2008 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ« Õ¢ÕµÕ¸Ö‚Õ»Õ¥Õ¶ Ö„Ö€Õ¿Õ¶Õ¡Õ»Õ¡Õ¶ Õ¡Õ·Õ­Õ¡Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö‚ Õ¢ÕµÕ¸Ö‚Õ»Õ¥ Õ§

Ասում է վարչապետ Սերժ ՍարգսյանըԵրեկ ԱԺ նիստից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
—Եկող տարվա բյուջեում 46 տոկոսով ավելացել են սոցիալական ծախսերը, կարելի՞ է ասել, որ բյուջեն սոցիալական է, եւ որ մարդկային կապիտալի ներդրումներն ավելացել են պետբյուջեում։
—Բյուջեն փաստաթուղթ է, որում արտացոլվում է կառավարության քաղաքականությունը բոլոր բնագավառներում։ Բյուջեի ծախսային եւ մուտքային մասերն զգալիորեն աճել են, եւ, բնականաբար, այդ թվերի տակ քողարկված են քայլեր, որոնք կիրականացվեն՝ սկսած հունվար ամսից։ Ես այդ բյուջեն Ազգային ժողովում անվանել եմ հավակնոտ, դուք ասում եք՝ սոցիալական, մեկ ուրիշը, որ խիստ հետաքրքրված է երկրի անվտանգությամբ, ասում է՝ սա մեր ռազմական կարողությունների ավելացման բյուջե է, երրորդը, օրինակ՝ մեր տնտեսական զարգացման նախարարը, ասում է, որ սա պետական կառավարման խնդիրների բարելավման բյուջե է եւ այլն։ Բյուջեի ծախսային եւ եկամտային մասի ավելացումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ըստ նախասիրության ընտրել բյուջեի անվանումը։ Այստեղ կարեւորն այն է, որ, իրոք, պետք է քրտնաջան աշխատել, որովհետեւ մենք պետք է կարողանանք երկու խնդիր լուծել. առաջինը՝ պետք է կարողանանք կրճատել ստվերը, ավելացնել հարկերի հավաքելիությունը, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ծախսերը, երկրորդ՝ ավելացնել մեր ՀՆԱ—ն։ Որպեսզի կարողանանք կատարել 2008 թվականի բյուջեն, առնվազն պետք է ունենանք 10 միլիարդ դրամից ավել ՀՆԱ։ Երկու տարի առաջ ունեինք շուրջ 5 միլիարդի չափ ՀՆԱ։ Եթե երկու տարի առաջ մեր մեկ շնչին հասնող արդյունքը ընդամենը1500 դոլար էր, հաջորդ տարվա վերջին լինելու է 3500 դոլար։ Չեմ ասում՝ սրանք մեծ թվեր են, այնուհանդերձ՝ աճն ակնհայտ է։ Ես ասում եմ՝ սա քրտնաջան աշխատելու բյուջե է, ինչպես ուզում եք՝ հասկացեք։
—Ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիները, անցած շաբաթ հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու են Ձեր թեկնածությունը։ Մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան, օրինակ՝ նշվեց, որ Սերժ Սարգսյանը եզդիների նախագահի թեկնածուն է։
—Չարությունը գնահատելը չափազանց բարդ է։ Ծանոթ եմ այդ գնահատականներին, բայց չեմ ուզում մեկնաբանել դրանք, ուզում եմ հիշեցնել ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինի հայտնի խոսքը՝ ուզում էին անել լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։ Այս անգամ էլ ուզում էին խայթել ինձ, պարզապես չստացվեց, որովհետեւ ես հպարտ եմ, որ եզդիները հայտարարում են, որ ես իրենց թեկնածուն եմ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե նման հայտարարությամբ հանդես գային հրեաները, ռուսները, ասորիները, քրդերը։ Անշուշտ, խոսքը փոքրամասնությունների մասին է, դրա համար ես հայերի մասին չեմ խոսում։ Հայաստանի նախագահը պետք է լինի բոլորի նախագահը, որովհետեւ անհնար է կառուցել լավ Հայաստան միայն հայերի համար։ Ես ուղղակի զարմանում եմ մարդկանց կարճամտության վրա, բայց առաջարկում եմ հումորով ընդունել այդ ամենը։
—ԱԺ—ում շատերը դեմ էին Իրաքում հայկական զորախումբ ունենալուն, բայց մեր զորախմբի՝ Իրաքում մնալու ժամկետը կրկին երկարացվեց։ Դուք այդքան վստա՞հ եք, որ ճիշտ քայլ եք անում։
