Dec
5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ ՆԺԿ ղեկավարն առանձնապես մեծ վարկանիշ չունի
«Մեզ, ընդհանրապես, շատ ձեռնտու կլիներ, եթե տվյալ քաղաքական գործիչը գրանցվեր եւ մասնակցեր նախագահական ընտրություններին։ Անցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նա առաձնապես մեծ վարկանիշ չունի, հեղափոխական եռանդը եւս առանձնապես աջակցություն չի ստանում ժողովրդի կողմից։ Ընդհանրապես, յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ մեկը պետք է լինի, որ զվարճացնի ընտրազանգվածին»,–ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ երեկ Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին՝ առաջադրման համար անհրաժեշտ՝ Հայաստանում տասը տարի մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք չտրամադրելու մասին հարցին։
Նախագահի կարծիքով, ընտրական գործընթացին պետք է նայել երկու տեսակետից՝ քաղաքական եւ իրավական։ Ըստ նրա՝ քաղաքական առումով լավ ու ձեռնտու կլիներ, որ Ա. Կարապետյանը մասնակցեր ընտրություններին. ընդդիմադիր ձայներն ինչ—որ չափով կփոշիանային։ Իրավական տեսակետից նա չափազանց կարեւորեց, որ հետագայում ինչ—որ մեկը հնարավորություն չունենա բողոքարկել ընտրությունների արդյունքներն այն պատճառով, որ թեկնածուներից մեկն իրավունք չուներ մասնակցել ու խանգարել է իրեն հաջողության հասնելու։
Նախագահը հիշեց, որ 2003 թվականին օրինական ուժ ստացած դատարանի վճիռ է եղել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի՝ Հայաստանում ապրելու ժամկետի վերաբերյալ։ Դրանից հետո անցել է չորս տարի, եւ այդ վճիռը չի բողոքարկվել, իրավիճակը շտկելու համար քայլեր չեն ձեռնարկվել։ «Չգիտեմ, թե դատարանը վերջնական ինչ լուծում կտա։ Դատարանի վճիռը մենք հարգելու են բոլոր առումներով, բայց, անկեղծ ասած, կցանկանայի, որ նա մասնակցեր, մի քիչ կուրախանանք»,–եզրափակեց երկրի ղեկավարը։
Ի պատասխան «ՀՀ»–ի հարցին, թե նախագահական ընտրություններից առաջ երկրի ղեկավարը կարտահայտի՞ իր քաղաքական դիրքորոշումը, Ռ. Քոչարյանն ասաց. «Իսկ դուք կասկածո՞ւմ եք։ Կարծում էի՝ ամեն ինչ պարզ է, թե ինչ մոտեցում կունենամ եւ ում կաջակցեմ։ Բայց եթե դրա անհրաժեշտությունը կա, ուրեմն, այո, կարձագանքեմ, անպայման»։
Հ. Գ. Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք—Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Source: http://www.hhpress.am
Comments
Leave a Reply
You must be logged in to post a comment.
