի աղետի գոտու վեականգնմանը։ «Հանձնաժողովը տեղին ու ժամանակին է ստեղծվել, կգործի, եւ ես էլ իմ գործուն մասնակցությունը կբերեմ դրա աշխատանքին»,–ասաց պատգամավորը։
Վիկտոր Դալլաքյանը, որ 1998թ. եղել է աղետի գոտու հիմնախնդիրների հետ կապված կառավարական հանձնաժողովի անդամ եւ արդեն որոշակի փորձ ունի, վարչապետին որոշակի առաջարկներ է արել։ Մասնավորապես՝ սահմանել «աղետի գոտի» հասկացությունը։ «Աղետի գոտու վերականգնման մասին» օրենքն ընդգրկում է 4 մարզեր՝ Շիրակի. Լոռու, Տավուշի եւ Արագածոտնի։ Ուստի, նորաստեղծ հանձնաժողովը պետք է ստեղծվի 4 մարզերի հիմնախնդիրների վերաբերյալ։ Վ. Դալլաքյանի երկրորդ առաջարկը վերաբերում է աղետի գոտու զարգացման հիմնադրամ ստեղծելուն, որում կարող են ներառվել ճանաչված մտավորականներ։ Մյուս առաջարկը վերաբերում է ԱԺ—ում աղետի գոտու հիմնախնդիրների հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը։ Հանձնաժողովը կուսումնասիրի աղետի գոտում վերջին 3—4 տարիների խնդիրները։ Ըստ Վ. Դալլաքյանի, վարչապետը համաձայնել է այդ առաջարկին։
ՕԵԿ—ական Հովհաննես Մարգարյանն ասաց, թե առաջնայինը բնակարանային խնդիրը լուծելն է. «Առաջնահերթ է, որ գումարներ հատկացվեն պետական բյուջեից։ 5—6 տարի առաջ բնակարանաշինությանը գումարներ էին հատկացվում մասնավորեցման գումարներից՝ 1—2 տոկոս»։ Նաեւ կիսակառույց շենքեր կան, որոնք կարելի է ավարտին հասցնել պետական միջոցներով։ Բնակարանաշինությունը կհանգեցնի նաեւ աշխատատեղեր ստեղծելուն։ «Արհեստավորներն էլ ոչ թե օտար ափերում կվաստակեն իրենց ապրուստը, այլ սեփական երկրում։ Սա էլ է լուծում»,–հայտնեց Հ. Մարգարյանը։
Ըստ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, նման նախաձեռնությունը ողջունելի է, քանզի շահագրգիռ քննարկում եղավ՝ առանց շրջանցելու խնդիրները. «Երկրի վարչապետը երկու խնդիր կարեւորեց նիստի ընթացքում՝ ինչ ենք արել եւ ինչ անելիքներ կան։ Զարգացման գոտի ստեղծելու համար կարեւոր է ամեն ինչ՝ բնակարանաշինությունից սկսած մինչեւ մշակութային միջոցառումներ»։ Իհարկե, պետք է տարբերել գերակա խնդիրները։ Մի խոսքով, հարկ է ամեն քայլ ձեռնարկել՝ վերջնականապես աղետի գոտի հասկացությունն իսպառ մոռացնել տալու։
Կաշխատի՞ իշխանություն—ընդդիմություն համաձայնությունը
Իսկ իշխանություն—ընդդիմություն աշխատա՞նքն ինչպես կկարգավորվի հանձնաժողովի աշխատանքների շրջանակում։ «Քաղաքական համաձայնության մթնոլորտում,–ասաց Ս. Բալասանյանը,–քանզի սա այն խնդիրն է, որը բոլորին է հուզում։ Եվ որ ավելի ստույգ է, այստեղ չկա քաղաքականություն, կա խնդիր, որ բոլորինս է»։
Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, դրական է այն հանգամանքը, որ աղետի գոտու հիմնախնդիրները լուծելու նպատակով հանձնաժողովը մեկտեղում է շահագրգիռ բոլոր կողմերին. «Ուշադրություն դարձրեք. վարչապետը երկրաշարժի հենց էպիկենտրոնում՝ Նալբանդ գյուղում, Հայաստանի պաշտոնյաներից առաջինը պաշտոնապես հայտարարեց ու դրանով նաեւ բեռ ստանձնեց, թե ավելի քան 6 հազար ընտանիքներ բնակարաններ չունեն։ Սա քաղաքական կարեւոր հայտարարություն է։ Վարչապետի հետ պայմանավորվածություն ունենք դեկտեմբերի վերջին Վանաձորում ընդլայնված կազմով քննարկում անել՝ աղետի գոտու խնդիրների հետ կապված եւ համապատասխան որոշումներ ընդունել»։ Իսկ քաղաքական տարաձայնությունները չե՞ն խանգարի այդ ամենին. հարցին ի պատասխան՝ Վ. Դալլաքյանը նկատեց, թե իր եւ վարչապետի տարաձայնությունները բնական են, բայց «շատ ավելի կարեւոր է աղետի գոտու խնդիրների լուծումը»։
Իսկ Հ. Մարգարյանի համոզմամբ, իշխանության հետ աշխատել կարող են. «Մենք կողմնակից ենք ցանկացած համագործակցության։ Եթե կա լավ նախաձեռնություն, մենք պաշտպանում ենք այդ նախաձեռնությունը ու սատարում այն։ Օր առաջ պետք է ստեղծվեր նման հանձնաժողով»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