—Անշուշտ, վստահ եմ։ Ես բազմիցս պատասխանել եմ նման հարցերի, բերել եմ բազմաթիվ փաստարկներ եւ ամեն անգամ դրանց մասին խոսելն անիմաստ եմ համարում։ Մի փաստարկ կրկնեմ՝ մենք փոքր երկիր ենք եւ պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ բոլոր պարագաներում, երբ հնարավորություն ունենք լինել ո՛չ միայն անվտանգության սպառող, այլեւ՝ կառուցող, միշտ ստանալու փոխարեն ինչ—որ պարագայում էլ պետք է որոշակի ջանքեր ներդնել։ Բոլոր երկրները, որոնք Իրաքում ռազմական կոնտինգենտ չունեն, այդ միջազգային գործընթացներին մասնակցելու այլ հնարավորություն ունեն եւ այլ կերպ են մասնակցում։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բայց ճիշտ չի լինի, որ մենք մատնանշենք այդպիսի երկրները, ուղղակի եթե դուք մի քիչ փորփրեք ձեր հիշողությունը, կգտնեք բազմաթիվ երկրներ, որոնք մասնակցում են այդ գործընթացին, օրինակ՝ մեծ գումարներով եւ այլն։ Այնպես որ, խորապես համոզված եմ, որ մենք ճիշտ քայլ ենք կատարում։
—Ի՞նչ նպատակով եք այցելել Ֆրանսիայի դեսպանատուն։
—Այցն առանձին մեծ նպատակ չուներ։ Աշխատանքային հանդիպում էր, այդպիսի բազմաթիվ հանդիպումներ ես ունենում եմ եթե ոչ ամեն օր, գոնե՝ շաբաթը մի քանի անգամ, եւ դրա մասին մշտապես տեղեկատվություն տրվում է։ Հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, ուզում եք ասել, թե ինչո՞ւ են ուրիշները մեծ ոգեւորությամբ խոսում այդպիսի հանդիպումների մասին։ Դա իրենց խնդիրն է, զուտ աշխատանքային հանդիպում էր։ Երեկ հանդիպել եմ Հայաստանում ԱՄՆ–ի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ, այսօր առավոտյան՝ Ֆրանսիայի դեսպանի հետ, գնացել եմ դեսպանատուն՝ ճաշի, շուտով կհանդիպեմ Բուլղարիայի դեսպանի հետ, դրանք զուտ աշխատանքային հանդիպումներ են։
—Ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցելու փաստը։
—Չգրանցելը ես գնահատում եմ պարտադրված քայլ իշխանությունների կողմից։ Ես, իրոք, ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա՝ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրություններին մասնակցելու հետ, որովհետեւ կարծում եմ՝ նա կարող էր դրական դերակատարություն ունենալ։ Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ օրենքով սահմանված ժամկետները պաշտպանված չեն, անցնում են ընտրությունները, եւ մեկ ուրիշը, ով 4—5 տոկոս է ստացել, դիմում է Սահմանադրական դատարան՝ մեզ մեղադրելով թեկնածուի անօրինական գրանցման մեջ եւ պահանջում է ընտրություններն անվավեր ճանաչել։ Ինչպե՞ս պետք է վարվենք, հո չե՞նք կարող ամեն անգամ ընտրական գործընթացներ սկսել։ Կարծում եմ՝ նրա մասնակցությունը մի քանի տեսանկյունից լավ կլիներ, ինչ—որ տեղ վստահ եմ, որ ընտրական գործընթացում հանդարտություն կլիներ, եւ մարդիկ, ովքեր երկրորդ, երրորդ, չորրորդ տեղը գրավելու հույս ունեն, մի աստիճանով հետ կգնային։
—Կառավարությունը որեւէ հետեւություն արե՞լ է վերջին շրջանում դրամի արժեւորման եւ դոլարի կտրուկ անկման փաստից, դա մտահոգիչ չե՞ք համարում։
—Համարում եմ, եւ ընդհանրապես՝ դոլարի արժեզրկումը շատ մտահոգիչ հանգամանք է։ Մեր տնտեսությունը բաց է եւ փոքր, ինչն էլ խոցելի է։ Որպեսզի պատկերավոր լինի, հետեւյալ օրինակը բերեմ. օվկիանոսում փոթորիկն առաջին հերթին վտանգ է ներկայացնում փոքր նավերի համար, մեծ նավերի համար այն այնքան էլ վտանգավոր չէ։ Նույնը՝ մեր պարագայում. համաշխարհային շուկաներում տեղի ունեցող մրրիկը շատ վտանգավոր է մեզ համար։ Երկրորդ հանգամանքն այն է, որ այս բոլոր խնդիրներին գումարվում է մի առանձնահատկություն. մեր քաղաքացիները դոլարով ահռելի մեծ գումարներ են ստանում իրենց բարեկամներից, ովքեր բնակվում են առաջին հերթին՝ ԱՄՆ—ում, ՌԴ—ում։ Մի կողմից՝ նրանց վիճակն է վատթարանում, որովհետեւ գները չեն իջնում, իսկ պայմանական 100 դոլարն ավելի քիչ դրամ է դառնում, երկրորդ՝ դա դրամի արժեւորման լրացուցիչ հանգամանք է դառնում, որովհետեւ մեծ դրամական զանգված է գալիս։ Պարզ է, որ դա մտահոգում է կառավարությանը, պարզ է, որ մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում, մանավանդ որ դոլարի արժեզրկումը չի նպաստում արտահանման խթանմանը, իսկ մենք խնդիր ունենք անընդհատ մեծացնելու մեր ՀՆԱ—ն։ Քայլեր ձեռնարկվում են, բայց դրանք չեն կարող մեկ շաբաթում, մեկ—երկու ամսում արդյունք տալ, դրանք շատ դրական արդյունքներ կտան երկարաժամկետ հատվածում։ Ամենամտահոգողն այն է, որ մեկ օրում քսան դրամի տատանում եղավ։ Խնդրով զբաղվում ենք, եւ սա է, որ կախված չէ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող գործընթացներից։ Պետք է տեսնենք, թե որն է եղել դրա հիմնական պատճառը, արդյո՞ք կատարվել է ինչ—որ քայլ, որպեսզի վնասի մեր տնտեսությանը, արդյո՞ք զուտ սպեկուլյացիա է եղել փող աշխատելու համար, թե՞ այլ գործընթացներ են եղել, օրինակ՝ այլ երկրների միջամտություն եւ այլն։
—Հաշմանդամների օրվա առիթով Դուք այցելեցիք լսողության խանգարում ունեցող երեխաների դպրոց; Այդ այցը կարելի՞ է դիտարկել որպես հաշմանդամների խնդիրների նկատմամամբ հասարակության եւ կառավարության ուշադրության ավելացման ակցիա։
—Ես երկար ժամանակ աշխատել եմ այնպիսի կառույցներում, որտեղ ռիսկայնությունը միշտ շատ բարձր է եղել, կարող էր այնպես պատահել, որ մեկ վայրկյանում մարդը կորցներ ե՛ւ առողջությունը, ե՛ւ կյանքը։ Դրա համար մշտապես ստիպված եմ եղել զբաղվել այդ խնդիրներով, առնվազն՝ երկու պատճառով. որպեսզի բոլորը, ովքեր կորցրել են իրենց առողջությունը, հաշմանդամ են դարձել, չզղջան, որ եկել են հայրենիքին ծառայելու, երկրորդ՝ որպեսզի ծառայողները վստահ լինեն, որ եթե, Աստված մի արասցե, մի բան պատահի, իրենց ընտանիքները թշվառության եզրին չեն հասնելու կամ չեն մոռացվելու։ Այնպես որ, այդ աշխատանքն ինձ վաղուց ծանոթ է։ Ես համարում եմ, որ մեր երկրում զգալի աշխատանք է կատարվել հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ, բազմաթիվ օրենքներ են ընդունվել, էապես աճել են ծախսերը, բայց մի խնդիր չի լուծվել՝ հաշմանդամության հասարակական ընկալման խնդիրը։ Մեզնից շատերը կարծում են, որ հաշմանդամներին միայն պետք է օգնել։ Աշխարհում վաղուց այդպես չեն մտածում, ես էլ այդպես չեմ մտածում։ Ես համարում եմ, որ հաշմանդամների հնարավորությունները պետք է հավասար լինեն մեր հնարավորություններին, մենք պետք է հավասար հնարավորություններ եւ պարտականություններ սահմանենք նրանց համար։ Կարծում եմ՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվելուն կոչված հասարակական կազմակերպությունների առաջին խնդիրը հենց դա պետք է լինի, ոչ թե այստեղից—այնտեղից միջոցներ գտնելու եւ բարեգործությամբ զբաղվելու փորձերը։ Դրա համար էլ գնացել եմ այնտեղ, վարչապետին կից գործող հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի ընդլայնված նիստ եմ անցկացրել, ինչպես ասում են՝ տեղում։ Կարծում եմ՝ ճիշտ բան եմ արել, չէ՞։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Source: http://www.hhpress.am

Permanent link:  http://www.armpress.com/hhpress/2007/12/06/684/

Comments

Leave a Reply

You must be logged in to post a comment.

    Friday, 10 February 2012
  • Admin

  • Calendar

  • Archives

  • Links

  • International newspers: